Ալան Մուր
Ալան Մուր անգլ.՝ Alan Oswald Moore | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 18, 1953[1][2][3][…] (71 տարեկան) |
Ծննդավայր | Նորտհեմպտոն, Միացյալ Թագավորություն[4] |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Northampton School for Boys? |
Ազդվել է | Ուիլյամ Սյուարդ Բերրոուզ |
Երկեր | Batman: The Killing Joke?, Երևելի ջենտլմենների լիգա, Lost Girls?, V նշանակում է վենդետա, Voice of the Fire?, Պահապաններ, Դժոխքից, Top 10?, Promethea?, Neonomicon?, Providence?, Tom Strong? և Swamp Thing? |
Մասնագիտություն | կոմիքսների սցենարիստ, վիպասան, գիտաֆանտաստիկ գրող, հրապարակախոս, գրող, կոմիքսների արտիստ, penciller և նկարազարդող |
Ամուսին | Melinda Gebbie? |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Leah Moore? |
Կայք | dodgemlogic.com |
![]() |
Ալան Մուր (անգլ.՝ Alan Moore, նոյեմբերի 18, 1953[1][2][3][…], Նորտհեմպտոն, Միացյալ Թագավորություն[4]), անգլիացի գրող և սցենարիստ, երաժիշտ, կոմիքսների հեղինակ։ Նրա հայտնի ստեղծագործություններից են՝ «Հսկիչները», «V նշանակում է վենդետտա», «Դժոխքից», «Բեթմեն․ մահացու կատակ», «Նշանավոր ջենթլմենների լիգա» շարքը։ Մուրը ճանաչվել է «վերջին հիսուն տարիների բրիտանացի ամենանշանակալից գրողներից մեկը»[18][19][20]։ Մեծ ազդեցություն է ունեցել մշակույթի և արվեստի բազմաթիվ գործիչների վրա, որոնց թվում են Նիլ Գեյմանը, Ջոս Ուիդոնը, Զաք Սնայդերը և Դեյմոն Լինդելոֆը։
Մուրը սկսել է իր կարիերան բրիտանական ընդհատակյա և այլընտրանքային ամսագրերում 1970-ականների վերջին։ Նրա առաջին հաջողված հրապարակումները հայտնվել են այնպիսի ամսագրերում, ինչպիսիք են «2000AD»-ն և «Warrior»-ը։ Հետագայում նրան հրավիրել են ամերիկյան DC Comics հրատարակչություն, և նա դարձել է «առաջին կոմիքսների հեղինակը, ով ապրում էր Մեծ Բրիտանիայում և աշխատում Ամերիկայում»[19]։ DC Comics-ում աշխատելու ընթացքում նա աշխատել է հայտնի կերպարների վրա, ինչպիսիք են Բեթմենը, Սուպերմենը, ստեղծել է Ջոն Կոնստանտինին, մշակել է Ճահճային Արարածի պատմությունը։ 1980-ականներին Մուրը դարձավ այն կոմիքսների հեղինակներից մեկը, ովքեր օգնեցին փոխել վերաբերմունքը ժանրի հանդեպ Միացյալ Նահանգներում և Միացյալ Թագավորությունում։ Նրա կոմիքսները կոչվում են «Բարձր արվեստի նմուշ»։ Ալան Մուրը հետաքրքրվում է և զբաղվում է մոգությամբ, դա արտացոլվում է նրա որոշ ստեղծագործություններում (օրինակ՝ Ջոն Կոնստանտինի կերպարը որպես մոգ)։
Չնայած Մուրի անձնական անհամաձայնությանը, նրա շատ ստեղծագործություններ էկրանավորվել են Հոլիվուդի կողմից․ «Դժոխքից» (2001), «Երևելի ջենտլմենների լիգա» (2003), «V-ն նշանակում է Վենդետտա» (2005) և «Պահապանները» (2009 և 2019)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երիտասարդ տարիներ 1953—1977
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալան Մուրը ծնվել է 1953 թվականի նոյեմբերի 18-ին, Սենտ Էդմունդի հիվանդանոցում՝ Նորթհեմփթոնում, բանվորական ընտանիքում։ Նա մեծացել է Նորթհեմփթոնի Բերոուզ (The Burroughs) կոչվող թաղամասում, որը հայտնի էր ցածր կենսամակարդակով և աշխատավարձով։ Այնուամենայնիվ, ավելի ուշ Ալան Մուրը կասի, որ «․․․սիրում էի այն։ Սիրում էի մարդկանց։ Սիրում էի հասարակությունը և... չգիտեի, որ կարող է այլ կերպ լինել»։
Նա ապրում էր ծնողների հետ փոքր տան մեջ։ Հայրը՝ Էռնեստ Մուրը, աշխատում էր գարեջրի գործարանում, իսկ մայրը՝ Սիլվիա Դորինը, մեքենագրուհի էր։ Տանը ապրում էին նաև կրտսեր եղբայրը՝ Մայքը և մորական կողմի տատիկը։ Նա հինգ տարեկանից սկսել էր հետաքրքրվել ընթերցանությամբ և կարդում էր ամեն ինչ անխտիր՝ գրքերը վերցնելով տեղի գրադարանից։
Սփրինգ-Լեյն տարրական դպրոց ընդունվելուն զուգահեռ, նա սկսում է կարդալ կոմիքսներ։ Սկզբում դրանք քիչ հայտնի բրիտանական կոմիքսներ էին, ինչպիսիք են «Թոփեր»-ը (Topper) և «Բիզեր»-ը (Beezer), բայց ի վերջո նա անցնում է ամերիկյան «Ֆլեշ» (Flash), «Դետեկտիվ կոմիքս» (Detective Comics), «Ֆանտաստիկ քառյակ» (Fantastic Four) և «Սև բազե» (Blackhawk) կոմիքսներին։
Տարրական դպրոցի ավարտական քննությունը հանձնելուց հետո, Ալանն ընդունվում է Նորթհեմփթոնի միջնակարգ դպրոց, որտեղ առաջին անգամ հանդիպում է «միջին դասի» մարդկանց։ Միջնակարգ դպրոցի կրթության մակարդակը շատ ավելի բարձր է լինում, և ցնցված Ալանը՝ լավագույն աշակերտներից մեկը, մեկ ակնթարթում վերածվում է ամենահետ մնացողի։ Ուսման ընթացքում նա կորցնում է «գիտական հետազոտության» հանդեպ ամեն հետաքրքրություն և հավատում է, որ ուսուցիչներն ունեն «գաղտնի ուսումնական ծրագիր»՝ մշակված երեխաներին «ճշգրտություն, հնազանդություն և միապաղաղության ընդունում» սովորեցնելու համար։
Միևնույն ժամանակ, 1960-ականների վերջում, նա հետաքրքրվում է հիպիների շարժմամբ՝ հավատալով նրանց գաղափարներին, որ բոլորը «եղբայրներ կլինեն Ջրհոսի դարաշրջանում»։ Նա նաև սկսում է հրատարակել իր բանաստեղծություններն ու էսսեները փոքր սիրողական հանդեսներում, ինչը նրան հանգեցնում է սեփական հանդես ստեղծելու գաղափարին։ Հանդեսը կոչվում էր «Էմբրիոն» (Embryo) և դրա միջոցով Մուրը կապ է հաստատում հիպիների խմբի հետ, որը հայտնի էր որպես «Արվեստի լաբորատորիա» (Arts Lab):
Թիմոթի Լիրիի ստեղծագործության ազդեցության տակ Ալանը սկսում է LSD վաճառել դպրոցում, որի պատճառով նրան հեռացնում են 1970 թվականին։ Ավելի ուշ նա կնկարագրի իրեն որպես «աշխարհի ամենաանհեթեթ LSD դիլերներից մեկը»։ Այս դեպքից հետո դպրոցի տնօրենը «կապվեց այլ ուսումնական հաստատությունների հետ, որտեղ ես դիմել էի, և խորհուրդ տվեց նրանց չընդունել ինձ, քանի որ ես վտանգավոր եմ այլ ուսանողների բարոյական կերպարի համար։ Հավանաբար նա ճիշտ էր»։
Շարունակելով ապրել ծնողների տանը մի քանի տարի, նա մշտապես փոխում էր աշխատանքները։ Այս տարիների ընթացքում նա աշխատել է որպես զուգարանի մաքրող և կաշվի գործարանի աշխատող։ Մոտավորապես 1971-ին նա սկսում է հանդիպել Ֆիլիս անունով աղջկա հետ, որի հետ տեղափոխվում է «Նորթհեմփթոնի Բարրոկ-Ռոուդի փոքր միասենյականոց բնակարան»։ Շուտով նրանք ամուսնանում են և տեղափոխվում քաղաքի արևելյան հատվածում գտնվող նոր մունիցիպալ թաղամաս, որտեղ Ալանն աշխատում է տեղական գազի վարչության գրասենյակում։ Սակայն նա զգում է, որ այս աշխատանքում ոչնչի չի հասնի և որոշում է փորձել ավելի ստեղծագործական գործունեությամբ գումար վաստակել.
Վաղ կարիերա։ 1978—1980
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրասենյակային աշխատանքը թողնելով՝ Մուրը որոշում է զբաղվել կոմիքսներ գրելով և նկարազարդելով։ Այդ ժամանակ նա արդեն գրել էր մի քանի սթրիփ (մի քանի նկարից բաղկացած կարճ կոմիքսներ) մի շարք այլընտրանքային ամսագրերի համար։ Դրանց թվում էին «Anon E. Mouse»-ը՝ տեղական «Anon» թերթի համար, և «St. Pancras Panda»-ն՝ «Փադինգթոն արջուկի» պարոդիան, Օքսֆորդում գտնվող «Back Street Bugle»-ի համար։
Մուրը իր առաջին հոնորարը ստացել է NME երաժշտական ամսագրում տպագրված մի քանի նկարների համար։ Որոշ ժամանակ անց նա հաջողության է հասնում Ռոսքոու Մոսքոու (Roscoe Moscow) մասնավոր դետեկտիվի մասին պատմությունների շարքով, որը հրատարակում է Քուրթ Վայլ (Curt Vile) կեղծանվան տակ (բառախաղ կոմպոզիտոր Քուրթ Վայլի (Kurt Weill) անվան հետ) «Sounds» շաբաթաթերթում։ Այս շարքի շնորհիվ նա շաբաթական վաստակում է 35 ֆունտ։
Այդ նույն ժամանակ նա և Ֆիլիսը ունենում են դուստր՝ Լիա անունով, և գոյատևելու համար նրանք գործազրկության նպաստ են ստանում։ Քիչ ավելի ուշ՝ 1979 թվականին, Ալանը սկսում է հրապարակել նոր կոմիքս՝ «Մաքսվել Կախարդական Կատուն» (Maxwell the Magic Cat) «The Northampton Post»-ում, Ջիլ դե Ռե (Jill de Ray) կեղծանվան տակ (բառախաղ միջնադարյան մանյակ Ժիլ դե Ռեի (Gilles de Rais) անվան հետ)։ Շաբաթական լրացուցիչ 10 ֆունտ վաստակելով՝ նա որոշում է հրաժարվել սոցիալական նպաստից և շարունակում է գրել «Մաքսվել Կախարդական Կատուն» մինչև 1986 թվականը։
Մուրը ասել է, որ շատ ուրախ կլիներ շարունակել Մաքսվելի արկածները որքան հնարավոր է երկար, բայց դադարեցրել է աշխատանքը թերթում հոմոսեքսուալների մասին բացասական հոդված հրապարակելուց հետո։
Այդ ընթացքում Ալան Մուրը լիովին հրաժարվում է նկարելուց և որոշում է կենտրոնանալ կոմիքսների սցենարներ գրելու վրա։ Իր որոշումը նա բացատրում է այսպես. «Մի քանի տարի դրանով զբաղվելուց հետո ես հասկացա, որ երբեք չեմ կարողանա բավականաչափ լավ և/կամ բավականաչափ արագ նկարել, որպեսզի որպես նկարիչ ինձ արժանապատիվ եկամուտ ապահովեմ»։
Կոմիքսների հաջողված սցենարներ գրել սովորելու համար, Ալան Մուրը խորհուրդ է հարցնում իր ընկերոջից՝ կոմիքսների հեղինակ Սթիվ Մուրից, ում հետ ծանոթ է տասնչորս տարեկանից։ Ցանկանալով գրել 2000AD-ի համար, որը բրիտանական առաջատար կոմիքսների ամսագրերից մեկն էր, Մուրն ուղարկում է նրանց սցենար հայտնի «Դատավոր Դրեդ» կոմիքսի համար։ Այդ ժամանակ հրատարակչությունը կարիք չուներ Դատավոր Դրեդի մեկ այլ հեղինակի (այն հաջողությամբ գրում էր Ջոն Վագները), սակայն հրատարակչության խմբագիր Ալան Գրանտը Մուրի աշխատանքի մեջ ներուժ տեսավ։ Նա ասաց՝ «այս տղան սատանայորեն լավ հեղինակ է» և առաջարկեց Մուրին գրել մի քանի պատմություն «Future Shocks» սերիայի համար։ Առաջին պատմությունները չընդունվեցին։ Գրանտը Մուրին մի քանի խորհուրդ տվեց, թե ինչպես դրանք բարելավել, և ի վերջո ընդունեց մեկ պատմություն։ Ինչպես հետագայում պարզվեց, այն դարձավ բազմաթիվ պատմություններից առաջինը։
Այդ ընթացքում Ալան Մուրը նաև գրում է փոքր պատմություններ «Doctor Who Weekly»-ի համար։ Հետագայում նա կասի դրանց մասին․ «Ես իսկապես շատ էի ուզում կանոնավոր սյունակ։ Ես չէի ուզում պատմվածքներ գրել… Բայց այլ տարբերակ չկար։ Ինձ առաջարկում էին չորս կամ հինգ էջանոց կարճ պատմություններ, որտեղ ողջ պատմությունը պետք է տեղավորվեր այդ հինգ էջերում։ Հետ նայելով՝ կարող եմ ասել, որ դա լավագույն դպրոցն էր, որտեղ ես սովորել եմ սյուժեի կառուցում»։ 1980-ականների վերջում և 1990-ականների սկզբում նա հեռացավ կոմիքսների արդյունաբերությունից և ժամանակավորապես դարձավ «ազատ արվեստագետ»։ Այս տարիներին նա աշխատում էր փորձարարական ստեղծագործությունների վրա, ինչպիսիք են «Դժոխքից» (From Hell) վիպասքը, պոռնոգրաֆիկ «Կորած Աղջիկները» (Lost Girls) և դասական տեքստային վեպը՝ «Կրակի Ձայնը» (Voice of the Fire)։
Marvel UK, 2000AD, և Warrior: 1980—1984
[խմբագրել | խմբագրել կոդը]Այդ ընթացքում Ալան Մուրը նաև գրում է փոքր պատմություններ «Doctor Who Weekly»-ի համար։ Հետագայում նա կասի դրանց մասին․ «Ես իսկապես շատ էի ուզում կանոնավոր սյունակ։ Ես չէի ուզում պատմվածքներ գրել… Բայց այլ տարբերակ չկար։ Ինձ առաջարկում էին չորս կամ հինգ էջանոց կարճ պատմություններ, որտեղ ողջ պատմությունը պետք է տեղավորվեր այդ հինգ էջերում։ Հետ նայելով՝ կարող եմ ասել, որ դա լավագույն դպրոցն էր, որտեղ ես սովորել եմ սյուժեի կառուցում»։ 1980-ականների վերջում և 1990-ականների սկզբում նա հեռացավ կոմիքսների արդյունաբերությունից և ժամանակավորապես դարձավ «ազատ արվեստագետ»։ Այս տարիներին նա աշխատում էր փորձարարական ստեղծագործությունների վրա, ինչպիսիք են «Դժոխքից» (From Hell) վիպասքը, պոռնոգրաֆիկ «Կորած Աղջիկները» (Lost Girls) և դասական տեքստային վեպը՝ «Կրակի Ձայնը» (Voice of the Fire)։
Երեք տարվա ընթացքում 2000AD-ն հրատարակում է Մուրի ավելի քան հիսուն պատմություն Future Shocks շարքերի և «Ժամանակի Խաբեբաներ» (Time Twisters) գիտաֆանտաստիկ սերիալի համար։ Ամսագրի խմբագիրները, տպավորված լինելով Մուրի աշխատանքով, նրան առաջարկում են մշտական սյունակ, որը ցանկանում են սկսել «Այլմոլորակայինը» (E.T. the Extra-Terrestrial) ֆիլմի վրա հիմնված պատմությամբ։ Արդյունքում ստեղծվում է «Skizz» կոմիքսը՝ նկարազարդված Ջիմ Բեյքիի (Jim Baikie) կողմից։ Սա պատմություն է այլմոլորակայինի մասին, որը վթարի է ենթարկվում Երկրի վրա և սկսում է հոգ տանել Ռոքսի անունով կնոջ մասին։ Մեկ այլ շարք, որը նա գրում է 2000AD-ի համար, դառնում է «D.R և Quinch»-ը՝ նկարազարդված Ալան Դևիսի (Alan Davis) կողմից։ Այս պատմությունը (Մուրը այն բնորոշել է որպես «„Անտանելի Դենիսի" (Dennis the Menace) ավանդույթի շարունակություն, բայց միայն թերմոմիջուկային ունակություններով») կառուցված է երկու այլմոլորակային խուլիգանների շուրջ և ներկայացնում է գիտական ֆանտաստիկա «National Lampoon» հումորիստական ամսագրի O.C. և Stiggs կերպարներով։ Սակայն Մուրի կարիերայի գագաթնակետը 2000AD-ում դառնում է «Հալո Ջոնսի Բալլադը» (The Ballad of Halo Jones)՝ առաջին կոմիքսների շարքը, որը կառուցված է կին կերպարի շուրջ։ Ինքը՝ Մուրը, հետագայում կնկարագրի այս կոմիքսը որպես «դրա վրա աշխատանքը լավագույնն էր ինձ համար»։ Ցավոք, նկարիչ Իեն Գիբսոնի (Ian Gibson) հետ համատեղ ստեղծված շարքը փակվել է նախքան բոլոր էպիզոդների գրվելը։
Marvel UK-ն դարձավ մեկ այլ կոմիքսների հրատարակչություն, որը ցանկացավ վարձել Ալան Մուրին, քանի որ արդեն գնել էր նրա մի քանի պատմություններ «Doctor Who Weekly» և «Star Wars Weekly» համար։ Ձգտելով գրավել ավելի հասուն լսարան, քան իրենց գլխավոր մրցակից 2000AD-ն, նրանք վարձում են Մուրին՝ գրելու «Կապիտան Բրիտանիա» կոմիքսների շարքը, «հիմնական սյուժետային գծի կեսից, որը նա չէր կարդացել և այդպես էլ մինչև վերջ չէր հասկացել»։ Նա փոխարինում է նախկին հեղինակ Դեյվ Թորփին (Dave Thorpe), բայց որոշում է աշխատել նախկին նկարիչ Ալան Դեվիսի (Alan Davis) հետ, որին Մուրը նկարագրում է որպես «նկարիչ, ով սիրում է միջավայրը և ով անկեղծորեն ուրախանում է, երբ հաջողվում է արդյունավետ օգտագործել այդ միջավայրի սահմաններում ցանկացած գիծ, զգեստների յուրաքանչյուր նոր դիզայն, կերպարների դեմքերի արտահայտության յուրաքանչյուր նրբերանգ»։
Մուրի՝ այդ ժամանակահատվածում աշխատած երրորդ կոմիքսների հրատարակչությունը դառնում է «Warrior» նոր ամսական ամսագիրը, որը հիմնադրել էր Դեզ Սքինը (Dez Skinn)՝ 2000 AD-ի և Marvel UK-ի նախկին խմբագիրը։ Ամսագիրը հեղինակներին առաջարկում է ավելի մեծ ազատություն, քան թույլատրվում էր խոշոր հրատարակչությունների կողմից։ Հենց «Warrior»-ում, ըստ Լանս Պարկինի (Lance Parkin), Մուրը «սկսում է հասնել իր ներուժին»։
Սկզբում Ալան Մուրին տալիս են երկու մեծ պատմություն «Warrior»-ում՝ «Marvelman» և «V նշանակում է Վենդետա», երկուսն էլ սկսում են հրատարակվել ամսագրի առաջին համարից՝ 1982 թվականի մարտից։ «V նշանակում է Վենդետա»-ն թրիլլեր-հակաուտոպիա է ապագայի մասին, որտեղ ֆաշիստական կառավարությունը ղեկավարում է Մեծ Բրիտանիան։ Նրան դիմակայում է միայնակ անարխիստը՝ հագած Գայ Ֆոքսի կոստյումը։ Հերոսը դառնում է ահաբեկիչ՝ կառավարությունը տապալելու համար։ «Վենդետան» նկարազարդում է Դևիդ Լլոյդը (անգլ.՝ David Lloyd): Մուրն այնքան դժգոհ է Մարգարետ Թետչերի կառավարությունից, որ հորինում է ֆաշիստական պետություն, որտեղ վերացված են բոլոր էթնիկ և սեռական փոքրամասնությունները։ Այս աշխատանքը համարվում է «Մուրի լավագույն աշխատանքը»։ Այն ստեղծում է նրա պաշտամունքը և պահպանում հանրաճանաչությունը հաջորդ տասնամյակների ընթացքում։
«Marvelman»-ը, որը իրավական պատճառներով վերանվանվեց «Miracleman», սկզբնապես կոմիքսների շարք էր, որը հրատարակվում էր Մեծ Բրիտանիայում 1954-1964 թվականներին։ Այն հիմնված էր ամերիկյան «Captain Marvel» կոմիքսի վրա։ «Marvelman»-ի վերածնունդից հետո Մուրը «վերցնում է մանկական կերպարը և տեղադրում այն 1982 թվականի իրական աշխարհում»։ Կոմիքսը նկարազարդում են Գարի Լիչը (Garry Leach) և Ալան Դեվիսը (Alan Davis)։ Երրորդ կոմիքսների շարքը, որը Մուրը ստեղծում է «Warrior»-ի համար, կոչվում է «The Bojeffries Saga»։ Սա կատակերգություն է անգլիական բանվոր դասի ընտանիքի մասին, որը բաղկացած է վամպիրներից և մարդագայլերից։ Այս պատմությունը նկարազարդում է Սթիվ Պարհաուսը (Steve Parkhouse)։
Ցավոք, «Warrior»-ը փակվում է նախքան այս պատմությունները ամբողջությամբ հրապարակելը։ Այնուամենայնիվ, և «Miracleman»-ը, և «V նշանակում է Վենդետա»-ն հետագայում ավարտվել են մինչև 1989 թվականը և հրատարակվել այլ հրատարակիչների կողմից։ Ալան Մուրի կենսագիր Լենս Պարկինը (Lance Parkin) գրում է, որ «եթե կարդաք այս ստեղծագործությունները միասին, կարող եք նկատել մի քանի հետաքրքիր մանրամասներ. մեկում հերոսը պայքարում է ֆաշիստական բռնապետության դեմ Լոնդոնում, մյուսում՝ արիացի սուպերմենը ստեղծում է այն»։
Թեև Ալան Մուրի աշխատանքները համարվում են ամենահայտնիներից և տպագրվում են 2000 AD-ում, ինքը՝ Մուրը, բրիտանական կոմիքսի արդյունաբերության մեջ սցենարիստի ազատության պակաս է զգում։ 1985 թվականին Arkensword ամսագրին տված հարցազրույցում նա խոսում է այն մասին, որ դադարել է աշխատել IPC բրիտանական հրատարակիչների ամբողջ ընկերության համար «այն պարզ պատճառով, որ IPC-ն ստում էր ինձ, խաբում էր և ընդհանրապես ինձ աղբ էր համարում»։ 1986 թվականին Մուրը դադարում է գրել 2000AD-ի համար՝ թողնելով «Halo Jones» պատմության մնացած գլուխները։ Ալան Մուրի անկեղծ արտահայտությունները և նրա սկզբունքայնությունը, հատկապես հեղինակային իրավունքի հարցում, դեռ շատ անգամ կհանգեցնեն իր կարիերայի ընթացքում բազմաթիվ այլ հրատարակիչների հետ հարաբերությունների խզմանը։
Միևնույն ժամանակ, Ալան Մուրը, Տրանսլյուսիա Բաբուն կեղծանվան տակ, դուրս է գալիս երաժշտական բեմ՝ հիմնադրելով «Sinister Ducks» խումբը Bauhaus գոթական խմբի բասիստ Դեյվիդ Ջեյի (David J) և Ալեքս Գրինի (Alex Green) հետ միասին։ 1983 թվականին նրանք թողարկում են «March of the Sinister Ducks» սինգլը, որը ձևավորել է նկարիչ Քևին Օ'Նիլը (Kevin O'Neill)։ 1984 թվականին Ալան Մուրը և Դեյվիդ Ջեյը թողարկում են 12 դյույմանոց սկավառակ, որտեղ ամենահայտնի երգը դառնում է «Այս արատավոր կաբարեն» (This Vicious Cabaret), որը հնչում է «V նշանակում է Վենդետա»-ում։ Սկավառակը թողարկում է Glass Records լեյբլը։ Մուրը նաև գրում է «Leopardman At C&A» երգը Դեյվիդ Ջեյի համար, որի երաժշտությունը հեղինակում է Միք Քոլինզը (Mick Collins)։ Երգը ներառված է «We Have You Surrounded» ալբոմում և կատարվում է Քոլինզի «The Dirtbombs» խմբի կողմից։
Ամերիկյան մեյնսթրիմ և DC Comics: 1983—1988
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալան Մուրի աշխատանքը բրիտանական հրատարակչություններում գրավել է DC Comics-ի խմբագիր Լեն Վեյնի (Len Wein) ուշադրությունը, ով 1983 թվականին վարձում է Մուրին «Ճահճային Արարածը» (Swamp Thing) կարծրատիպային և վատ վաճառվող կոմիքսը գրելու համար։ Մուրը, նկարիչներ Սթիվեն Ռ. Բիսեթի (Stephen R. Bissette), Ռիք Վեյչի (Rick Veitch) և Ջոն Թոթլեբենի (John Totleben) հետ միասին, լիովին վերաստեղծում է կերպարը՝ գրելով ֆանտաստիկ սարսափի ժանրում փորձարարական պատմությունների շարք, սակայն սոցիալական և բնապահպանական խնդիրներին առնչվող սյուժեներով։ Կոմիքսում նաև փորձեր են արվում ուսումնասիրել Լուիզիանայի մշակույթը, որտեղ տեղի է ունենում կոմիքսի գործողությունը։ Որպես «Ճահճային Արարածի» կերպարներ՝ Ալան Մուրը երկրորդ կյանք է տալիս DC-ի բազմաթիվ լքված կախարդական և գերբնական կերպարների, ներառյալ Ուրվականը (Spectre), Դևը (Demon), Ուրվական Անծանոթը (Phantom Stranger), Մեռյալը (Deadman) և այլք։ Նա նաև ստեղծում է Ջոն Կոնստանտինին (John Constantine)՝ անգլիացի կախարդ, բանվոր դասի ներկայացուցիչ (որի կերպարը նկարված էր Սթինգ երաժշտի նմանությամբ), ով հետագայում դառնում է «Hellblazer» առանձին կոմիքսի գլխավոր հերոսը, որը ներկայումս Vertigo հրատարակչության ամենաերկար անընդմեջ հրատարակվող կոմիքսն է։
Ալան Մուրը շարունակում է գրել «Ճահճային արարածը» ևս մոտ երեք տարի՝ № 21 համարից (հունվար 1984թ.) մինչև № 64 համարը (սեպտեմբեր 1987թ.), բացառությամբ № 59 և № 62 համարների։ Մուրի այս աշխատանքը բարյացակամորեն է գնահատվել քննադատների կողմից և առևտրային առումով հաջողակ է եղել։ Մուրի հաջողությունը DC-ին մղում է վարձել այլ եվրոպացի և հատկապես բրիտանացի հեղինակների, ինչպիսիք են Գրանտ Մորիսոնը (Grant Morrison), Ջեյմի Դելանոն (Jamie Delano), Փիթեր Միլիգանը (Peter Milligan) և Նիլ Գեյմանը (Neil Gaiman): Հրատարակչությունը ցանկանում է, որ նրանք գրեն կոմիքսներ նույն ոճով՝ արմատապես թարմացված հայտնի կերպարներով։ Այս հեղինակների գրած կոմիքսները դրեցին այն ամենի հիմքը, ինչը դարձավ Vertigo հրատարակչության հիմնական գիծը։
Մուրը շարունակում է գրել DC Comics-ի համար։ Նրա հաջորդ աշխատանքներից մեկը երկու մասից բաղկացած պատմություն է «Պահակ» (Vigilante) կոմիքսի համար, որտեղ ուսումնասիրվում է ընտանեկան բռնության խնդիրը։ Ի վերջո, Ալան Մուրին հնարավորություն են տալիս պատմություն գրել DC ամենահայտնի սուպերհերոսներից մեկի՝ Սուպերմենի մասին, «Մարդու համար, ով ամեն ինչ ունի» (For the Man Who Has Everything) վերնագրով։ Այս պատմությունը նկարազարդել է Դեյվ Գիբոնսը (Dave Gibbons), և այն լույս է տեսել 1985 թվականին։ Պատմությունը զարգանում է Սուպերմենի շուրջ, բայց նաև ներառում է շատ այլ սուպերհերոսների, ներառյալ Հրաշք Կինը (Wonder Woman) և Բեթմենը (Batman): Նրանք գալիս են Սուպերմենի ծննդյան օրը և հայտնաբերում են, որ նա վարակված է խորհրդավոր սնկով և հալյուցինացիաներ է տեսնում սովորական կյանքի մասին։ Մուրը գրում է ևս մեկ պատմություն Սուպերմենի մասին՝ «Ի՞նչ պատահեց վաղվա մարդու հետ» (Whatever Happened to the Man of Tomorrow?), որը հրատարակվել է 1986 թվականին։ Կոմիքսը նկարազարդել է Քըրթ Սվոնը (Curt Swan): Այս կոմիքսը նախատեսված էր որպես Սուպերմենի վերջին պատմությունը DC-ի «Crisis on Infinite Earths»-ի համար։
1988 թվականին լույս է տեսնում Ալան Մուրի գրած և Բրայան Բոլենդի (Brian Bolland) նկարազարդած Բեթմենի մասին պատմությունը՝ «Մահացու Կատակ» (The Killing Joke): Սյուժեն պտտվում է Ջոկերի շուրջ, ով փախչում է Արքհեմի հոգեբուժարանից և սկսում մահացու զվարճանք՝ ներգրավելով Բեթմենին, ով փորձում է կանգնեցնել նրան։ Չնայած այն հանգամանքին, որ այս պատմությունը համարվում է առանցքային Բեթմենի՝ որպես կերպարի վերանայման մեջ, այնպիսի կոմիքսների կողքին, ինչպիսիք են Ֆրենք Միլերի «Մութ Ասպետը վերադառնում է» (The Dark Knight Returns) և «Բեթմեն․ Առաջին տարի», Լենս Պարկինը կարծում է, որ «թեման բավարար չափով զարգացած չէ» և «սա Մուրի կենսագրության հազվագյուտ օրինակ է, երբ կոմիքսի նկարազարդումն ավելի լավն է, քան սցենարը»։ Սա ընդունում է նաև ինքը՝ Մուրը։
«Պահապանները» (Watchmen) սահմանափակ սերիան, որը սկսվել է 1986 թվականին և առանձին փափուկ կազմով գրքով հրատարակվել 1987-ին, վերջնականապես ամրապնդում է Ալան Մուրի համբավը։ Այս կոմիքսում նա նկարիչ Դեյվ Գիբոնսի (Dave Gibbons) հետ միասին ներկայացրել են, թե ինչպիսին կլիներ աշխարհը, եթե սուպերհերոսները իրականում գոյություն ունենային 1940-ականներից։ Արդյունքում ստացվել է տիեզերք, որտեղ դեռ շարունակվում է սառը պատերազմը ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև, և բոլորի վրա կախված է միջուկային պատերազմի սպառնալիքը։ «Պահապանների» սուպերհերոսները տառապում են միջին տարիքի ճգնաժամով, աշխատում են կառավարության համար կամ գտնվում են օրենքից դուրս։ Ընդ որում նրանք սուպերհերոս են դառնում հոգեբանական պատճառներով։ «Պահապանները» ոչ գծային են և պատմվում են տարբեր տեսանկյուններից։ Որոշ գլուխներ փորձարարական են։ Օրինակ, հինգերորդ գլխի՝ «Ահարկու Սիմետրիա» (Fearful Symmetry) («Ամֆորա» հրատարակչության թարգմանության մեջ գլուխը կոչվում է «Ահարկու կերպարանք») դիզայնը հայելային է։ Վերջին էջը առաջին էջի հայելային արտացոլանքն է, երկրորդը՝ նախավերջինի, և այդպես շարունակ։ Սա Մուրի՝ ժամանակի ընկալման և «ազատ կամք» հասկացության նշանակության հանդեպ հետաքրքրության վաղ դրսևորումներից է։
«Պահապանները» միակ կոմիքսն է, որը ստացել է Հյուգոյի (Hugo Award) գրական մրցանակ «Լավագույն այլ ձև» անվանակարգում։ Այս կոմիքսը համարվում է Ալան Մուրի լավագույն աշխատանքը, և այն պարբերաբար անվանում են երբևէ գրված լավագույն կոմիքսներից մեկը։ Միևնույն ժամանակ լույս են տեսնում այնպիսի կոմիքսներ, ինչպիսիք են Ֆրենք Միլլերի «Բեթմեն. Մութ Ասպետը վերադառնում է», Արթ Սպիգելմանի «Մաուս»-ը և Հայմե ու Գիլբերտ Հերնանդեսի (Gilbert Hernandez) «Սեր և Հրթիռներ»-ը (Love and Rockets)։ «Պահապանները» 1980-ականների վերջի ամերիկյան կոմիքսների միտման մաս են կազմում, երբ հրատարակչությունները փորձում էին գրավել ավելի հասուն ընթերցողների։ Մուրը արագորեն հայտնի է դառնում լրատվամիջոցներում։ Մեծ ուշադրությունը հանգեցնում է նրան, որ նա հեռանում է երկրպագուներից և այլևս չի այցելում համաժողովներ և կոնֆերանսներ (Լոնդոնում UKCAC հավաքներից մեկի ժամանակ ինքնագիր որսացողները հետապնդում են նրան նույնիск զուգարանում)։
1987-ին Մուրը ընդունում է «Սուպերհերոսների մթնշաղ» (Twilight of the Superheroes) վերնագրով մինի-սերիալի պատվերը, որի անվանումը հնչում է Ռիխարդ Վագների Götterdämmerung («Աստվածների մթնշաղ») օպերայի նման։ Գործողությունը պետք է տեղի ունենար DC-ի տիեզերքի ապագայում, որտեղ աշխարհը կառավարում են սուպերհերոսների դինաստիաները՝ Պողպատե տունը (Սուպերմենի և Հրաշք-Կնոջ գլխավորությամբ) և Որոտի տունը (բաղկացած Marvel հրատարակչության սուպերհերոսներից)։ Այս երկու Տները պատրաստվում են միավորվել դինաստիական ամուսնության միջոցով, և այդ դեպքում նրանց ընդհանուր իշխանությունը կդառնա իրական սպառնալիք մարդկության ազատության համար։ Սակայն որոշ կերպարներ, ներառյալ Ջոն Կոնստանտինը (John Constantine), փորձում են խանգարել դրան և ազատել մարդկությանը սուպերհերոսների իշխանությունից։ Այս կոմիքսը նաև պետք է վերականգներ DC տիեզերքի մի քանի աշխարհներ, որոնք ոչնչացվել էին 1985 թվականի «Crisis on Infinite Earths» մինի-սերիալում։
Այս կոմիքսների սերիան երբեք պաշտոնապես չի հայտարարվել, բայց Մուրի մանրամասն գրառումների պատճենները հայտնվել են համացանցում և տպագրության մեջ, չնայած DC հրատարակչության բոլոր ջանքերին, որը դրանք համարում է իր սեփականությունը։ Որոշ գաղափարներ, ինչպիսին է «հիպերժամանակը», հետագայում հայտնվել են DC-ի այլ կոմիքսներում։ 1996 թվականի «Kingdom Come» մինի-սերիալում, որը գրել են Մարկ Վեյդը և Ալեքս Ռոսը, օգտագործվում է DC տիեզերքի ապագայում սուպերհերոսների միջև հակամարտության գաղափարը։ Վեյդը և Ռոսը հայտարարել են, որ նրանք կարդացել են «Մթնշաղի» կոնցեպցիան նախքան աշխատանքը սկսելը, բայց ցանկացած նմանություն աննշան է և պատահական։
Ալան Մուրի հարաբերությունները DC Comics-ի հետ աստիճանաբար վատթարանում են հեղինակային իրավունքների և առևտրային պլանավորման հարցերի շուրջ տարաձայնությունների պատճառով։ Մուրին և Գիբոնսին չեն վճարում հոնորար «Պահապանների» լրացուցիչ տպաքանակի համար, քանի որ DC-ն այն որակում է որպես «գովազդային տպաքանակ»։ Հաշվետվությունների համաձայն, նա և Գիբոնսը ստանում են միայն DC-ի՝ «Պահապաններից» վաստակած շահույթի 2%-ը։ Միևնույն ժամանակ, մի շարք հեղինակներ, ներառյալ Ալան Մուրը, Ֆրենք Միլլերը, Մարվ Վուլֆմենը (Marv Wolfman) և Հովարդ Չայկինը (Howard Chaykin), անհամապատասխան են դառնում DC հրատարակչության համար կոմիքսների տարիքային սահմանափակումների նոր համակարգի պատճառով, որը նման է գեղարվեստական ֆիլմերի համար օգտագործվող համակարգին։ 1989 թվականին «V նշանակում է Վենդետա»-ի ավարտից հետո, որը հրատարակվում էր DC-ում, Ալան Մուրը հրաժարական է տալիս։
Անկախ ժամանակաշրջան և Խենթ սեր։ 1988—1993
[խմբագրել | խմբագրել կոդը]DC Comics-ը և ընդհանրապես կոմիքսների արդյունաբերությունը թողնելուց հետո, Ալան Մուրը իր կնոջ՝ Ֆիլիսի և նրանց ընդհանուր սիրուհու՝ Դեբրա Դելանոյի (Deborah Delano) հետ փորձում է կազմակերպել սեփական կոմիքսների հրատարակչություն, որը նրանք անվանում են «Խենթ սեր» (Mad Love)։ Կոմիքսների սյուժեները, որոնք նրանք հրատարակում են «Խենթ սիրում», հեռու են գիտական ֆանտաստիկայից և սուպերհերոսների պատմություններից, որոնք Մուրը սովոր էր գրել։ Դրանք ռեալիզմի ժանրի պատմություններ են՝ պատմող հասարակ մարդկանց և քաղաքական խնդիրների մասին։ «Խենթ սիրում» առաջին հրապարակումը դարձավ «ՆԱԿՀ։ Նկարիչները անզուսպ կառավարական հոմոֆոբիայի դեմ» (AARGH: Artists Against Rampant Government Homophobia)։ Սա մի քանի հեղինակների աշխատանքների ժողովածու է, ներառյալ հենց Մուրը, որոնք մարտահրավեր են նետում Մարգարետ Թետչերի կառավարության կողմից վերջերս ներմուծված «28-րդ կետին»՝ օրենք, որը մշակվել էր դպրոցներում «հոմոսեքսուալիզմի խթանումը» կանխելու համար։ Գրքի վաճառքից ստացված շահույթը փոխանցվում է «Գեյերի և լեսբուհիների շարժման կազմակերպությանը», և Մուրը դրանով «շատ գոհ է», հայտարարելով, որ «մենք չենք խանգարել այս օրինագծի ընդունմանը, բայց մենք մասնակցել ենք դրա դեմ ընդհանուր շարժմանը, որը և կանխեց այս օրինագծի ընդունումը, ինչքան էլ դրա ստեղծողները հակառակին հույս ունեին»։ Երկրորդ հրատարակված գիրքը՝ «Ստվերների թատրոն. Գաղտնի թիմը» (Shadowplay: The Secret Team) նույնպես քաղաքական էր։
Անիմատոր և փաստաբան Դեյվ Սիմի (Dave Sim) առաջարկով, Ալան Մուրը որոշում է «Խենթ սիրում» թողարկել իր հաջորդ նախագիծը՝ «Մեծ թվեր» (Big Numbers)։ Սա պետք է լիներ 12 սերիանոց կոմիքս մի վայրի մասին, որը կոչվում է Հեմփթոն (Hampton) (ըստ էության, «Մուրի հայրենի Նորթհեմփթոնի թեթևակի ձևափոխված տարբերակը»), այն մասին, թե ինչպես է խոշոր բիզնեսը ազդում սովորական մարդկանց վրա, և այս ամենը քաոսի տեսության տարրերով։ Կոմիքսը սկսեց նկարել Բիլ Սենկևիչը (Bill Sienkiewicz), ով 1990 թվականին երկու թողարկումից հետո հրաժարվեց հետագա աշխատանքից։ Մուրը հույս ուներ, որ Բիլի օգնական Էլ Կոլումբիան (Al Columbia) կփոխարինի նրան, բայց դա տեղի չունեցավ, և կոմիքսը մնաց անավարտ։
Դրանից հետո, 1991 թվականին Victor Gollancz Ltd ընկերությունը հրատարակում է Ալան Մուրի «Փոքր սպանություն» (A Small Killing) պատմությունը, որը նկարազարդել է Օսկար Զարատեն (Oscar Zarate): Սա պատմություն է գովազդային գործակալի մասին, ում այցելում է իր մանկության ուրվականը։ Ըստ Լենս Պարկինի, «Փոքր սպանությունը» «հավանաբար Մուրի ամենաթերագնահատված աշխատանքն է»։ Դրանից կարճ ժամանակ անց «Խենթ սերը» դադարում է գոյություն ունենալ, քանի որ Ֆիլիսը և Դեբրան բաժանվում են Մուրից և վերցնում են 1980-ականներին նրա վաստակած գումարի մեծ մասը։
Այդ ընթացքում Մուրը սկսում է գրել փոքր անկախ կոմիքսների անթոլոգիայի համար՝ «Տաբու» (Taboo) անվանումով, որը հավաքում է Սթիվեն Ռ. Բիսեթը (Stephen R. Bissette): Առաջինը դառնում է «Դժոխքից» կոմիքսը՝ Ջեք Պատրողի՝ 1880-ականների մարդասպանի պատմության գեղարվեստական մեկնաբանությունը։ Ոգեշնչված Դուգլաս Ադամսի «Դիրք Ջենթլիի հոլիստիկ դետեկտիվ գործակալությունը» (Dirk Gently's Holistic Detective Agency) գրքով, Մուրը դատում է այսպես. հանցագործությունը լիովին բացահայտելու համար անհրաժեշտ է ուսումնասիրել հասարակությունն ամբողջությամբ։ Սա նրան հանգեցնում է նրան, որ նա սպանությունները ներկայացնում է որպես այդ ժամանակաշրջանի քաղաքական և տնտեսական իրավիճակի հետևանք։ Գրեթե յուրաքանչյուր հայտնի մարդ այդ ժամանակաշրջանից այս կամ այն կերպ կապված է իրադարձությունների հետ։ Դրանք են «Փիղ-մարդ» Ջոզեֆ Մերիքը (Joseph Merrick), Օսկար Ուայլդը, հնդկացի հեղինակ Սև Եղջերուն (Black Elk), Ուիլյամ Մորիսը, նկարիչ Ուոլթեր Սիքերթը (Walter Sickert) և Ալիստեր Քրոուլին (Aleister Crowley), որը հայտնվում է տղայի կերպարով։ Կոմիքսը նկարազարդում է Էդի Քեմփբելը (Eddie Campbell) թանաքով նկարների ոճով։ Մուրը գրում է «Դժոխքից»-ը գրեթե տասը տարի։ Կոմիքսը գոյատևում է «Տաբու»-ից հետո և փոխում է ևս երկու հրատարակչի, մինչև որ այն վերջնականապես հավաքում է փափուկ կազմով «Eddie Campbell Comics» հրատարակչությունը։ «Դժոխքից»-ը ստանում է գովասանական արձագանքներ, իսկ հայտնի կոմիքսների հեղինակ Ուորեն Էլիսը այն անվանում է «իմ ամենասիրելի գրաֆիկական վեպը»։
Մեկ այլ կոմիքս, որը Ալան Մուրը գրում է «Տաբու»-ի համար, կոչվում է «Կորած աղջիկներ» (Lost Girls): Ինքը՝ Մուրը, սահմանում է դրա ժանրը որպես «ինտելեկտուալ պոռնոգրաֆիա»։ Կոմիքսը նկարազարդում է Մելինդա Ջեբին (Melinda Gebbie), որի հետ Մուրը հետագայում մտերիմ հարաբերությունների մեջ է մտնում։ Կոմիքսի գործողությունը տեղի է ունենում 1913 թվականին։ Երեք աղջիկ՝ Ալիսը «Ալիսը Հրաշքների աշխարհում»-ից, Դորոթին «Օզի կախարդը»-ից և Վենդին «Պիտեր Փեն»-ից, տարբեր տարիքի և սոցիալական պատկանելության, հանդիպում են հյուրանոցում և միմյանց պատմում են իրենց սեռական արկածների մասին։ Այս աշխատանքով Մուրը փորձում է ինչ-որ նոր բան ներմուծել կոմիքսի ժանրում։ Նա կարծում է, որ պոռնոգրաֆիան հենց այդպիսի միջոց է։ Հետագայում նա կասի. «Ես շատ գաղափարներ ունեի այն մասին, թե ինչպես անկեղծ կոմիքս ստեղծել սեռական թեմայով, և անել դա այնպես, որ շրջանցվեն պոռնոգրաֆիայի հետ կապված առկա խնդիրները։ Այսինքն՝ այն, որ պոռնոգրաֆիան տգեղ է, ձանձրալի և ոչ հնարամիտ։ Այն չունի ստանդարտներ»։ Ինչպես «Դժոխքից»-ը, «Կորած աղջիկները» նույնպես գոյատևում են «Տաբու» նախագծից հետո։ Հաջորդ գլուխները հրատարակվում են անկանոն կերպով։ Միայն աշխատանքն ավարտելուց հետո կոմիքսը ամբողջությամբ հրատարակվում է ժողովածուում 2006 թվականին։
Նույն ժամանակ Ալան Մուրը ձեռնամուխ է լինում դասական տեքստային վեպի գրելուն։ Վեպը կոչվում է «Կրակի ձայնը» (Voice of the Fire) և հրատարակվում է 1996 թվականին։ Կառուցվածքով անսովոր վեպը բաղկացած է մի քանի պատմվածքներից՝ միմյանց հետ կապված իրադարձությունների մասին, որոնք տեղի են ունեցել Մուրի հայրենի Նորթհեմփթոն քաղաքում դարերի ընթացքում՝ բրոնզե դարից մինչև մեր օրերը։ Պատմվածքները միավորվում են մեկ մեծ պատմության մեջ։
Վերադարձ արդյունաբերություն և Image Comics: 1993—1998
[խմբագրել | խմբագրել կոդը]1993 թվականին Ալան Մուրը նշում է իր քառասուներորդ տարեդարձը։ Այս տարին դառնում է շրջադարձային պահ նրա կյանքում. նա իրեն հայտարարում է «արարողակարգային մոգ»։ Այս տարին նշանավորվում է նաև Մուրի վերադարձով կոմիքսների արդյունաբերություն։ Այժմ նա կրկին գրում է սուպերհերոսների մասին պատմություններ։ Վերադարձի համար նա ընտրում է Image Comics հրատարակչությունը, որը հայտնի է պատկերազարդումների կոպիտ ոճով, բռնության առատությամբ և կիսամերկ խոշորակուրծք կանանց պատկերներով։ Նման ընտրությունը սարսափեցնում է նրա շատ երկրպագուներին։
Նոր հրատարակչության համար առաջին աշխատանքը դառնում են «Սպաուն» (Spawn) կոմիքսի գլուխները, որոնք շուտով վերածվում են առանձին մինի-սերիալի՝ «1963»: Այն իրենից ներկայացնում է «Ջեք Կիրբիի (Jack Kirby) պատմությունների նմանակում, որոնք գրվել էին Marvel-ի համար վաթսունականներին, իրենց պաթոսով, վառ կերպարներով և տիեզերական ոճով»։ Ալան Մուրը հիշում է այդ ժամանակի մասին. «1963-ը գրելուց հետո ես իմացա, թե որքան ուժեղ է փոխվել կոմիքսների լսարանը իմ բացակայության ժամանակ (1988-ից)։ Պարզվեց, որ ընթերցողների մեծ մասը ցանկանում է տեսնել կոմիքսներ առանց որևէ հստակ պատմության, բայց փոխարենը՝ բազմաթիվ մեծ, ամբողջ էջանոց պատկերներով՝ պին-ափ ոճով։ Եվ ինձ իսկապես հետաքրքիր էր հասկանալ, թե արդյոք կկարողանամ պատշաճ պատմություն գրել այդ շուկայի համար»։
Այս ժամանակահատվածում նա գրում է կոմիքսներ, որոնք անվանում է «լավագույնը 13-15 տարեկանների պատմությունների մեծամասնությունից»։ Այստեղ ներառված են նաև երեք մինի-սերիալներ, որոնք հիմնված են Spawn-ի աշխարհի վրա՝ «Վիոլատոր» (Violator), «Վիոլատոր/Բեդրոք» (Violator/Badrock) և «Սպաուն. Արյան վրեժ» (Spawn: Blood Feud): 1995 թվականին նրան հանձնարարում են Ջիմ Լիի (Jim Lee) ամսական կոմիքսը՝ «Վայրի կատուներ» (WildC.A.T.s): Մուրը գրում է այս կոմիքսի 14 համար, սկսած 21-րդ համարից։ Սա պատմություն է երկու խումբ սուպերհերոսների մասին, որոնցից մեկը տիեզերանավով մեկնում է իրենց հայրենի մոլորակ, իսկ մյուսը մնում է Երկրի վրա։ Ալան Մուրի կենսագիր Լենս Պարկինը քննադատաբար է արտահայտվում այս կոմիքսի մասին և անվանում է այն «Մուրի վատագույնը»։ Նա գրում է. «Դուք զգում եք, որ Մուրը պետք է ավելի լավը լիներ։ Այս կոմիքսը յուրահատուկ չէ»։ Ինքը՝ Ալան Մուրը, հետագայում կասի, որ վերցրել է այս կոմիքսը (միակ ամսական սերիալը «Ճահճային արարածից» հետո) հիմնականում այն պատճառով, որ հարգում էր Ջիմ Լիին։ Նա լիովին գոհ չէր այս աշխատանքից, կարծելով, որ չափազանց շատ էր ցանկանում գոհացնել երկրպագուներին՝ նոր բան անելու փոխարեն։
Այնուհետև նա ձեռնարկում է Ռոբ Լիֆելդի (Rob Liefeld) «Սուպրիմ» (Supreme) կոմիքսը։ Սա պատմություն է մի կերպարի մասին, որը շատ նման է DC Comics-ի Սուպերմենին։ Փոխանակ կոմիքսը ավելի իրատեսական դարձնելու, ինչպես նա արել էր նախկինում սուպերհերոսների մասին կոմիքսների հետ, Մուրը վարվում է ճիշտ հակառակ կերպ. գրում է պատմություններ 1960-ականների Սուպերմենի կոմիքսների «արծաթե դարաշրջանի» ոգով։ Նա ներմուծում է իգական սեռի սուպերհերոս՝ Սուպրիմա, սուպերշուն Ռադար, և Կրիպտոնիտին նման նյութ, որը կոչվում է Սուպրեմիում։ Նույնպես նա վերադառնում է ամերիկյան սուպերհերոսի բնօրինակ «առասպելական» կերպարին, որը գոյություն ուներ 1930-ականներից։ Մուրի հետ «Սուպրիմը» ձեռք է բերում առևտրային հաջողություն և քննադատների դրական արձագանքներ։ Սա նշանակում էր, որ Ալան Մուրը վերադարձել է մեծ կոմիքսների աշխարհ կամավոր աքսորի մի քանի տարիներից հետո։
Շուտով Image Comics-ում պառակտում է տեղի ունենում։ Համահիմնադիրներից մեկը՝ Ռոբ Լիֆելդը (Rob Liefeld), ստեղծում է իր սեփական ընկերությունը՝ Awesome Entertainment, և առաջարկում է Ալան Մուրին ստեղծել նոր տիեզերք, որտեղ կարող էին գոյություն ունենալ իրեն պատկանող Image Comics-ի կերպարները։ Ալան Մուրն առաջարկում է «շունչը կտրող և հանդուգն լուծում։ Նա ստեղծում է երկար և նրբագեղ պատմություն այս նոր կերպարների համար՝ հարմարեցնելով նրանց ոճավորված արծաթե և ոսկե դարաշրջաններին»։ Նա սկսում է պատմություններ գրել բազմաթիվ կերպարների համար, ինչպիսիք են Դոբլեսթը (Glory) և Երիտասարդ արյունը (Youngblood): Նույնպես նա գրում է եռամաս մինի-սերիալ «Դատաստանի օր» (Judgement Day), որում նկարագրվում է նոր աշխարհի՝ «Հրաշալի Տիեզերքի» (Awesome Universe) հիմքը։ Սակայն ինքը՝ Մուրը, դժգոհ է Լիֆելդի հետ աշխատանքից։ Նա հետագայում կնկարագրի դա այսպես. «Ես այնքան հոգնել էի նրանից ստացած տեղեկատվության անվստահելիությունից, որ դադարեցի նրան վստահել։ Չեմ կարծում, որ նա հարգում էր իմ աշխատանքը, և, հետևաբար, ինձ համար էլ դժվար էր հարգել նրան։ Նաև այդ ժամանակ ես զգացի, որ չեմ վստահում Image Comics-ի աշխատակիցներին, բացառությամբ Ջիմ Լիի (Jim Lee) կամ Ջիմ Վալենտինոյի (Jim Valentino) և ևս մի քանիսի»։ 1990-ականների վերջում Մուրը վերադարձավ մեծ կոմիքսների աշխարհ։ Աշխատում էր Image Comics-ում, իսկ հետո գլխավորեց America's Best Comics հրատարակչությունը, որտեղ հրատարակեց իր «Արտառոց ջենթլմենների լիգա» (The League of Extraordinary Gentlemen) և օկուլտիզմի վրա հիմնված «Պրոմեթևս» (Promethea) աշխատանքները։
Ամերիկայի լավագույն կոմիքսներ․ 1999—2008
[խմբագրել | խմբագրել կոդը]Image-ի համահիմնադիրներից մեկը՝ Ջիմ Լին, առաջարկում է Ալան Մուրին թողարկել սեփական ամսագիր, որը կգտնվի Լիի Wildstorm ընկերության կառավարման ներքո։ Մուրը համաձայնվում է և որոշում է այն անվանել America's Best Comics (Ամերիկայի լավագույն կոմիքսները)։ Նա ինքն է ընտրում նկարիչներին և հեղինակներին, ովքեր օգնելու են իրեն ամսագիրը պատրաստել։ Սակայն որոշ ժամանակ անց Լին վաճառում է Wildstorm-ը (հետևաբար նաև America's Best Comics-ը) արդյունաբերության հսկա DC Comics-ին։ «Ալան Մուրը կրկին հայտնվում է այն ընկերությունում, որի հետ երդվել էր երբեք չաշխատել»։ Այնուամենայնիվ, նա որոշում է մնալ՝ բացատրելով դա նրանով, որ շատ մարդիկ են ներգրավված նախագծում։ Այսպիսով, ABC-ն սկսում է իր գոյությունը 1999 թվականի սկզբին։ Քանի որ Ալան Մուրը խիստ դժգոհ է ստեղծված իրավիճակից, Լին և ամսագրի խմբագիր Սքոթ Դանբիրը (Scott Dunbier) անձամբ են թռչում Անգլիա՝ Մուրին հավաստիացնելու, որ ամսագրի վաճառքը նրան չի վերաբերի, և նրան ընդհանրապես պետք չի լինի շփվել DC-ի հետ։
ABC-ում թողարկված առաջին կոմիքսը դառնում է «Արտակարգ ջենթլմենների լիգան»։ Այս կոմիքսը միավորում է վիկտորիանական արկածային վեպերի բազմաթիव կերպարների, օրինակ՝ Հ. Ռայդեր Հագարդի (H. Rider Haggard) գրքերից Ալան Քուոթերմեյնին (Allan Quatermain), Անտեսանելի մարդուն, Կապիտան Նեմոյին, դոկտոր Ջեքիլին և միստր Հայդին և Բրեմ Սթոքերի «Դրակուլայից» Վիլհելմինա Մյուրեյին։ Կոմիքսը նկարազարդում է Քևին Օ'Նիլը (Kevin O'Neill): Առաջին թողարկման մեջ Լիգան կռվում է պրոֆեսոր Մորիարթիի դեմ՝ Շերլոք Հոլմսի մասին գրքերի չարագործի, երկրորդում՝ Հերբերտ Ուելսի «Աշխարհների պատերազմ» գրքի մարսեցիների դեմ։ Երրորդ մասը՝ «Սև դոսյե» (The Black Dossier) վերնագրով, հերոսներին տեղափոխում է քսաներորդ դարի 50-ական թվականներ։ Կոմիքսները հաջողված են ստացվում, ինչից Մուրը խիստ գոհ է մնում։ Նրան դուր է գալիս, որ ամերիկյան լսարանին դուր է գալիս այն, ինչը նա անվանում է «համառորեն անգլիական», և որ այս կոմիքսները կարող են որոշ ընթերցողների մղել կարդալու վիկտորիանական գրականության բնօրինակ ստեղծագործությունները։
ABC-ի կողմից թողարկվող Ալան Մուրի մեկ այլ կոմիքս է դառնում «Թոմ Սթրոնգը» (Tom Strong)՝ սուպերհերոսի մասին պոստմոդեռնիստական պատմություն, որը թեև պարոդիկ, բայց հարգանքի տուրք է մատուցում սուպերհերոսական ժանրին։ Այս կերպարի ստեղծման համար Մուրին ոգեշնչում են Սուպերմենին նախորդող հերոսները՝ ինչպիսիք են Դոկտոր Սավեջը (Doc Savage) և Թարզանը (Tarzan): Կերպարը որոշակի դեղամիջոցի օգնությամբ անմահություն է ստանում, ինչը թույլ է տալիս Մուրին պատմության մեջ ներառել ֆլեշբեքներ (հուշեր) Սթրոնգի արկածների մասին ողջ XX դարի ընթացքում, որոնք գրված և նկարված են համապատասխան դարաշրջանի կոմիքսների և գրականության ոճով։ Այս կոմիքսի հիմնական նկարիչը դառնում է Քրիս Սպրաուսը (Chris Sprouse): «Թոմ Սթրոնգը» շատ նման է ստացվում Սուպրիմի (Supreme) մասին պատմություններին, սակայն, ինչպես հետագայում կնշի Լենս Պարքինը, ստացվում է «ավելի նուրբ» և դառնում է «ABC-ի ամենամատչելի կոմիքսը»։
Ալան Մուրի մեկ այլ կոմիքս է «Լավագույն տասնյակը» (Top 10): Սա կատակերգական ոստիկանական կոմիքս է Նեոպոլիս (Neopolis) կոչվող քաղաքի կյանքի մասին, որտեղ բացարձակապես բոլորը՝ ոստիկաններից և հանցագործներից մինչև հասարակ մարդիկ և նույնիսկ ընտանի կենդանիները, ունեն գերբնական ունակություններ, կրում են զգեստներ և վարում են կրկնակի կյանք։ Այս կոմիքսը նկարում են Ջեն Հան (Gene Ha) և Զանդեր Քենոնը (Zander Cannon): 12 թողարկումից հետո կոմիքսն ավարտվում է։ Բայց չնայած փոքր ծավալին, ծնունդ է տալիս չորս լրացուցիչ մինի-սերիաների՝ «Smax»՝ ֆենթեզի մինի-սերիալ, նկարված Զանդեր Քենոնի կողմից; «Top 10: Forty-Niners»՝ հիմնական պատմության նախապատմություն, նկարված Ջեն Հայի կողմից; և երկու շարունակություն մինի-սերիալներ՝ «Լավագույն տասնյակ. հեռավոր շրջանից այն կողմ» (Top 10: Beyond the Farthest Precinct) և «Լավագույն տասնյակ. երկրորդ սեզոն» (Top 10: Season Two): Երկու շարունակությունն էլ արդեն Մուրը չի գրում։ Առաջինի հեղինակը դառնում է Փոլ Դի Ֆիլիպոն (Paul Di Filippo), իսկ նկարում է այն Ջերի Օրդվեյը (Jerry Ordway): Երկրորդ կոմիքսը գրում է Զանդեր Քենոնը, իսկ նկարում է Ջեն Հան։
Հաջորդ նշանակալի կոմիքսը դառնում է Ալան Մուրի «Պրոմեթեա» (Promethea) սերիալը։ Այն պատմում է դեռահաս աղջկա՝ Սոֆի Բենգսի (Sophie Bangs) պատմությունը, որին տիրել է հին հեթանոսական աստվածուհի Պրոմեթեան (Promethea): Կոմիքսում ուսումնասիրվում են բազմաթիվ էզոթերիկ թեմաներ, օրինակ՝ Կաբբալան և հենց կախարդանքի գաղափարը։ Մուրը հայտարարում է, որ «կցանկանար ստեղծել էզոթերիկ կոմիքս, որը չէր ներկայացնի էզոթերիզմը որպես մութ և ահավոր մի բան, քանի որ իմ տեսլականն էզոթերիզմի մասին բոլորովին այլ է՝ ավելի փսիխոդելիկ, ավելի բարդ, ավելի փորձարարական, ավելի հիացմունքային և առատ»։ Կոմիքսը նկարում է Ջ. Էյչ. Ուիլյամս Երրորդը (J.H. Williams III): «Պրոմեթեան» Ալան Մուրի ամենաանձնական աշխատանքներից մեկն է, այն արտացոլում է «նրա հայացքների համակարգը և անձնական տիեզերագիտությունը»։
ABC ամսագիրը նաև տպագրում է «Վաղվա պատմություններ» (Tomorrow Stories) անթոլոգիան, որտեղ հանդես են գալիս այնպիսի կերպարներ, ինչպիսիք են Սարդոստայնը (Cobweb), Առաջին Ամերիկացին (First American), Գորշավերնաշապիկը (Greyshirt), Ջեք Բ. Քուիքը (Jack B. Quick) և Սփլեշ Բրանիգանը (Splash Brannigan)։ «Վաղվա պատմությունները» ստեղծվում են հենց որպես անթոլոգիա՝ ժանր, որն այս ժամանակ գործնականում վերացել էր ամերիկյան կոմիքսների արդյունաբերությունում։
Միևնույն ժամանակ, հակառակ խոստումների, որ DC Comics-ը չի միջամտի Ալան Մուրի աշխատանքին, նրանք այնուամենայնիվ միջամտում են, ինչը առաջացնում է նրա ուժեղ զայրույթը։ Օրինակ, «Արտակարգ ջենթլմենների լիգայի» հինգերորդ համարում օգտագործվել էր «Marvel»-ի ապրանքանիշի հին ներարկիչի իրական գովազդը։ DC-ն ստիպում է ամսագրի տնօրեն Փոլ Լևիցին (Paul Levitz) հետ կանչել ողջ տպաքանակը և վերահրատարակել այն՝ «Marvel»-ը վերանվանելով «Amaze», Marvel Comics-ի հետ հնարավոր խնդիրներից խուսափելու համար։ Սարդոստայնի (Cobweb) պատմությունը, որը Մուրը գրել էր «Վաղվա պատմությունների» ութերորդ համարի համար, արգելվում է հրատարակման՝ Լ. Ռոն Հաբբարդի (L. Ron Hubbard) և ամերիկացի օկուլտիստ Ջեք Փարսոնսի (Jack Parsons) «Բաբալոնի աշխատանքը» (Babalon Working) գրքին հղումների պատճառով։ Իսկ ավելի ուշ պարզվում է, որ այս պատմությունը հրատարակվել է DC Comics-ին պատկանող Paradox Press ամսագրում՝ «Դավադրությունների մեծ գիրք» վերնագրով։
ABC-ում աշխատանքին զուգահեռ Ալան Մուրն աշխատում է նաև այլ նախագծերի վրա։ 2003 թվականին Shadowsnake Films կինոստուդիան նկարահանում է նրա մասին վավերագրական ֆիլմ՝ «The Mindscape of Alan Moore», որը թողարկվում է DVD-ով։
Վերադարձ դեպի անկախություն․ 2009 թվականից հետո
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալան Մուրը դադարեցնում է աշխատանքը America's Best Comics-ի համար նախատեսված կոմիքսների մեծ մասի վրա։ Այս ամենը տեղի է ունենում DC Comics-ի՝ իր աշխատանքին միջամտելու պատճառով։ Մուրը կրկին որոշում է հեռանալ կոմիքսների արդյունաբերությունից։ 2005 թվականին Բիլ Բեյքերի (Bill Baker) հետ զրուցելիս նա նշել է. «Ես սիրում եմ կոմիքսներ, բայց ատում եմ արդյունաբերությունը։ 15 ամիս անց ես, ամենայն հավանականությամբ, կրկին կհեռանամ խոշոր առևտրային կոմիքսների արդյունաբերությունից»։ Այնուամենայնիվ, ABC-ի կոմիքսներից մեկի՝ «Երևելի ջենտլմենների լիգայի» վրա Մուրը շարունակում է աշխատել։ «Երևելի ջենտլմենների լիգա, Հատոր III. Դար» (The League of Extraordinary Gentlemen, Volume III: Century) շարունակությունը բաղկացած է 216 էջից և հրատարակվում է երեք մասով՝ յուրաքանչյուրը 72 էջ։ Առաջին մասը լույս է տեսել 2009 թվականի մայիսի 13-ին, երկրորդը՝ 2010 թվականի հուլիսի 20-ին, երրորդը՝ 2012 թվականի հունիսի 27-ին։
2006 թվականին «Կորած աղջիկները» (Lost Girls) հավաքածուի հրատարակությունից հետո Ալան Մուրը հոդված է հրապարակում, որտեղ հետևում է պոռնոգրաֆիայի պատմությանը։ Նա պնդում է, որ բոլոր սոցիալական փոփոխությունները կապված են սեռական հարցերում ամենաթողության հետ։ Նա դատապարտում է պոռնոգրաֆիայի մասին ժամանակակից կարծիքը՝ որպես ամոթալի և արգելված երևույթ։ Նա կոչ է անում նոր, ավելի գեղարվեստական պոռնոգրաֆիայի, որը կարելի է բացեիբաց քննարկել և որը դրական ազդեցություն կունենա հասարակության վրա։ Այս մասին նա ավելի մանրամասն խոսում է «25,000 տարվա էրոտիկ ազատություն» (25,000 years of Erotic Freedom) վերնագրով էսսե-գրքում, որը հրատարակվում է 2009 թվականին և ստանում է հետևյալ բնութագիրը. «չափազանց սրամիտ պատմական դասախոսություն, յուրօրինակ «Սարսափելի պատմություններ» (Horrible Histories)՝ մեծահասակների համար»։
2007 թվականին Ալան Մուրը երկարատև սիրավեպից հետո ամուսնանում է Մելինդա Ջեբբիի հետ (նկարչուհի, որի հետ նրանք աշխատել են Lost Girls-ի վրա)։ Նույն թվականին նա հայտնվում է «Սիմփսոնները» (The Simpsons) մուլտսերիալում (Մուրի սիրելի մուլտսերիալը) «Ամուսիններ և դանակներ» (Husbands and Knives) վերնագրով սերիայում, որը ցուցադրվել է նրա հիսունչորսերորդ ծննդյան օրը։
2009 թվականին Ալան Մուրը սկսում է հրատարակել «21-րդ դարի առաջին անդեգրաունդ ամսագիրը»։ Ամսագիրը կոչվում է «Dodgem Logic» (Dodgem՝ մանկական ատրակցիոնի էլեկտրամոբիլ)։ Ամսագրում հրատարակվում են Նորթհեմփթոնի հեղինակների (գրողների և նկարիչների) աշխատանքները, ինչպես նաև Մուրի սեփական աշխատանքները։ Մեկ այլ նախագիծ է դառնում «The Moon and Serpent Bumper Book of Magic» օկուլտ դասագիրքը, որի վրա նրանք աշխատում են Սթիվ Մուրի (Steve Moore) հետ համատեղ։ Դասագիրքը նախատեսվում է հրատարակել 2013 թվականին Top Shelf հրատարակչությունում։ Նաև ներկայումս Ալան Մուրն աշխատում է իր երկրորդ տեքստային վեպի՝ «Երուսաղեմ» (Jerusalem) վրա, որի գործողությունները նույնպես տեղի են ունենալու Նորթհեմփթոնում։
2010 թվականից Մուրը սկսեց հրատարակել «Providence» կոմիքսների շարքը, որոնց գործողությունները տեղի են ունենում Հ. Լավքրաֆտի տիեզերքում։ Avatar Press-ը նախկինում հրատարակել էր Ալան Մուրի «Alan Moore's Yuggoth Cultures and Other Growths» ժողովածուն, որում ներառված էին չհրատարակված պատմվածքներ և նյութեր, ինչպես նաև Մուրի բանաստեղծությունների կոմիքսային ադապտացիաներ, որոնք նվիրված էին կամ հիմնված էին Լավկրաֆտի ստեղծագործությունների վրա 2003 թվականին։ Հետո լույս տեսան «The Courtyard»-ի երկու մասերը՝ որպես Լավկրաֆտի մոտիվներով ադապտացիա։ «Neonomicon» սարսափի մինի-շարքը Մուրի առաջին օրիգինալ կոմիքսն էր, որը հրատարակվել է Avatar Press-ի կողմից, Ջեյսեն Բերոուզի նկարազարդումներով, ով նաև նկարազարդել էր ավելի վաղ ադապտացիաները։ Կոմիքսների վերջին թողարկումը լույս է տեսել 2011 թվականի հունվարին։ 2015-ից 2017 թվականներին լույս է տեսել «Providence» 12-մասանոց շարքը, որը ներառում է տեղեկություններ Լավկրաֆտի և «Կտուլհուի առասպելների» աղբյուրների մասին և դարձել է «Neonomicon»-ի նախապատմությունը[1]:
Ալան Մուրը գրել է «Կտուլհուի առասպելների» մասին պատմվածքներ. «Ներքին բակը» (1994), «Խոստովանություն» (1995), «Զամանի բլուրը» (1995)
Dodgem Logic-ը ներկայումս լույս է տեսնում ամսական՝ յուրաքանչյուր համարում Ալան Մուրի փոքր հոդվածներով, ներառյալ մեկ մինի-կոմիքս, որը գրված և նկարված է հենց Մուրի կողմից։ Կոմիքսը կոչվում է «Astounding Weird Penises», բաղկացած է ութ էջից և պարունակում է պատմություններ մոգության և հասարակության մեջ դրա տեղի մասին։
Էկրանավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]Նրա գրքերից մի քանիսը, ինչպիսիք են «Դժոխքից», «Արտակարգ ջենթլմենների լիգան», «V՝ նշանակում է վրեժ» և «Պահապաններ»-ը, էկրանավորվել են Հոլիվուդի կողմից, սակայն Հոլիվուդի կողմից սյուժեի մեջ մտցված էական փոփոխությունների պատճառով, հեղինակը նախընտրել է, որ իր անունը չնշվի ֆիլմերից յուրաքանչյուրի տիտրերում։
- Ragnarok, 1982, Ալան Մուրի սցենարով
- «Fashion Beast». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 6-ին., 1988, Մուրի կողմից Մալքոլմ Մաքլարենի համար ստեղծված չիրականացված սցենար։
- Ճահճային արարածի վերադարձը, 1989
- Դժոխքից, 2001
- Երևելի ջենտմենների լիգա, 2003
- Կոնստանտին, 2005, Ջոն Կոնստանտին կերպարը ստեղծվել է Մուրի կողմից՝ Սթիվ Բիսքեթի, Ջոն Թոթլիբենի և Ռիք Վեյթչի համահեղինակությամբ «Ճահճային արարած» կոմիքսի համար
- V — նշանակում է Վենդետա, 2006
- Հսկիչները, 2009
- Բեթմեն․ Մահացու կատակ, 2016
- Հսկիչները, 2019
Մատենագրական ընտրանի
[խմբագրել | խմբագրել կոդը]DC
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Պահապաններ»
- «V — նշանակում է Վենդետա»
- «Երևելի ջենտմենների լիգա»
- «Ապագայի պատմություններ»
- «Առաջին տասնյակ» (#1-12, Smax, 49-րդ տեղ)
- «Պրոմեթևս»
- «Ճահճային Արարած» (Vol. 2 № 21-64)
- «Սուպերմեն» ամենամյա հանդես #11
- «Սուպերմեն» #423 и «Action Comics» #583 (Superman: Whatever Happened to the Man of Tomorrow?)
- «Բեթմեն․ մահացու իր»
- «Կանաչ Լապտերներ շարքի հեքիաթներ» ամենամյա հանդես #2-3
Image
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Բարձրյալ» (№ 41-56, «Վերադարձ»)
- «Վայրի կատուներ» (Vol..1 #21-34)
Ինքնուրույն հրատարակոթյուն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Դժոխքից»
- «1963»
- «Օրեոլ Ջոնս»
- «Կորած աղջիկները»
- «Հրաշագործ»
Նոն-ֆիքշն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «25 000 лет эротической свободы»«Ալան Մուրը գրում է կոմիքսների համար», Avatar Press, (սկզբնապես հրատարակվել է «Գովազդատուի ֆանտազիա» 92-95, Օգոստոս 1985 - փետրվար 1986 և The Comics Journal 119-121, 1988)
Avatar Press
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Նորաձև գազան»
- «Ոչ մեծ սպանություն»
- «Neonomikon»
- «Providence» (Փրովիդենս)
Արձակ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ձայն կրակի միջից» (1996)
- «Երուսաղեմ» (2016)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 2,0 2,1 Lambiek Comiclopedia — Lambiek, 1999.
- ↑ 3,0 3,1 Ray M. Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #123700485 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ https://www.comic-con.org/awards/inkpot
- ↑ http://www.hahnlibrary.net/comics/awards/eisner88.php
- ↑ http://www.hahnlibrary.net/comics/awards/eisner89.php
- ↑ http://www.hahnlibrary.net/comics/awards/eisner95.php
- ↑ http://www.hahnlibrary.net/comics/awards/eisner96.php
- ↑ http://www.hahnlibrary.net/comics/awards/eisner97.php
- ↑ http://www.hahnlibrary.net/comics/awards/eisner00.php
- ↑ http://www.hahnlibrary.net/comics/awards/eisner01.php
- ↑ http://www.hahnlibrary.net/comics/awards/eisner04.php
- ↑ http://www.hahnlibrary.net/comics/awards/eisner06.php
- ↑ https://www.comic-con.org/awards/eisner-award-recipients-2010-present
- ↑ 16,0 16,1 16,2 16,3 16,4 https://www.comic-con.org/awards/1980s-recipients
- ↑ 17,0 17,1 17,2 17,3 17,4 17,5 17,6 https://www.harveyawards.com/en-us/winners/previous-winners.html
- ↑ Կաղապար:Нп3 The Extraordinary Works of Alan Moore. — North Carolina: Կաղապար:Нп3, 2003. — С. 10. — ISBN 978-1-893905-24-5
- ↑ 19,0 19,1 Կաղապար:Нп3 Alan Moore: The Pocket Essential. — Hertfordshire, England: Կաղապար:Нп3, 2002. — С. 7. — ISBN 978-1-903047-70-5
- ↑ Doyle-White, Ethan Occultic World of Alan Moore(անգլ.) // Կաղապար:Нп3 : magazine. — № 29.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Паркин Л. Алан Мур: Магия слова = Magic Words: The Extraordinary Life of Alan Moore / пер. с англ. С. Карпова. — М.: Эксмо, Fanzon, 2019. — 608 с. — (Fanzon. Всё о великих фантастах). — ISBN 978-5-04-101311-0
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «ru_watchmen». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 2-ին. Русскоязычное сообщество ЖЖ, посвященное Алану Муру
- Жизнь и творчество Алана Мура в трёх главах