Ազգային կրթության հանձնաժողով
Ազգային կրթության հանձնաժողով (լեհ.՝ Komisja Edukacji Narodowej, հապավված՝ KEN, լիտ.՝ Edukacinė komisija, բելառուս․՝ Адукацыйная камісія), լեհերեն ամբողջական անվանումը՝ „Komisja nad Edukacją Młodzi Szlacheckiej Dozór Mająca“), կրթական համակարգի ղեկավար մարմին Ռեչ Պոսպոլիտայում։ Գործել է 1773—1794 թվականներին։ Եղել է իր գործառույթներով համապետական լուսավորության նախարարությանը համանման առաջին գերատեսչությունը Եվրոպայում[1][2][3]։ Ստեղծվել է 1773 թվականի հոկտեմբերի 14-ին թագավորի՝ Ստանիսլավ Ավգուստի առաջարկությամբ և Հուգո Կոլոնտայի նախաձեռնությամբ[4][5]։ Համարվում է լեհական Լուսավորության կարևոր նվաճումներից մեկը։ Հանձնաժողովի խնդիրն ու նպատակն էր հասարակության բոլոր խավերի երեխաների համընդհանուր և պարտադիր կրթության կազմակերպումը և լուսավորության միջոցով երկրի վերածննդի ապահովումը։ Կրթության հանձնաժողովի ծրագրային ու մեթոդական հանձնարարականների հիմքում դրվել են Ջոն Լոկի ու Դեյվիդ Հյումի էմպիրիզմի սկզբունքները և Ժան-Ժակ Ռուսսոյի ու ֆիզիոկրատների գաղափարները։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկզբնավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ազգային կրթության հանձնաժողովի ստեղծման խթան է հանդիսացել Հռոմի պապ Կղեմես Տասնչորսերորդի 1773 թվականի հրովարտակը ճիզվիտական օրդենը վերացնելու մասին։ Բանն այն է, որ Ռեչ Պոսպոլիտայում ճիզվիտներն ստեղծել ու վարում էին կրթական մի ընդարձակ, թեկուզ որոշակի չափով պահպանողական, այդուհանդերձ բարվոք համակարգ, որը Հռոմի պապի վերոհիշյալ հրովարտակից հետո կանգնել էր վերացման եզրին։ Երկրում կրթական գործի տապալումը թույլ չտալու նպատակով հանձնաժողովը, որը պաշտոնապես ձևավորվել էր 1773 թվականի հոկտեմբերի 14-ին, առաջին հերթին ձեռնամուխ եղավ լուծարված ճիզվիտական օրդենի գույքը տնօրինելուն և այն, առաջվա պես, կրթության նպատակներին ծառայեցնելուն։
Հանձնաժողովի կազմում գլխավոր դեմքը կաթոլիկ եկեղեցական Հուգո Կոլոնտայն էր։ Մյուս նշանավոր անդամներն էին Իգնացի Պոտոցկին և Ադամ Չարտոռիյսկին։ Ղեկավար այդ մարմինը սկզբնապես բաղկացած էր չորս սենատորից և սեյմի չորս անդամից։ Ընդ որում՝ նրանց ուղիղ կեսը ներկայացնում էին արևելյան վոևոդությունները՝ Լիտվայի մեծ իշխանությունը։ Հանձնաժողովի առաջին ղեկավարը Վիլնոյի եպիսկոպոս Իգնացի Յակուբ Մասալսկին էր, որն այդ պաշտոնում չարաշահումներ թույլ տալու պատճառով կարճ ժամանակ անց հեռացվեց, և նրան փոխարինեց Միխալ Իրժի Պոնյատովսկին։ Իսկ գլխավոր հիմնադիրները դարաշրջանի լեհ ու լիտվացի անվանի գրողներ ու գիտնականներ էին՝ Ֆրանցիշեկ Բիլենսկին, Յուլիան Նիմցևիչը, Ֆելիքս Օրաչևսկին, Անջեյ Գավրոնսկին, Դավիդ Պիլչովսկին, Հիերոնիմ Ստրոյնովսկին և լեհահայ Գժեգոժ Պիրամովիչը (Գրիգոր Փիրումյան)։ Հանձնաժողովի աշխատանքները համակարգում էր հատուկ այդ նպատակով Ֆրանսիայից հրավիրված և թագավորի քարտուղարի պաշտոնում նշանակված Պիեռ Սամուել դյու Պոն դը Նեմուրը՝ աշխարհահռչակ «Դյուպոն» ֆիրմայի ապագա հիմնադիր Էլետեր Իրենե դյու Պոնի հայրը։
Սկզբնական շրջանում հանձնաժողովի նախաձեռնությունները զորեղ դիմադրության էին հանդիպում սեյմում, սակայն թագավորի և լեհական Familia կուսակցության աջակցությամբ խոչընդոտներն աստիճանաբար հաղթահարվում էին, ապահովվում էր գրեթե լիակատար անկախությունը գործելու, կառավարելու ասպարեզում։
Վաղ (կազմավորման) փուլ (1773–1780)
[խմբագրել | խմբագրել կոդը]1773 թվականին հանձնաժողովի տնօրինմանը հանձնվեցին ճիզվիտական օրդենին նախկինում պատկանած դպրոցները, պալատները, եկեղեցապատկան գյուղերը։ Այդպիսով՝ կրթական ղեկավար մարմինը կարող էր տնօրինել ոչ միայն շնորհված, այլև սեփական միջոցները։
Հանձնաժողովի ենթակայությանն էին հանձնվել երկու համալսարան (Կրակովի Յագելոնյան համալսարանն ու Վիլնյուսի համալսարանը), 74 միջնակարգ և մոտավորապես 1600 ծխական դպրոցներ։
Համեմատաբար կարճ ժամանակամիջոցում Հուգո Կոլոնտայը նախապատրաստել է եռաաստիճան կրթության պլան.
- ծխական դպրոցներ – գյուղացիների ու բուրգերների երեխաների համար
- գլխավոր դպրոցներ – գլխավորապես՝ ազնվականների՝ շլյախտայի երեխաների համար, թեև ցածր դասի երեխաներ էլ կարող էին ընդունվել
- համալսարաններ – Վարշավայի, Վիլնյուսի և Կրակովի համալսարան-ակադեմիաները
Քանի որ նախկինում ուսուցումը տարվել էր լատիներենով, հանձնաժողովը հարկադրված էր առաջնահերթ կարգով լուծել լեհերեն դասագրքիր ու ձեռնարկներ հրատարակելու հիմնախնդիրը։ Այդ նպատակով շատ կարճ ժամանակում հիմնադրվել է «Տարրական գրքերի ընկերություն» (Towarzystwo Ksiąg Elementarnych), որը հովանավորել է նոր դասագրքերի ստեղծման համար հայտարարված մրցույթները։ Դասագրքերի հեղինակներն իրենց ստեղծագործական աշխատանքի ընթացքում հորինում էին բազմաթին գիտական եզրույթներ, որոնցից շատերը մինչև օրս էլ գործածվում են քիմիայի, ֆիզիկայի, մաթեմատիկայի, լեզվաբանության և գիտական այլ բնագավառներում։
Հանձնաժողովը միաժամանակ նախապատրաստել է կրթական գործի կազմակերպման համար անհրաժեշտ մի շարք փաստաթղթեր, որոնցում արտացոլում գտած նոր սկզբունքներից մի քանիսը թերևս չափազանց նոր էին այդ ժամանակների համար և մերժվել են սեյմի կողմից, ինչպես, օրինակ, կրթության ասպարեզում երկու սեռերի հավասարության սկզբունքը; 1780 թվականին ընդդիմությունը հրաժարվել է հաստատել նաև տարրական դպրոցների կարգավիճակի վերաբերյալ փաստաթուղթը, որը նախապատրաստել էր Հուգո Կոլոնտայը։
1774 թվականին հանձնաժողովի տնօրինմանն է հանձնվել Զալուսկի /Załuski/ գրադարանը։
-
Հանրահաշվի դասագիրք, (1782).
-
Տարրական դասրանների դասագիրք, (1785).
-
Krzysztof Kluk, Բուսաբանության դասագիրք, (1785).
-
Michał Jan Hube, Ֆիզիկայի դասագիրք (1792).
-
Onufry Kopczyński, Քերականության ձեռնարկ, (1785).
-
Քերականության դասագիրք, (1783).
-
Ֆիզիկայի ներածություն, (1788).
Երկրորդ փուլ (1781–1788)
[խմբագրել | խմբագրել կոդը]Կազմավորման փուլում արդեն հստակեցվել էին հանձնաժողովի գործունեության առաջնահերթությունները, և 1781 թվականից սկսեցին գործնական քայլեր ձեռնարկել դպրոցներում աշխատանքները վերափոխելու, նոր մոդելի դպրոցներ ստեղծելու ուղղությամբ։ Վերոնշյալ երեք համալսարաններին իրավունք շնորհվեց համակարգելու դպրոցների աշխատանքները։ Դասավանդող նախկին ճիզվիտ քահանաներին աստիճանաբար փոխարինեցին այդ համալսարանների երիտասարդ շրջանավարտները, որի շնորհիվ կոտրվեց տեղերում նորին, առաջավորին ցույց տրվող դիմադրությունը, և նոր շունչ հաղորդվեց կրթական գործին։
Ուսման բարձր առաջադիմությամբ և օրինակելի վարքով աչքի ընկած սովորողները մյուսներից տարբերվող գլխարկ էին կրում, իսկ գերազանցիկ շրջանավարտները պարգևատրվում էին թագավորի կարգադրությամբ հատված ոսկե կամ արծաթե մեդալով։ Ուսուցիչ կարող էին աշխատել միայն համապատասխան դասընթացներ անցած և քննությունները հաջողությամբ հանձնած անձինք։ Յուրաքանչյուր տարի նրանց աշխատավարձին հավելվում էր որոշակի գումար։ Իսկ առանձնապես աչքի ընկնելու, ինչպես, օրինակ, ուսումնական մի լավ ձեռնարկ գրելու, գիտության կամ արվեստի բնագավառում գյուտ անելու, մշտապես ուսման բարձր մակարդակ ապահովելու դեպքում կարող էին խրախուսվել դրամական խոշոր պարգևով, կենսաթոշակի անցնելու համար անհրաժեշտ ժամկետի կրճատումով, հանձնաժողովի հաշվին արտասահմանում վերապատրաստում անցնելու, մասնագիտության մեջ կատարալագործվելու հնարավորությամբ...
Երրորդ փուլ (1788–1794)
[խմբագրել | խմբագրել կոդը]1789 թվականից հետո լեհական սեյմում աստիճանաբար նվազեց բարեփոխումներին աջակցողների թիվը, հետևաբար՝ նաև նրանց ազդեցությունը որոշումների կայացման գործում։ Ու, որպես հետևանք, կրթության ազգային հանձնաժողովը ժամանակի ընթացքում զրկվեց նախկինում իրեն շնորհված շատ ու շատ արտոնություններից։ Sejm Wielki-ի (Մեծ սեյմի) ժամանակներում բարեփոխիչները զոհաբերեցին իրենց արտոնություններից շատերը հանուն այն բանի, որ ձեռք բերեն Մայիսյան սահմանադրության աջակցությունը։ Ի վերջո, նոր սահմանադրությունից դժգոհ լեհ ազնվականների աջակցությամբ ռուսական զորքերի Լեհաստան ներխուժումից հետո, որը տեղի ունեցավ Տարգովիցայի համադաշնության (կոնֆեդերացիայի) արդյունքում, կրթության ազգային հանձնաժողովը զրկվեց դպրոցները ղեկավարելու հնարավորությունից, և նրա անդամներից ու աջակիցներից շատերը, հարկադրված, լքեցին հայրենիքն ու ապաստան գտան արտասահմանում։ Վերջիններիս թվում էր հանձնաժողովի նախագահ Հուգո Կոլոնտայը, ով փրկություն գտավ՝ ապաստանելով Դրեզդենում։
Ժառանգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թեև հանձնաժողովը գործեց ընդամենը երկու տասնամյակ, այդուհանդերձ, կարողացավ էականորեն փոխել կրթության դրվածքը Լեհաստանում; Լուսավորության դարաշրջանի սկզբունքներով ստեղծված ծրագրերն ու գրքերը իրենց ազդեցությունը գործեցին լեհերի նաև հետագա սերունդների վրա։ Կրթությունը թեկուզև դեռ չէր դարձել համընդհանուր, այնուամենայնիվ, մատչելի էր դարձել ժողովրդի ավելի լայն խավերի, ներառյալ՝ գյուղացիների համար։ Ուսուցիչների պատրաստման ու վերապատրաստման ճեմարանները դարձան լեհական գիտության ողնաշարը Լեհաստանի բաժանումների ծանր ժամանակներում, հանձնաժողովի ջանքերով վերափոխված, նորացված դպրոցներում կրթված ու դաստիարակված սերունդները տասնիններորդ դարում տվեցին լեհական ապստամբությունների և Կենտրոնական Եվրոպայի քաղաքականության ականավոր բազմաթիվ գործիչներ։ Ի հավելում այս ամենի՝ հանձնաժողովի հրատարակած շուրջ երեք տասնյակ դասագրքերը հիմք հանդիսացան քիմիայի, ֆիզիկայի, տրամաբանության, քերականության, մաթեմատիկայի և այլ գիտությունների բնագավառներում լեհերեն տերմինաբանության ստեղծման ու զարգացման համար։ Դրանք գործածվեցին տասնիններորդ դարի լեհ բոլոր ականավոր գիտնականների, գրողների կողմից՝ Ադամ Միցկևիչից մինչև Բոլեսլավ Պրուս և մաթեմատիկոսների լվովյան դպրոցից մինչև պատմաբանների Լվով-Վարշավյան Աշկենազի դպրոց։
Ուսումնասիրողներից շատերի կարծիքով՝ Ազգային կրթության հանձնաժողովի ի գործ դրած ջանքերի արդյունքում էր մեծապես, որ լեհերենն ու լեհական մշակույթը մոռացության չմատնվեցին Լեհաստանի բաժանումների և ռուսացման ու գերմանացման ծանրագույն ժամանակներում, դիմադրեցին ու պահպանեցին իրենց ինքնությունը։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Миллер И. С. Эдукационная комиссия // Советская историческая библиотека / Главный редактор Е. М. Жуков. — Москва: Советская энциклопедия, 1976. — Т. 16: Чжан Вэнь-тянь—Яштух. — С. 411. — 56 000 экз..
- Edukacinė komisija // Visuotinė lietuvių enciklopedija. — Vilnius: Mokslo irenciklopedijų leidybos institutas, 2004. — Т. V: Dis — Fatva. — С. 315. — 799 с. — 18 000 экз. — ISBN 5-420-01532-3(լիտվ.)
- Kucharski, Władysław Ustawy Komisji Edukacji Narodowej dla stanu akademickiego i na szkoły w krajach Rzeczypospolitej przepisane w Warszawie roku 1783. — Lwów ; Warszawa, 1923.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Stanisław Pawłowski, Jan Stanisław Bystroń, Antoni Peretiatkowicz. Polska współczesna: geografia, kultura, ustrój. Lwów-Warszawa 1924, s. 84
- ↑ Stanisław Tync. Komisja Edukacji Narodowej, pisma Komisji i o Komisji; wybór źródeł. Wrocław, Zakład im. Ossolińskich. 1954
- ↑ Łukasz Kurdybacha, Mieczysława Mitera-Dobrowolska. Komisja Edukacji Narodowej. Warszawa 1973
- ↑ Jerzy Michalski, Stanisław August Poniatowski, w: Polski Słownik Biograficzny, Warszawa, Kraków 2002, t. XLI/4 s. 620
- ↑ Volumina Legum t.8 s. 152n
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Komisja Edukacji Narodowej (Encyklopedia WIEM) Արխիվացված 2017-08-24 Wayback Machine
- KEN in Polish State Archives
- Polish Ministry of Education
|