Ազատության հրապարակ (Թբիլիսի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ազատության հրապարակ (այլ կիրառումներ)
Ազատության հրապարակ
Տեսակհրապարակ
Երկիր Վրաստան
ՎարչատարածքԹբիլիսի
Անվանված էազատություն
Քարտեզ
Քարտեզ

Ազատության հրապարակ (վրաց.՝ თავისუფლების მოედანი), հրապարակ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի կենտրոնում։ Միջնադարում կոչվել է Քարավան-սարայ (Հյուրանոցների հրապարակ)։ 1827 թվականից մինչև Հոկտեմբերյան հեղափոխությունը կոչվել է Էրիվան (կամ Էրիվանսկայա) կամ Պասկևիչ-Էրիվանսկայա[1] հրապարակ (վրաց.՝ ერევანსკი მოედანი, Էրևանսկի մոեդանի, ռուս.՝ Эриванская площадь, Երևանյան հրապարակ) ի պատիվ գեներալ Իվան Պասկևիչի, ով կրում էր Երևանի կոմսի տիտղոս։ Խորհրդային տարիներին հրապարակը կոչվել է Լավրենտի Բերիայի, ապա Լենին անվամբ[2]։

Դեպի Ազատության հրապարակ են տանում վեց փողոցներ՝ Ռուսթավելու պողոտան, Պուշկինի փողոցը, Լեոնիձեի փողոցը, Տաբիձեի փողոցը, Ապխազիի փողոցը, Դադիանիի փողոցը։ Ազատության հրապարակում են գտնվում Թբիլիսիի քաղաքապետարանի շենքը, Վրաստանի բանկի կենտրոնական գրասենյակը, «Մարիոթ» հյուրանոցը։ Ընթացքի մեջ է Հին Թբիլիսիի ինքնավարության շենքի կառուցումը։

Ազատության հրապարակը բազմիցս դարձել է մասսայական ելույթների թատերաբեմ, մասնավորապես Վարդերի հեղափոխության ժամանակ, ինչպես նաև խորհրդային տարիներին, երբ հրապարակում ցույցեր էին անցկացվում ԽՍՀՄ-ից Վրաստանի անկախացման պահանջով։ 2005 թվականին հրապարակում անցկացվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 60-ամյակին նվիրված տոնակատարությունը, որի ժամանակ հրապարակում հավաքվել էր շուրջ 100000 մարդ, որոնց առջև ելույթ են ունեցել ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշն ու Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին։

Խորհրդային տարիներին Ազատության հրապարակում կանգնեցված էր Լենինի արձանը։ 2006 թվականի նոյեմբերի 23-ին տեղի ունեցավ Ազատության արձանի բացումը։ Հեղինակը Զուրաբ Ծերեթելին է։ Հուշակոթողը ներկայացնում է վիշապին սպանող սուրբ Գևորգին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Rydel, Christine. The Ardis anthology of Russian romanticism. Ardish Publishers, 1984. page 335
  2. Площадь свободы Արխիվացված 2010-06-10 Wayback Machine (ռուս.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]