Ալավերդի Ֆայրոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալավերդի Ֆայրոյան

Ալավերդի Հասրաթի Ֆայրոյան (), հայ մանկավարժ, ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ, Երկրորդ համաշխարհային պատերազմի Խորհրդա-գերմանական ճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։

Ալավերդի Ֆայրոյանը, Մեծ եղեռնի տարիներին կորցնելով ծնողներին, մի կերպ տեղափոխվել է Արևելյան Հայաստան և մինչև 1929 թվականը ապրել մանկատներում։ 1929 թվականին ավարտել է Լենինականի մանկավարժական ուսումնարանը և ուսուցչական աշխատանք կատարել Արթիկի ու Անիի շրջաններում։ Ավարտել է 26 կոմիսարների անվան Անդրկովկասյան կուսակցական բարձրագույն դպրոցը, Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը։

1941 թվականին զորակոչվել է բանակ։ Սովորել է Բաքվում, քաղղեկի դասընթացներում։ 1942 թվականին նշանակվել է 390-րդ դիվիզիայի 789-րդ գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի քաղղեկ։ Թեոդոսիայի մոտերքում նրանց գումարտակը շրջապատման մեջ է ընկնում։ Մարտի 21-ին Ֆայրոյանը ոտքից ծանր վիրավորվում է։ Նա իր մարտական ընկերների հետ արյունաքամ ընկած է լինում ռումբի պայթյունից առաջացած փոսում։ Այստեղ էլ նա գերի է ընկնում։ 1943 թվականի հունվարի 21-ին ուկրաինական պարտիզանների օգնությամբ, մի խումբ ռազմագերիների հետ միասին, Ա. Ֆայրոյանին հաջողվում է փախչել ճամբարից։ 1943 թվականի հունվար-մարտ ամիսներին ստեղծվում է 21 հոգուց բաղկացած հայկական պարտիզանակն ջոկատ, որը կոչվում էր «Պոբեդա»։

1944 թվականի հունվարի 21-ին «Պոբեդա» ջոկատը միանում է ԽՍՀՄ կրկնակի հերոս Սիդոր Կովպակի հրամանատարությամբ գործող պարտիզանական միավորմանը։ Ալավերդի Ֆայրոյանը 2-րդ վաշտի կուսկազմակերպության քարտուղարն էր և ականանետային ջոկատի հրամանատարը։ Մարտական գործողություններից մեկի ժամանակ Ֆայրոյանը ծանր վիրավորվում է և երկարատև բուժումից հետո տուն վերադառնում։

1945-1962 թվականներին Ալավերդի Ֆայրոյանը եղել է Լենինականի մանկավարժական տեխնիկումի տնօրենը։ Այնուհետև, մոտ տասը տարի, աշխատել է Լենինականի ժողկրթբաժնի վարիչի պաշտոնում։ 1971 թվականից ղեկավարել է ուսուցիչների կատարելագործման հանրապետական ինստիտուտի Լենինականի մասնաճյուղը։

Ալավերդի Ֆայրոյանը պարգևատրվել է «Հայրենական պատերազմի» երկրորդ աստիճանի շքանշանով և հինգ մարտական մեդալով։ Աշխատանքային գործունեության ընթացքում արժանացել է Լենինի շքանշանի, հինգ մեդալների ու մի շարք պատվոգրերի[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ա. Հ. Հարությունյան, Հ. Ս. Մելքումյան, Ա. Ղ. Սուքիասյան, Հայաստանի ուսուցիչները մեծ Հայրենականում, գիրք 2, Ե., «Լույս», 1982, էջ 300-301։