Ալեքսանդրիայի ճակատամարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալեքսանդրիայի ճակատամարտ
Եգիպտական արշավանք
Philip James de Loutherbourg - The Battle of Alexandria, 21 March 1801 - Google Art Project.jpg
'
Թվական մարտի 21, 1801
Վայր Ալեքսանդրիա, Եգիպտոս
Արդյունք Բրիտանացիների հաղթանակ
Հակառակորդներ
Ֆրանսիա Ֆրանսիայի առաջին հանրապետություն Մեծ Բրիտանիա Բրիտանական կայսրություն
Հրամանատարներ
Սըր Ռալֆ Էբերքրամբի

Ալեքսանդրիայի ճակատամարտ, 1801 թվականի մարտի 21-ին տեղի ունեցած ճակատամարտ ֆրանսիական առաջին հանրապետության բանակի և բրիտանական էքսպեդիցիոն կորպուսի միջև[1]:

Տեղի է ունեցել Նիկոպոլի ավերակներից ոչ հեռու, ծովի և Աբուքիր լճի միջև ընկած ցամաքի նեղ շերտի վրա, որով բրիտանական զորքերը Աբուքիրի և Մենդորի մոտ տեղի ունեցած ճակատամարտերից հետո շարժվում էին դեպի Ալեքսանդրիա:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրիտանական զորախումբը սըր Ռալֆ Էբերքրամբիի հրամանատարությամբ անշտապ առաջանում էր՝ փակելով ցամաքային պարանոցը: Մարտի 20-ին բրիտանացիների զորքերը դասավորված էին պարանոցի լայնքով, նրանց աջ թևը դիրքավորվել էր ծովի ու Նիկոպոլի ավերակների մերձակայքում, ձախը մոտեցել էր Աբուքիր լճին: Ջոկատները բացազատվել էին Ալեքսանդրիայի ուղղությամբ, պահուստային մեկ դիվիզիա՝ գեներալ-մայոր, սըր Ջոն Մուրի հրամանատարությամբ՝ աջից, հետևակ գվարդիան՝ կենտրոնում և երեք այլ ստորաբաժանում՝ ձախից: Երկրորդ շարքում տեղ էին գրավել երկու հետևակային ստորաբաժանում և բացազատված հեծելազորը:

Մարտի 21-ի գիշերը ժամը 3-ին զորքերը ոտքի հանվեցին, երեքն անց կեսին ֆրանսիացիներն անցան հարձակման: Ֆրանսիական բանակը Ժակ Ֆրանսուա Մենուի հրամանատարությանբ արագ, թափով առաջ էր շարժվում՝ զորասյուների իր սովորական շարվածքով: Նրանց գրոհին դիմակայելու հիմնական ծանրությունը բաժին ընկավ Մուրի զորամասերին, մասնավորապես՝ 28-րդ հետևակ գնդին: Բրիտանացիները ետ մղեցին առաջին գրոհները, բայց ֆրանսիացիները կարողացան մթության մեջ ներթափանցել նրանց երկու գնդերի արանքը: Թեժ կռիվ ծավալվեց ավերակներում, որտեղ առանձնապես աչքի ընկավ շոտլանդական 42-րդ՝ «Սև պահնորդ» գունդը: 23-րդ, 40-րդ և 58-րդ գնդերը նույնպես ետ մղեցին ֆրանսիացիներին: Սակայն երկրորդ գրոհի ժամանակ ֆրանսիական հեծելազորը ծանր կորուստներ պատճառեց 42-րդ գնդին: Սըր Ռալֆ Էբերքրամբին ստիպված էր ինքն անձանբ նույնպես ձեռնամարտի բռնվել, որի ժամանակ մահացու վերք ստացավ, բայց մինչև վերջ մնաց մարտի դաշտում: Կենտրոնի վրա հարձակումը գվարդիականները կարողացան ետ մղել, իսկ ձախ թևը առանց մեծ դժվարության պահեց իր դիրքերը, թեպետ ֆրանսիական հեծելազորը, անընդհատ համալրումներ ստանալով՝ նորից ու նորից էր գրոհում:

Ճակատամարտի բրիտանական պլանը

Մոտավորապես ժամը ինն անց կեսին կռվի թափն սկսեց մարել, վերջին կրակոցները հնչեցին ժամը տասին: Ռազմագիտության մասնագետների, պատմաբանների կարծիքով՝ ճակատամարտի ելքը որոշեց բրիտանական հետևակի համազարկային հաջող կրակը: Ֆրանսիացիներին նկատելի կորուստներ պատճառեցին նաև կանոներական մակույկներով ափին մոտ դիրքավորված անգլիացի ռազմիկները, որոնք իրենց կրակի տակ էին առել ֆրանսիական զորասյուների համապատասխան թևը:

Ճակատամարտի մասնակիցների, երկու կողմերի կրած կորուստների ճշգրիտ թիվը, սովորականի պես, բանավեճի առարկա է: Բրիտանացիների կորուստների թվում էր ինքը՝ զորքի հրամանատարը (սըր Էբերքրամբին մահացավ մարտի 28-ին): Մուրը և ևս երեք գեներալ վիրավորվել էին: Իսկ ֆրանսիացիների կրած կորուստներն այնքան զգալի էին, որ դա նրանց ստիպեց նահանջել դեպի Ալեքսանդրիա:[2]

Բրիտանական զորքերն առաջացան դեպի Ալեքսանդրիա և պաշարեցին քաղաքը: Ֆրանսիական կայազորը ստիպված էր 1801 թվականի սեպտեմբերի 2-ին հանձնվել:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Hawks, Francis Lister. Appletons' Cyclopædia of Biography: Embracing a Series of Original Memoirs of the Most Distinguished Persons of all Times. — D. Appleton & Company, 1865. — P. 5.
  2. Paris pendant l'année 1801, tome XXXI, p.438.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • (Ֆրանսերեն) Histoire des Français depuis le temps des Gaulois jusqu'en 1830
  • (Ֆրանսերեն) Histoire scientifique et militaire de l'expédition française en Égypte
  • (Ֆրանսերեն) Journal de l'expédition anglaise en Égypte dans l'année mil huit cent un de Th Walls [1]