Ազատ ձև (երաժշտություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ազատ ձև, երաժշտական կառուցվածք, ընդհանուր գծերով տիպական ձևերից որևէ մեկին հարող կամ դրա էապես փոփոխված տարբերակ։

Որոշ դեպքերում ազատ ձև են անվանում նաև ոչ սովորական կառուցվածքով ձևերը։ Ազատ ձևերը հիմնականում գործածում են խոշոր կտավի գործերում (պոեմ, բալլադ, ֆանտազիա)։ Այն կոմպոզիտորի յուրօրինակ մտահղացումն է, որի հետևանքով ողջ կազմավորման բաղադրիչ (հաճախ՝ հակադիր) մասերը զարգանում են առավել միաձույլ։ Հաճախ զարգացման գլխավոր դրամատուրգային շեշտը կրում է ռեպրիզը կամ կոդան։ Ստեղծագործության բովանդակությունը, ներքին դրամատուրգիան անմիջականորեն պայմանավորում են ձևակազմավորման գործընթացը՝ որոշակիորեն փոփոխելով և հստակեցնելով ձևի արտաքին ուրվագիծը։ Որքան յուրօրինակ է մտահղացումը, այնքան անհատականացված է ձև-սխեման, որով պայմանավորված է տվյալ երկի գեղարվեստական արժեքը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։