Ալեքսանդրովկա (Պոտսդամ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գաղութաբնակի տուն Ալեքսանդրովկայում

Ալեքսանդրովկա ռուսական գաղութ (գերմ.՝ Russische Kolonie Alexandrowka), բնակավայր` կառուցված 1826-1827 թվականներին, Պոտսդամի հյուսիսիային հատվածում, ըստ Պրուսիայի արքա Ֆրիդրիխ Վիլհելմ 3-րդի հրամանի։ Բնակավայրը կառուցվել է ռուսական զինվորական երգչախմբի 12 երգիչների համար։ Ռուսական գաղութը Ալեքսանդրովկա է կոչվել 1825 թվականի դեկտեմբերի 1-ին մահացած ռուսական կայսր Ալեքսանդր Առաջինի պատվին` ի նշան Հոհենցոլերների և Ռոմանովների միջև գոյություն ունեցող բարեկամական ու ընկերական հարաբերությունների։ 1999 թվականին Ալեքսանդրովկա ճարտարապետական համալիրն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկի մեջ[1]։

Պոտսդամյան Ալեքսանդրովկայի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1806 թվականին պրուսա-սաքսոնական ուժերը ծանր պարտություն են կրել Նապոլեոնի բանակից էնայի և Աուստերլիցի ճակատամարտում։ Նապոլեոնի կողմից պարտված Պրուսիան 1812 թվականին միավորվում է Ֆրանսիային` ընդդեմ Ռուսաստանի։ Ֆրանսիացիներին գերի ընկած ավելի քան 1000 զինվորականներից 62-ը 1812 թվականի հոկտեմբերին մնում են Պոտսդամում։ Նրանցից երգչախումբ է ձևավորվում, որը պաշտոնապես պատկանում էր առաջին պրուսական գվարդիական զորամասին։ 1812 թվականի դեկտեմբերի 30-ին Պրուսիան ու Ռուսաստանը չեզոքության երկկողմ համաձայնագիր են կնքում և 1813 թվականի գարնանը միավորվում են Ֆրանսիայի դեմ պայքարում։ Ռուսական գերի ընկած զինվորների մեծ մասը պրուսական թագավորի հրամանով ձևավորում են առանձին զորամաս։ Համատեղ հրամանատարությամբ ռուս ռազմագերիներն ու պրուսական դասալիքները պայքարում էին Նապոլեոնի դեմ։ Ռուսական զինվորականների պոտսդամյան երգչախումբը զվարճացնում էր արքային իր զինվորական ճամբարում։ 1815 թվականին հեռացած զինվորականներին փոխարինում են ռուսական զորամասի գրենադերները. Ալեքսանդր Առաջին կայսրը ոչ միայն թույլատրում է երգչախմբին նմալ Պրուսիայում, այլև պրուսական արքայի գվարդիայի համար ուղարկում է յոթ գրենադերներ։

Պետեր Ժոզեֆ Լեննի նկարը, 1826

Երբ 1825 թվականին Ալեքսանդր Առաջին կայսրը մահանում է, Պոտսդամում ողջ էին մնացել ռուսական երգչախմբի 12 երգիչ։ 1826 թվականի ապրիլի 10-ին Ֆրիդրիխ Վիլհելմ Երրորդն իր հրամանով հանձնարարում է ի նշան ռուսական կայսրի հետ բարեկամության և ի նշան նրա հիշատակի Պոտսդամում տարածք հատկացնել ռուս երգիչների համար և բնակավայրն անվանել Ալեքսանդրովկա։ 1827 թվականին ռուս բնակիչները տեղափոխվում են լիովին կահավորված նոր բնակարաններ։ Ալեքսանդրովկայում նրանց համար անգամ այգիներ էին փորվել, և յուրաքանչյուր տնտեսությանը մի կով էր հատկացվել։ Գաղութարարներին չէր թույլատրվում հողն ինքնուրույն տնօրինել, սակայն նրանք իրավունք ունեին փոխանցել այն ժառանգաբար։ Մոտակա Կապելլենբերգ սարի վրա կառուցվում է ուղղափառ Ալեքսանդրո-Նևսկի վանքը, դրա օծումը տեղի է ունեցել 1829 թվականի սեպտեմբերին։ Եկեղեցու կողքին է գտնվում 14-րդ տունը, որտեղ բնակվում էր արքայական սպասավոր Տարնովսկին։ Վերջին երգիչը մահացել է 1891 թվականին։ 1927 թվականին, ռուսական գաղութի հիմնումից 100 տարի անց, այնտեղ բնակվում էին ռուսական զինվորների ուղղակի ժառանգների չորս ընտանիք, իսկ հողային բարեփոխումներից հետո այնտեղ մնացին երկուսը։ Այսօր Ալեքսանդրովկայում բնակվում է միայն մեկ` Գրիգորևների ընտանիքը։ Հոհենցոլերների հարստության ազգայնականացումից առաջ, 1926 թվականին գաղութը գտնվում էր պրուսական թագավորության հայեցողության տակ։ Մինչև 1945 թվականը Ալեքսանդրովկայում պահպանվում էր գաղութների բնակիչների իրավունքի և պարտավորությունների ուժը, որը սահմանվել էր դեռ արքայի օրոք։ Գաղութի կյանքում արմատական փոփոխություններ տեղի ունեցան միայն խորհրդային զորքերի շրջափակումից հետո և ԳԴՀ-ի գոյության ժամանակ։ 1990 թվականին Գերմանիայի վերամիավորումից հետո տների մեծամասնությունը դարձան մասնավոր սեփականություն։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրաժարվելով երկու միանգամայն տարբեր նախագծերից` դիզայներ Պետեր Ժոզեֆ Լեննեն ապագա Ալեքսանդրովկային ձիարշավարանի տեսք էր տվել` ներսում տեղադրելով Անդրեևսկի խաչը, որի հատման ծայրերում գտնվում էին ավագանու տները։ Այս ծրագիրն իրականացվում էր արքունական այգեպան Յոհան Գեորգ Մորշ Ավագի ղեկավարությամբ։

Ալեքսանդրո-Նեվսկի վանքը. Վ. Պ. Ստասովի աշխատանքներից։ Ռուսական ոճով կառուցված հուշարձաններից ամենահին պահպանվածը:

Նախագիծն իրենից ներկայացնում էր իտալական ծագում ունեցող ռուս ճարտարապետ Կարլ Ռոսսիի նկարի պրուսական մեկնբանությունը։ 1815 թվականին Ռոսսին Պավլովսկի այգում կայսրուհի Մարիա Ֆյոդորովնայի համար աշխատում էր «տիպիկ ռուսական» գյուղի նախագծի վրա և 1818 թվականին նրան այցելության ժամանակ պրուսական արքային է փոխանցում էսքիզը։ Պրուսական բանակի վարպետներն աղյուսաշար տներ էին կառուցում` ռուսական խրճիթների երեսպատմամբ։ Բնակավայրում կառուցվել է ընդամենը 12 մեկ և երկու հարկանի տուն, երկհարկանի տունը կառուցվել է առանց այգու, այն եղել է եկեղեցու մոտ։ Ռուսական օրինակով տների տանիքները պետք է ծածկվեին ծղոտով, սակայն պրուսական տարբերակում ծածկ էր դառնում փայտը, իսկ 19-րդ դարի վերջին դրան փոխարինում է թերթաքարը։ Յուրաքանչյուր տուն ուներ պատշգամբ և վերնածածկ, որը փակ մուտքով կապված էր փոքրիկ ախոռի հետ։ 2005 թվականին համար 2 տանը բացվել է Ալեքսանդրովկայի թանգարան, որը նվիրված է բնակավայրի պատմությանն ու ճարտարապետությանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Bettina Altendorf: Die russischen Sänger des Königs und die Kolonie Alexandrowka in Potsdam. Hendrik Bäßler, Berlin 2004. ISBN 3-930388-33-2
  • Wolfgang Fabian: Potsdam. Die Stadt, die Könige und ihre Bewohner. Vision Verlag, Berlin 1997. ISBN 3-92-8787-15-2
  • Anja Hecker: Glasowo bei Pawlowsk, Carlo Rossis Projekt eines russischen Parkdorfes — Vorbild für die Alexandrowka in Potsdam?. Technische Univiversität, Berlin 2003. ISBN 3-7983-1937-5
  • Anja Hecker / Andreas Kalesse: Die russische Kolonie Alexandrowka in Potsdam: Zum Forschungsstand. In: Jahrbuch für brandenburgische Landesgeschichte #54. Potsdam 2003. als PDF Արխիվացված 2005-10-29 Wayback Machine
  • Hermann Kremer (Hrsg.): Kolonie Alexandrowka. ISBN 3-9809706-1-2
  • Hermann Kremer (Hrsg.): Museum Alexandrowka. ISBN 3-9809706-0-4
  • Waltraud Volk: Potsdam. Historische Straßen und Plätze heute. Verlag für Bauwesen, Berlin-München 1993. ISBN 3-345-00488-7
  • Th. Sander: Abgebrannt. Zwischen Rock und Stiefeln — Die Malaise des Johann Schischkoff. 2009

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]