Ալեքսանդր Ռադիշչև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Ռադիշչև
ռուս.՝ Александр Радищев
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 20 (31), 1749[1][2][3]
ԾննդավայրՌադիշչևո, Պենզա, Ռուսական կայսրություն
Մահացել էսեպտեմբերի 12 (24), 1802[1][2][4] (53 տարեկան)
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1][5]
ԳերեզմանՎոլկովսկոե գերեզմանատուն[2]
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն
ԿրթությունԼայպցիգի համալսարան (1771)[1]
ԵրկերՃանապարհորդություն Պետերբուրգից դեպի Մոսկվա
Մասնագիտությունփիլիսոփա, գրող, վիպասան, բանաստեղծ և տնտեսագետ
ԱմուսինԱննա Ռադիշչևա
Ծնողներհայր՝ Նիկոլայ Աֆանասևիչ Ռադիշչև
ԵրեխաներԱֆանասի Ռադիշչև, Պավել Ռադիշչև, Նիկոլայ Ալեքսանդրևիչ Ռադիշչև և Q116196236?
Commons-logo.svg Alexander Radishchev Վիքիպահեստում

Ալեքսանդր Նիկոլաևիչ Ռադիշչև (օգոստոսի 20 (31), 1749[1][2][3], Ռադիշչևո, Պենզա, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 12 (24), 1802[1][2][4], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1][5]), ռուս գրող, հեղափոխական, փիլիսոփա։ Ծնվել է 1749 թվականի հունիսի 20 (31)-ին՝ Մոսկվայում, հարուստ կալվածատիրոջ ընտանիքում։ Ընդհանուր կրթությունն ստացել է Պետերբուրգի Պաժերի դպրոցում (1762 - 1766)։ Այնուհետև ուղարկվել է Լայպցիգի համալսարան՝ իրավաբանական բարձրագույն կրթություն ստանալու (1767 - 1771)։ Այստեղ Ռադիշչևը ուսանել է նաև գրականություն, պատմություն, փիլիսոփայություն, բժշկություն, օտար լեզուներ, ծանոթացել ֆրանսիական լուսավորիչների գաղափարներին, դա նշանակալի դեր է խաղացել նրա աշխարհայացքի ձևավորման մեջ։ 1771 թվականին Ռադիշչևը վերադարձել է Ռուսաստան։ Վարելով զանազան պաշտոններ (Սենատի արձանագրող-քարտուղար, Պետերբուրգում՝ Ֆինլանդական դիվիզիայի շտաբի իրավախորհրդատու, մաքսատան կառավարիչ)՝ չի դադարել հասարակական բարեփոխումներ երազելուց։ Այս շրջանում էլ սկսվել է Ռադիշչևի գրական գործունեությունը։ 1773 թվականին նրա թարգմանությամբ տպագրվել է Մաբլիի «Խորհրդածություններ հունական պատմության մասին» երկը, որին կցած իր ծանոթագրություննեում Ռադիշչևը խիստ քննադատական վերաբերմունք է դրսևորել ինքնակալության նկատմամբ։ Նույն տարում սենտիմենտալիզմի ոգով գրած «Մեկ շաբաթվա օրագիր» հոգեբանական, հուզական ակնարկում Ռադիշչևը երգել է բարեկամությունն ու ընկերական հարաբերությունները։ 1780-ական թթ. Ռադիշչևի ստեղծագործությունը ծաղկում է ապրել, նա գրել է «Աշխարհի արարումը» (մոտ 1779 - 1782, անավարտ), «Խոսք Լոմոնոսովի մասին» (1780), «Նամակ Տոբոլսկում ապրող ընկերոջս» (1782) հրապարակախոսական ակնարկները, «Ֆեոդոր Վասիլևիչ Ուշակովի վարքը» (1788, հրատարակվել է 1789) վիպակը։ 1783 թվականին ստեղծել է իր նշանավոր «Ազատություն» ներբողը (հեղափոխական բովանդակությամբ առաջին բանաստեղծությունը Ռուսաստանում), որը ներառվել է նրա «Ճանապարհորդություն Պետերբուրգից Մոսկվա» (1790, հրատակարակվել է 1950) նշանավոր երկի մեջ։ Վերջինս աչքի է ընկնում ռուս իրականության լայն ընդգրկումով, ժամանակի սոցիալական, քաղաքական, բարոյական և փիլիսոփայական խնդիրների առաջադրման և լուծման սրությամբ ու համարձակությամբ։ Պատկերելով գյուղացիների դաժան շահագործման դրվագներ, ցուցադրելով կալվածատեր-ճորտատերերի անմարդկայնությունը, ինքնակալական-բյուրոկրատական պետության մեջ իշխող կամայականությունը՝ Ռադիշչևը միաժամանակ ցույց է տվել ռուս ժողովրդի բարոյական առողջությունն ու ֆիզիկական գեղեցկությունը, նրա աշխատասիրությունն ու տաղանդը։ Կարեկցելով ճնշված գյուղացիությանը՝ նա ոչ միայն ընդունել է պայքարելու, բռնությանը բռնությամբ պատասխանելու նրա իրավունքը, այլև ապստամբության, հեղափոխության կոչ է արել։ «Ճանապարհորդություն...»-ը տպագրվել է Ռադիշչևի սեփական տպարանում և հրատարակվել անանուն, բայց շուտով հեղինակը հայտնաբերվել ու ձերբակալվել է։ Դիրքը բռնագրավվել է, իսկ Ռադիշչևը դատապարտվել մահվան, որը Եկատերինա II (վերջինս Ռադիշչին անվանել է «Պուգաչովից էլ վատթար խռովարար») փոխարինել է 10 տարվա աքսորով՝ Սիբիր։ 1797 թվականին, Պավել I-ի օրոք, Ռադիշչևին թույլ տրվել է ապրել հայրական գյուղում՝ ոստիկանության հսկողության տակ, իսկ Ալեքսանդր I-ը, գահ բարձրանալով, ներել է նրան և աշխատանքի նշանակել օրենքներ կազմող հանձնաժողովում։ Ռադիշչևը եռանդով գործի է անցել, կազմել ազատ օրենսդրության նախագծեր, փորձել է դրանք կենսագործել։ Նրան սպառնացել են նորից աքսորել։ Ի նշան բողոքի՝ Ռադիշչևը ինքնասպան է եղել (թունավորվել է)։ Որպես փիլիսոփա Ռադիշչևը իմացաբանության հարցերը քննարկել է մատերիալիստական դիրքերից, իմացության աղբյուր է համարել իրականության զգայական ընկալումը։ Մատերիալիզմի դիրքերից է լուծել նաև փիլիսոփայության հիմնական հարցը։ Նրա մատերիալիզմը, այսուամենայնիվ, պատմական սահմանափակվածության հետևանքով եղել է մետաֆիզիկական։ Կյանքի վերջին շրջանում է Ռադիշչևը գրել իր լավագույն բանաստեղծություններից մեկը՝ «Տասն ութերորդ հարյուրամյակ»-ը, «Մարդու, նրա մահկանացու և անմահ լինելու մասին» (1792 - 1795) փիլիսոփայական տրակտատը, «Հուշարձան դաքտիլ-քորեյական դյուցազնին» (1801 - 1802) հոդվածը՝ գիտական տաղաչափության վերաբերյալ, ինչպես նաև տնտեսագիտական և պատմական բնույթի մի շարք աշխատություններ։ Ռադիշչևի գաղափարները մեծ ազդեցություն են գործել ռուս հեղափոխականների հետագա բոլոր սերունդների վրա, ռուսական պոեզիայի և ռուսական գրականության մեջ ռեալիզմի զարգացման վրա։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լենին Վ. Ի., Վելիկոռուսների ազգային հպարտության մասին
  • Երկերի ժողովածու, հ. 26
  • Ղազար Այվազյան, Ռուս առաջին գրող-ռևոլյուցիոներ Ա. Ն. Ռադիշչևը, Ե., 1949
  • Макогоненко Г. П., Радищев и его время, М., 1956
  • Благой Д. Д., История русской литературы XVIII века, М., 1960
  • Кулакова Л. И., Западов В. А., А. Н. Радищев, «Путешествие из Петербурга в Москву»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]