Ազատության հրապարակ (Դոնի Ռոստով)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ազատության հրապարակ (այլ կիրառումներ)
Ազատության հրապարակ
Տեսակհրապարակ
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԴոնի Ռոստով
Քարտեզ
Քարտեզ
Նոր Նախիջևանի քաղաքային թատրոնի շենքը նախահեղափոխական բացիկի վրա

Ազատության հրապարակ (ռուս.՝ Площадь Свободы), Նոր Նախիջևան քաղաքի գլխավոր հրապարակը, այժմ` Դոնի Ռոստովի (Ռուսաստան) Ազատության հրապարակ։ 19-րդ դարում այն կոչվել է Բուլվարնայա հրապարակ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1894 թվականին դրամատիկական արվեստի սիրահարների ընկերակցությունը դումային ներկայացրեց նոր հանրային շենքի կառուցման խնդրանք։ Այդ շենքում նախատեսվում էր տեղակայել տեղական առևտրային ակումբը, ինչպես նաև թատրոնի դահլիճը։ Դուման ոչ միայն տվեց իր համաձայնությունը, այլև որոշեց կառուցել թատրոնի առանձին շենք։ Նախագծի մշակումը հանձնարարվեց ճարտարապետ Նիկոլայ Նիկիտիչ Դուրբախին (Նիկողոս Մկրտչի Դուրբախյան), որը 19-րդ դարի վերջին - 20-րդ դարի սկզբին բնակելի տներ էր կառուցում Դոնի Ռոստովում, Ազովում, Մարիուպոլում։ Մի քանի ամիս անց նախագծի էսքիզը պատրաստ էր։ Թատրոնը կառուցվեց 1896-1899 թվականներին։ Ու թեև շենքն օծվել էր և առաջին պրեմիերան տեղի էր ունեցել 1899 թվականի դեկտեմբերի 16-ին, թատրոնի շենքի ձևավորման աշխատանքները շարունակվեցին մինչև 1907 թվականը[1]։

Միջոցների անբավարարության պատճառով նախագիծն իրականացվեց ոչ լիովին։ Թատրոնի դահլիճը չորս յարուսի փոխարեն ունեցավ երեքը, շենքի առջև պետք է տեղադրվեր նստած Ապոլոնի քանդակը, սակայն դա էլ չարվեց։ Պետք է ավելի մեծ լիներ շենքի գմբեթը. այժմ այն կարելի է տեսնել միայն կողքից[1]։

20-րդ դարի 80-ական թվականներին թատրոնը վերակառուցվեց։ Հիմնական ճակատը պահպանվեց և վերականգնվեց։ Այժմ Նախիջևանի քաղաքային թատրոնի շենքում գործում է Երիտասարդական թատրոնը (նախկինում՝ Պատանի հանդիսատեսի թատրոն)[1]։

Ազատության հրապարակ, տուն 1 հասցեով գործում է թիվ 13 լիցեյը։ Շենքը կառուցվել է 1892 թվականին։ Նախագծի հեղինակը ճարտարապետ Նիկոլայ Դուրբախն է։ Ի սկզբանե շենքում գործել է օրիորդաց Եկատերինյան գիմնազիան (Նոր Նախիջևան)։ Լիցեյի շենքն ունի մշակութային ժառանգության օբյեկտի կարգավիճակ[2]։

Ազատության հրապարակ, տուն 1/2 հասցեով տեղակայված է Կողբեթլիևի եկամտաբեր տունը։ Մինչև 1908 թվականը Բուլվարնայա հրապարակի տնատիրության հողամասը պատկանել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցուն։ 1909 թվականին տնատիրության սեփականությունը ձեռք է բերել Անդրիաս Կողբեթլիևը և սկսել է բարձր գետնախարիսխով աղյուսե բնակելի տան շինարարությունը[1]։

1920 թվականին խորհրդային իշխանության հաստատումից հետո տունն ազգայնացվել է։ 1920-ական թվականներին տունը սկսել է բնակեցվել[1]։

Եկամտաբեր տունն այժմ էլ Ազատության հրապարակի զարդն է, այն ճարտարապետության տարածաշրջանային նշանակության հուշարձան է[3]։

Ազատության հրապարակում է գտնվում նաև Հայրապետովների առանձնատունը (Իսկիդարովի տուն), որը կառուցվել է 1880 թվականին։ Ի սկզբանե պատկանել է վաճառական Կարպ Հայրապետովի հարազատներին։ 20-րդ դարի սկզբին շենքը ձեռք է բերել գործարանատեր Մարկ Իսկիդարովը[4][5]։ 2011 թվականից առանձնատանը գտնվում է Ռուս-հայկական բարեկամության թանգարանը[6][7]։ Հայրապետովների առանձնատունն ունի մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտի կարգավիճակ[8]։

Ազատության հրապարակում գտնվում է ևս մեկ հինավուրց տուն` Սագիրովի առանձնատունը։ Շենքի նախագծի մշակումը վերագրվում է Նիկոլայ Դուրբախին։ Առանձնատանն ապրել է հացարդյունաբերող Ա. Ս. Սագիրովը։ 1906 թվականին շենքը ձեռք է բերել Ա. Շելգունովան։ 1910-ական թվականների սկզբին առանձնատունը վարձակալել է գործարար Բ. Ա. Կամերշտեյնը, որն այնտեղ բացել է «Էլդորադո» կինոթատրոնը` առաջիններից մեկը քաղաքում[9]։

1921 թվականին կինոթատրոնը վերանվանվել է ի պատիվ 3-րդ ինտերնացիոնալի։ Երեք տարի անց այն վերանվանվել է «Կազինո»։ 1920-ական թվականների վերջերին կինոթատրոնը ստացել է «Սպարտակ» անվանումը։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առանձնատունը զրկվել է մուտքի վրայի ծածկից և ծեփակերտ զարդանախշի մի մասից։ Կինոթատրոնում սարքավորումները փոխելու ժամանակ փոփոխվել է շենքի հատակագիծը, հայտնվել է նոր մուտք[9]։

Սագիրովի տանը կից է Աստվածատուր Քեչեկյանի առանձնատունը, որը կառուցվել է 19-րդ դարի երրորդ քառորդում։ Շինարարության հսկողությունն իրականացրել է Նիկոլայ Դուրբախը։ Փաստաթղթերից հայտնի է, որ առնվազն 1886 թվականից տունը պատկանել է քաղքենի Օլգա Տարասի Խոջաևային։ 1894 թվականին Խոջաևան իր կալվածքը 8 հազար արծաթե ռուբլիով վաճառել է բժիշկ Ֆեոդոր (Աստվածատուր) Ստեփանի Քեչեկյանի կնոջը` Իսկուհի Խաչերեսի Քեչեկյանին (օրիորդական ազգանունը` Ալաջալովա)[10]։ Ներկայում առանձնատան տարածքը զբաղեցնում է Ալեքսանդր Պուշկինի անվան մանկական գրադարանը[9]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Площадь Свободы (Пешком по Нахичевани)».
  2. Administrator. «История лицея». www.school13.ru. Վերցված է 2017 թ․ հունվարի 7-ին.
  3. Перечень объектов культурного наследия регионального значения г. Ростова-на-Дону
  4. «Пролетарский район. Памятники архитектуры района». Официальный портал городской Думы и Администрации города. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 9-ին.
  5. Черницына В.А. (2011 թ․ նոյեմբերի 28). «Особняк Гайрабетовых (Искидарова)». voopiik-don.ru. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 9-ին.
  6. «В Ростове-на-Дону открылся Музей русско-армянской дружбы». yerkramas.org. 2013 թ․ նոյեմբերի 27. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 9-ին.
  7. Анна Лебедева. «В Ростове-на-Дону открылся Музей русско-армянской дружбы». noev-kovcheg.ru. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 9-ին.
  8. «Ростов-на-Дону (объекты культурного наследия регионального значения)». Официальный портал Правительства Ростовской области. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 9-ին.
  9. 9,0 9,1 9,2 Волошинова Л. Ф. Бульварная площадь. — Ростов-на-Дону: Донской издательский дом, 2001. — С. 111—117. — (Серия "Судьбы улиц, площадей, зодчих"). — ISBN 5-87-688-202-X
  10. Выпись из крепостной книги Таганрогскаго Натариального Архива по г. Нахичевани н/Д за 1894 г.