Ալբերդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ալբերդ կիկլոպյան ամրոց, կիկլոպյան ամրոց (մ. թ. ա. 2-րդ հազարամյակի վերջ – 1-ին հազարամյակի սկիզբ) Գեղհովիտ գյուղում։

Ալբերդ ամրոցը կառուցված է Ջոջ կող ամրոցի դիմաց, ձորի մյուս ափում գտնվող բարձունքի վրա։ Նա իր դիրքով ավելի ցածր է, քան Ջոջ կողի ամրոցը, այնուամենայնիվ, իշխում է լեռնանցքի վրա։

Վերականգնումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբերդ ամրոցը դարերի ընթացքում բազմիցս վերակառուցվել և գոյություն է ունեցել մինչև մեր թվականության՝ 9-րդ դարը և, հիրավի, Ալբերդ ամրոցի շրջանում տեսնում ենք կիկլոպյան ժամանակաշրջանի մնացուկներ, իսկ նրա կողքին՝ մաքուր տաշված քարերով շարված աշտարակներ։ Մատենագրության մեջ հիշատակություն կա Ալբերդի մասին։ Ասողիկը Թեոփիլոս կայսեր (899 թվական) մասին պատմելիս գրում է. «Սա ի խաղալն իւրում յարևելս կոյս ի սահմանս Հայոց՝ առնու զԾմու բերդն հայոց, զԱսաղին և զՄեծկերտ և զԱլրերդ ի գավառին Գեղամայ»։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամրոցը բռնում է մոտ մեկ հեկտար տարածություն, նրա երկարությունը կազմում է շուրշ 150 մետր, իսկ միջին լայնությունը՝ 65 մետր։ Պարիսպները անցնում են բարձունքի եզրերով։ Ամրոցը ունեցել է երեք շարք պարիսպներ, որոնց հեռավորությունը միմյանցից 15-20 մետր է։ Վերջին՝ գլխավոր պարսպի չորս անկյուններում երևում են աշտարակների հիմքեր, որոնցից հարավարևմտյանը մենք մասամբ պեղեցինք։ Աշտարակների քարերը տաշված են, առավել ողորկ կողմերը դարձված են դեպի դուրս։ Շարվածքի տեխնիկան հիշեցնում է Լճաշենի ամրոցի առաջին միջնաբերդի հյուսիսային մուտքի աշտարակը։ Աշտարակի ճակատը ունի 6,8 մետր երկարություն և 3,65 մետր լայնություն։ Աշտարակի պեղման ժամանակ հայտնաբերվել են խեցեղենի բազմաթիվ բեկորներ, օբսիդյան քարի փշրանքներ։ Հողի մեջ կային հում աղյուսի կտորներ։ Ամրոցի ներսում, ինչպես նաև նրա արևմտյան լանջում, երևում են քառանկյունի կացարանների պատերի մնացորդներ։

Շրջակայքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարձունքի հյուսիսային ստորոտում գյուղացիները երկու մետր խորությունից գտել են սյան երկու քարե խարիսխ, սրանց հետ նաև միջին մեծության մի կարաս։ Գտնվել է նաև կիսափտած մի գերան և մի սրբատաշ բազալտ քար (0,63 X 0,55 X 0,24 խորանարդ մետր)։ Քարի մի կողմը կլորացված է, որ հիշեցնում է քիվի քար։

Ամրոցում ջուր չկա, սակայն գյուղացիների պատմելով, վերևի լեռնային աղբյուրի շրջակայքում վարելիս գտել են կավե փողրակների կտորներ, և ենթադրվում է, որ ջուրը, այդ կավե խողովակներով բերվել է ամրոց։ 1931 թվականին Գեղհովիտ (Վ. Կզնուտ) գյուղում գտնվել է մի արամեատառ արձանագրություն։ Արձանագրությունը գտնվում է Հայաստանի Պետական պատմական թանգարանում։

Ամրոցի շրջակայքում, ինչպես նաև Ղարանլուղ կամ Վերին Կզնուտ... այժմյան Գեղհովիտ գյուղի և Մարտունու միջև ընկած տարածության վրա կան բազմաթիվ դամբարաններ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 148