Ադրիան Բերտրան
Ադրիան Բերտրան ֆրանսերեն՝ Adrien Bertrand | |
|---|---|
| Ծնվել է | օգոստոսի 4, 1888[1] |
| Ծննդավայր | Նոն |
| Վախճանվել է | նոյեմբերի 18, 1917[1] (29 տարեկան) |
| Վախճանի վայր | Գրաս |
| Մասնագիտություն | լրագրող, գրող, գրական քննադատ, բանաստեղծ և վիպասան |
| Լեզու | ֆրանսերեն |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Էլզասի դպրոց |
| Ուշագրավ աշխատանքներ | Q3202199? |
| Պարգևներ | |
Ադրիան Բերտրան (ֆրանսերեն՝ Adrien Bertrand, օգոստոսի 4, 1888[1], Նոն - նոյեմբերի 18, 1917[1], Գրաս), ֆրանսիացի գրող և լրագրող, Գոնկուրյան մրցանակի դափնեկիր (1914 թվական) «Երկրի կանչը» վեպի համար (շնորհվել է 1916 թվականին)։ Նրա կարճ կարիերան նշանավորվել է մի շարք վառ սյուրռեալիստական հակապատերազմական վեպերով, որոնք գրվել են այն ժամանակ, երբ Բերտրանը մահամերձ էր Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ֆրանսիական բանակում ծառայելու ընթացքում ստացած բարդությունների հետևանքով:
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ադրիան Բերտրանը մոր կողմից սերում էր Ֆրանսիայի Նոն շրջանի Վինների (Vigne) հնագույն տոհմից: Ունեցել է կրտսեր եղբայր՝ Ժորժ Էտյենը[2]: Մանկության և պատանեկության տարիներն անցկացրել է Նոնում։ Նախնական կրթությունը ստացել է տեղի դպրոցում, որն ավարտելուց հետո հաստատվել է Փարիզում, որտեղ հաճախել է գրական խմբակներ, այդ թվում՝ բանաստեղծ Կատյուլ Մենդեսի խմբակը: Ստացել է բարձրագույն կրթություն[3]: Ապրուստ է վաստակել՝ աշխատելով որպես լրագրող մի քանի ամսագրերում (մասնավորապես՝ Paris-Midi-ում և L’Homme libre-ում)։ Հրատարակել է իր բանաստեղծությունները, որոնք կարելի է համարել սյուրռեալիստական և նեոկլասիցիստական։
1908 թվականի փետրվարին Ադրիան Բերտրանը Ալֆրեդ Մաշարի հետ հիմնել է Les Chiméres գրական ամսագիրը, որտեղ, ի թիվս այլ երիտասարդ բանաստեղծների, իր դեբյուտն է կատարել Վենսան Մյուզելլին[4]: Այս ամսագիրը միջոց էր՝ հանրայնացնելու Բերտրանի սոցիալիստական գաղափարները և սյուրռեալիստական պոեզիան, ինչպես նաև ձայն տալու գաղափարակիր այլ մարդկանց:
Առաջին անգամ ամուսնացել է Արկաշոնում 1911 թվականի հոկտեմբերի 3-ին Գաբրիել Ռոբերտի հետ, որը մահացել է կարճ ժամանակ անց: Նորից ամուսնացել է Փարիզում 1915 թվականի նոյեմբերի 11-ին դերասանուհի և երգչուհի Սյուզաննա Պերինի հետ բացառիկ վկաների՝ խորհրդի նախագահ Ժորժ Կլեմանսոյի, Էժեն Բրիյոյի, ֆրանսիական ակադեմիայի անդամ Ֆերնան Գրեգի և իր եղբոր՝ Ժորժ Բերտրանի[5], ում նվիրված է L'appel du Sol-ը, ներկայությամբ: Երկրորդ կինը Սյուզաննա Ադրիան-Բերտրան անունով 1927 թվականին հրատարակել է «Փորձառություններ կամ ժամանակակից կինը տղամարդկանց և սիրո առջև» գիրքը (ֆրանսերեն՝ Expériences, ou Une femme d’aujourd’hui devant les hommes et devant l’amour), որը պարունակում է ռեմինիսցենցիա[Ն 1] ամուսնական կյանքից:
Ադրիան Բերտրանը պացիֆիստական հայացքներ է ունեցել, բայց Առաջին համաշխարհային պատերազմի հենց սկզբից անմիջապես միացել է ֆրանսիական բանակին (դեռ չէր լրացել նրա 26-ամյակը)։ Ծառայել է հեծելազորում, երեք ամիս մասնակցել է ֆրանս-գերմանական ռազմաճակատի մարտերին (Սահմանամերձ ճակատամարտ) և մի քանի անգամ աչքի ընկել: 1914 թվականի նոյեմբերի 1-ին Պարուի մոտ գտնվող անտառում լեյտենանտ Բերտրանը վիրավորվել է[6]: Արկի բեկորը դիպել է կրծքավանդակին և վնասել թոքերը։ Նրան տեղափոխել են ամենացածր դասի զինվորական հոսպիտալ, որը, ըստ էության, հոսփիս էր։ Բժիշկները տեղեկացրել են, որ նրա թոքերն այլևս երբեք լիարժեք չեն աշխատի, նա մշտական անկողնային ռեժիմի մեջ կլինի: Այդ վիճակում մահն անխուսափելի էր։ Երկարատև հարկադիր անկողնային վիճակում անգամ Բերտրանը շարունակել է գրել և ավարտել է երկու գործ։ Այս վերքից գրողը մահացել է 1917 թվականի նոյեմբերի 18-ին Գրասում: Մահից առաջ նա Գոնկուրյան ակադեմիային է կտակել դրամական Ժառանգություն և հիմնել այսպես կոչված Գոնկուրյան բանաստեղծական բորսա։ Մնացած միջոցներն օգտագործվում են բանաստեղծներին իրենց ընդհանուր ժառանգության համար պարգևատրելու նպատակով: Պարգևատրվածների թվում են Կլոդ Ռուան (1985), Իվ Բոնֆուան (1986), Անդրե Շեդիդը (2002) և Ֆիլիպ Ժակոտեն (2003):
Կյանքի վերջին օրերին Ադրիան Բերտրանն ընկերներին բաժանել է իր ինքնագրերով գրքեր[7]:
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ադրիան Բերտրանը, Անդրե Բիլիի բնորոշմամբ, արձակագիր էր, բայց ամենից առաջ բանաստեղծ էր[8]: Իր երկու ստեղծագործություններով՝ «Հողի կանչը» (ֆրանսերեն՝ L'Appel du sol) և «Փոթորիկ Կանդիդի այգում» (ֆրանսերեն՝ L'Orage sur le jardin de Candide), նա հիմնեց գաղափարախոսական վեպի ժանրը[9]: 1916 թվականին Բերտրանը ստացել է 1914 թվականի Գոնկուրյան մրցանակ այս վեպերից առաջինի համար, որը նկարագրում է ռազմաճակատի և զինվորների առօրյան, որոնք հայտնվում են պատերազմի մեջ, որին Բերտրանն ինքը մասնակցել էր։ Նրանք բախվում են սարսափների, որոնց մասին մի քանի շաբաթ առաջ չէին կարող անգամ պատկերացնել։ Այս զինվորները ուսումնասիրում են պատերազմի դրդապատճառները, խորհում իրենց իդեալների մասին, բայց միաժամանակ բացահայտում են ֆրանսիական կամքի և կույր հայրենասիրության կործանարար բնույթի պատճառները։
| «Ալպյան հրաձիգների գումարտակը մասնակցում է մարտերին, որոնցից կախված է երկրի ճակատագիրը»: Ամեն անգամ մարդիկ համաձայնում են ինքնազոհության և թեթև սրտով գնում են մահվան: Այդպես նրանք պատասխանում են հողի կանչին և իրենց ձգտմանը՝ մնալ ֆրանսիացի։ Տղայական պեդանտիզմով, Մորիս Բարրեսի ոգով շեշտադրումներ կատարելով` Ադրիան Բերտրանը ներկայացնում է լեյտենանտ Ֆաբրի, սերժանտ Վեսեթի և կապիտան դե Կերեի մի շարք երկխոսություններ՝ պատերազմի «փիլիսոփայական հայեցակարգը» և դրա կողմից առաջացրած հերոսական ոգին առաջարկելու համար: Մարտական գրոհներ, «Մարսելյեզ», անձրև, ցեխ և հիվանդանոց։ Գինի, սուրճ, ապուր, զինվորական պաշար, շոգեխաշած միս, սարդինա և շոկոլադ[10]։ |
Փոթորիկ Կանդիդի այգում
[խմբագրել | խմբագրել կոդը]«Փոթորիկ Կանդիդի այգում» փիլիսոփայական վեպը բաղկացած է չորս մասից, որոնք հաճախ սյուրռեալիստական են և խորը ներհայեցողական: Վեպն ավարտվել է հեղինակի մահից մի քանի շաբաթ առաջ և, հավանաբար, սաստկորեն արտացոլում է այն աշխարհը, մռայլ իրավիճակը, որում Բերտրանն ինքն էր հայտնվել:
Առաջին մասը կոչվում է «Հանրապետության բանակի մի զինվորի արշավանքի օրագիր» (ֆրանսերեն՝ «Carnet de campagne d'un soldat des armées de la République»): Այս մասում («Անձրևի մասին, որն անսպասելիորեն գտավ Կանդիդին պարտեզում, և նրա` շատ կերպարների հետ հանդիպման մասին») Կանդիդը հանդիպում է աբբա Ժերոմ Կուանյարի, Աքիլլեսի, Դոն Կիխոտի, Ֆաուստի, պարոն Պիկվիկի հետ, ինչպես նաև կրտսեր լեյտենանտ Վեսեթի՝ Բերտրանի առաջին՝ «Հողի կանչը» վեպի գլխավոր հերոսի հետ: Նրանց զրույցի ընթացքում խոսքը Բերտրանի նախորդ աշխատանքի և պատերազմից ավերված աշխարհում ապագայի իդեալի մասին է: Այստեղ ներկայացված են Օգյուստ Ռուսեի՝ Ֆրանսիական հեղափոխական պատերազմի ժամանակ ֆրանսիական բանակի զինվորի հուշերը։ Նրա կերպարը մեծապես հիմնված է Բերտրանի ինքնակենսագրության վրա, և պատմությունը կիսաինքնակենսագրական է Ռուսեի կրած փորձառությունների մեծ մասում։ Սա ընդգծում է Բերտրանի սիրելի թեմաներից մեկը՝ պատմության ցիկլային բնույթը, կամ, ինչպես ինքն էր ասում. «Պատմությունը կրկնվում է»։
Երկրորդ մասը՝ «Պրեֆեկտ Մուկիուսի պատրանքը» (ֆրանսերեն՝ «L'Illusion du préfet Mucius»), հիմնված է Տակիտոսի ստեղծագործությունների վրա։ Գործողությունները զարգանում են հռոմեական ժամանակներում։ Գլխավոր հերոսը՝ հռոմեացի քրիստոնյա Մուսիուսը, պարտավորվում է Ավետարանը քարոզել գերմանացիներին, և արդյունքում ամեն ինչ ավարտվում է մի ճակատամարտով, որը շատ է հիշեցնում Մառնի առաջին ճակատամարտը, որի ժամանակ վիրավորվել է Բերտրանը։
Երրորդ մասը՝ «Հանրապետական բանակի զինվորի ռազմական գրառումները» (ֆրանսերեն՝ «De la pluie qui surprit Candide en son jardin et d'un entretien qu'il eut avec plusieurs personnages»), ներկայացնում է Ֆրանսիայի կողմից մղվող հեղափոխական պատերազմների մասնակից Օգյուստ Ռուսեի հուշերը։ Այս մասը ամենատարօրինակն է: Պատմությունն ընդգծում է պատմության ցիկլայինության թեման: Այն պատմում է Աքիլլեսի, Դոն Կիխոտի, Ֆաուստի, պարոն Պիկվիկի և Բերտրանի առաջին վեպի՝ L'Appel du sol, հերոսի՝ Կանդիդի պարտեզում տեղի ունեցած հանդիպման մասին: Այս գեղարվեստական կերպարներն այնուհետև քննարկում են Բերտրանի նախորդ աշխատանքը և փորձում են իդեալական ապագա ձևավորել պատերազմից ավերված աշխարհի համար:
Չորրորդ մասը կոչվում է «Կենդանիները փոթորկի ժամանակ» (ֆրանսերեն՝ «Les Animaux sous la tourmente»): Հեղինակը վերաշարադրել է Ժան Լաֆոնտենի մի քանի առակներ՝ նպատակ ունենալով, մասնավորապես, բարձրացնել ֆրանսիական գրական վերնախավին պատկանողների ունայնության և ամբարտավանության հարցը, հատկապես խոսքը Ռոմեն Ռոլանի մասին է, որը կարծում էր, որ արվեստն ու գրականությունը պետք է վեր կանգնեն պատերազմից, ոչ թե հարմարվեն դրան:
Ադրիան Բերտրանը գրել է նաև բանաստեղծություններ, պատմվածքներ և մեկ գործողությամբ չափածո պիես՝ «Առաջին Վերոնիկան», որն արժանացել է Ֆրանսիական ակադեմիայի Prix Toirac[Ն 2] մրցանակին։ Պիեսը բեմադրվել է Կոմեդի Ֆրանսեզ ազգային թատրոնում գրողի կենդանության օրոք[11]: Նրա ստեղծագործություններից մի քանիսը հրատարակվել են հետմահու։
Աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1908. Կատուլ Մենդես (ֆրանսերեն՝ Catulle Mendès)
- 1910. E. Brieux
- 1915. Պրիապուսի այգիները (ֆրանսերեն՝ Les jardins de Priape)
- 1916. Հողի կանչը (ֆրանսերեն՝ L'Appel du sol)
- 1917. Փոթորիկ Կանդիդի այգում (ֆրանսերեն՝ L'Orage sur le jardin de Candide)
- 1917. Կիպրոսի այգին (ֆրանսերեն՝ Le Verger de Cypris)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Expériences, ou Une femme d’aujourd’hui devant les hommes et devant l’amour, Suzanne Adrien-Bertrand, Flammarion, 1927, 245 p. - «Փորձառություններ կամ ժամանակակից կինը տղամարդկանց և սիրո առջև»
- Témoins: essai d’analyse et de critique des souvenirs de combattants édités en français de 1915 à 1928, Jean Norton Cru, Presses universitaires de Nancy, 1993, 727 р.
- Anthologie de la poésie française. Robert Kanters, Maurice Nadeau, Éd. Rencontre, 1966
- Histoire véridique de la Grande guerre, Тоm 2. Jacques Isorni, Louis Cadars. Flammarion, 1970
- L'époque contemporaine, 1905-1930, André Billy, Tallandier, 1956, 365 p.)
- Vingt-cinq ans de littérature française, Eugène Montfort. Librairie de France, 192? - 779 р.
- Essai sur l’orientation des littératures de langue française au XXe siècle, Maurice Bémol. Nizet, 1960, 338 p.
- Guide du roman de langue francaise (1901-1950)
- Siècle de Goncourt, Jean-Louis Cabanès, Robert Kopp, Jean-Yves Mollier, Presses Univ. Septentrion, 2005-462 р.
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ «Georges-Etienne Bertrand est né à Nyons, (Drôme) ? le (1890). ? Frère cadet d’Adrien Bertrand…» Témoins: essai d’analyse et de critique des souvenirs de combattants édités en français de 1915 à 1928, Jean Norton Cru, Presses universitaires de Nancy, 1993, 727 p. Արխիվացված 2016-03-10 Wayback Machine
- ↑ «Notons que l’auteur était un universitaire…» Revue des langues romanes: Том 76. Ernest Hamelin, Société pour l'étude des langues romanes, Montpellier - 1965 Արխիվացված 2016-03-17 Wayback Machine
- ↑ «Il donna ses premiers poèmes aux Chimères, petite revue qu’il dirigeait d' ailleurs avec son ami Adrien Bertrand» (Anthologie de la poésie française. Robert Kanters, Maurice Nadeau, Éd. Rencontre, 1966
- ↑ Georges Bertrand-Vigne, né en 1899 et mort à 79 ans en 1969, entra à Saint-Cyr en 1911 pour en sortir dans la promotion Moskowa. Il prend part à la guerre en 1914 dans les chasseurs alpins : plusieurs fois blessé (perdant notamment l'oeil gauche), il la termine capitaine, cinq fois cité. Il continua sa carrière militaire comme instructeur militaire aux Etats-Unis où il fut aussi attaché militaire à Washington, et termina avec le grade colonel.
- ↑ Histoire véridique de la Grande guerre, Тоm 2. Jacques Isorni, Louis Cadars. Flammarion, 1970
- ↑ «Adrien Bertrand avait, avant de mourir, signé les exemplaires destinés à ses amis. Février 1918» (L'époque contemporaine, 1905-1930, André Billy, Tallandier, 1956, 365 p.)
- ↑ "M. André Billy, dans la notice qu’il écrivit à la mémoire d’Adrien Bertrand : «Prosateur, ce dernier était également poète» … (Vingt-cinq ans de littérature française, Eugène Montfort. Librairie de France, 192? — 779 р.)
- ↑ ↑ « … Adrien Bertrand, précurseur du roman idéologique avec l’Appel du Sol et l’Orage sur le Jardin de Candide …» (Essai sur l’orientation des littératures de langue française au XXe siècle, Maurice Bémol. Nizet, 1960, 338 p.) ↑ Guide du roman de langue francaise (1901—1950)
- ↑ Guide du roman de langue francaise (1901–1950)
- ↑ Шмуцтитул книги La victoire de Lorraine, 24 août — 12 septembre 1914: carnet d’un officier de dragons
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադրիան Բերտրան» հոդվածին։ |