Jump to content

Ալզիրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալզիրա
իտալ.՝ Alzira[1]
Տեսակդրամատիկ-երաժշտական ստեղծագործություն
Ժանրօպերա[1]
ԿոմպոզիտորՋուզեպպե Վերդի[1]
Լիբրետտոյի
հեղինակ
Salvadore Cammarano?[1]
Սյուժեի աղբյուրAlzire?
Գործողությունների քանակ2 արար[1] և 1 նախերգանք
ԿերպարներOvando?, Otumbo?, Alzira?, Alvaro?, Gusmano?, Zuma?, Ataliba?, Zamoro? և Q63676185?
Առաջնախաղի տարեթիվփետրվարի 12, 1845 և օգոստոսի 12, 1845[1]
Հրատարակման տարեթիվ19-րդ դար
 Alzira (Verdi) Վիքիպահեստում

«Ալզիրա» (իտալ.՝ Alzira), Ջուզեպե Վերդիի օպերան երկու գործողությամբ՝ նախերգանքով, գրված Սալվատորե Կամարանոյի լիբրետոյի հիման վրա՝ Վոլտերի համանուն պիեսի մոտիվներով։

Պրեմիերան տեղի է ունեցել 1845 թվականի օգոստոսի 12-ին Նեապոլի Սան Կառլո թատրոնում: Օպերայի մասին կարծիքները տարբեր էին, և պրեմիերայից հետո եղել է ընդամենը չորս ներկայացում՝ նույն դերասանական կազմով[2]:

Ստեղծման պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ժաննա դ'Արկի» վրա աշխատանքն ավարտելուց հետո Վերդին սկսել է աշխատել «Ալզիրայի» վրա՝ Նեապոլի «Սան Կառլո» թատրոնի իմպրեսարիո Վինչեսկո Ֆլաուրոյի հրավերով՝ այդ թատերախմբի համար օպերա գրելու համար։ Այս առաջարկը Վերդիի մեկ այլ օպերայի՝ «Էռնանիի» հաջողության հետևանք էր[3]: Այս առաջարկի առավելություններից մեկը Վերդիի համար այդ ժամանակի առաջատար Իտալիայի լիբրետիստի հետ աշխատելու հնարավորությունն էր։ Սալվատորե Կամարանոն գրել է բազմաթիվ հայտնի կոմպոզիտորների համար, այդ թվում՝ Դոնիցետիի, որի համար նա ստեղծել է «Լյուչիա դի Լամերմուրը»[3]: Հրատարակիչ Ջովանի Ռիկորդին հանդես է եկել որպես գործակալ[4], և պայմանագիրը կնքվել է Վերդիի պայմաններով, այնպես որ նա կարողացել է ստանալ մեկ երրորդով ավելի, քան «Լոմբարդների» համար։

Վերդին Կամարանոյից ստացել է սյուժեի համառոտ ուրվագիծը[5], որի թեման այն չէր, ինչի մասին նա մտածում էր։ Բայց, ինչպես նշում է Բադենը, նա պասիվ դիրք է գրավել՝ տպավորված լինելով նման լիբրետիստի հետ աշխատելու հնարավորությունից[3]: 1845 թվականի փետրվարի 23-ի նամակում[5] Վերդին հայտնել է իր վստահությունը, որ «Վոլտերի ողբերգությունը կդառնա հիանալի մելոդրամա»[6], և հույս է հայտնել, որ լիբրետոյի հեղինակը «կլցնի լիբրետոն իսկական կրքով»[6], իսկ ինքը՝ Վերդին, կգրի համապատասխան երաժշտությունը։ Հավանական է, որ Կամարանոն ավելի վաղ նամակագրության մեջ ուղարկել էր լիբրետոյի բանաստեղծություններից մի քանի նմուշներ, քանի որ փետրվարի 23-ի նամակում Վերդին ավելին էր խնդրել. «Ես անկեղծորեն խնդրում եմ ձեզ հնարավորինս շուտ ուղարկել ինձ բանաստեղծությունները։ Ես կարիք չունեմ խնդրելու, որ հակիրճ գրեք, դուք թատրոնն ինձնից լավ գիտեք»[5]: Վերդիի բնորոշ հակիրճության պահանջը արդեն իսկ ակնհայտ էր նրա կարիերայի սկզբում։

Լիբրետոն ընդունելի դարձավ Վերդիի համար. նա «շատ գոհ» էր դրանից[3]: Սակայն Վոլտերի պիեսի կրոնական և քաղաքական բովանդակությունը նվազագույնի է հասցվել, իսկ տարբեր հավատքների, քաղաքակրթությունների և աշխարհների միջև բախումը վերածվել է հավերժական եռանկյան[3]: Չնայած Վերդիի առողջությունը 1845 թվականի գարնանը վատանում էր, նա կարողացել է մասնակցել Նեապոլում կայացած հուլիսյան փորձերից մեկին։ Հուլիսի 30-ի նամակում նա կարծիք է հայտնել, որ օպերան լավ կընդունվի, բայց նաև նշել է. «Եթե այն ձախողվի, դա ինձ շատ չի վշտացնի»[7]:

Բեմադրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեմադրության բաց լինելը նեապոլյան Gazzetta Musicale-ում հանգեցրեց դրական կարծիքի[8]: Սակայն Նեապոլում օպերայի նկատմամբ ընդհանուր արձագանքը դրական չէր, «Ալզիրայի» վիճակն ավելի վատ էր 1845 թվականի նոյեմբերին՝ Հռոմում բեմադրվելուց հետո։ 1846 թվականի Լա Սկալայի բեմադրության վերաբերյալ արձագանքները այնքան բացասական էին, որ Վերդիի բոլոր օպերաներից միայն 1840 թվականի ձախողված «Մեկ ժամով թագավոր» օպերան էր այդպես մեկնաբանվել։ Օպերան կրկին բեմադրվել է Ֆերարայում 1847 թվականի գարնանային կառնավալում, որից հետո այն դուրս է եկել թատրոնի խաղացանկից մինչև 20-րդ դարի ներկայացումները, հիմնականում համերգայինները։

Դեր Ձայն Դերասանը պրեմիերայի ժամանակ, 1845 թվականի օգոստոսի 12[9]
Ալվարո՝ Գուսմանոյի հայրը, սկզբնապես՝ Պերուի նահանգապետը բաս Մարկո Արատի
Գուսմանո՝ Պերուի նահանգապետ բարիտոն Ֆիլիպո Կոլետի
Օվանդո՝ Իսպանիայի դուքս տենոր Չեչի
Զամորո՝ ինկերի առաջնորդը տենոր Գաետանո Ֆրաշկինի
Ատալիբան՝ ինկերի առաջնորդը բաս Միշել Բենեդետի
Ալզիրա՝ Աթալիբայի դուստրը սոպրանո Եվգենիա Տադոլինի
Զումա՝ նրա սպասուհին մեցցո-սոպրանո Մարիա Սալվետի
Օթումբո՝ ամերիկացի զինվոր տենոր Ֆրանչեսկո Ռոսի
Իսպանացի սպաներ և զինվորներ, երկու սեռերի պատկանող ամերիկացիներ
Գտնվելու վայրը՝ Պերու
Գործողության ժամանակը՝ 16-րդ դար

Նախաբան. Գերեվարվածը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պերուի հնդկացիները հավաքվել են հրապարակում՝ մահապատժի ենթարկելու գերի վերցրած իսպանացի կառավարիչ Ալվարոյին։ Հանկարծ հայտնվում է ինկա Զամորոն և խնդրում նրանց ազատել գերեվարվածին։ Նրանք կատարում են նրա խնդրանքը։

Զամորոն, որին բոլորը համարում էին մահացած, պատմում է, թե ինչպես է իսպանացիների առաջնորդ Գուսմանոն իրեն գերել և խոշտանգել (Un Inca, eccesso orribile / «Ինկա... օ, սարսափ»): Օտումբոն ասում է Զամորոյին, որ Ալզիրան՝ իր սիրելին, իր հոր՝ Ատալիբայի հետ, գերի են պահվում իսպանացիների կողմից. Զամորոն հնդկացիներին կոչ է անում ապստամբել (Risorto fra le tenebre / «Հարություն մեռելներից...»):

Գործողություն 1. Կյանքը կյանքի դիմաց

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսարան 1. Լիմայի գլխավոր հրապարակը

Ալվարոն հայտարարում է, որ տարիքի և թուլության պատճառով որոշել է նահանգապետությունը հանձնել իր որդուն՝ Գուսմանոյին, ով նշում է, որ իր առաջին նպատակը կլինի ինկերի հետ խաղաղությունը, և որ այդ նպատակով մտադիր է ամուսնանալ Ալզիրայի հետ։ Աթալիբան համաձայնում է աջակցել նոր նահանգապետին, բայց զգուշացնում է, որ իր դուստրը՝ Ալզիրան, դեռ պատրաստ չէ ամուսնանալու Գուսմանոյի հետ. նրա փեսացուն՝ Զամորոն, վերջերս է մահացել։ Նա, հավաստիացնելով, որ հասկանում է դա (Eterna la memoria / «Նրա խենթ սիրո մշտական ​​հիշողությունները ծանրացնում են նրան...»), խնդրում է Աթալիբային անել ամեն ինչ, որպեսզի համոզի աղջկան ամուսնանալ  (Quanto un mortal può chiedere / «Ամեն ինչ, ինչ կարող է խնդրել տղամարդը...»):

Տեսարան 2։ Աթալիբայի բնակարանը նահանգապետի պալատում

Այդ ժամանակ Ալզիրան քնած էր, դեռ երազելով Զամորոյի մասին։ Նա իրեն արթնացրած աղջիկներին պատմում է իր տեսած անհանգստացնող երազի մասին, որում Գուսմանոն վախեցրել է իրեն (Da Gusman sul fragil barca / «Ես փախա Գուսմանոյից փխրուն նավակով»), բայց Զամորոն փրկել է նրան. չնայած նա մահացել է, նա դեռ սիրում է նրան («Nell’astro che più fulgido /Գիշերը ամենապայծառ փայլող աստղի վրա Զամորոն ապրում է»)։ Աթալիբան հայտնվում է և փորձում համոզել դստերը ամուսնանալ Գուսմանոյի հետ, բայց ապարդյուն, մինչև այն ժամանակ, երբ հանկարծակի ներս է մտնում Զամորոն։ Սկզբում Ալզիրան կարծում է, որ նա ուրվական է, բայց աստիճանաբար համոզվում է, որ իր սիրելին դեռ կենդանի է։ Միասին նրանք երգում են իրենց սիրո մասին («Risorge ne' tuoi lumi l’astro de' giorni miei! / Քո աչքերում իմ կյանքի աստղը նորից բարձրանում է»)

Գուսմանոն մտնում է և, տեսնելով զույգին միասին, հրամայում է անմիջապես ձերբակալել և մահապատժի ենթարկել Զամորոյին։ Այնուհետև հաջորդում է Nella polve genuflesso սեքստետը, որտեղ կերպարներից յուրաքանչյուրը արտահայտում է իր զգացմունքները. «Ալվարոն աղաչում է որդուն ողորմած լինել. Գուսմանոն համառում է և հրաժարվում է ներում շնորհել. Ալզիրան […] ողբում է իր ճակատագիրը և իր երջանկության կարճատևությունը. Զամորոն հավատ է հայտնում դրա կայունությանը. Զուման և Թալիբան արտահայտում են իրենց հուսահատությունը»[10]:

Երբ Ինկերի Լիմա ներխուժման մասին լուր է հասնում, Ալվարոն հաստատում է, որ Զամորոն փրկել է իրեն անխուսափելի մահից։ Գուսմանոն հրամայում է ազատ արձակել գերուն և գնալ կռվելու իր զինվորների հետ («Գնացեք մարտադաշտ, այնտեղ մենք կրկին կհանդիպենք»)։

Գործողություն 2։ Վայրագի վրեժը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսարան 1. Լիմայի ամրոցը

Զամորոն գլխավորում է կոնկիստադորների վրա հարձակումը և գերի է ընկնում։ Գուսմանոն նրան մահվան է դատապարտում, բայց երբ Ալզիրան աղաչում է նրան խնայել Զամորոյին, նա խոստանում է ներում շնորհել գերուն այն պայմանով, որ աղջիկը ամուսնանա նոր նահանգապետի հետ։ Դժկամությամբ նա համաձայնվում է (Գուսմանո. «Colma di gioia ho l’anima! / Իմ հոգին հասել է ուրախության գագաթնակետին»):

Տեսարան 2. Լիմայի մոտակայքում գտնվող քարանձավը

Պարտված հնդկացիների մնացորդները ստիպված են թաքնվել. նրանք քննարկում են լուրեր, որ Զամորոն կարողացել է փախչել գերությունից՝ քողարկվելով որպես իսպանացի զինվոր։ Շուտով նա հայտնվում է հուսահատված (Irne lungi ancor dovrei / «Պե՞տք է արդյոք ևս մեկ անգամ հեռանամ այստեղից՝ փախստական, ամոթի ծանրությունը ուսերինս՞»)։ Ընկերներից լսելով, որ Ալզիրան համաձայնել է ամուսնանալ Գուսմանոյի հետ, և որ արարողության նախապատրաստական ​​աշխատանքներն արդեն ընթանում են, նա որոշում է վրեժ լուծել (Non di codarde lagrime / «Հիմա վախկոտ արցունքների ժամանակը չէ, այլ արյան»)։ Նա ուղևորվում է պալատ։

Տեսարան 3։ Կառավարչի պալատի մեծ դահլիճը

Ալզիրայի և Գուսմանոյի հարսանիքը սկսվում է, բայց արարողության ժամանակ մի իսպանացի զինվոր հարձակվում է փեսացուի վրա և դանակահարում նրան։ Ի զարմանս Ալզիրայի, դա Զամորոն էր։ Մահանալուց առաջ Գուսմանոն նրան ասում է, որ Ալզիրան համաձայնվել է ամուսնանալ միայն այն պայամանով,որ իր սիրելիին մահից փրկելի։ Նա ներում է Զամորոյին, օրհնում է նրա միությունը Ալզիրայի հետ, ստանում հոր վերջին օրհնությունը և մահանում։

Գործիքավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ալզիրան» գրված է պիկոլոյի, երկու ֆլեյտայի, երկու հոբոյի, երկու կլառնետի, երկու ֆագոտի, չորս գալարափողի, երկու շեփորի, երեք տրոմբոնի, ցիմբասոյի, թմբուկի, բաս-թմբուկի և ծնծղաների, եռանկյունու, տավիղի և լարային գործիքների համար։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Archivio Storico Ricordi — 1808.
  2. Schlitzer, Franco Verdi’s Alzira at Naples // Music & Letters. — 1954. — В. 2. — Т. 35. — С. 125-27.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Budden, 1984, էջեր 227—230
  4. Toye, 1931, էջեր 43—44
  5. 5,0 5,1 5,2 Black, 1984, էջեր 92—94
  6. 6,0 6,1 Toye, 1931, էջեր 33—34
  7. Письмо к Андреа Маффи, 30 июля 1845 года
  8. Budden, 1984, էջ 230
  9. Budden, 1984, էջ 226
  10. Budden, 1984, էջ 237

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալզիրա» հոդվածին։