Ալեքսանդր Աղասի-բեկ Ավշարով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Աղասի-բեկ Ավշարով
սեպտեմբերի 25, 1834(1834-09-25) կամ սեպտեմբերի 25, 1830(1830-09-25) - 1907
ԾննդավայրՇամախի, Ռուսական կայսրություն
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
ԳերեզմանՍմոլենկայի հայկական գերեզմանոց
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԶորատեսակՀեծելազոր
ԿոչումՀեծելազորային գեներալ
Պարգևներ
Սուրբ Ալեքսանդր Նևսկու ասպետական շքանշան Սպիտակ արծվի շքանշան Սուրբ Վլադիմիրի 2-րդ աստիճանի շքանշան Սուրբ Աննայի Առաջին Փառքի շքանշան Սուրբ Ստանիսլավի 1-ին աստիճանի շքանշան Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշան Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշան Սուրբ Աննայի 3-րդ աստիճանի շքանշան և Ռումինիայի թագի շքանշան

Ալեքսանդր Ալեքսանդրովիչ Ավշարով (Աղասի Բեկ, իրական ազգանունը` Ավշարյանց, ռուս.՝ Александр Александрович (Агаси Бек) Авшаров (Авшарянц), սեպտեմբերի 25, 1834, Շամախի, Ռուսական կայսրություն - 1907, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), հայազգի ռուսական զորավար, հեծելազորի գեներալ[1]։ Հավատքով եղել է Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղասի-բեկ Ավշարովը ծնվել է 1833 թվականի սեպտեմբերի 25-ին` Շամախիում։ 1845 թվականին ընդունվել է 2-րդ կադետական դպրոցը։ 1849 թվականին ավարտելով այն յունկերի (ենթասպա) կոչումով, ծառայության է անցել Օրենբուրգի ուլանական (թեթև հեծելազորային) գնդում։ 1852 թվականին նշված զորագունդը կազմացրվել է, որից հետո Ավշարովը ընդգրկվել է Նորին կայսրական մեծության` Ավստրիական էրցհերցոգ Լեոպոլդի ուլանական զորագնդի կազմում։ 1853 թվականին նրան շնորհվել է կոռնետի (հեծելազորային սպայական առաջին աստիճան) կոչում։ Իր գնդի հետ միասին Ավշարովը մասնակցել է 1853-1856 թվականների Ղրիմի պատերազմին։ 1855 թվականին արժանացել է պորուչիկի կոչման։

1857 թվականին Ավշարովը տեղափոխվել է ուկրաինական դրագունյան զորագունդ։ 1860 թվականին նրան շնորհվել է շտաբս-կապիտանի կոչում։ 1861 թվականին գործուղվել է Ելիսավետգրադի սպայական հեծելազորային ուսումնարան, որը գերազանցությամբ ավարտել է 1863 թվականին՝ պարգևատրվելով պատվավոր թրով։ Նույն թվականին վերադարձել է ուկրաինական դրագունյան զորագունդ և ստացել կապիտանի կոչում։

1863 թվականին, իր գնդի հետ միասին եղել է Վարշավայի ռազմական շրջանի կազմում և մասնակցել 1863-1864 թվականների Լեհական ապստամբության մարտական գործողություններին։ Նույն 1863 թվականին նշանակվել է 1-ին էսկադրոնի (հեծելավաշտ) հրամանատար, իսկ 1864 թվականին նրան շնորհվել է մայորի կոչում։

1865 թվականին Ավշարովը գործուղվել է Տվերի հեծելազորային ուսումնարան և նշանակվել յունկերական էսկադրոնի հրամանատար։ 1866 թվականին Ավշարովը պարգևատրվել է Սուրբ Աննայի 3-րդ աստիճանի շքանշանով։ 1869 թվականին, գերազանց ծառայության համար արժանացել է փոխգնդապետի կոչման։ Նույն թվականին նրան հանձնարարվել են Տվերի հեծելազորային յունկերական ուսումնարանի պետի պաշտոնակատարի պարտականությունները։

1871 թվականին գործուղվել է ուսումնական հեծելազորային էսկադրոնի մշտական կազմ, որպես հրահանգավորող ուսուցիչ։ 1872 թվականին, գերազանց ծառայության համար նրան շնորհվել է գնդապետի կոչում։ 1872-1873 թվականներին, ինչպես նաև 1877 թվականի հունվար-մարտ ամիսներին եղել է էսկադրոնային դատարանի նախագահը։ 1874 թվականին արժանացել է Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշանի։ Ավշարովը հանդիսացել է 17-ամյա Մեծ իշխան Նիկոլայ Նիկոլաևիչ կրտսերի հրահանգիչներից մեկը։ Վերջինս ապագայում դարձավ հեծելազորի գեներալ և Առաջին համաշխարհային պատերազմի սկզբում ռուսական բանակի գերագույն գլխավոր հրամանատարն էր։

1877 թվականին Ավշարովը նշանակվել է ռուսական բանակի հնագույն և փառաբանված 5-րդ լիտվական ուլանական զորագնդի հրամանատար։ 1878 թվականին, գերազանց ծառայության համար պարգևատրվել է Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշանով, իսկ 1879 թվականին, 25-ամյա սպայական անբասիր ծառայության համար` նրան շնորհվել է Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան։ 1883 թվականին նա պարգևատրվել է Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշանով։

1883 թվականին Ավշարովին շնորհվել է գեներալ-մայորի կոչում և նա նշանակվել է 8-րդ հեծելազորային դիվիզիայի 1-ին բրիգադայի հրամանատար։ 1884 թվականին, Բենդերի քաղաքի մոտ, ճամբարային հավաքի ժամանակ գլխավորել է Վոզնեսենսկի 23-րդ դրագունյան և Լուբենսկի 24-րդ դրագունյան զորագնդերը։ 1884 թվականին ժամանակավորապես գլխավորել է 8-րդ հեծելազորային դիվիզիան։ 1885 թվականին նշանակվել է 12-րդ հեծելազորային դիվիզիայի 2-րդ բրիգադայի հրամանատար, իսկ նույն թվականի հունիսից` 6-րդ հեծելազորային պահեստազորի հրամանատար։ 1886 թվականին պարգևատրվել է Սուրբ Ստանիսլավի 1-ին աստիճանի, իսկ 1890 թվականին՝ Սուրբ Աննայի 1-ին աստիճանի շքանշաններով։

Ռազմական նախարարի հրամանով 1894 թվականի հունվար-ապրիլ և դեկտեմբերից մինչև 1895 թվականի մարտ ամիսը գործուղվել է Սանկտ Պետերբուրգ, որպես հեծելազորային պահեստազորի անձնակազմի հարցերով հանձնաժողովի անդամ։ 1895 թվականին պարգևատրվել է «40 տարի անբասիր ծառայության համար» կրծքանշանով և Սուրբ Վլադիմիրի 2-րդ աստիճանի շքանշանով։ 1896 թվականին նրան շնորհվել է գեներալ-լեյտենանտի կոչում։

1897 թվականին Ավշարովը նշանակվել է Սանկտ Պետերբուրգի սպայական հեծելազորային դպրոցի պետ[3]։ 1899 թվականին ստացել է գերագույն իրավունք` ընդունել և կրել նրան շնորհված Մեծ խաչի ռումինական շքանշանը թագով։ 1901 թվականին արժանացել է Սպիտակ արծվի շքանշանին։ 1902 թվականին արժանացել է գերագույն բարեհաճության` իր ուսումնական աշխատանքների համար։ Նույն թվականին ստացել է իրավունք` ընդունել և կրել Մեծ խաչի բուլղարական շքանշանը։ 1905 թվականին արժանացել է Սուրբ Ալեքսանդր Նևսկի շքանշանին։

1906 թվականին նրան շնորհվել է հեծելազորի գեներալի զինվորական կոչում և ավելի քան 50 տարվա ծառայությունից հետո անցել է թոշակի։ Ավշարովը մահացել է 1907 թվականի հունվարի 29-ին։ Թաղված է Սանկտ Պետերբուրգի հայկական գերեզմանոցում[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Высочайший приказ от 14 февраля 1906 года.(չաշխատող հղում)
  2. ««Российская императорская армия. Электронный ресурс»». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 8-ին.
  3. П. А. Зайончковский. Самодержавие и русская армия на рубеже XIX—XX столетий. 1881—1903. — М., 1973, с. 172—173
  4. «Россия. Санкт-Петербург. Смоленское армянское кладбище».

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]