Ազուլեժու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջորջ Կոլակոյի ազուլեժուն, որ ներկայացնում է պորտուգալական և կաստիլական զորքերի միջև կայացած Աժուբարոտայի ճակատամարտից (1385) դրվագ, Պորտուգալիա, Լիսաբոն

Ազուլեժու (պորտ.՝ azulejo [ɐzuˈleʒu]), պորտուգալական սալիկների տեսակ։ Ազուլեժուներ կարելի է գտնել եկեղեցիների, պալատների, սովորական տների, դպրոցների, այժմ նաև ռեստորանների, սրճարանների և նույնիսկ երկաթգծերի ու մետրոների կայարանների ներքին և արտաքին ձևավորումներում։ Դրանք օգտագործվում են ոչ միայն որպես դեկորատիվ արվեստի ձև, այլև ունեն այլև գործառույթների, ինչպես տների ջերմաստիճանի պահպանման կարողություն։

Դրանք մինչ այժմ պորտուգալական ճարտարապետության մեջ հիմնական դերակատարում ունեն, քանի որ դրանք ամրացված են պատերին, հատակին և նույնիսկ առաստաղներին։

Ազուլեժուները հիմնականում քառակուսի են` 14 սմ երկարությամբ և 14 սմ լայնությամբ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

13-րդ դար[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազուլեժու բառը փոխառվել է արաբերենից (արաբ․՝ الزليج‎‎, az-zulayj) և նշանակում է «ողորկ քար»[1][2]։ Անսխալ արաբական ազդեցությունները երևում են շատ սալիկների վրա` գծային, երկրաչափական կամ ծաղկավոր համադրություններով։ Զելիժ արհեստը դեռ օգտագործվում է արաբական աշխարհում երկու հիմնական ավանդույթներով` «եգիպտական զալիժ» և «մարոկական զելիժ», որոնցից վերջինս ավելի հայտնի է։

Իսպանական Սևիլյա քաղաքը դարձել է իսպանամավրիտանական սալիկների արդյունաբերության հիմնական կենտրոնը։ 13-րդ դարի ամենաառաջին ազուլեժուները ալիկատադոներն էին (սալիկ-խճանկարներ)[3]։ Դրանք պատված էին մեկ գույնով և կտրված էին երկրաչափական պատկերների[4]։

16-րդ դար[խմբագրել | խմբագրել կոդը]

Իտալիայի կավագործները տեղափոխվեցին Սևիլյա 16-րդ դարի սկզբին և այնտեղ աշխատարաններ հիմնադրեցին։ Նրանք իրենց հետ բերեցին մայոլիկայի տեխնիկան, որը արհեստավորներին թույլ տվեց ավելի շատ պատկերներ ցուցադրել իրենց կոմպոզիցիաներում։ Առաջին իտալացի կավագործը, ով տեղափոխվեց Իսպանիա, Ֆրանցիսկո Նիկուլոսոն էր, ով բնակություն հաստատեց Սևիլյայում 1498 թվականին[5]։ Իտալացի նկարիչների կողմից ներկայացված ռենեսանսի ոճի ազդեցությամբ շատ ազուլեժուներ պատկերում էին այլաբանական կամ դիցաբանական տեսարաններ, աստվածաշնչյան սրբերի կյանքից տեսարաններ կամ որսորդական տեսարաններ։ Մաներիզմը և գրոտեսկը մեծ ազդեցություն ունեցան ազուլեժուների վրա։

Մինչև 16-րդ դարի կեսերը պորտուգալացիները շարունակում էին վստահել օտար երկրներից` հատկապես Իսպանիայից ներկրումներին, ինչպիսիք էին Ֆրանցիսկո Նիկուլոսոյի «Ավետումը» Էվորայում, բայց ավելի փոքր չափսերով։ 16-րդ դարի պորտուգալացի առաջին վարպետներից էր Մարկալ դե Մաթոսը, որին վերագրվում են «Սուսաննան և ծերունիները» (1565), «Quinta da Bacalhoa», ինչպես նաև «Հովիվների երկրպագությունը» (Ազուլեժուի ազգային թանգարան, Լիսաբոն)։ «Սուրբ Ռոքեի հրաշագործությունը» (Սան Ռոքե եկեղեցի, Լիսաբոն) պորտուգալացիների առաջին ազուլեժուներից է (1584)։ Նրա հեղինակը Ֆրանսիսկո դե Մաթոսն է, ով հավանաբար Մարկալ դե Մաթոսի զարմիկն ու աշակերտն է եղել։ Նրանք երկուսն էլ ոգեշնչվել են Վերածննդի արվեստով, իտալական և ֆլամանդական գեղանկարչությամբ ու փորագրություններով։ 16-րդ դարի ազուլեժուների հավաքածուն կարելի է գտնել պորտուգալական Բեժա քաղաքի թանգարանում։

Շախմատաձև ազուլեժուներ Իգրեյա Մատրից դե Կամբրայի ճակատային մասում

16-րդ դարի վերջին գծավոր ազուլեժուն Պորուգալիայում հիմնականում կիրառում էին մեծ մակերեսներով շինությունները, օրինակ` եկեղեցիները, մենաստանները զարդարելու համար։ Հաճախ անկյունագծով տեղադրված հասարակ սպիտակ սալիկները զարդարում էին երկնագույն քառակուսիներով և եզրային նեղ սալիկներով։

17-րդ դար[խմբագրել | խմբագրել կոդը]

Շուտով հասարակ սպիտակ սալիկներին փոխարինելու են գալիս բազմագույն սալիկները (enxaquetado rico): Դրանցով բարդ պատկերներ էին հավաքում, ինչպես օրինակ Սանտարեմի Սանտա Մարիա դե Մարվիլա եկեղեցու ազուլեժուն։

Երբ ուղղահայաց սալիկները փոխարինվեցին հորիզոնական բազմագույն սալիկների կրկնվող նախշերով, կարելի եղավ ստանալ նոր դիզայն` ներկայացնելով տարբեր թեմաներ, իսկ ավելի հաճախ միահյուսված վարդեր, քամելիաներ, երբեմն ծաղկաշղթաներ։ Կրոնական թեմաներով ազուլեժուները ներկայացնում են Քրիստոսի կամ սրբերի կյանքի դրվագներ։ Գորգային կոմպոզիցիաները (այդպես էին կոչվում արհեստական եզրազարդով դրվագված ազուլեժուները) մեծ քանակությամբ արտադրվել են 17-րդ դարի ընթացքում։ Դրանց լավագույն օրինակների կարելի է հանդիպել Էվորայում, Կոիմբրայում, Օբրալ դե Մոնտե Ագրացիոյում։

Ազուլեժուի կիրառումը խորանը ձևավորելու համար բնորոշ է Պորտուգալիային։ Դրվագը կարող էր բաղկացած լինել մեկ ամբողջական կամ երկու-երեք մասնատված մասերից։ Դրանք օգտագործվել են 16-րդ, 17-րդ և 18-րդ դարերում։ 17-րդ դարի որոշ գործեր արևելյան կտոր են հիշեցնում:Սալիկների դեղին եզրազարդերը նմանվում էին խորանի կտորի ոսկե գծերին։ Դրա հրաշալի օրինակներ են Սուբ Մարտայի հիվանդանոցի (Լիսաբոն), Ալմոստերի եկեղեցու, Բուսակուի մենաստանի ազուլեժուները։

Այդ նույն շրջանում տարածում է գտնում ևս մեկ մոտիվ` ծաղկի սկահակները, որոնք դրվագված են թռչուններով, դելֆիններով։ Հնարավոր է, որ այդ մոտիվի ներշնչման աղբյուրը եղել է սկահակներ պատկերող ֆլամանդական գեղանկարչությունը. այդ թեման բնորոշ է, օրինակ, Յան Բրեյգել Ավագին։ Մոտիվը լայնորեն պատկերվել է նաև 18-րդ դարում։

18-րդ դար[խմբագրել | խմբագրել կոդը]

17-րդ դարի վերջը և 18-րդ դարի սկիզբը համարվում են «ազուլեժուի ոսկեդար», այսպես կոչված «վարպետների դարաշրջան» (Ciclo dos Mestres): Ազուլեժուի մեծ պահանջարկ է առաջանում ոչ միայն Պորտուգալիայում, այլև Բրազիլիայի պորտուգալական գաղութում։ Մեծաթիվ պատվերները բավարարելու համար եզակի օրինակով թանկարժեք սալիկներին փոխարինելու են գալիս կրկնվող նախշերով ավելի էժան սալիկները։ Եկեղեցիները, վանքերը, պալատները, նույնիսկ տները ներսից ու դրսից պատվում են ազուլեժուով։ Դրանցից շատերին բնորոշ են բարոկկոյի տարրերը։

18-րդ դարասկզբի առավել նշանավոր վարպետ - դիզայներներից են Անտոնիու Պերեյրան, Մանուել դուշ Սանտուշը, Անտոնիու դի Օլիվեյրան, նրա որդին` Պոլիկարպո դի Օլիվեյրան, ՊՄՊ վարպետը (հայտնի է միայն անվան առաջին տառերով), նրա գործընկերներ Տեոտոնիո դուշ Սանտուշը և Վալենտին դե Ալմեյդան, Բարտոլոմեո Անտունեշը և վերջինիս աշակերտ Նիկոլաու դե Ֆրեյտասը։ Քանի որ նրանց գործունեության շրջանը համընկնում է Խուան V -ի կառավարման տարիներին (1706-1750), ապա այդ ոճը կոչվեց «խուանյան»։

Այդ նույն շրջանին են վերաբերում բնական չափերով ամբողջական կերպարներ պատկերող ազուլեժուները, որոնք ՊՄՊ վարպետի ձեռքի գործերն են։ Դրանք ներկայացնում են լաքեյներ, ազնվականներ, նրբաճաշակ զգեստներով կանանց և որպես կանոն գտնվում են պալատական մուտքերում (պալացո դա Միտրա), ներքին բակերում, սանդղահարթակներում։ Այդպիսի կերպարները պատկերում էին այցելուներին ողջունելու նպատակով։ Նման ազուլեժուները բնորոշ են բացառապես Պորտուգալիային։

Կասա դե Լոս Ազուլեժուս, Մեխիկո, 1737

1740-ական թվականներին պորտուգալական հասարակության ճաշակը փոխվում է. մոնումենտալ դրվագներից անցում է կատարվում ավելի փոքր չափերի, բայց ավելի նուրբ ազուլեժուի` ռոկոկո ոճով։ Դրանք ներկայացնում են հովվական թեմաներ, ինչպիսիք պատկերել է ֆրանսիացի նկարիչ Անտուան Վատտոն։ Դրա հրաշալի օրինակ են Դուկաս դե Մեսքուիթելայի պալատի (Լիսաբոն) ճակատային մասի և Կելուշ ազգային պալատի ազուլեժուները։ Բազմագույն սալիկների զանգվածային արտադրությունը հանգեցրեց կարծրատիպային դիզայնի։

1755 թվականի Լիսաբոնի մեծ երկրաշարժից հետո ավերված քաղաքի վերականգնման աշխատանքներում ազուլեժուն ձեռք բերեց ավելի գործնական դեր։ Այդ ոճը ստացավ «պոմբալյան ոճ» անվանումը մարքիզ Պոմբալի անունով, ով պատասխանատու էր քաղաքը վերականգնելու համար։ Կրոնական թեմայով ազուլեժուներ հայտնվեցին միայն այն շինություններին, որոնք նախատեսված էին ապագայում հնարավոր աղետները կանխելու համար։

Մեքսիկայում մեքսիկական մայոլիկայի` թալավերայի արտադրողները ազուլեժուն կիրառել են մի շարք շինությունների ձևավորման համար։ Դրանցից մեկը Կասա դե Լոսն է (Մեխիկո), որ կառուցվել է 1737 թվականին կոմս Էլ Վալյե դե Օրիսաբայի համար։ Մեքսիկայում կերամիկայի պատրաստման ավանդույթները սկզբնավորվել են 16-րդ դարի սկզբին` հետագայում ծաղկում ապրելով։

Նեոկլասիցիզմի պարզ, բաց գույներին փոխարինելու են գալիս խամրած գույները։ Այդ ավանդույթը Պորտուգալիայում տարածվել է Ջեյմս Ադամսի և Ռոբերտի քանդակներից։ Այս շրջանին են բնորոշ «ռատո» սալիկները։ Նշանավոր վարպետներից են եղել Սեբաստիան Ինասիո դե Ալմեյդան, նկարիչ Ֆրանցիսկո դե Օլիվեյրան, Ֆրանցիսկո Խորխե դա Կոշտան։

19-րդ դար[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազուլեժու ցուցատախտակ Սաո Բենտոյի գնացքի կայարանում, Պորտո, Պորտուգալիա

19-րդ դարի առաջին կեսին դեկորատիվ սալիկների արտադրությունն անկում է ապրում` նապոլեոնյան բանակի ներխուժման, ապա սոցիալ-տնտեսական փոփոխություններով պայմանավորված։ Երբ 1840 թվականին բրազիլացիները արտադրություն են սկսում Պորտուում, պորտուգալացիները, հետևելով բրազիլական նորաձևությանը, իրենց տների ճակատային մասերը ձևավորում են ազուլեժուով։ Այն ժամանակ, երբ այդ գործարանները թողարկում էին բարձրաքանդակային սալիկներ` միագույն կամ երկգույն, լիսաբոնյան գործարանները սկսում են այլ մեթոդ կիրառել. կապույտ-սպիտակ կամ բազմագույն սալիկներին տրասֆերտային տպագրում են իրականացնում։ 19-րդ դարի վերջին տասնամյակներին սկսում են օգտագործել սալիկների տպագրության այլ եղանակ։

Սալիկների գործարանային տպագրմանը զուգընթաց դրանք ձեռքով նկարազարդելու արվեստը չմոռացվեց. այդ եղանակը շարունակում էր զարգանալ հատկապես Մանուել Ժոակիմ դե Խեսուսի և Լուիս Ֆերեյրայի շնորհիվ։ Վերջինս, լինելով լիսաբոնյան Viúva Lamego գործարանի տնօրենը, գործարանի ճակատային մասը զարդարել է տալիս այլաբանական տեսարաններով։ Նրա ստեղծած պաննոյում առկա են ծաղիկներով սկահակներ, ծառեր, այլաբանական կերպարներ` գերբնական տեխնոլոգիայով։ Այդ սալիկները ձեռքի աշխատանք են, որոնք ներկայացնում են 19-րդ դարավերջի էկլեկտիկ ռոմանտիզմը։

20-րդ դար[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազուլեժուներ Պորտոյի խանութներից մեկում

20-րդ դարի սկզբին մոդեռն ոճով ազուլեժուներ են ի հայտ գալիս այնպիսի նկարիչների կողմից, ինչպիսիք են Ռաֆայել Բորդալո Պինեյրան, Ժուլիո Սեզար դա Սիլվան և Խոսե Անտոնիո Խորխե Պինտոն։ 1885 թվականին Ռաֆայել Բորդալո Պինեյրան հիմնում է կերամիկայի գործարան Կալդաս դա Ռաինյայում։ Քաղաքը հետագայում հայտնի է դառնում հենց այնտեղ արտադրված սալիկներով։ Այդ գործարանում կա թանգարան` սան Ռաֆայել, որը նվիրված է հեքիաթային ներշնչմամբ կատարված աշխատանքներին, հատկապես դեկորատիվ ափսեներին, քարե երգիծական կերպարներին։

Ազուլեժուներ Պորտուգալիայի Օբիդոս քաղաքում

1930-ական թվականներին ի հայտ եկան ար-դեկո ոճով սալիկներ, որոնց հեղինակը Անտոնիու Կոշտան էր։ Մոնումենտալ աշխատանք է Պորտու քաղաքի Սան Բենտո կայարանի նախասրահը, որ զարդարված է 20.000 սալիներով։ Դրանք ներկայացնում են պատմական թեմաներ։ Ամբողջ սրահը կարծես ռոմանտիկ բացիկ-նկար լինի։ Սա ազուլեժուի ամենահայտնի դրսևորումներից է 20-րդ դարում։ Սանտո Ինդելֆոնսո և Կոնգրեգադոս եկեղեցիների ճակատային մասերը վկայում են Խորխե Կոլակոյի վարպետության մասին։

20-րդ դարի նկարիչներից են Խորխե Բարադասը, Խորխե Մարտինսը, Մենեզ և Պաուլ Ռեգոները։ Մարիա Կեյլի դիզայնով Լիսաբոնի մետրոյի 19 կայարաններում ստեղծվում են աբստրակտ գործեր (1957-1972)։ Դրանց շնորհիվ երբեմնի նշանակությունը կորցրած ազուլեժուն կրկին վերածնվում և պահանջարկ է ստանում։ Այդ կայարանների ձևավորումը ժամանակակից սալիկային արվեստի գլուխգործոց է։ 1988 թվականին մի շարք նկարիչներ` Ժուլիո Պոմարը, Մարիա Խելենա Վիեյրան, Սա Նոգեյրան, Մանուել Կարգալեյրոն, ձեռնամուխ են լինում մետրոյի նոր կայարանների ձևավորմանը ազուլեժուով։

Ազուլեժու թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիսաբոնում գործում է Ազուլեժու թանգարանը, որտեղ ներկայացված է Պորտուգալիային բնորոշ սալիկային արվեստի զարգացումը։ Թանգարանում ներկայացված է ազուլեժուի պատմությունը նախնական փուլերից մինչև մեր օրերը։ Ցուցանմուշներից մեկը ներկայացնում է 1755 թվականին նոյեմբերի 1ավերիչ երկրաշարժին նախորդող շրջանի լիսաբոնյան տեսարան։ Ազուլեժուն պատրաստվել է 1730 թվականին և ունի 40 մ երկարություն։

Այլ դրսևորումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանական նախկին գաղութ հանդիսացող Ֆիլիպիններում դեկորատիվ սալիկների ավանդույթը կիրառվում է աստիճաններին։ Ավելի մեծ կիրառում ունեն կրոնական թեմաներով դիպտիխները, որոնք ներկայացնում են Քրիստոսի և Մարիամի սրտերը, ինչպես նաև կրոնական այլ թեմաներ։ Այդ սալիկները, որոնք շագանակագույն են կամ բազմագույն, տեղադրվում ե մուտքերի պատերին կամ գլխավոր մուտքի դարպասներին, որտեղ ամրացվում են խաչով պսակված մետաղական հիմքին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 19-ին.
  2. http://www.azulejos.fr/index_en.html
  3. La Ruta de la Ceramica, Asociación Española de Fabricantes de Azulejos, Castellón, 2000
  4. Les Métamorphoses de l’azur, Ars Latina, Paris, 1994
  5. Morales, Alfredo J. – Francisco Niculoso Pisano, Arte Hispalense, Diputación de Sevilla, 1991

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]