Ալեքսեյ Կուլակ
Ալեքսեյ Կուլակ | |
---|---|
Ծնվել է | մարտի 27, 1922 |
Ծննդավայր | Մոսկվա, Խորհրդային Ռուսաստան |
Մահացել է | օգոստոսի 25, 1984 (62 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Կունցևսկոե գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Ռուսաստանի Դ. Մենդելեևի քիմիատեխնոլոգիական ինստիտուտ |
Գիտական աստիճան | քիմիական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն | հետախույզ և դիվանագետ |
Ալեքսեյ Կուլակ (մարտի 27, 1922, Մոսկվա, Խորհրդային Ռուսաստան - օգոստոսի 25, 1984, Մոսկվա, ԽՍՀՄ), Խորհրդային զինվորական, գնդապետ, ԽՍՀՄ ՊԱԿ-ի սպա, Հայրենական մեծ պատերազմի մասնակից, Խորհրդային Միության հերոս (1946)։ 1990 թվականին նա հետմահու զրկվել է բոլոր կոչումներից և մրցանակներից՝ ամերիկյան հետախուզության հետ համագործակցելու մեղադրանքով[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալեքսեյ Կուլակը ծնվել է 1922 թվականի մարտի 27-ին Մոսկվայում՝ բանվորական ընտանիքում։ Ավարտել է միջնակարգ դպրոցը։ 1941 թվականի օգոստոսին զորակոչվել է Բանվորագյուղացիական կարմիր բանակ։ 1942 թվականին ավարտել է Օդեսայի հրետանային դպրոցի արագացված դասընթացները, որից հետո 1942 թվականի մայիսից եղել է Հայրենական մեծ պատերազմի ռազմաճակատներում։ 1945 թվականի ապրիլին նա ուներ ավագ լեյտենանտի կոչում և ծառայում էր որպես 1-ին Բելառուսական ճակատի 5-րդ բանակի 6-րդ հրետանային կորպուսի 20-րդ թեթև հրետանային բրիգադի 262-րդ թեթև հրետանային գնդի հրետանային գումարտակի հրամանատար[1]։
Նա աչքի է ընկել Բեռլինի ճակատամարտի ժամանակ։ 1945 թվականի ապրիլի 20-21-ը Մյուլենֆլայս գետը հրաձգային ստորաբաժանումներով հատելու ժամանակ հրետանային կրակով ծածկույթ է ապահովել, այնուհետև օգնել նրանց ռազմական գործողություններին անձամբ հենց Բեռլինում։ Չնայած մարտում վիրավորվելուն, նա չի լքել մարտադաշտը՝ շարունակելով կատարել իր մարտական առաջադրանքը[1]։ 1946 թվականի մայիսի 15-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով «ֆաշիստական զավթիչների դեմ պայքարի ճակատում հրամանատարության մարտական առաջադրանքների օրինակելի կատարման և ցուցաբերած արիության ու հերոսության համար» ավագ լեյտենանտ Ալեքսեյ Կուլակին շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում Լենինի շքանշանով և Ոսկե աստղ մեդալով (թիվ 7043)[1]։
Պատերազմից հետո Կուլակը շարունակել է ծառայել խորհրդային բանակում։ Սկզբում նա զբաղեցրել է խորհրդային օկուպացիոն գոտում գտնվող գերմանական մի փոքրիկ քաղաքի հրամանատարի պաշտոնը։ 1947 թվականին կապիտանի կոչումով տեղափոխվել է պահեստազոր։ 1953 թվականին ավարտել է Մոսկվայի Մենդելեևի անվան քիմիական տեխնոլոգիական ինստիտուտը, ապա պաշտպանել ատենախոսությունը և դարձել քիմիական գիտությունների թեկնածու[1]։
1960 թվականի սկզբին նա ծառայության է անցել ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտե, նշանակվել է արտաքին հետախուզության Նյու Յորքի նստավայրում (ԽՍՀՄ ՊԱԿ-ի առաջին գլխավոր վարչություն) և Միացյալ Նահանգներում զբաղվել հետախուզական աշխատանքով՝ Ֆեդորա (Fedora) գործակալական կեղծանունով։
1962 թվականին նա կամավոր առաջարկեց իր ծառայությունները ԱՄՆ ՀԴԲ-ին, որի հետ համագործակցել է 1962 - 1970 թվականներին։ Այս ընթացքում նա ամերիկյան հետախուզությանը տարբեր տեղեկություններ է տրամադրել Նյու Յորքում աշխատող խորհրդային հետախույզների մասին, ինչպես նաև գիտական, տեխնիկական և պաշտպանական ոլորտներում ՊԱԿ-ի շահերի մասին։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Կուլակը մոտ 100 հազար դոլար է ստացել ԱՄՆ-ի օգտին լրտեսելու համար[1][2]։
1980-ական թվականների սկզբին ԽՍՀՄ ԿԳԲ-ն սկսեց գաղտնի հետաքննություն «Ֆեդորայի գործով», բայց այն ավարտին չհասցրեց[1]։
Կուլակը մահացել է 1984 թվականի օգոստոսի 25-ին գլխուղեղի չարորակ ուռուցքից։ Թաղվել է Մոսկվայում՝ Կունցևո գերեզմանատանը զինվորական պատիվներով[1]։
Կուլակի մահից մեկ տարի անց՝ 1985 թվականին, ԽՍՀՄ ՊԱԿ-ի արտաքին հետախուզական ծառայությունը հավաքագրեց ամերիկյան բարձրաստիճան հետախույզ Օլդրիչ Էյմսին, որը խորհրդային պետական անվտանգության մարմիններին տեղեկացրեց հանգուցյալի լրտեսական գործունեության մասին[1]։
1990 թվականի օգոստոսի 17-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով Ալեքսեյ Կուլակը հետմահու զրկվել է բոլոր կոչումներից և մրցանակներից, այդ թվում՝ Խորհրդային Միության հերոսի կոչումից[1]։ 2022 թվականին վանդալները Կուլակի գերեզմանի վրա գրել են․ «ԽՍՀՄ Զինված ուժերի 1990 թվականի հրամանագրով նա զրկվել է զինվորական կոչումից և պարգևներից (հետմահու)՝ 1962 թվականից Միացյալ Նահանգների օգտին լրտեսության համար»՝ «Հուդա» նշումով»[3]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Խորհրդային Միության հերոսի Ոսկե աստղ շքանշան No 7043 (1946)[4]
- Լենինի շքանշան (05/15/1946)[4]
- Ալեքսանդր Նևսկու շքանշան (04/13/1945)[4]
- Կարմիր դրոշի շքանշան (1944)[4]
- Կարմիր աստղի շքանշան (1944)[4]
- Մեդալ «Լենինգրադի պաշտպանության համար»[4]
- Մեդալ «Բեռլինի գրավման համար»[4]
- Մեդալ «1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար»[4]
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Герои огненных лет. Книга 3. — М.: Московский рабочий, 1978.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09
Ալեքսեյ Կուլակ «Երկրի հերոսներ» կայքում
- ↑ Светлова, 2002
- ↑ «В Москве осквернили могилу полковника КГБ надписью «Иуда»». Лента.ру. 2022-07-15. Արխիվացված է օրիգինալից 2022-07-15-ին. Վերցված է 2022-07-15-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 «Наградная карта А. И. Кулака». Արխիվացված է օրիգինալից 2010-04-14-ին. Վերցված է 2021-02-04-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Светлова Е. Агент «Федора»(ռուս.) // Совершенно секретно : общественно-политическое издание. — 2002.
- Մարտի 27 ծնունդներ
- 1922 ծնունդներ
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Օգոստոսի 25 մահեր
- 1984 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Կունցևոյի գերեզմանատանը թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Խորհրդային հետախույզներ
- Խորհրդային Միության հերոսներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ
- Խորհրդային գնդապետներ