Jump to content

Ազարյան ընտանիք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ազարյանների պալատը

Ազարյան ընտանիք, հայազգի ընտանիք Օսմանյան կայսրությունում, որը 1800-ականների վերջին և 1900-ականների սկզբին եղել է Կոստանդնուպոլսի ամենանշանավոր ընտանիքներից մեկը։ Նրանք Պետրոս Ազարյանի որդի Հովհաննեսի ժառանգներն են։ Ազարյանները եղել են լավ կրթված, եվրոպականացված, տիրապետել են մի քանի լեզուների։

Ընտանիքը ծագել է Սեբաստիայի վիլայեթի (ներկայիս՝ Սիվաս) Բրգնիկ գյուղից[1]։ Եղել են հայ կաթոլիկներ։ Ամենավաղ հիշատակվող ներկայացուցիչ Պետրոս Ազարյանը Բրգնիկից տեղափոխվել է Կոստանդնուպոլիս։ Սկզբնական շրջանում ունեցել է առնվազն երեք երեխա՝ Հովհաննեսը, Պողոսը և Իսկուհին։

Հովհաննես Ազարյանը ամուսնացել է Աննա Կոհհովմճյանի հետ։ Նրանց երեխաներն են Արիստակեսը, Հակոբը, Ստեփանոս Պետրոսը, Վինսենթը, Ջոզեֆը, Անդոնը, Կատերինեն և Ֆիլոմենեն։

Արիստակես, Հակոբը (Ջեյմսը) և Ջոզեֆը դարձան հարուստ վաճառականներ, որոնք առևտուր էին անում ԱՄՆ-ի և Կոստանդնուպոլսի միջև։ Վինսենթը նույնպես վաճառական էր, որը տեղափոխվել էր ԱՄՆ-ի Բոստոն քաղաք:

Արիստակես Ազարյանը ծնվել է 1782 թվականին Կոստանդնուպոլսում[2]։ Եղել է Կեսարիայում հոգևոր առաջնորդ, Վիեննայի Մխիթարյան միաբանությունան երկրորդ աբբահայր[3]։ Ազարյանի օրոք Վիեննայի հայկական տպարանը մեծ զարգացում է ապրել և 1838 թվականին հնարավոր է դարձել տպագրել «Որ օրհնես զայնոսիկ» աղոթքը 25 լեզվով[4][5]։

Ստեփանոս Պետրոսը ծնվել է 1826 թվականին Կոստանդնուպոլսում[6]։ 1877 թվականի սեպտեմբերի 23-ին ձեռնադրվել է Նիկոսիայի եպիսկոպոս։ 1881-1899 թվականներին եղել է Տանն Կիլիկիո կաթողիկե եկեղեցու պատրիարք։ Իր պատրիարքության ժամանակ տեղի է ունեցել հայ կաթողիկե եկեղեցու երկրորդ սինոդը (1890 թվական): Եղբոր՝ Արիստակես Ազարյանի հետ կազմել է բազմալեզվյան ընդարձակ բառարան՝ «Նոր բառգիրք յունարէն, իտալերէն, հայերէն, տաճկերէն» (1848)[7]։

Ազարյանների առանձնատուն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ազարյանների առանձնատունը Բյույուքդերեում

Ազարյան ընտանիքը նշանակալի դեր է խաղացել Կոստանդնուպոլսի ճարտարապետական և քաղաքաշինական զարգացման մեջ։ Նրանց կառուցած շենքերը ոչ միայն արտացոլում էին իրենց հարստությունն ու ազդեցությունը, այլև նպաստում էին քաղաքի արդիականացմանը։

Ազարյանների առանձնատունը, որը գտնվում է Ստամբուլի Սարըյեր Բյույուքդերե Փիյասա փողոցում, կառուցվել է 20-րդ դարի սկզբում՝ հին այրված շինության տեղում։ Շենքի ճարտարապետը Անդոն Քազազյանն էր, որը պատվիրակվել էր հայ գործարար Պետրոս Ազարյանի կողմից։ 1978-1980 թվականներին Ազարյանների շենքը վերափոխվել է թանգարանի և բացվել է որպես Սադբերք Հանիմ թանգարան։

Շենքը զբաղեցնում է 400 քառակուսի մետր տարածք և գտնվում է 4280 քառակուսի մետր այգում։ Այգին ձևավորված է և շրջապատված ծառերով, ինչպես Բոսֆորի շատ այլ առանձնատներում։ Շենքը բաղկացած է հինգ հարկից, ներառյալ նկուղը և ձեղնահարկը, ունի 33 սենյակ, չորս նախասրահ և երեք մուտք՝ մեկը ճակատային և երկուսը՝ շենքի կողմերից։ Ներքին հարդարանքը արտացոլում է կենտրոնական եվրոպական ճարտարապետությունը՝ տարբեր ձեռագործ փորագրություններով, իմիտացիոն մարմարե ներքին ծեփով և առաստաղներով[8]։

Ազարյան Պալաս

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազարյան Պալասը (Palais Azaryan կամ Azaryan Sarayı), որը հայտնի է նաև որպես Արծաթե Ջրերի Պալատ (Palais des Eaux Argentees), գտնվում է Ստամբուլի Բեյօղլու շրջանի Այազ Փաշա թաղամասում: Շենքը պատկանել է Ջոզեֆ Ազարյանին և հայտնի էր որպես Ազարյանների բնակարաններ: Այն նախագծել և կառուցել է ճարտարապետ Լեոն Գյուրեքյանը 1903 թվականին։

Այս շենքը ևս արտացոլում էր ընտանիքի հարստությունն ու ազդեցությունը Կոստանդնուպոլսում։ Ազարյան ընտանիքի ներդրումները և կառուցած շենքերը կարևոր դեր են խաղացել Ստամբուլի քաղաքաշինության և ճարտարապետության զարգացման մեջ՝ արտացոլելով իրենց ժամանակի սոցիալական և տնտեսական փոփոխությունները։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Hovhannes Azarian and Anna Kovhovmjian and Their Children». www.maggieblanck.com. Վերցված է 2025-01-10-ին.
  2. «CERL Thesaurus». data.cerl.org (անգլերեն). Վերցված է 2024-02-21-ին.
  3. «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին։. Երևան: Հայկական հանրագիտարան հրատ. 2005.
  4. Հովհան Ոսկեբերան (1893). Աղօթք Ս. պատարագի որ օրհնես զայնոսիկ ի յիսուն լեզուս սեպհական տառիւք իւրաքանչիւր լեզուի (Բ. տպագրութիւն ed.). Վիեննա: տպ. Մխիթարեան.
  5. Church, Armenian (1893). Աղօթք Ս. Պատարագի Որ օրհնես զայնոսիկ ի հիսուն լեզուս սեպհական տառիւք իւրաքանչիւր լեզուի. Մխիթարեան տպարան.
  6. «Patriarch Stephan Bedros X Azarian [Catholic-Hierarchy]». www.catholic-hierarchy.org. Վերցված է 2024-02-21-ին.
  7. Azarian, Aristakēs; Azarian, Stepʻanos (1848). Nor baṛgirkʻ hunarēn, italerēn, hayerēn, tachkerēn. I Vienna: I Vans Pashtpan S. Astuatsatsni.
  8. «Azaryan Mansion - VKV». encyclopedia.vkv.org.tr. Վերցված է 2025-01-10-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]