Jump to content

Ալերգիկ կոնյունկտիվիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալերգիկ կոնյունկտիվիտ
հիվանդության կարգ, ախտանիշ կամ նշան Խմբագրել Wikidata
Ենթակատեգորիաքրոնիկական կոնյունկտիվիտ, ակնային ալերգիա, ալերգիա Խմբագրել Wikidata
Բժշկական մասնագիտությունակնաբանություն, Ալերգիաբանություն Խմբագրել Wikidata
Ախտանիշներալերգիկ ռեակցիա Խմբագրել Wikidata

Ալերգիկ կոնյունկտիվիտ․ ալերգիկ շաղկապենաբորբ, (անգլ.՝ Allergic conjunctivitis) ալերգիայով պայմանավորված շաղկապենու բորբոքում[1]։

Ալերգենները լինում են տարբեր տեսակի, իսկ ամենատարածված ալերգենը ծաղկափոշին է։ Ախտանիշներն են՝ կարմրություն (որը պայմանավորված է ծայրամասային մանր անոթների լայնացմամբ), շաղկապենու այտուց, քոր և արցունքահոսություն: Ռինիտի հետ համակցվելու դեպքում վիճակն անվանվում է ալերգիկ ռինոկոնյունկտիվիտ:

Ախտանիշները պայմանավորված են պարարտ բջիջների կողմից հիստամինի և այլ ակտիվ նյութերի արտազատմամբ, որոնք խթանում են անոթների լայնացումը, գրգռում նյարդային վերջույթները և խթանում արցունքահոսությունը:

Ալերգիկ կոնյունկտիվիտի բուժումը ներառում է ալերգենից խուսափում և հակահիստամինային դեղամիջոցների կիրառում՝ տեղային (աչքի կաթիլների տեսքով) կամ համակարգային (հաբերի տեսքով)։ Հակահիստամինային դեղերը, պարարտ բջիջների թաղանթը կայունացնող միջոցները և ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցները (ՈՍՀԲԴ) ընդհանուր առմամբ անվտանգ են և սովորաբար՝ արդյունավետ[2]

Նշաններ և ախտանիշներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շաղկապենին աչքը ծածկող բարակ թաղանթն է։ Ալերգենի ազդեցության հետևանքով առաջանում են հետևյալ տարածված ախտանիշները՝ աչքի քոր, կոպերի այտուց, արցունքահոսություն, լուսավախություն, ջրային արտադրություն և օտար մարմնի զգացողություն (ցավի ուղեկցմամբ)[1][3]։

Քորը ակնային ալերգիայի ամենաբնորոշ ախտանիշն է, բուժառուների ավելի քան 75%-ը գանգատվում են քորի զգացումից[3]։ Ախտանիշները սովորաբար սրանում են տաք և չոր եղանակին, մինչդեռ ցածր ջերմաստիճանին և խոնավ եղանակին՝ ախտանշանները թույլ են արտահայտվում[1]։ Բշտիկային կերատոկոնյունկտիվիտի նշաններն են՝ եղջերաթաղանթի վրա առաջացող փոքր դեղնավուն հանգուցիկները, որոնք մի քանի օր անց խոցոտվում են[4]։

Քլայնի և այլ հեղինակների կողմից իրականացված հետազոտությունները ցույց են տվել, որ ալերգիկ կոնյունկտիվիտը բացի ֆիզիկական անհարմարավետությունից, փոփոխում է նաև մարդկանց կյանքի որակը՝ սահմանափակելով որոշակի գործողություններ (օր․՝ դրսում գտնվելը, ընթերցանությունը, քունը և մեքենա վարելը)[3]։ Հետևաբար, բուժելով ալերգիկ կոնյուկտիվիտը, բարելավում ենք մարդկանց կյանքի որակը։

Ալերգիկ կոնյունկտիվիտի պատճառը օրգանիզմի իմունային համակարգի ալերգիկ ռեակցիան է որևէ ալերգենի նկատմամբ: Այն հաճախ հանդիպում է այն անձանց մոտ, ովքեր ունեն ալերգիկ հիվանդությունների այլ դրսևորումներ, ինչպիսիք են ալերգիկ ռինիտը, ասթման և էկզեման[5]։

Շաղկապենու բորբոքում առաջացնող ամենատարածված ալերգեններն են[6]՝

  • Ծառերի և խոտաբույսերի ծաղկափոշի
  • Կենդանիների մաշկ և արտազատուկներ (օրինակ՝ թուք),
  • Օծանելիք
  • Կոսմետիկ միջոցներ
  • Որոշ դեղամիջոցներ
  • Օդի աղտոտվածություն
  • Ծուխ
  • Փոշու տիզ
  • Պերուի բալզամ (օգտագործվում է սննդի և խմիչքների մեջ՝ որպես բուրավետիչ, օծանելիքի և հիգիենայի միջոցների մեջ՝ որպես բուրիչ, ինչպես նաև բժշկության և դեղագործության մեջ՝ օժտված լինելով բուժիչ հատկություններով),
  • Աչքի կաթիլներ (աչքի կաթիլների բաղադրության մեջ առկա կոնսերվանտների նկատմամբ ռեակցիան կարող է առաջացնել տոքսիկ կոնյունկտիվիտ),
  • Կոնտակտային լինզաների լուծույթներ (որոշ կոնսերվանտներ ժամանակի ընթացքում կարող են գրգռել աչքը՝ հանգեցնելով կոնյունկտիվիտի),
  • Կոնտակտային լինզաներ (կոնյունկտիվիտը կարող է առաջանալ նաև կոնտակտային լինզա կրողների մոտ՝ շաղկապենու կրկնվող մեխանիկական գրգռման հետևանքով)։

Սեզոնային կոնյունկտիվիտի դեպքերի մեծ մասը պայմանավորված է ծաղկափոշով և համընկնում է ալերգիկ ռինիտի շրջանի հետ։ Ամռան սկզբին հիմնական պատճառը մարգագետնային խոտաբույսերն են, իսկ ամռան վերջում ախտանիշներն առաջացնում են այլ բույսերի ծաղկափոշիներով պայմանավորված[7]։

Ախտաֆիզիոլոգիա

[խմբագրել | խմբագրել կոդը]
Աչք՝ թեթև ալերգիկ կոնյուկտիվիտով

Ակնային ալերգիկ ռեակցիան գործընթացների շղթա է, որը կարգավորվում է պարարտ բջիջների միջոցով[8]։ Բետա-քեմոկինները, ինչպիսիք են էոտաքսինը և MIP-1 ալֆան, մասնակցում են պարարտ բջիջների ալերգենի դեմ ակտիվացմանը և դրանց տեղափոխմանը աչքի մակերևույթային հյուսվածքներ: Երբ ալերգենը մուտք է գործում օրգանիզմ, տեղի է ունենում սենսիբիլիզացիա, ինչը նախապատրաստում է համակարգը հակածին-յուրահատուկ պատասխան տալուն։ TH2 տարբերակված T-բջիջները արտազատում են ցիտոկիններ, որոնք խթանում են հակածին-յուրահատուկ իմունոգլոբուլինի (IgE) արտադրությունը: Այնուհետև IgE-ն կապվում է պարարտ բջիջների մակերեսին գտնվող Igε ընկալիչների հետ:

Ալերգենի երկրորդ մուտքից հետո պարարտ բջիջները արտազատում են հիստամին, ինչը հանգեցնում է ցիտոկինների, պրոստագլանդինների և թրոմբոցիտների ակտիվացման գործոնի արտազատմանը: Պարարտ բջիջների միջնորդանյութերը, ակտիվացնելով բորբոքային բջիջները, առաջացնում են ալերգիկ բորբոքում և բորբոքմանը բնորոշ ախտանիշներ[3]։

Պարարտ բջիջներից արտազատված հիստամինը կապվում է նյարդային վերջույթների վրա գտնվող H1 ընկալիչների հետ և առաջացնում ակնային ամենաբնորոշ ախտանիշը՝ քորը: Հիստամինը կապվում է նաև շաղկապենու անոթային համակարգի H1 և H2 ընկալիչների հետ՝ առաջացնելով անոթալայնացում:

Պարարտ բջիջներից ստացված ցիտոկինները, ինչպիսին է ինտերլեյկին IL-8 քեմոկինը, մասնակցում են նեյտրոֆիլների ներգրավմանը: TH2 ցիտոկինները, օրինակ՝ IL-5-ը ներգրավում են էոզինոֆիլներ, իսկ IL-4-ը, IL-6-ը և IL-13-ը խթանում են զգայունության բարձրացումը[3]։

Սեզոնային ալերգիկ կոնյուկտիվիտ (Seasonal Allergic Conjunctivitis) և շուրջտարյա ալերգիկ կոնյունկտիվիտը (Perennial Allergic Conjunctivitis)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թե՛ սեզոնային ալերգիկ կոնյունկտիվիտը (SAC), և թե՛ շուրջտարյա ալերգիկ կոնյունկտիվիտը (PAC) հանդիսանում են շաղկապենու երկու սուր ալերգիկ հիվանդություններ[2]։ Սեզոնային ալերգիկ կոնյունկտիվիտն ամենատարածված ակնային ալերգիան է[1][9]։ Սեզոնային ալերգիկ կոնյունկտիվիտի ախտանիշները ներառում են քորը և աչքի (աչքերի) կարմրավուն երանգը[2]։ Այս երկու ակնային ալերգիաները միջնորդավորված են պարարտ բջիջներով[2][9]։ Ախտանիշների թեթևացմանն ուղղված ոչ սպեցիֆիկ միջոցառումներն են՝ սառը թրջոցները, արհեստական արցունքի օգտագործումն ու ալերգեններից խուսափումը[2]։ Բուժումը ներառում է հակահիստամինային դեղամիջոցներ, պարարտ բջիջների թաղանթը կայունացնողներ, երկակի ազդեցությամբ հակաալերգիկ միջոցներ կամ տեղային օգտագործման հակահիստամինային կաթիլներ[2]։ Կորտիկոստերոիդները ևս օգտագործվող տարբերակ են, սակայն, հաշվի առնելով կողմնակի ազդեցությունները՝ կատարակտը և ներակնային ճնշման բարձրացումը, դրանք նախատեսված են ալերգիկ կոնյունկտիվիտի առավել ծանր ձևերի համար, ինչպիսիք են գարնանային կերատոկոնյունկտիվիտը և ատոպիկ կերատոկոնյունկտիվիտը[2]։

Գարնանային կերատոկոնյունկտիվիտ (Vernal Keratoconjunctivitis) և ատոպիկ կերատոկոնյունկտիվիտ (Atopic Keratoconjunctivitis)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թե՛ գարնանային կերատոկոնյունկտիվիտը (VKC), և թե՛ ատոպիկ կերատոկոնյունկտիվիտը (AKC) քրոնիկական ալերգիկ հիվանդություններ են, որոնց դեպքում էոզինոֆիլները, շաղկապենու ֆիբրոբլաստները, էպիթելային բջիջները, պարարտ բջիջները և TH2 լիմֆոցիտները վատթարացնում են շաղկապենու կենսաքիմիական և հյուսվածաբանական վիճակը[2]։ Գարնանային կերատոկոնյունկտիվիտը մանկական տարիքում հանդիպող հիվանդություն է, որն առավել տարածված է տաք կլիմայական պայմաններում ապրող արական սեռի շրջանում[2]։ Ատոպիկ կերատոկոնյունկտիվիտը հաճախ դիտվում է 30-ից 50 տարեկան տղամարդկանց շրջանում[2]։ Գարնանային կերատոկոնյունկտիվիտը և ատոպիկ կերատոկոնյունկտիվիտը կարող են բուժվել ալերգիկ կոնյունկտիվիտի դեմ կիրառվող դեղամիջոցներով կամ ստերոիդների օգտագործմամբ[2]։ Մաքսվել-Լայոնսի նշանը (Maxwell-Lyons sign), վահանաձև խոցը (shield ulcer), պապիլյար գերաճ, լիմբի ժելատինանման հաստացումը և Հորներ-Տրանտասի բծերը (Horner-Trantas dots) գարնանային կերատոկոնյուկտիվիտին բնորոշ ախտանիշներն են[փա՞ստ]։

Հսկա պտկիկային կոնյունկտիվիտը (Giant Papillary Conjunctivitis)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հսկա պտկիկային կոնյունկտիվիտը իսկական ակնային ալերգիկ ռեակցիա չէ և առաջանում է շաղկապենու կրկնվող մեխանիկական գրգռման հետևանքով[2]։ Կոնտակտային լինզաների օգտագործմամբ պայմանավորված շաղկապենու կրկնվող շփումը կարող է առաջացնել հսկա պտկիկային կոնյունկտիվիտ[9]։

Ֆլիկտենուլյար կերատոկոնյունկտիվիտը ( Phlyctenular Keratoconjunctivitis)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆլիկտենուլյար կերատոկոնյունկտիվիտը հանդիսանում է բորբոքային ռեակցիայի հետևանք տարբեր հարուցիչների կողմից արտազատվող անտիգենների նկատմամբ: Տարածված հարուցիչների թվում են Staphylococcus aureus-ը, Mycobacterium tuberculosis-ը, խլամիդիան (Chlamydia) և կանդիդան (Candida)[10]։

Հիվանդության պատմությունը բժիշկներին թույլ է տալիս պարզել՝ արդյոք առկա ախտանիշները պայմանավորված են ալերգենով, թե ոչ: Ախտորոշիչ թեստերից շաղկապենու քսուքի բջջաբանական քննությունը էոզինոֆիլների հայտնաբերման նպատակով, օգնում է հայտնաբերել ալերգիկ ռեակցիայի պատճառը[2]։ Հակահիստամինային, պարարտ բջիջների թաղանթը կայունող կամ երկակի ազդեցությամբ դեղամիջոցները անվտանգ են և սովորաբար արդյունավետ[2]։ Կորտիկոստերոիդները նախատեսված են առավել ծանր դեպքերի համար, և դրանց կիրառումը պետք է հսկվի բժշկի կողմից՝ հնարավոր կողմնակի ազդեցությունների պատճառով[2]։ Հայտնի ալերգենի դեպքում հիվանդը պետք է հնարավորինս խուսափի դրա հետ շփումից[9]։

Ոչ դեղորայքային մեթոդներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթե տեղի է ունեցել շփում ալերգենի հետ և ախտանիշները մեղմ են, ապա վիճակը թեթևացնելու նպատակով կարող են կիրառվել սառը թրջոցներ կամ արհեստական արցունքներ:

Պարարտ բջիջների թաղանթը կայունացնողներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարարտ բջիջների թաղանթը կայունացնողները կարող են օգնել ալերգիկ կոնյունկտիվիտ ունեցող անձանց: Դրանց արդյունքը սովորաբար դրսևորվում է ուշացումով, սակայն ունեն քիչ կողմնակի ազդեցություններ, քան բուժման այլ մեթոդները, և ազդեցությունը շատ ավելի երկար է տևում, քան հակահիստամինայիններինը:

Որոշ մարդկանց նշանակվում է հակահիստամինային դեղամիջոց՝ պարարտ բջիջների թաղանթը կայունացնողների հետ միաժամանակ։ Որպես կայունացնողներ՝ բժիշկները սովորաբար նշանակում են լոդոքսամիդ (lodoxamide) և նեդոկրոմիլ (nedocromil), որոնք լինում են կաթիլների տեսքով:

Պարարտ բջիջների թաղանթը կայունացնողնորը դասվում են ոչ ստերոիդային դեղամիջոցների խմբին, որոնք նվազեցնում են պարարտ բջիջներից բորբոքային միջնորդանյութերի արտազատումը։ Դրանք արգելափակում են պարարտ բջիջների դեգրանուլյացիայի համար կենսական նշանակություն ունեցող կալցիումական անցուղիները՝ կայունացնելով բջջաթաղանթը և կանխելով հիստամինի ձերբազատումը: Որոշ դեպքերում կարող են նշանակվել նաև անոթասեղմիչներ: Ալերգիկ կոնյունկտիվիտի բուժման մեջ կիրառվող այս դասի մեկ այլ տարածված ներկայացուցիչ է նատրիումի կրոմոգլիկատը:

Հակահիստամինային դեղամիջոցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես բուժման հիմնական միջոցներ հաճախ կիրառվում են հակահիստամինային դեղամիջոցներ՝ ցետիրիզին և ֆեքսոֆենադին: H1-հակահիստամինային դեղամիջոցներով բուժվող անձանց մոտ դիտվում է հիստամինի և լեյկոտրիենների արտադրության նվազում, ինչպես նաև անոթային պատի վրա ադհեզիայի մոլեկուլների էքսպրեսիայի նվազեցում։ Սա իր հերթին 40–50%-ով թուլացնում է ալերգիկ ախտանիշների արտահայտվածությունը[11]։

Երկակի ազդեցությամբ օժտված միջոցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկակի ազդեցությամբ դեղամիջոցները հանդիսանում են թե՛ պարարտ բջիջների թաղանթը կայունացնողներ, թե՛ հակահիստամինային միջոցներ։ Դրանք տեղային հակաալերգիկ դեղամիջոցների ամենահաճախ նշանակվող խումբն են։ Օլոպատադինը (Patanol, Pazeo)[12] և կետոտիֆեն ֆումարատը (Alaway, Zaditor)[13] հանդիսանում են առավել հաճախ նշանակվող դեղամիջոցները: Որոշ երկրներում կետոտիֆենը հասանելի է առանց դեղատոմսի[փա՞ստ]։ Այնուամենայնիվ, հետազոտությունները փաստում են, որ օլոպատադինն ավելի արդյունավետ է, քան կետոտիֆենը՝ ալերգիկ կոնյունկտիվիտի բուժման հարցում[14]։

Կորտիկոստերոիդներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էսթերային հիմքով ստերոիդները, ինչպիսին է լոտեպրեդնոլը (Loteprednol, Alrex), սովորաբար բավարար են ալերգիկ բորբոքումը նվազեցնելու համար և օժտված են անցանկալի ռեակցիաների զգալիորեն ավելի ցածր ռիսկով, քան ամիդային հիմքով ստերոիդները:

30 կլինիկական փորձարկումների համակարգային վերլուծությունը, որն ընդգրկել է բուժման 17 տարբեր համեմատություններ, հաստատել է, որ համեմատության համար ներառված բոլոր տեղային հակահիստամինայինները և պարարտ բջիջների կայունացուցիչները արդյունավետ են եղել սեզոնային ալերգիկ կոնյունկտիվիտի ախտանիշների նվազեցման հարցում[15]։ Առկա ապացույցները բավարար չեն բուժման տարբեր մեթոդների միջև երկարաժամկետ արդյունավետության տարբերությունները հստակեցնելու համար[15]։

Բազմաթիվ աչքի կաթիլներ կարող են առաջացնել այրոցի և ծակծկոցի զգացում, ինչպես նաև ունենալ կողմնակի ազդեցություններ։ Աչքերի պատշաճ հիգիենան կարող է մեղմացնել ախտանիշները, հատկապես կոնտակտային լինզաներ կրելու պարագայում։ Կանխարգելիչ նշանակություն ունի նաև խթանիչ գործոններից, օրինակ՝ ծաղկափոշուց կամ բորբոսից խուսափելը[փա՞ստ]։

Իմունաթերապիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալերգեն-յուրահատուկ իմունոթերապիան ենթադրում է ալերգենների դեղաչափերի ներմուծում օրգանիզմ՝ սովորաբար անվնաս նյութերի (ծաղկափոշի, տան փոշու տիզ) նկատմամբ իմունիտետ ձևավորելու նպատակով, ինչն իր հերթին հանգեցնում է երկարաժամկետ յուրահատուկ տոլերանտության առաջացման[16]։ Ալերգեն-յուրահատուկ իմունոթերապիան կարող է իրականացվել ներքին ընդունման (ենթալեզվային հաբերի կամ կաթիլների տեսքով) կամ ենթամաշկային ներարկումների միջոցով: 1911 թվականին Լեոնարդ Նունի և Ջոն Ֆրիմենի կողմից հայտնագործված այս մեթոդը հանդիսանում է շնչառական ալերգիաների միակ պատճառական բուժումը:

Փորձարարական հետազոտությունները թիրախավորել են էպիթելային բջիջների վրա գտնվող ադհեզիայի մոլեկուլները, որոնք հայտնի են որպես սելեկտիններ: Այս մոլեկուլները իրականացնում են լեյկոցիտների վաղաժամ կլանում և շրջանառությունից դուրս մղում։ Սելեկտինի անտագոնիստներն ուսումնասիրվել են նախակլինիկական հետազոտություններում, ներառյալ մաշկային բորբոքումները, ալերգիան և իշեմիկ-ռեպերֆուզիոն վնասվածքները[11]։ Գոյություն ունեն սելեկտինը պաշարող գործոնների չորս դաս.

  1. Ածխաջրային հիմքով ինհիբիտորներ, որոնք թիրախավորում են բոլոր P-, E- և L-սելեկտինները,
  2. Մարդու անտիգենների նկատմամբ յուրահատուկ հակամարմիններ:
  3. PSGL-1 իմունոգլոբուլինային ֆյուժն-սպիտակուցի ռեկոմբինանտ կրճատված ձևը,
  4. Սելեկտինների փոքր մոլեկուլային ինհիբիտորներ[11]

Համաճարակաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալերգիկ կոնյունկտիվիտն առավել հաճախ հանդիպում է ալերգիկ այլ հիվանդություններ ունեցող անձանց շրջանում, ընդ որում՝ ախտանիշները բնութագրվում են սեզոնային օրինաչափությամբ:

Այն տարածված հիվանդություն է. հաշվարկված է, որ տարեկան կտրվածքով այն ախտահարում է բնակչության 20 տոկոսին, և այս մարդկանց մոտավորապես կեսն ունի ատոպիայի (ալերգիկ նախատրամադրվածության) անձնական կամ ընտանեկան պատմություն:

Հսկա պապիլյար (պտկիկավոր) կոնյունկտիվիտն ամբողջ աշխարհում կազմում է աչքի հիվանդությունների 0.5–1.0%-ը[փա՞ստ]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 Bielory L, Friedlaender MH (2008 թ․ փետրվար). «Allergic conjunctivitis». Immunol Allergy Clin North Am. 28 (1): 43–58, vi. doi:10.1016/j.iac.2007.12.005. PMID 18282545. S2CID 34371872.
  2. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 Ono SJ, Abelson MB (2005 թ․ հունվար). «Allergic conjunctivitis: update on pathophysiology and prospects for future treatment». J. Allergy Clin. Immunol. 115 (1): 118–22. doi:10.1016/j.jaci.2004.10.042. PMID 15637556.
  3. 1 2 3 4 5 Whitcup SM (2006). Cunningham ET Jr; Ng EWM (eds.). «Recent advances in ocular therapeutics». Int Ophthalmol Clin. 46 (4): 1–6. doi:10.1097/01.iio.0000212140.70051.33. PMID 17060786. S2CID 32853661.
  4. Onofrey, Bruce E.; Skorin, Leonid; Holdeman, Nicky R. (2005-01-01). Ocular Therapeutics Handbook: A Clinical Manual (անգլերեն). Lippincott Williams & Wilkins. ISBN 978-0-7817-4892-6. «... including virus, fungus, chlamydia, and nematodes.»
  5. Baab, Shad; Le, Patrick H.; Gurnani, Bharat; Kinzer, Eilene E. (2025). Allergic Conjunctivitis. Treasure Island (FL): StatPearls Publishing. PMID 28846256.
  6. Karakus, S. «Allergic Conjunctivitis». Johns Hopkins Medicine. Վերցված է 2021 թ․ հուլիսի 10-ին.
  7. «What is conjunctivitis?». patient.info. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2010-04-06-ին.
  8. Liu G, Keane-Myers A, Miyazaki D, Tai A, Ono SJ (1999). «Molecular and cellular aspects of allergic conjunctivitis». Immune Response and the Eye. Chemical Immunology and Allergy. Vol. 73. էջեր 39–58. doi:10.1159/000058748. ISBN 978-3-8055-6893-7. PMID 10590573. {{cite book}}: |journal= ignored (օգնություն)
  9. 1 2 3 4 Buckley RJ (1998 թ․ դեկտեմբեր). «Allergic eye disease—a clinical challenge». Clin. Exp. Allergy. 28 (Suppl 6): 39–43. doi:10.1046/j.1365-2222.1998.0280s6039.x. PMID 9988434. S2CID 23496108.
  10. Allansmith M.R.; Ross R.N. (1991). «Phlyctenular keratoconjunctivitis». In Tasman W.; Jaeger E.A. (eds.). Duane's Clinical Ophthalmology. Vol. 1 (revised ed.). Philadelphia: Harper & Row. էջեր 1–5.
  11. 1 2 3 Sun, W. Y.; Bonder, C. S. (2012). «Sphingolipids: A Potential Molecular Approach to Treat Allergic Inflammation». Journal of Allergy. 2012: 1–14. doi:10.1155/2012/154174. PMC 3536436. PMID 23316248.
  12. Rosenwasser LJ, O'Brien T, Weyne J (2005 թ․ սեպտեմբեր). «Mast cell stabilization and anti-histamine effects of olopatadine ophthalmic solution: a review of pre-clinical and clinical research». Curr Med Res Opin. 21 (9): 1377–87. doi:10.1185/030079905X56547. PMID 16197656. S2CID 8954933.
  13. Avunduk AM, Tekelioglu Y, Turk A, Akyol N (2005 թ․ սեպտեմբեր). «Comparison of the effects of ketotifen fumarate 0.025% and olopatadine HCl 0.1% ophthalmic solutions in seasonal allergic conjunctivities: a 30-day, randomized, double-masked, artificial tear substitute-controlled trial». Clin Ther. 27 (9): 1392–402. doi:10.1016/j.clinthera.2005.09.013. PMID 16291412.
  14. Berdy, Gregg J.; Spangler, Dennis L.; Bensch, George; Berdy, Susan S.; Brusatti, Robert C. (2000 թ․ մայիսի 17). «Comparison of the analgesic efficacy of concurrent ibuprofen and paracetamol with ibuprofen or paracetamol alone in the management of moderate to severe acute postoperative dental pain in adolescents and adults: A randomized, double-blind, placebo-controlled, parallel-group, single-dose, two-center, modified factorial study». Clinical Therapeutics. 22 (7): 826–833. doi:10.1016/S0149-2918(00)80055-7. PMID 10945509.
  15. 1 2 Castillo M, Scott NW, Mustafa MZ, Mustafa MS, Azuara-Blanco A (2015). «Topical antihistamines and mast cell stabilisers for treating seasonal and perennial allergic conjunctivitis». Cochrane Database Syst Rev. 2015 (6) CD009566. doi:10.1002/14651858.CD009566.pub2. hdl:2164/6048. PMC 10616535. PMID 26028608.
  16. Van Overtvelt L. et al. Immune mechanisms of allergen-specific sublingual immunotherapy. Revue française d'allergologie et d'immunologie clinique. 2006; 46: 713–720.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Դասակարգում
Արտաքին աղբյուրներ