Ազգերի ինքնորոշման իրավունքի մասին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ազգերի ինքնորոշման իրավունքի մասին
ռուս.՝ О праве наций на самоопределение
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրէսսե
ՀեղինակՎլադիմիր Լենին
Բնագիր լեզուռուսերեն
Հրատարակվել է1914

«Ազգերի ինքնորոշման իրավունքի մասին», Վ. Ի. Լենինի աշխատությունը՝ նվիրված ազգային հարցում կոմունիստական կուսակցության տեսությանը, ծրագրին և քաղաքականությանը։ Հրատարակվել է 1914-ին, «Պրոսվեշչենիե» («Просвещение») ամսագրում։ Վ. Ի. Լենինը բազմակողմանիորեն հիմնավորել է կուսակցության ծրագրային դիրքորոշումն ազգերի ինքնորոշման իրավունքի հարցում՝ ընդհուպ մինչև անջատումը և ինքնուրույն պետության ստեղծումը։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին օպորտունիստները հարձակվում էին հատկապես կուսակցության ծրագրի § 9-ի վրա, ուր հռչակվում էր ազգերի ինքնորոշման իրավունքը։ Նրանք փորձում էին կուսակցության ծրագրին հակադրել Ռոզա Լյուքսեմբուրգի «Ազգային հարցը և ինքնավարությունը» հոդվածի մի քանի ոչ ճիշտ դրույթները։ Նշելով Ռոզա Լյուքսեմբուրգի՝ որպես հեղափոխականի տարբերությունն օպորտունիստներից, Վ. Ի. Լենինը ոչ մի զիջում չի անում սկզբունքային հարցերում և հետևողականորեն բացահայտում է նրա բոլոր սխալները։ Վերլուծելով կապիտալիզմի դարաշրջանում ազգերի զարգացման պրոցեսը՝ նա ցույց է տալիս դրա սոցիալ֊տնտեսական հիմքերը։ Վ. Ի. Լենինը նշում է, որ մարքսիստները չեն կարող աչքաթող անել ազգային պետություն ստեղծելու ձգտում ծնող տնտեսական գործոնները։ «Այս նշանակում է,– գրում է Վ. Ի. Լենինը,– որ մարքսիստների ծրագրում «ազգերի ինքնորոշումը» պատմա֊տնտեսական հայեցակետից չի կարող այլ նշանակություն ունենալ, բացի քաղաքական ինքնորոշումից, պետական ինքնուրույնությունից, ազգային պետություն կազմելուց» (Երկ., հ. 20, էջ 498)։

Ազգերի ինքնորոշման իրավունքը բխում է ոչ միայն բազմազգ պետության մեջ ճնշվող կամ գաղութային լծի տակ գտնվող ժողովուրդների, այլև իշխող ազգի պրոլետարիատի արմատական շահերից։ Ազատագրելով ճնշված ազգությանը՝ իշխող ազգի պրոլետարիատն ինքն է ազատագրվում, որովհետև, ինչպես նշում է Մարքսը, չի կարող ազատ լինել մի ժողովուրդ, որ ճնշում է այլ ժողովուրդների։ Ճնշված ազգի ազգային֊ազատագրական շարժման մեջ կա համադեմոկրատական բովանդակություն, որը պաշտպանում են մարքսիստները, սակայն նրանց նպատակն ազգերի մեկուսացումը չէ, այլ բոլոր ազգերի աշխատավորների ամենասերտ միավորումը կապիտալի դեմ մղվող պայքարում։ Վ. Ի. Լենինը ցույց տվեց, որ ազգերի ինքնորոշման իրավունքի ժխտումը, նրա նենգափոխումը նացիոնալ֊լիբերալ ֆրազներով, «կուլտուր֊ազգային ավտոնոմիայի» պահանջով, իրականում հրաժարումն է «Պրոլետարներ բոլոր երկրների, միացե՛ք» լոզունգից և զիջում վելիկոռուսական շովինիզմին ու բուրժուական նացիոնալիզմին։ «Ազգերի լիակատար իրավահավասարություն, ազգերի ինքնորոշման իրավունք, բոլոր ազգերի բանվորների միաձուլում, — ազգային այս ծրագիրն է ուսուցանում բանվորներին մարքսիզմը, ուսուցանում ամբողջ աշխարհի փորձը և Ռուսաստանի փորձը» (նույն տեղում, էջ 569)։ «Ագզերի ինքնորոշման իավունքի մասին» աշխատությունը մեծ դեր խաղաց ազգային հարցի մարքսիստական տեսության զարգացման և ազգերի ինտերնացիոնալ համերաշխության կազմակերպման գործում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 112