Ալեքսանդր Լազուրսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Լազուրսկի
Ծնվել էմարտի 31 (ապրիլի 12), 1874 կամ 1874[1][2][3][…]
ԾննդավայրՊերեյասլավ, Պոլտավայի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էփետրվարի 27 (մարտի 12), 1917 կամ 1917[1][2][3][…]
Մահվան վայրՊետրոգրադ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՍ. Մ. Կիրովի անվան ռազմական բժշկական ակադեմիա
Մասնագիտությունբժիշկ, հոգեբան և հոգեբույժ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր
Կայքlazursky.psyhistory.ru/index.php

Ալեքսանդր Ֆեոդորի Լազուրսկի (մարտի 31 (ապրիլի 12), 1874 կամ 1874[1][2][3][…], Պերեյասլավ, Պոլտավայի նահանգ, Ռուսական կայսրություն - փետրվարի 27 (մարտի 12), 1917 կամ 1917[1][2][3][…], Պետրոգրադ), ռուս բժիշկ և հոգեբան։

Վ. Մ. Բեխտերևի աշակերտը, Մ. Յ. Բասովի և Վ. Ն. Մյասիշևի ուսուցիչը։

Մշակել է անհատական տարբերությունների հոգեբանական հայեցակարգ-բնութագրաբանություն (ռուս.՝ Характерология), որոնք դիտարկվում են նյարդային կենտրոնների հետ սերտ փոխհարաբերություններում։ Լազուրսկին առաջիններից մեկն էր, որն սկսեց իրականացնել անհատի փորձարկումները փորձարկվողի գործունեության բնական պայմաններում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Ֆեոդորի Լազուրսկին ծնվել է 1874 թվականին Պոլտավա նահանգի Պերեյասլավլ քաղաքում՝ ոչ ունևոր ընտանիքում։ Ոսկե մեդալով ավարտել է Լուբյանյան գիմնազիան և ընդունվել Ս. Մ. Կիրովի անվան ռազմա-բժշկական ակադեմիա, որտեղ ակտիվորեն զբաղվում էր հոգեբանությամբ։ 1897 թվականին ուսումն ավարտելով՝ մնացել է Սանկտ Պետերբուրգի գիտահետազոտական հոգենյարդաբանական ինստիտուտում, որի ղեկավարը Ո. Մ. Բեխտերևն էր։ Ակադեմիան ավարտելու ժամանակից ակտիվ մասնակցություն է ունեցել «Պետերբուրգյան հոգեբուժների ու նևրոպաթոլոգների ընկերությունում», իսկ 1899 թվականին ընտրվել է որպես նրա գործող անդամ[4]։

Լազուրսկին գիտական գործունեությունը համատեղում էր բուժական պրակտիկայի հետ։ Աստիճանաբար նրա հետաքրքրությունները մտքի անատոմիայից և ֆիզիոլոգիայից տեղափոխվել են հոգեբանական հետազոտությունների ոլորտ։ Դրան մեծապես նպաստել է 1895 թվականին Բեխտերևի կողմից Սանկտ Պետերբուրգի գիտահետազոտական հոգենյարդաբանական ինստիտուտում Հոգեբանական լաբորատորիայի բացումը։ 1897 թվականին Բախտերևն այդ լաբորատորիայի ղեկավարումը հանձնել է Լազուրսկուն[5]։

1900 թվականի նոյեմբերի 30-ին Լազուրսկին պաշտպանել է դիսերտացիա՝ «Մկանային աշխատանքի ազդեցությունը ուղեղի արյան շրջանառության վրա» թեմայով։ Հետազոտություններն իրականացվում էին յուրահատուկ փորձարարական մեթոդով, դրա արդյունքները, որպես բժշկական դիսերտացիա, մեծ հաջողությամբ պաշտպանվել են դիսպուտի ժամանակ, որին մասնակցել են պաշտոնական ընդդիմադիրներ Իվան Պավլովը, Բեխտերևը և Մ. Ս. Դոբրոտվորսկին։ Պավլովը բարձր է գնահատել աշխատանքը՝ նշելով «թեմայի երևելի հետաքրքրությունը» տեսական և գործնական հարաբերություններում, իսկ Բեխտեևն ընդգծել է անցկացված հետազոտության կարևորությունը կլինիկայի համար[4]։

1901-1902 թվականներին Լազուրսկին գտնվում էր արտասահմանյան գործուղման մեջ, որի ժամանակ պրակտիկա էր անցնում Լայպցիգում Վիլհելմ Վունդտի Հոգեբանական լաբորատորիայում, աշխատել է Հայդելբերգում՝ Էմիլ Քրեպելինի փորձարարական հոգեբանական լաբորատորիայում, ինչպես նաև լսել է Կարլ Շտումպֆի դասախոսությունները Բեռլինում[5]։

1903 թվականին Լազուրսկին վերադարձել է Պետերբուրգ և ընտրվել պրիվատ-դոցենտ Ռազմա-բժշկական ակադեմիայում՝ հոգեկան և նյարդային հիվադությունների գծով, որտեղ հետագայում կարդացել է ընդհանուր հոգեբանության կուրս։ «Սովորական և ախտաբանական հոգեբանության ռուսական ընկերության» անդամները նրան ընտրել են որպես իրենց գիտական քարտուղար։ Զբաղեցնելով այդ պաշտոնը՝ նա մեծ դեր է խաղացել Սանկտ-Պետերբուրգի հոգենյարդաբանական ինստիտուտի ստեղծման մեջ և գլխավորել դրա ընդհանուր հոգեբանության ամբիոնը[6]։

1904 թվականից Լազուրսկին համագործակցում էր Ալեքսանդր Նաչաևի հետ նրա փորձարարական մանկավարժական հոգեբանության լաբորատորիայում, ղեկավարում էր այդ լաբորատորիայի հատուկ հանձնաժողովը՝ հոգեբանության փորձարարական մեթոդների մշակման գործով։ Այնտեղ էլ սկսել է անցկացնել հստակ բնութագրական հետազոտություններ[6]։

Լազուրսկու առաջին հոգեբանական աշխատանքներն ի հայտ են եկել 19-րդ դարի 90-ական թվականներին։ Արդեն վաղ աշխատանքներն իրենց վրա էին գրավել գիտական հասարակության ուշադրությունը։ Նրան չափազանց հետաքրքրում էր ոչ թե առանձին հոգեկան գործընթացների, այլ ամբողջական անձի հետազոտման խնդիրը։ 1906 թվականին 1000 օրինակով հրատարակվել է Լազուրսկու առաջին խոշոր աշխատությունը՝ «Գիտության ակնարկ բնավորության մասին»։

1913 թվականի փետրվարին «Պետերբուրգյան փիլիսոփայական ընկերության» նիստում նա հանդես է եկել զեկույցով՝ շարադրելով իր «անձանց նոր դասակարգումը»։ Մինչև կյանքի վերջին տարիները հենց դա էր նրա գործունեության կենտրոնական խնդիրը։ Զբաղվելով իր ժամանակի համար հոգեբանության սուր հարցերի մշակմամբ՝ Լազուրսկին անընդհատ բախվում էր ինչպես մետաֆիզիկական հոգեբանների, այնպես էլ որոշ հոգեբույժների բացասական վերաբերմունքին, որոնք նրա հոգեբանական հետազոտությունները համարում էին շինծու-մտահայեցողական։ 1913 թվականին նա հասունացած կոնֆլիկտի հետևանքով ինքնակամ հեռացել է Ռազմա-բժշկական ակադեմիայից և ընդունվել Կանացի բժշկական ինստիտուտ[5]՝ որպես նահանգային կլինիկական ասիստենտ հոգեբանության ուղղությամբ։

Լազուրսկին մահացել է 1917 թվականին՝ տևական հիվանդությունից հետո։

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսումնասիրելով հոգեբանության զարգացումը հնագույն ժամանակներից՝ Լազուրսկին ցույց է տվել նրա պատմության փուլերի կախվածությունը բնագիտության հաջողություններից ընդհանրապես։ Նա հատուկ նշանակություն էր տալիս ֆիզիոլոգիային և, մասնավորապես, գլխուղեղի ֆիզիոլոգիային[4]։

Իր գիտափորձնական հոգեբանական հետազոտություններում Լազուրսկին ձգտում էր ստանալ այնպիսի տվյալներ, որոնք բնութագրում էին հետզոտվող մարդկանց անհատականությունը։ Նա առաջարկել և լայնորեն օգտագործել է սիստեմատիկ դիտումների մեթոդը՝ համատեղելով այն փորձարարական հոգեբանության հատուկ ընտրված մեթոդների հետ։ Լազուրսկու մեթոդային որոնումների գագաթնակետը համարվում է իր կողմից ստեղծված բնական գիտափորձի մեթոդը, որի շնորհիվ հեռացվում է լաբորատոր գիտափորձի արհեստականությունն, ու զգալիորեն մեծանում է դիտարկման տվյալների արժեքը, քանի որ փորձարկվողը չի հեռանում իր համար սովորական միջավայրից, բայց միաժամանակ ներգրավվում է կազմակերպված և վերահսկվող պայմանների մեջ[4]։

1906 թվականին լույս է տեսել Լազուրսկու «Գիտության ակնարկ բնավորության մասին» աշխատությունը։ Գիտնականն ընդգծում էր բնութագրաբանության ստեղծման անհրաժեշտությունը որպես կարևոր քայլ ընդհանուր հոգեբանության խնդրի լուծման ճանապարհին։ Նրա կարծիքով այդ գիտության առարկան մարդկանց հոգեբանական կազմակերպության անհատական յուրահատկություններն ու դրանց համատեղման միջոցներն են, որոնք պայմանավորում են բնավորությունների բազմազանությունը։ Այդ բազմազանության վերլուծությունը Լազուրսկու կողմից սահմանվել է հակում հասկացությամբ։ Նա բնավորության ձևավորման հիմքը համարում էր մարդու այս կամ այն հոգեկան գործընթացի որևէի կողմի բազմակի կրկնության հնարավորությունը[6]։

Լազուրսկու բնութագրաբանության կարևոր հասկացություններից են էնդոպսիխիկան և էկզոպսիխիկան, որոնք նրա կողմից սահմանվել են 1916 թվականին։ Էնդոպսիխիկան նա համարում էր անձի ներքին մեխանիզմները, որոնք միավորում են բնավորությունը, մտավոր օժտվածությունն ու խառնվածքը, իսկ էկզոպսիխիկան անձի վերաբերմունքն է դեպի արտաքին օբյեկտներն ու միջավայրն ընդհանրապես։ Այստեղ միջավայր հասկացությունը ներառում է բնությունը, մարդկանց, տարբեր սոցիալական խմբերը, գիտությունը, արվեստը, ինչպես նաև անհատի ներքին կյանքը[6]։

Այդ հիմնական հասկացությունները սահմանելուց հետո Լազուրսկին ձեռնարկել է անձի դասակարգման ևս մեկ փորձ։ Դրա հիմքում դրել է շրջակա միջավայրին անհատի ակտիվ հարմարվողականության սկզբունքը, ընդ որում՝ պահպանելով մակարդակների ու տիպերի նախկին բաժանումը.

  • Ստորին մակարդակ (անձի չհարմարվողականություն), այս մակարդակի մարդիկ ենթարկվում են միջավայրի ազդեցությանը և մեծ դժվարությամբ են հարմարվում դրա պահանջներին։
  • Միջին մակարդակ (անձի հարմարվողականություն), այս մակարդակին են պատկանում այն մարդիկ, որոնց հիմնական բնութագիրը կրթություն ստանալու, իսկ հետագայում՝ ցանկացած միջավայրում արդյունավետ գործունեություն իրականացնելու կարողությունն է։
  • Բարձր մակարդակ (հարմարեցնողներ), այդ մարդիկ ունակ են հարմարեցնել միջավայրը իրենց պահանջներին, որոնք սովորաբար գերազանցում են ստորին մակարդակի ներկայացուցիչների շրջանակը և ունեն սոցիալական մեծ նշանակություն[6]։

Հրատարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Душевная жизнь детей: Очерки по педагогической психологии. - М.: Книгоиздательство «Польза», 1910. (в соавторстве с А. П. Нечаевым)
  • Классификация личностей. - М.: Госиздат, 1922.
  • Избранные труды по психологии. - М.: Издательство «Наука», 1997.
  • Психология общая и экспериментальная. - СПб: Алетейя, 2001.
  • К учению о психической активности. Программа исследования личности. - СПб: Алетейя, 2001.
  • Программа исследования личности. - М.: Книга по Требованию, 2012.
  • Очерк науки о характерах. - М.: Книга по Требованию, 2012.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 CONOR.BG
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 NUKAT — 2002.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 MAK (польск.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 Журавель В. А. Роль А. Ф. Лазурского в создании отечественной медицинской психологии // «Журнал невропатологии и психиатрии им. С. С. Корсакова». — 1977. — Т. 77. — Вып. 6.
  5. 5,0 5,1 5,2 «Психология. Введение в профессию. Александр Фёдорович Лазурский». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 4-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 В. Яровицкий 100 великих психологов. Александр Фёдорович Лазурский

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Леонтьев Д. А. Теория личности А. Ф. Лазурского: от наклонностей к отношениям // «Методология и история психологии». — 2008. — Т. 3. — № 4. — С. 7-20.
  • Смирнов В. А. Психологические воззрения Александра Фёдоровича Лазурского. Диссертация кандидата психологических наук. — М., 1998. — 147 с.
  • А.Ф. Лазурский. Теория личности: 100 лет забвения и развития / Сост. В.Ю. Слабинский, Н.М. Воищева. - СПб, 2017.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]