Ալեքսանդր խան Սեթխանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր խան Սեթխանյան
 
Ծննդյան օր 1865
Վախճանի օր 1953
Հայր Ծատուր խան
 
Պարգևներ
Սուրբ Ստանիսլավի շքանշան

Ալեքսանդր խան Սեթխանյան (1865 - 1953), իրանահայ գեներալ, պարսկական կազակական բրիգադի շտաբի պետը, Իրանի կայսերական բանակի հրամանատարը։ Դավիթխանյանների ընտանիքի անդամ[1]։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդրը ծնվել է զորավար Ծատուր խանի և տիկին Նինոն Հովնաթանյանի ընտանիքում։ Նրա հորական պապը եղել է դեսպան Սեթ խան Աստվածատրյանը, իսկ մորական պապը` Հակոբ Հովնաթանյանը[2]։ Նրա հայրը որպես Ալեքսանդրի կնքահայր ընտրել է Թավրիզում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս գեներալ Ստուպինին[1]։

1878 թվականին Ծատուր խանը կատարել է իր խոստումը մեծ իշխան Միխայիլ Նիկոլաևիչին և Ալեքսանդրին ուղարկել է սովորելու Թբիլիսիի ռազմական ակադեմիայում, քանի որ դքսի մոտ դիվանագիտական առաքելություն կատարելիս խոստացել էր, որ որդուն կուղարկի Ռուսական կայսրություն կրթություն ստանալու[3]։ Մինչ մեկնելը Ալեքսանդրը Թավրիզի հայկական դպրոցում սովորել էր պարսկերեն և հայերեն։ Վրաստանում նա սովորել է նաև ռուսերեն և ֆրանսերեն, տիրապետել է ռազմական գիտություններին և կազակական հեծելազորային մարտավարությանը։ Ուսումն ավարտելուց հետո Ալեքսանդրը մեկնել է Մոսկվա՝ ավարտելու բարձրագույն կրթությունը։ Այնտեղ նա դարձել է Ռուսական կայսրության հպատակագրված քաղաքացի[2]։

Ռազմական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոսկվայում ռազմական կրթությունն ավարտելուց հետո Ալեքսանդրը 1887 թվականին վերադարձել է Թավրիզ, որտեղ անմիջապես մտել է պարսկական բանակ՝ սարհանգի կոչումով։ Չորս տարի այս կոչումով բանակում ծառայելուց հետո Մոզաֆար ադ-Դին շահ Ղաջարը 1892 թվականին նրան շնորհել է սարհանգ ադյուտանտի կոչում։ Այնուհետև Ալեքսանդրը 1894 թվականին մեկնել է Թեհրան՝ միանալու պարսկական կազակական բրիգադին։ 1900 թվականին Ալեքսանդրը հասել է բրիգադի գեներալի կոչմանը, իսկ 1915 թվականին դարձել է շտաբի պետ։ 1916 թվականին, ավելի քան քառորդ դար ծառայելուց հետո, նա թոշակի է անցել բրիգադից[4]։ Դրանից անմիջապես հետո Ռեզա խանը, որն այդ ժամանակ միայն սարհանգ (գնդապետ) էր, ստացել է սարթիպի կոչում և սկսել է արագորեն բարձրանալ բրիգադի ծառայողական սանդուղքով՝ մինչև Թեհրանի գնդի հրամանատար դառնալը[5]։

Իրանի սահմանադրական հեղափոխություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեջլիսի շենքը
Իրանի սահմանադրական հեղափոխություն
Դավիթխանյանների առանձնատունը Ղազվինի Սեպահ փողոցում

Շահի հրամանով Ալեքսանդրը ղեկավարում էր Մեջլիսը շրջապատող դիվիզիան։ Խորհրդարանը ռմբակոծելուց հետո բրիգադը Թեհրանում ռազմական դրություն սահմանեց։ Հեղափոխության ընթացքում հավատարիմ մնալու համար Ալեքսանդրին շնորհվեց ամիր թումանի կոչում, որը նշանակում է հազարապետ. դա բրիգադի հրամանատարի բարձրագույն կոչումն է։ Այն հարցին, թե ինչու է մասնակցել Իրանի պատմության մեջ ամենատխրահռչակ միջոցառմանը, Ալեքսանդրը պատասխանել է. «Ես զինվոր եմ, ոչ թե քաղաքական գործիչ, իմ հավատարմությունը բրիգադին և շահին է»[1]։

Բրիգադը կտրականապես դեմ էր Ուիլյամ Մորգան Շուստերի հետագա նշանակմանը Պարսկաստանի գլխավոր գանձապետի պաշտոնում։ Նա ազգայնական ուժերի հետ ամերիկացիների անունից հարկեր էր հավաքում, ինչպես նաև այլախոհների կալվածքներն էր գրավում։ Բրիգադը Շուստերին հասցրեց այն աստիճանի, որ 1911 թվականին Մեջլիսը վերջապես նրան պաշտոնանկ արեց։ Բրիգադի օգնությամբ Մեջլիսը լուծարվեց՝ փաստորեն վերջ դնելով սահմանադրական հեղափոխության դարաշրջանին[2]։

1921 թվականի պետական հեղաշրջում[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն բանից հետո, երբ գեներալ Էդմունդ Այրոնսայդը խրախուսում է Ռեզա խանին հեղաշրջում իրականացնել Ղաջարիների կառավարության դեմ, Ալեքսանդր խան Սեթխանյանին, որը բնակվում էր Դավիթխանյանների առանձնատանը, այցելում են պարսկական բանակի իր գործընկերները և հորդորում մտածել Ռեզա խանին ընդդիմանալու մասին, քանի որ Ռեզա խանի զորքերը հավաքվել են Թեհրանից ոչ հեռու։ Քանի որ Ալեքսանդրը սիրում էր Ռեզային, երբ Ռեզան նրա հրամանատարության տակ գտնվող զինվոր էր և մտերիմ հարաբերություններ էր զարգացրել նրա հետ, նա նախընտրում է չհակառակվել հեղաշրջմանը[2]։

Մոտենում էր ապրիլը, իսկ Ալեքսանդրը դեռ հավատարմության երդում չէր տվել նոր շահին, ինչպես բազմաթիվ գեներալներ, որոնք եկել էին իրենց հավատարմությունը հայտնելու։ Ալեքսանդրը նրան հրավիրեց Սեպահ փողոցում գտնվող Դավիթխանյանների առանձնատուն, որտեղ նրան հսկում էին բրիգադի անդամները։ Ռեզա խանի հրամանով իրեն և Ալեքսանդրին թույլատրեցին առանձին քննարկել ապագայի հարցերը։ Նրանք երկուսով քայլեցին կալվածքի այգիներով և սկսեցին շրջանցել լճակը։ Լճակին չհասած Ալեքսանդրը դադարեց քայլել, իսկ Ռեզա խանը ձեռքը գցեց ավագ գեներալի ուսին և շարունակեց քայլել։ Հինգ տարի անց Ռեզա խանը իրեն թագադրեց Իրանի թագավոր՝ հիմնելով Փահլավիների դինաստիան[2]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1894 թվականին Ալեքսանդրն ամուսնանում է մեկ այլ զորավար՝ Մարտիրոս խան Դավիթխանյանի դստեր՝ Մարիամ Դավիթխանյանի հետ՝ դառնալով Դավիթխանյանների ընտանիքի անդամ[1]։ Թոշակի անցնելուց հետո Ալեքսանդրը պահպանեց այն բաղնիքը, որը Մարտիրոս խան Դավիթխանյանը իրանահայության համար կառուցել էր կալվածքի հետևում, ինչպես նաև մասնակցում էր որսի, ձկնորսության և փայտամշակման աշխատանքների[6]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդրը մահացել է 1953 թվականին։ Նրա մահից հետո սգավորների մի մեծ բազմություն հավաքվել էր Թեհրանի հայկական եկեղեցում՝ հարգանքի տուրք մատուցելու նրան։ Սգավորների թվում էին բազմաթիվ պետական պաշտոնյաներ և զինվորականներ, որոնք ներկայացնում էին Փահլավիի ռեժիմը։ Հաղորդվում է, որ ռազմական խոսնակը ներողություն է խնդրել ընտանիքից ներկա սակավաթիվ պաշտոնյաների համար՝ բացատրելով, որ ԿՀՎ-ի կողմից կազմակերպված պետական հեղաշրջման հետևանքով առկա քաղաքական իրարանցումը դժվարացրել է նրանց ներկայությունը[2]։

Ծառայությունից հետո պետական պաշտոնյաներն ու զինվորականները հավաքվել են դրսում՝ գովաբանելու մի մարդու արժանիքները, որը ծառայել է իր երկրին Ղաջար չորս շահերի օրոք, և որի ընտանիքը ծառայել է երկրին ավելի քան մեկ դար։ Պաշտոնաթող գեներալին մատուցված հարգանքը արտացոլում էր այն բարձր հարգանքը, որին նա արժանացել էր երկրին ծառայելու ողջ ընթացքում, երբ նա անմիջականորեն մասնակցել էր նշանակալից իրադարձություններին, որոնք ճանապարհ էին հարթել կառավարող ռեժիմի համար[1]։

Նրա դագաղը ծածկված էր Իրանի դրոշով, այն իրենց ուսերին տանում էին զինվորական պատվո պահակախմբի անդամները։ Գերեզմանատուն տանող փողոցների երկայնքով շարված էին համազգեստավոր հարյուրավոր զինվորներ։

Պարգևներ, կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1900 թվականին Ալեքսանդրն իր ծառայությունների համար պարգևատրվել է Ռուսական կայսրության կառավարության Սուրբ Ստանիսլավի շքանշանով։
  • 1906 թվականին Ալեքսանդրը ստացել է Սուրբ Աննայի շքանշան և ոսկե մեդալ՝ նորակոչիկների պատրաստման և կազակական բրիգադի նյութական ապահովման համար։
  • 1906 թվականին Ֆրանց Յոզեֆ I կայսրից նա ստացել է Ասպետի խաչ շքանշանը։
  • Ալեքսանդրը ստացել է սարհանգի, առաջին աստիճանի սարթիպի, գեներալ ամիր փանջի և հազարապետ ամիր թումանի զինվորական կոչումները։
  • 1911 թվականին, չունենալով ավելի բարձր կոչումներ, Ալեքսանդրին շնորհել են երկու ֆարման։ Ֆարմանները նրան շնորհել են հավելյալ մեդալներ և տարբերանշաններ՝ արծաթե ուսադիրներ և կախազարդ, ինչպես նաև Սուրբ Ստանիսլավի ևս մեկ շքանշան, Առաջին շքանշան։
  • 1915 թվականին Ալեքսանդրը ստացել է բանակի հրամանատարի՝ սարդար սեպահի կոչում՝ ադամանդազարդ ուսադիրներով և շքանշաններով։ Այդ պատիվը նրան շնորհել է նաև շահի հետ հանդիպելու իրավունքը, երբ նա անհրաժեշտ կհամարի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Navasargian, Alice (2012). The Immortals.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Zia-Ebrahimi, Reza (2017 թ․ հունվարի 31). «David N. Yaghoubian. Ethnicity, Identity, and the Development of Nationalism in Iran». The American Historical Review. 122 (1): 276–277. doi:10.1093/ahr/122.1.276. ISSN 0002-8762.
  3. Burke, Edmund; Yaghoubian, David Nejde (2006). Struggle and survival in the modern Middle East. University of California Press. ISBN 0-520-24661-6. OCLC 489000386.
  4. Kazemzadeh. Russia and Britain in Persia. OCLC 426150808.
  5. Ghani, Cyrus (2000). Iran and the Rise of Reza Shah: from Qajar Collapse to Pahlavi Power. Bloomsbury.
  6. Sanasarian, Eliz (2000). Religious minorities in Iran. Cambridge University Press. ISBN 0-511-01769-3. OCLC 56336089.