Ազատ ոճ (երաժշտություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ազատ ոճ, նեղ իմաստով՝ արևմտաեվրոպական պրոֆեսիոնալ պոլիֆոնիկ երաժշտություն 17-րդ դարից։

Ազատ ոճում գերիշխող մաժոր և մինոր ձայնակարգային համակարգերի ձայնակարգահարմոնիկ և հնչերանգային առանձնահատկությունները համադրված են խիստ ոճի ընդհանուր օրինաչափություններին (թռիչքի լրացումը սահուն շարժումով կամ թռիչքին հակառակ ուղղությամբ, թռիչքի նախապատրաստում սահուն շարժումով՝ թռիչքին հակառակ ուղղությամբ, միևնույն ուղղությամբ մաքուր կվարտա և մաքուր կվինտա քայլերից խուսափում, դիսոնանսների նախապատրաստումը և լուծումը, անցողիկ և օժանդակ հնչյունների կիրառումը, շարժումը զուգահեռ անկատար կոնսոնանսներով, զուգահեռ կատարյալ ինտերվալների՝ պրիմայի, օկտավայի, կվինտայի արգելումը)։

Միաժամանակ՝ ազատ ոճում որոշակիորեն նկատվում են ակորդների ֆունկցիոնալ հարաբերակցություններ, ազատորեն օգտագործվում են տարատեսակ թռիչքներ՝ բոլոր հնարավոր ինտերվալներով (վարընթաց և վերընթաց), միևնույն հնչյունի բազմակի կրկնումը։

Ազատ ոճի պոլիֆոնիայում դիսոնանսների և կոնսոնանսների փոխհարաբերությունը պայմանավորված է խիստ ոճում կիրառվող օրինաչափություններով։ Զարգացած է նաև ռիթմիկ պատկերը, կիրառվում են տարբեր տևողությունների զուգակցումներ և համադրումներ, սուր ռիթմիկ բախումներ, սինկոպաներ, կետագծային և լոմբարդային ռիթմեր։ Ի տարբերություն խիստ ոճի՝ ազատ ոճում դիսոնանսները լուծվում են կոնսոնանսների և՛ վերևի, և՛ ներքևիձայներում ինչպես վերընթաց, այնպես էլ վարընթաց շարժմամբ՝ նախապատրաստված հապաղումներով՝ սահուն շարժմամբ ու թռիչքով, դիատոնիկ և խրոմատիկ անցողիկ և օժանդակ հնչյուններով, զուգահեռ անկատար կոնսոնանսներով (տերցիաներ, սեքստաներ, սեքստակորդներ)։ Միաժամանակ անհրաժեշտ է խուսափել զուգահեռ և թաքնված պրիմաներից, օկտավաներից, կվինտաներից։

Ազատ ոճում մեղեդիների թեմաների պոլիֆոնիկ բնույթը պայմանավորված է «թաքնված պոլիֆոնիայի» (միաձայն մեղեդու ծավալումը տարբեր ռեգիստրներում, որը տարածության մեջ ստեղծում է մեղեդային գծերի պատրանք) առկայությամբ, որն առաջանում է հակառակ ուղղության հաջորդաբար թռիչքներից կամ մետրական ուժեղ մասերում հնչյունների մեղեդային կապի հետևանքով։ Այս 2 սկզբունքները հաճախ կարող են հանդես գալ միաժամանակ։

«Ազատ ոճ» հասկացության (19-րդ դարի վերջից և 21-րդ դարում) նոր ձայնակարգ-տոնայնությամբ և մետրառիթմիկ առանձնահատկություններով պայմանավորված՝ առաջանում են բազմատոնալ, բազմաձայնակարգային, բազմաֆունկցիոնալ, բազմառիթմիկ և բազմամետրական կերտվածքներ։ Գործնականում կիրառվում են զուգահեռ (դիսոնանս ու կոնսոնանս ինտերվալներով և ակորդներով) և ժապավենաձև բազմաշերտ շարժումներ։

Ազատ ոճում լայնորեն օգտագործվում են երաժշտական տարբեր գործիքներ և խիստ ոճից սերող նմանակման ձևեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։