Ալեքսանդր Միքայելյան (բժիշկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալեքսանդր Միքայելյան (այլ կիրառումներ)
Ալեքսանդր Միքայելյան
Ծնվել էօգոստոսի 29, 1928(1928-08-29)[1]
ԾննդավայրԹիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Մահացել էօգոստոսի 18, 1991(1991-08-18) (62 տարեկան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունՌուսաստանի ազգային հետազոտական բժշկական համալսարան (1953)[1]
Մասնագիտությունսրտաբան և վիրաբույժ
Կոչումպրոֆեսոր[1]
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1962)
ԱշխատավայրՍրտաբանության ինստիտուտ[1]
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
Պարգևներ
Ժողովուրդների բարեկամության շքանշան և «Պատվո նշան» շքանշան

Ալեքսանդր Լևոնի Միքայելյան (օգոստոսի 29, 1928(1928-08-29)[1], Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - օգոստոսի 18, 1991(1991-08-18)), հայ խորհրդային սրտաբան-վիրաբույժ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1962), պրոֆեսոր (1965), ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Միքայելյանը ծնվել է 1928 թվականի օգոստոսի 29-ին, Վրաստանի Թիֆլիս (այժմ՝ Թբիլիսի) քաղաքում, արհեստավոր Լևոն Իսայի և բուժքույր Մարիա Իոսիֆի Միքայելյանների ընտանիքում։ Մանկությունը և դպրոցական տարիներն անց է կացրել Թբիլիսիում, որտեղ ավարտել է թիվ 30 միջնակարգ դպրոցը։

1953 թվականին ավարտել է Մոսկվայի 2-րդ բժշկական ինստիտուտը, աշխատել Մոսկվայի 1-ին քաղաքային կլինիկական հիվանդանոցում, ԽՍՀՄ ԲԳԱ կրծքային վիրաբուժության ինստիտուտում, Բժիշկների կատարելագործման կենտրոնական ինստիտուտում, ԽՍՀՄ ԳԱ Փորձառական կենսաբանության և բժշկության ինստիտուտի Սիբիրյան բաժանմունքի վիրաբուժական բաժնում, ապա արյան արհեստական շրջանառության լաբորատորիայում[3]։

Մասնագիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես սրտավիրաբույժ և գիտնական Ալեքսանդր Միքայելյանը ձևավորվել է իր կյանքի պատանեկան և երիտասարդական տարիներին՝ անցնելով վիրաբուժության դպրոց այնպիսի մասնագետների ղեկավարությամբ, ինչպիսիք էին Ա. Բակուլևը, Ե. Մեշալկինը, Բ. Պետրովսկին։ Նրա կայացման մեջ թե՛ որպես վիրաբույժի, թե՛ որպես գիտնականի էական դեր է խաղացել նաև համաշխարհային ճանաչում ունեցող ֆիզիոլոգ Վ. Պարինի պաթոֆիզիոլոգիայի դպրոցը։ Միքայելյանը մեծ ավանդ է ունեցել ԽՍՀՄսիրտ-անոթային վիրաբուժության զարգացման գործում։ Նա Հայաստանի սիրտ-անոթային վիրաբուժության ու փոխպատվաստաբանության հիմնադիրն է։

1961 թվականին Հայկական ԽՍՀ-ի գիտությունների ակադեմիայի նախագահության կողմից Ալեքսանդր Միքայելյանը հրավիրվում է Հայկական ԽՍՀ ԳԱ-ի նորաստեղծ Սրտաբանության և սրտի վիրաբուժության ինստիտուտ՝ որպես սրտի վիրաբուժության բաժնի վարիչ՝ հանրապետությունում սրտավիրաբուժության ծառայություն կազմակերպելու համար։ Զուգահեռաբար կազմակերպում է ցավազրկման, վերակենդանացման և արհեստական արյան շրջանառության (ԱԱՇ) ծառայությունները։ Նաև ակտիվ մասնակցություն է ցուցաբերում սրտաբանության և սրտային վիրաբուժության ինստիտուտի կազմակերպման և նոր մասնաշենքերի (կլինիկական և փորձարարական) շինարարության գործում։

1968 թվականին ինստիտուտում կազմակերպում է կենսաբանական անհամատեղելիության լաբորատորիա, իսկ 1971 թվականին Երևան քաղաքի Քանաքեռի շրջանում սկսում է փոխպատվաստման հայկական կենտրոնի (ՓՀԿ) շինարարությունը, որի բժշկական ոլորտները իր կողմից մշակվել էին 1968-1969 թվականներին։

ՀԽՍՀ ԱՆ սիրտ-անոթային վիրաբուժության և օրգանների փոխպատվաստման մասնաճյուղ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական ԽՍՀ ԳԱ-ի սրտաբանության և սրտի վիրաբուժության ինստիտուտի հիման վրա 1972 թվականին (այն հետագայում վերանվանվում է Հայկական ԽՍՀ ԱՆ Լ. Հովհաննիսյանի անվան սրտաբանության ինստիտուտ) Ալեքսանդր Միքայելյանը ստեղծում է Հայկական ԽՍՀ ԱՆ սիրտ-անոթային վիրաբուժության և օրգանների փոխպատվաստման մասնաճյուղ, որտեղ հանրապետությունում առաջին անգամ բացում է նեֆրոլոգիայի բաժանմունքը հեմոդիալիզի բաժանմունքի հետ միասին։

1962-1991 թվականներին «վերականգնողական վիրահատությունների ժամանակ արյան մատակարարումը, մետոբոլիզմը և օրգանների ֆունկցիան» հիմնական խնդրի հետ կապված՝ պաշտպանվել են 126 գիտական թեզեր, ընդ որում՝ 19 դոկտորական և 107 թեկնածուական։ Միքայելյանը 10 դոկտորական և 36 թեկնածուական թեզերի ղեկավար էր։ Մասնաճյուղը բարձրակարգ մասնագետների պատրաստման դպրոց էր։

Մասնաճյուղի հիման վրա Ալեքսանդր Միքայելյանն անց է կացրել 22 հանրապետական, համամիութենական և միջազգային գիտական կոնֆերանսներ, որոնցից 12-ը կայացան արտասահմանյան հայտնի մասնագետների մասնակցությամբ, իսկ 10-ը վերաբերում էին մասնաճյուղի գլխավոր խնդիրներին։ Նա այդ կոնֆերանսների նյութերի գլխավոր խմբագիրն էր։ Նա նաև 333 գիտական աշխատանքների, այդ թվում 3 մենագրությունների հեղինակ է։

ԽՍՀՄ ԲԳԱ ՎՀԳԿ երևանյան մասնաճյուղ[խմբագրել | խմբագրել կոդը]

1974 թվականին, այդ մասնաճյուղի և ՓՊԿ-ի կառուցվող մասնաշենքերի հիման վրա Ալեքսանդր Միքայելյանը Անդրկովկասում ստեղծում է բազմաթեքում բարձրակարգ մասնագիտացված խոշոր վիրաբուժության կենտրոնը՝ ԽՍՀՄ ԲԳԱ ՎՀԳԿ երևանյան մասնաճյուղը, միաժամանակ նաև՝ Ստեփանավանի առողջարանային վերականգնողական բաժինը։

Մասնաճյուղի հիմնական գիտական խնդիրը, որն առաջադրվել էր Միքայելյանի կողմից և հաստատվել ԽՍՀՄ ԱՆ կողմից, վիրաբուժության մեջ նոր հիմնարար ուղղության ստեղծումն էր, այն է՝ «վերականգնողական վիրահատությունների ժամանակ արյան մատակարարումը, մետոբոլիզմը և օրգանների ֆունկցիան»։ Այդ խնդրի բարեհաջող զարգացման համար ԽՍՀՄ ԱՆ կողմից հաստատվում է մասնաճյուղի համապատասխան կառուցվածքը։ Հետագայում Միքայելյանը մասնաճյուղը համալրում է միմյանց հաջորդող նոր ենթաբաժիններով։ Դրանք էին՝

  • սրտի ռիթմի խախտումները բուժելու և էլեկտրախթանման հանրապետական կենտրոնը (1979 թ.),
  • միկրոշրջանառության, ցավի սինդրոմի թերապիայի լաբորատորիաները (1980 թ.), որտեղ 1985 թ. կատարվում են երիկամների առաջին փոխպատվաստումները։
  • միկրովիրաբուժության հանրապետական կենտրոնը (1986 թ.)։
  • հիպերբարիկ օքսիգենացիայի լաբորատորիան (1986),
  • գրավիտացիոն վիրաբուժության բաժանմունքը օրգանիզմի թունազերծման (պլազմաֆերեզ, հեմոսորբցիա, հեմոզտում, զարկերակային արյան լազերային և ուլտրամանուշակագույն ճառագայթում) ակտիվ մեթոդների համակարգով,
  • էլեկտրաֆիզիոլոգիայի լաբորատորիան և ընդհանուր վիրաբուժության բաժանմունքի հիման վրա՝ աղեստամոքսային արյունահոսություններով հիվանդների բուժման հանրապետական կենտրոն (1987)։

1990 թվականին մասնաճյուղի հիման վրա բացվում է նաև պլաստիկ և վերականգնողական վիրաբուժության կենտրոնը։

Սրտի, անոթների և այլ օրգանների (լյարդ, երիկամ, աղեստամոքսային տրակտ, վերջույթներ) վիրաբուժության, ինչպես նաև փոխպատվաստաբանության բարեհաջող զարգացմանը նպաստում է վերականգնողական վիրահատությունների ընթացքում Միքայելյանի կողմից այդ օրգանների պաթոֆիզիոլոգիական, բիոքիմիական և կառուցվածքային փոփոխությունների ինվազիվ և ոչ ինվազիվ եզական համակարգի ներդրումը, որի նպատակն էր օրգանիզմում հարմարվողական կոմպենսատոր վերակառուցման ուսումնասիրությունը հիվանդության զարգացման և վիրահատական բուժման տարբեր շրջաններում։

Վիրաբուժության նոր կենտրոնը իր կառուցվածքով համապատասխանում էր ժամանակակից համալսարանների մակարդակին, այն է՝ 12 կլինիկական բաժանմունքներ, պոլիկլինիկա, հզոր վիրահատական կառույցահատված, 20 լաբորատորիաներ և 9 գիտահետազոտական բաԺիններ։ Այնուհետ, այդ բաժանմունքի հիման վրա ստեղծվում է միկրովիրաբուժության հանրապետական կենտրոնը (1986 թ.)։ Նույն թվականին մասնաճյուղում Միքայելյանը ստեղծում է հիպերբարիկ օքսիգենացիայի լաբորատորիան, գրավիտացիոն վիրաբուժության բաժանմունքը օրգանիզմի թունազերծման (պլազմաֆերեզ, հեմոսորբցիա, հեմոզտում, զարկերակային արյան լազերային և ուլտրամանուշակագույն ճառագայթում) ակտիվ մեթոդների համակարգով, իսկ 1987 թվականին՝ էլեկտրաֆիզիոլոգիայի լաբորատորիան և ընդհանուր վիրաբուժության բաժանմունքի հիման վրա՝ աղեստամոքսային արյունահոսություններով հիվանդների բուժման հանրապետական կենտրոնը։

Նոր ուղղության հետազոտության համար մասնաճյուղի վիրահատական պրակտիկայում Միքայելյանը մշակեց և ներդրեց վիրահատվող, կենսականորեն կարևոր օրգանների բիոպսիան այդ օրգանների կառուցվածքային փոփոխությունների ուսումնասիրության համար, ինչպես նաև՝ ինվազիվ և ոչ ինվազիվ մեթոդների եզակի համակարգը արյան շրջանառության, մետաբոլիզմի և ֆունկցիոնալ վիճակի հետազոտության համար մինչ վիրահատությունը և վիրահատությունից հետո։

Այդ հետազոտությունների հիման վրա սրտի արատով հիվանդների համար մշակվեց հիվանդության ծանրության աստիճանի համակողմանի մետաբոլիկ-ֆունկցիոնալ դասակարգում, որը հնարավորություն էր տալիս վիրահատության ենթակա հիվանդների համապատասխան ընտրություն կատարել, ինչպես նաև՝ վերահսկել նրանց թերապիայի արդյունավետությունը, դրանով իսկ ապահովելով մահացության նվազեցումն ու վիրահատության բարենպաստ արդյունքները մաքսիմումին հասցնելը։ Այդ ամենին նպաստում էր նաև սաթաթվի բնական, ոչ թունավոր մետաբոլիտի ցածր չափաբաժնի (1կգ քաշին 0,3 - 0,7 մգ) ներառումը սրտի վիրահատության ենթակա հիվանդների թերապիայի ավանդական միջոցների համակարգում։

Ալեքսանդր Միքայելյանը (աջից) կոնֆերանսի ժամանակ։

1984 թվականի հուլիսի 12-ին ԽՍՀՄ ՎՀԳԿ ՀԱՆ երևանյան մասնաճյուղում, Ալեքսանդր Միքայելյանը մասնակցում է մասնաճյուղի հիմանդրման 10-ամյակին նվիրված, նրա հիմնական խնդրի հետ կապված, հոբելյանական III համամիութենական կոնֆերանսին։ Թեման էր՝ «Վերականգնողական վիրահատությունների ժամանակ արյան մատակարումը, մետոբոլիզմը և օրգանների ֆունկցիան»։

1985 թվականին Միքայելյանը Հայաստանում կատարեց երիկամի առաջին փոխպատվաստումը (24 վիրահատություն), իսկ մասնաճյուղի աշխատակիցները նրա գլխավորությամբ կատարեցին մատների, հոդերի, մկանների, ոսկորների և բարդ ոսկրամկանային լաթերի առաջին փոխպատվաստումները։

Ութսունական թվականներին մասնաճյուղում պատրաստվում էին նաև սրտի փոխպատվաստմանը։ Կենդանիների որովայնախոռոչում երկրորդ սրտի հետերոտոպիկ պատվաստման Միքայելյանի կողմից մշակված փորձարարական նմուշը անջատման կրիզի պրոֆիլակտիկայի ու բուժման միջոցների, ինչպես նաև վաղաժամ ախտորոշման չափանիշների որոնման հնարավորություն էր տալիս։ Մշակվել էին նաև արհեստական սրտի փոխպատվաստման մեթոդները, որն ստեղծում էր արհեստական սրտի ապարատի սեփական մոդել։

1991 թվականին մասնաճյուղում կար մոտ 300 մահճակալ և արդեն կատարվել էին օրգանիզմի կենսականորեն կարևոր օրգանների և համակարգի պաթոլոգիայի առկայությամբ 6000-ից ավելի տարբեր վերականգնողական վիրահատություններ։ Ի դեպ, սրտի, անոթների, լյարդի, երիկամների (ներառյալ երիկամի փոխպատվաստումը), հենաշարժական ապարատի շատ բարդ վերանգնողական վիրահատությունների մի ամբողջ շարք անց էր կացվում միայն մասնաճյուղում։ Ախտորոշման բոլոր հատուկ ուսումնասիրությունները (սրտի և գլխավոր անոթների զոնդավորում, կորոնարոգրաֆիա, սրտամկանի էներգափոխանակության վիճակ, սրտամկանում արյան հոսք և այլք) նույնպես միայն մասնաճյուղում էին իրականացել։

Ներդրումը աղետների բժշկության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձախ հատվածում Ալեքսանդր Միքայելյանն է։

Ալեքսանդր Միքայելյանը և նրա ղեկավարած մասնաճյուղը մեծ ավանդ ունեցան աղետների բժշկության մեջ։ Սպիտակի երկրաշարժից հետո ԽՍՀՄ ԲԳԱ ՎՀԳԿ երևանյան մասնաճյուղը վերափոխվեց հզոր, բազմաթիվ թեքումներ ունեցող բարձրակարգ մասնագիտացված կենտրոնի՝ աղետից տուժածների առավել ծանր քանակակազմի (կենսականորեն կարևոր օրգանների համակարգված համակցված վնասվածքներով և սուր երիկամային անբավարարություն (ՍԵԱ) ունեցող երկարատև ճնշման սինդրոմով (ԵՃՍ) տուժածների հոսպիտալացման և բուժման համար։

Առաջին անգամ աղետների բժշկության մեջ հիվանդների այդ մեծածավալ քանակի հետազոտման հիման վրա մշակվեց ԵՃՍ-ի ծանրության դասակարգումը, այն է՝ 4 կլինիկական խմբեր՝ ըստ սուր երիկամային անբավարարության և ուղեկցող վնասվածքների բացակայության կամ առկայության։

Բոլոր տուժածների համար անց էր կացվում ԵՃՍ-ի ախտածնության (պաթոգենեզի) բազմակողմանի համակարգված հետազոտություն, որն ընդգրկում էր թունազերծման ակտիվ և պասիվ մեթոդները (հեմոդիալիզ, պլազմաֆերեզ, հեմոսորբցիա, արյունազտում, ՀԲՕ, ՈՒՄՃ, ՍԹ-ի ցածր չափաբաժնային թերապիա մինչև 0,3 մգ/կգ քաշին, համարյա հոմեոպատիկ դոզաներով, ինչպես նաև վնասված օրգանների տարբեր վիրահատություններ։ Միաժամանակ անց էր կացվում ԵՃՍ-ի ախտածնության բազմակողմանի համակարգված հետազոտություն, ինվազիվ և ոչ ինվազիվ մեթոդների կիրառությամբ։ Դրա հետ մեկտեղ առաջադրված էին հրատապ ախտորոշման չափանիշներն ինչպես տուժածների կլինիկական վիճակի, այնպես էլ հիվանդության շարժընթացում նրանց թերապիայի արդյունավետության գնահատման համար։ Այդ չափանիշները հիմնված են բուլբոկոնյուկտիվայի միկրոշրջանառության վիճակի և ԷԿԳ-ի՝ սրտի փորոքների ապաբևեռացման և վերաբևեռացման շրջանների հաշվարկային ցուցիչների փոփոխությունների վրա, որ արտացոլում են էներգափոխանակության և միոկարդի կրճատողական ֆունկցիայի վիճակը։ Պատրաստված մասնագետների առկայության դեպքում դաշտային պայմաններում այդ չափանիշները կարող են ստացվել շատ արագ (1-2 րոպեների ընթացքում) և օգտակար լինեն տուժածների արագ և նպատակահարմար տեղահանման կազմակերպման համար։

Մասնաճյուղում երկրաշարժից տուժածների ընդհանուր հոսպիտալային մահացությունը կազմում էր 14,1%։ ՍԵԱ-ի առկայության դեպքում ԵՃՍ-ով հիվանդների մոտ աղետների բժշկության գրականության տվյալների համեմատ (35-70%) այն նվազագույն էր (21,1%)։ Բայց IԱ կլինիկական խմբի ԵՃՍ-ով հիվանդների մոտ (առանց ՍԵԱ-ի և ՈՒՎ-ի) այն կազմում էր ընդամենը 7,3%։

Հիվանդների խմբերը Մահացության

աստիճան

I առանց ՍԵԱ-ի և ՈւՎ-ի հիվանդներ 7,3%
I' առանց ՍԵԱ-ի, բայց ՈւՎ-ի առկայությամբ հիվանդներ 15,7%
II ՍԵԱ-ով, բայց առանց ՈւՎ-ի հիվանդներ 39,5%
II' ՍԵԱ-ով, բայց ՈւՎ-ի առկայությամբ հիվանդներ 44,7%

«Գթություն և առողջություն» հիմնադրամ[խմբագրել | խմբագրել կոդը]

1989 թվականին Ալեքսանդր Միքայելյանը ընտրվեց «Գթություն և առողջություն» հայկական հիմնադրամի նախագահ։ Նա ակտիվ գործունեություն ծավալեց Սպիտակի երկրաշարժի ծանր հետևանքները հնարավորինս արագ վերացնելու համար, ինչպես նաև իրականացրեց սոցիալ-բժշկական միջոցառումների մի ամբողջ շարք. աղետի գոտիների բնակչության, արտաքսված քաղաքացիների և Արցախի բնակչության համար կազմակերպեց նյութական և բժշկական օգնություն։

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Միքայելյանը 330 գիտական աշխատանքների հեղինակ է (դրանցից 3 մենագրությունները նվիրված են սիրտ-անոթային վիրաբուժության և փոխպատվաստաբանության տարբեր ոլորտներին)։

Միքայելյանի գիտական աշխատանքները վերաբերում են սրտի և խոշոր անոթների վերակառուցման վիրահատությունների ժամանակ սրտամկանի ախտաբանաֆիզիոլոգիական, կենսաքիմիական և ձևաբանակառուցվածքային փոփոխությունների ուսումնասիրություններին, սրտի աորտային արատների դասակարգմանը, կլինիկային, ախտորոշմանը և վիրահատական բուժման տեխնիկային ու ետվիրահատական շրջանի հարցերին[3]։ Առաջարկել է սրտի անբավարարության ախտորոշման նոր չափանիշներ։ Մշակել է օրգանների փոխպատվաստման փորձարարական և կլինիկական ասպեկտները[2]։

«Արյան շրջանառություն» ամսագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Միքայելյանը Հայկական ԽՍՀ ԱՆ «Արյան շրջանառություն» ամսագրի կազմակերպիչն ու խմբագիրն էր, ինչպես նաև 1979-1990 թվականներին քսաներկու հանրապետական, համամիութենական և միջազգային կոնֆերանսների կազմակերպիչը։

Միքայելյանի և նրա աշխատակիցների կողմից կատարվել է 60000-ից ավելի վերականգնողական վիրահատություններ կենսականորեն կարևոր օրգանների վրա, որոնցից 4000-ը՝ սրտի արատի պարագայում։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Միքայելյանը ՎիրաբույԺների և սրտաբանների համամիութենական գիտական ընկերությունների, Համամիութենական վիրաբուժական ընկերության սիրտ-անոթային վիրաբուժության բաժանմունքի, ԽՍՀՄ ԲԳԱ-ի սիրտ-անոթային վիրաբուժության համամիութենական խնդրահարույց հանձնաժողովի, ԽՍՀՄ ԱՆ վիրաբուժության ոլորտի գիտական խորհուրդների, օրգանների, հյուսվածքների փոխպատվաստման և արհեստական օրգանների, պրոթեզների ստեղծման հետ կապված գիտական խորհուրդների անդամ էր։ 1984 թվականին նա ընտրվեց Վիրաբույժների միջազգային ընկերության և Հայաստանի վիրաբույժների ընկերության պատվավոր անդամ։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Хирургическое лечение аортальных пороков сердца, Е․, 1963;
  • Клинико-патофизиологические изменения при сужении левого атриовентрикулярного отверстия сердца и хирургическая коррекция его, Е․, 1964․
  • Хирургическое лечение аортальных пороков сердца, 1972

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ա. Լ. Միքայելյանի անձնական արխիվ, Հայաստանի Հանրապետության ազգային արխիվ։ (Ֆոնդ դ 835, Ցուցակ 3. Գործ 120, հեռ. 26-57-18)
  • Шердукалова - Микаелян Л. Ф. "Имени Микаеляна" (авторское издание. Ереван, 2006 г., с.333).
  • Կենսագրական ալբոմ, "Путь жизни"- բժշկագիտական հանրապետական գրադարան, Մ. Հերացու անվան պետական բժշկական ինստիտուտ, ՎՀԳԿ ՌԲԳԱ,
  • Ա. Լ. Միքայելյանի ֆոտոարխիվ - հասցե. Երևան, փ. Երզնկյան 66, Հասմիկ Ստեփանյան ֆոտոտաղավար,
  • Վավերագրական ֆիլմեր - կինեմատոգրաֆիստների միություն, վավերագրական ֆիլմերի տաղավար, Հ. Ասլանյանի «Ամբողջ սրտով» կինոնկարը,
  • Шердукалова - Микаелян Л. Ф., "Памяти Микаеляна" ժողովածուն` նվիրված
  • Ա. Լ. Միքայելյանի 85 - ամյակին, 2013 թ.
  • «Միքայելյանի հիշատակին» - 2014 թ., որոշ հատվածներ 2013 թ. ժողովածուի 2-րդ մասից, որն արտացոլում է ԽՍՀՄ ԲԳԱ ՎՀԳԿ երևանյան մասնաճյուղի փորձը 1988 թ. Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժից տուժածներին ցուցաբերելու ժամանակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1981. — հատոր 7. — էջ 624.
  2. 2,0 2,1 А. П. Айриян (1998). Армянские учёные-медики. Ереван: Амарас. էջ 64. ISBN 99930-1-001-7. {{cite book}}: Check |isbn= value: checksum (օգնություն)
  3. 3,0 3,1 Խմբագրական կոլեգիա, Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 7 (խմբ. Վիկտոր Համբարձումյան), Ե., «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիա Հայկական Սովետական Հանրագիտարանի գլխավոր խմբագրություն», 1981, էջ 624 — 720 էջ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Միքայելյան (բժիշկ)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 624