Jump to content

Ադվենտիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ադվենտիզմը (լատ.՝ adventus-գալուստ) կրոնական շարժում է, որը առաջացել է ԱՄՆ-ում XIX դարի առաջին կեսին Ուիլյամ Միլլեր անունով բապտիստական քարոզիչի գլխավորությամբ, այն համախմբեց և միավորեց ամերիկյան շատ քրիստոնյաներին տարբեր եկեղեցիներից։ Հիմնական ուսմունքը Հիսուս Քրիստոսի մոտակա գալուստն էր, որը վաղ ադվենտիստները, այսինքն՝ միլլերականները, ակնկալում էին 1843-1844 թթ.-ին։

Այսօր ադվենտիզմը հանդես է գալիս նաև որպես բողոքականության հիմնական ճյուղավորումներից մեկը, որը տարածված է ամբողջ աշխարհում և ունի 25 մլն.-ից ավելի հետևորդ։ Այն հիմնականում ներկայացնում է Յոթերորդ Օրվա Ադվենտիստների Եկեղեցին։

Ադվենտիստական շարժում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվան ծագում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Adventus բառը թարգմանաբար լատիներենից նշանակում է «գալուստ»։ Այն եղել է Հին Հռոմում և Բյուզանդիայում կայսրին, շրջանային տիրակալին կամ քաղաք մուտք գործող այլ ազդեցիկ անձի դիմավորման արարողության անվանում։ Կայսրությունում ավելի ուշ շրջանում արարողությունը կարող էր կազմակերպվել՝ հարգելու եպիսկոպոսի կամ սուրբ մասունքների ժամանումը քաղաք։ Ըստ հելլենիստական դարաշրջանում առաջացած կարծրատիպի՝ ծեսը ներառում էր երկու հիմնական տարր՝ քաղաքաբնակների կողմից տիրակալի հանդիպումը քաղաքի դարպասների առջև (occursus, synantesis, hypantesis) և կառավարչի հետագա գործողությունները քաղաքում, հիմնականում՝ բնակիչների համար տոնախմբությունների կազմակերպում և ֆինանսավորում։

Կաթոլիկ և որոշ բողոքական (օրինակ լյութերական) եկեղեցիներում ընդունված է «ադվենտ» (adventus բառից) անվանել նախածննդյան սպասման ժամանակը։ Այդ ժամանակաշրջանում տվյալ քրիստոնյաները սպասում և պատրաստվում են Սուրբ Ծննդյան տոնին։

Այսպիսով «ադվենտիստ» նշանակում է գալուստին սպասող կամ գալստական։ Պետք է չշփոթել այն հոգեգալստականների հետ, որոնք պատկանում են լիովին ուրիշ՝ պենտեկոստալ ուղղությանը, այլ ոչ թե ադվենտիստական, ունենալով բազում տարբերություններ։ Քրիստոնեության մեջ այն ասոցացվում է Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստի և դրա սպասման հետ։ Այդ իսկ պատճառով, թեպետ ադվենտիզմը համարվում է բողոքականության առանձին ճյուղ և որպես պաշտոնական անվանում ամրագրված է միայն որոշ եկեղեցիների կողմից, ադվենտիստ կարող է համարվել պարզապես այն քրիստոնյան, որը ինչպես և վաղ քրիստոնյաներն ու առաքյալները սպասում է մոտալուտ Հիսուս Քրիստոսի վերադարձին։

Համաշխարհային սպասումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրականում սխալ է կարծել, որ Քրիստոսի մոտալուտ գալուստը զուտ ամերիկացի ագարակատեր Ուիլյամ Միլլերի գաղափարն էր, չնայած որ գալստական (ադվենտիստական) շարժումը ամենամեծ թափը ստացավ հենց ԱՄՆ-ում և նրա միջնորդությամբ:
Զանազան երկրներում ապրող Աստվածաշնչի մոտ 65-80 ուսումնասիրողներ իրարից անջատ և անկախ մոտավորապես այդ ժամանակահատվածում եկան նմանատիպ եզրահանգմանը։[1]
Բացի այդ, որ տարբեր քրիստոնեական քարոզիչներ և պարզապես Աստվածաշունչը ուսումնասիրող մարդիկ նորովի մեկնաբանելով Դանիելի մարգարեության և Հովհաննես առաքյալի Հայտնության գրքերը եկան պնդմանը, որ 1840-ական թվականներին կլինի Հիսուս Քրիստոս երկրորդ երևելի գալուստը (տարբեր անձանց մոտ շոշափվում էին այնպիսի թվեր, ինչպիսիք՝ 1843, 1844, 1845, 1847 և դրա նման), կրոնական սպասումներ ի հայտ եկան նաև, որքան էլ զարմանալի չլինի, մուսուլմանների մոտ, որոնք նույնպես կապված էին 1840-ական թվականների հետ:

Ադվենտիստական շարժման պատմական զարգացումն ու ճյուղավորումը ԱՄՆ-ում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկայի Միացյալ Նահանգներում միլլերական (ադվենտիստական) շարժումը անմիջականորեն կապվում է դրա հիմնադիր՝ բապտիստական քարոզիչ Ուիլյամ Միլլերի հետ, ով այդ շարժման հիմնական և սկզբունքային գաղափարախոսության հեղինակն էր և սկսեց քարոզել քրիսչտոսի երկրորդ գալուստը 1843-1844 թվականներին, դա տևեց 1831 թ.-ից մինչև 1844 թ.-ը՝ Մեծ հիասթափությունը

Ուիլյամ Միլլեր (1782-1849)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուիլյամ Միլլերը ծնվել է 1782 թ.-ին ԱՄՆ-ի Փիթսֆիլդ քաղաքում (Մասաչուսեթս) մեթոդիստների ընտանիքում։ 18 տարեկանից հետո հայտնի տվյալներով կրթությունը չի շարունակել, սակայն միշտ չափազանց շատ կարդալու սեր է ունեցել։

Ուիլյամ Միլլերի դիմանկար

Նա իր ընտանիքի 16 երեխաներից ավագն էր։ Երբ նա 4 տարեկան էր նրանք տեղափոխվեցին Լոու Հեմփթոն [Hampton] (Նյու Յորք)։ Այնտեղ 9 տարեկանից նա սկսեց հաճախել դպրոց։

Ուիլյամ Միլլերի տունը Լոու Հեմփթոնում

1803 թվականին 22-ամյա Միլլերն ամուսնացավ բապտիստական եկեղեցուն պատկանող Լյուսի Սմիթի հետ և տեղափոխվեց Պոլթնի (Վերմոնտ
Այնտեղ նա ծանոթացավ որոշ մարդկանց հետ, որոնց ազդեցության տակ վերանայեց իր քրիստոնեական համոզմունքները և դարձավ դեիստ։ Իր ինքնակենսագրության մեջ նա գրում էր

Ես ծանոթացա այդ գյուղի [Պուլթնի, Վերմոնտ] առաջատար մարդկանց հետ, ովքեր դեիզմի հետևորդներ էին, սակայն նրանք լավ քաղաքացիներ էին և տարբերվում էին բարոյականությամբ պահվածքով։ Նրանք տվեցին ինձ ձեռքերի մեջ Վոլտերի, Հյումի, Փեյնի, Իթան Ալենի եվ այլ դեիստական գրողների աշխատությունները։

Ամենայն հավանականությամբ հենց այդ «լավ քաղաքացիները» Միլլերին շեղեցին ոչ միայն դեպի դեիզմ, այլև մասոնականության, որի հետևանքով նա շուտով պաշտոնապես դարձավ մասոն։
Վերմոնտի մասոնական օթյակի գրառումները ցույց են տալիս, որ Ուիլյամ Միլլերը միացել է մասոնական «Առավոտյան աստղ» № 27 (հետագայում № 37) օթյակին Փոլթնի քաղաքը տեղափոխվելուց ոչ շատ ժամանակ անց, մասնակցել է իրենց տարեկան հավաքներին 1809 թվականին որպես վստահելի անձ, իսկ 1810 թվականին հիշատակվում է որպես օթյակի ավագ հսկիչ։ Չի բացառվում նաև որ ունեցել է վարպետի աստիճան[2](հետագայում նա պաշտոնապես խզեց իր կապերը մասոնության հետ, ավելի մանրամասն շարունակության մեջ

Միլլերը զբաղեցրել է նաև մի շարք պաշտոններ և իր քաղաքում բավականին սիրելի և հարգված մարդ էր եղել։ Մի ժամանակ նա աշխատել է ոստիկանությունում կոնստեբլ (ոստիկանական պաշտոն), 1809 թ-ին եղել է շերիֆի տեղակալ , 1810 թ-ի հուլիսի 21-ին ստացել է լեյտենանտի կոչում, իսկ անհայտ ժամանակահատվածում եղել է նաև հաշտարար դատավոր ։

Երբ 1812 թվականին սկսվեց անգլո-ամերիկյան պատերազմը , Ուիլյամ Միլլերը պատերազմի համար հավաքեց տղամարդկանց խումբ և նրանց հետ ուղևորվեց Բերլինգթոն (Վերմոնտ)։ Առաջին ճակատամարտը, որի մասնակիցներն ու ականատեսները եղավ Միլլերը, տեղի ունեցավ Պլատսբուրգում։
«Ամրոցը, որտեղ ես գտնվում էի, անընդհատ ենթարկվում էր գնդակոծման։ Ռումբերը, հրթիռներն ու բեկորային արկերը թափվում էին այնպես, ինչպես կարկուտը»,- ասել է նա։ Այդ կրակոցներից մեկը պայթել էր նրանից ընդամենը երկու ոտնաչափ հեռավորության վրա՝ վիրավորելով իր երեք զինվորներին և սպանելով մեկին, բայց Միլլերը անվնաս էր մնացել։
Միլլերը այս ճակատամարտի ելքը համարեց հրաշագործ և աստվածային, ինչը հակասում էր իր դեիստական պատկերացումներին հեռավոր Աստծո մասին, որը չէր միջամտում մարդկային գործերին։ Միլերը պատերազմի վերաբերյալ գրել էր նաև հետևյալը.

Ինձ թվաց, թե Գերագույն Էակը հատուկ կերպով հսկել է այս երկրի շահերը և փրկել մեզ մեր թշնամիների ձեռքից ... Այդքան զարմանալի արդյունքը՝ այդպիսի անհավասար պայմաններում, ինձ թվում էր ոչ թե մարդկային գործ, այլ առավել զորեղ ուժի դրսևորում։[3]
Հանկարծ Փրկչի կերպարը վառ կերպով հայտնվեց իմ մտքում։ Թվաց, որ կարող է լինել մի Էակ, այնքան բարի ու գթասիրտ, որ ինքը պատրաստ լիներ ինքնակամ քավել մեր մեղքերը և այդպիսով փրկել մեզ դրանց պատժից։ Ես անմիջապես զգացի, թե որքան հրաշալի պետք է լինի այդ Էակը և պատկերացրեցի, որ կարող եմ նետվել նրա գիրկը և լիովին ապավինել նրա ողորմությանը։[4]

Պատերազմի ժամանակ՝ 1814 թվականի փետրվարի 1-ին, Միլլերը ստացավ նաև կապիտանի կոչում։ Երբ պատերազմ ավարտվեց, 1815 թվականի հունիսի 18-ին Միլլերը հրաժարական տվեց, վերադարձավ իր ընտանիքի մոտ և շուտով տեղափոխվեց ու վերադարձավ Լոու Հեմփթոն։

Ուիլյամ Միլլերի ուսումնասիրություններնը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատերազմից հետո Ուիլյամ Միլլերը լրջորեն վերանայեց իր դեիստական գաղափարները։ Այդ իրադարձությունը շրջադարձային էր իր կյանքում։ Այն դրդեց նրան հավատալու պատմությանը խառնվող Աստծուն, հետևաբար դա նշանակում էր, որ այդպիսի Աստվածը կարող էր նաև իր հայտնությունը տալ մարդկանց, ինչը հակասում էր իր նախկին դերիստական համոզմունքներին։ Նա գրում էր.

Ես տեսա ու հասկացա, որ միայն Աստվածաշունչը հառեց իմ աչքերը Փրկչի վրա։ Ես ցնցված էի այն բանից, թե կարո՞ղ է արդյոք մի հասարակ գիրք այդքան կատարելապես պատասխանել ընկած աշխարհի կարիքներին։ Աստծո Խոսքը դարձավ իմ ուրախությունը, իսկ Հիսուսի մեջ ես գտա ընկեր:

1816 թվականից Ուիլյամ Միլերը սկսեց լրջորեն և ջանասիրաբար ուսումնասիրել Աստվածաշունչը, քանի որ լիովին վերափոխեց իր վերաբերմունքը դրա նկատմամբ։ Նա սկսեց նաև հաճախել բապտիստական եկեղեցի։
Աստվածաշնչի խոր ուսումնասիրության համար հայտնի է, որ նա օգտագործում էր Ալեքսանդր Կրյուդենի կոնկորդանսը (համաբարբառ), ինչպես նաև ուսումնասիրում էր բազմաթիվ պատմական տվյալներ, համեմատելով դրանք Աստվածաշնչի և աստվածաշնչյան մարգարեությունների հետ։

Ուիլյամ Միլլերի աշխատանքային գրասեղանը

Հատուկ ուշադրության արժանացավ նաև Դանիել մարգարեի գիրքը, որտեղ Միլլերի համար շատ կարևոր էին հիմնականում հետևյալ համարները.

Մեկ մարգարեական օրը հավասար է մեկ տարվան

Քեզ համար կհաշվես տարիների յոթ շաբաթ, այսինքն՝ յոթ անգամ յոթ տարի, և տարիների այդ յոթ շաբաթների ժամանակը քառասունինը տարի պիտի լինի քեզ համար։ (Ղևտ. 25:8)
 Երկիրը հետախուզելու այս քառասուն օրերի թվի համեմատ, ամեն մեկ օրվա դիմաց մեկ տարի, այսինքն՝ քառասուն տարի կկրեք ձեր անօրենությունների պատիժը և կիմանաք իմ դժգոհությունը։ (Թվ. 14:34)
⁵ Եվ ես քեզ կարգեցի նրա անօրենության տարիները, օրերի թվով՝ երեք հարյուր իննսուն օր, և դու կկրես Իսրայելի տան անօրենությունը։ ⁶ Եվ երբ որ սրանք լրացնես, այն ժամանակ կրկի՛ն պառկիր քո աջ կողքի վրա և կրի՛ր Հուդայի տան անօրենությունը քառասուն օր. ամեն մեկ տարվա փոխարեն մեկ օր եմ տալիս քեզ։ (Եզկ. 4:5-6)

Այս և նմանակի աստվածաշնչյան տեքստերի հիման վրա Ուիլյամ Միլլերը եզրակացրեց, որ մարգարեություններում նշված մեկ օրը կարող է հավասար լինել մեկ տարվան։ Այդ սկզբունքը նա կիրառեց մյուս, հատկապես Դանիելի գրքի մարգարեությունները մեկնաբանելու ժամանակ, թեև 70 յոթնյակների մարգարեությունը ընդունված էր այդպես մեկնաբանել շատ եկեղեցիներում դեռևս ավելի հին ժամանակներից։

Յոթանասուն յոթնյակների մարգարեություն

²⁴ Յոթանասուն յոթնյակ է վճռված քո ժողովրդի և քո սուրբ քաղաքի համար՝ հանցանքը ավարտելու և մեղքերը վերացնելու, անօրենությունը քավելու և հավիտենական արդարություն բերելու և տեսիլքն ու մարգարեությունը կնքելու և Ամենասուրբն օծելու։ ²⁵ Եվ իմացի՛ր ու հասկացի՛ր, որ Երուսաղեմը վերակառուցելու վճիռն արձակելուց մինչև Մեսիայի՝ Առաջնորդի գալը յոթ յոթնյակ և վաթսուներկու յոթնյակ կա. հրապարակը և պարիսպը պիտի վերակառուցվեն, սակայն տագնապալից ժամանակներում։
- (Դան. 9:24-25)

Միլլերը կատարեց հետևյալ մեկնաբանումն ու հաշվարկը. 70 յոթնյակները հավասար են 490 տարվան ( 70× 7 = 490 ), որոնք սկսվում են Երուսաղեմ քաղաքը վերականգնելու հրամանը արձակելուց։
Ուիլյամ Միլլերը համարեց դա Ք.ա. 457 թ.-ին Պարսկաստանի Արտաշես Ա թագավորի արձակած հրամանը, որը մինչ օրս լայնորեն ընդունվում է որպես պատմական իրադարձություն

Միլլերը համաբարբառի միջոցով ուշադրություն դարձրեց, որ Դանիելի գրքում բնագիր լեզվով «յոթանասուն յոթնյակ է վճռված » արտահայտության մեջ «վճռված» բայի համար օգտագործվում է եբրայերեն «խաթախ» բառը (եբր.՝ חָתַךְ), որն իրականում թարգմանվում է համաբարբառում և բառարաններում «կտրել»։

Եթե խորանալ այդ թեմայի մեջ, ապա պետք է նշել, որ շատ թարգմանություններում տվյալ բառը թարգմանվում է «վճռված», քանի որ թարգմանիչները որպես հիմք են ընդունում ոչ թե մասուրետական տեքստը, այլ Յոթանասնից թարգմանությունը կամ Սեպտուագինտան՝ Ք.ա. III-II դդ. հրեաների կողմից կատարված Հին Կտակարանի հունարեն թարգմանությունը։

Այն երբեմն դիտարկվում է որպես ավելի հավաստի այն պատճառով, որ պահպանվել են դրա ավելի հին օրինակները, բացի այդ նաև տարածված էր առաջին դարերում քրիստոնեական եկեղեցում, իսկ երբեմն որոշակի քննադատության է ենթարկվում և նախապատվությունը տրվում է հին եբրայերեն մասորետական տեքստին, քանի որ հրեական մասորետները չափազանց մեծ զգուշությամբ էին զբաղվում արտագրությամբ և Սեպտուագինտան միգուցե հենց դրա թարգմանությունն է, որտեղ կարող են հանդիպել թարգմանական սխալներ, որոնք պետք է ստուգվեն։ Տարբեր տեքստոլոգներ այդ առումով արտահայտում են տարբեր կարծիքներ, թեպետ այն շարունակում է տարբեր պատճառներով մնալ շատ կարևոր փաստաթուղթ։

Դրանից Ուիլյամ Միլլերը եզրակացրեց, որ այդ 490 տարի կազմող մարգարեական ժամանակը կազմում է ավելի մեծ ժամանակահատվածի մի մասը, որից էլ «կտրված է»։

2300 իրիկունների և առավոտների մարգարեություն

¹⁴ Եվ նա ասաց ինձ. «Մինչև երկու հազար երեք հարյուր իրիկուն և առավոտ. հետո սրբարանը պիտի մաքրվի»։ … ²⁶ Իրիկունների ու առավոտների տեսիլքը, որ պատմվեց, ճշմարիտ է. դու տեսիլքը գաղտնի՛ պահիր, որովհետև հեռավոր օրերի մասին է”։
- (Դան. 8:14,26)

Հենց այս մարգարեությունն է նախորդում 70 յոթնյակների մարգարեությանը։ Այդ պատճառով Միլլերը ենթադրեց, որ 2300 օրերը՝ 2300 տարիներ են, որոնցից «կտրված են» Ք.ա. 457 թվականին սկսվող 490 տարիները՝ 70 յոթնյակները։ Դրանից Միլլերը կատարեց հետևություն, որ այդ 2 մարգարեություններն էլ սկսվում են նույն ժամանակ, սակայն, եթե 490 տարիները ավարտվում էին մեր թվարկության առաջին դարում, ապա 2300 տարիները, համաձայն Միլլերի առաջարկած հաշվարկի, պետք է ավարտվել 19-րդ դարուն։
Ու. Միլլերը կատարեց հետևյալ հաշվարկը.
-457 + 2300 = 1843
Դրանից Միլլերը եկավ եզրակացության, որ 1843 թվականին կավարվեն 2300 տարիները, ինչից հետո «սրբարանը կմաքրվի»։

Ինչում էր հաշվարկի սխալը թվաբանական տեսանկյունից. մ.թ.ա. և մեր թվարկության իրադարձությունների մինչև եղած ժամանակը որոշելու համար պետք է նախ միմյանց գումարել տվյալ թվականների մոդուլները, ինչից հետո գումարել 1 (+1)։ Դրա պատճառը մեր ժամանակային, թվարկության սանդղակում 0-ական թվականի բացակայությունն է, որով այն տարբերվում է մաթեմատիկականից։

Իրականում, եթե իր հաշվարկները լինեն ճիշտ, դրանք պետք է կատարվեին հետևյալ ձևով.
-457 + 2300 + 1 = 1844
Այս պարզ բացթողումը լրացվեց միայն 1843 թվականից հետո, երբ ոչինչ չիրականացավ։

Սրբարանը կմաքրվի – այս արտահայտությունը Միլլերը հասկանում էր յուրահատուկ ձևով։ Որպես «սրբարան» նա հասկանում էր մեր երկիրը, իսկ ամբողջ «սրբարանը կմաքրվի» արտահայտությունը՝ Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը, որի ժամանակ մեր երկիրը պետք է մաքրվեր կրակով։

Այսպիսով Ուիլյամ Միլլերը, այն պահից երբ 1816 թվականից սկսեց զբաղվել աստվածրաշնչի ուսումնասիրությամբ, երկու տարի անց՝ 1818 թվականին եկավ այն եզրակացության, որ 25 տարի հետո՝ 1843 թվականին կլինի աշխարհի վերջը՝ Քրիստոսի Երկրորդ Գալուստը։

Տարբեր արձագանքներ միլլերիզմին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուիլյամ Միլլերի գրեթե ողջ հիմնադրույթները համառոտ կարելի է ներկայացնել հետևյալ ձևով.

Դանիելի մարգարեություն գրքում

  • 2300 օրերի մարգարեության մեջ 1 օր = 1 տարի
  • այն սկսվում է նույն ժամանակ, երբ 70 յոթնյակների մարգարեությունը՝ Երուսաղեմի վերակառուցման հրամանի արձակումից
  • հաշվարկման սկիզբը – Ք.ա. 457 թ.
  • «սրբարանը կմաքրվի» արտահայտությունը մեկնաբանվում էր հետևյալ կերպ. սրբարանը մեր երկիրն է, այն կմաքրվի կրակով Երկրորդ գալուստի ժամանակ

Հիսուս քրիստոսի վերադարձը լինելու է

  • Ք.ա. 457 թ.-ից սկսվող 2300 տարիների ավարտին
    • 1883/1844 թվականին
  • տեսանելի և շրջադարձային, ոչ թե անտեսանելի
  • հազարամյակից (1000-ամյա թագավորությունից) առաջ, ոչ թե հետո
    • հազարամյակը բառացի է, կլինի ապագայում
  • լինելու է շուտով, ոչ թե շատ հեռաավոր ապագայում


1831 թվականի օգոստոսին, մի կիրակնօրյա քարոզի ժամանակ Ուիլյամ Միլլերը իր բապտիստական եկեղեցում կիսվեց սեփական համոզմունքներով Տեր Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալստյան մասին։ Նա հայտարարեց, որ կարողացել է հաշվարկել, թե երբ է լինելու այդ իրադարձությունը, նշելով 1843 թվականը (1843 թ. մարտի 21-ից մինչև 1844 թ. մարտի 21-ն ընկած ժամանակահատվածը)։

Ադվենտիստական շարժման զարգացում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 1844 թվականը ադվենտիստական շարժման մասնակիցներ ընդհանուր քանակը կարող էր կազմել 50.000-500.000, ավելի հավանական թիվը՝ 100/150-250 հազ.։
Հաշվի առնելով այն տարածաշրջանները, որտեղ առավել լայն տարածում էր գտել Ուիլյամ Միլլերի առաջնորդած ադվենտիստական շարժումը, իսկ դրանք էին՝ ԱՄՆ-ի հյուսիսարևելյան և միջին-ատլանտյան շրջանները, ինչպես նաև այդ տարածքների բնակչության մոտավոր թվաքանակը, միլլերականների ընդհանուր թիվը կարող էր կազմել տվյալ շրջանների բնակչության մոտ 0.65%-ից մինչև 6.5%-ը, բայց սա միայն մոտավոր հաշվարկներ են, քանի որ հստակ թվաքանակի որոշումը բավականին դժվար է։

Մեծ հիասթափություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1844 թ. հոկտեմբերի 22-ին տեղի ունեցավ, այսպես կոչված «Մեծմ հիասթափություն»-ը, քանի որ այդ օրը հազարավոր միլլերականներ սպասելով, բայց չտեսնելով Երկրորդ գալուստը, չափազանց մեծ և խորը հիասթափություն վերապրեցին։ Դրանից հետո «Մեծ հիասթափություն» անվանումը կարծես դարձավ տվյալ դեպքի համար հատուկ անվանում, որը լայնորեն գործածվում է մինչև այսօր տվյալ պատմական իրադարձության համար։

«Համբարձման ժայռ»

Ադվենտիզմի ճյուղավորումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

1844 թվականի Մեծ հիասթափությունից հետո միլլերական շարժումը անկում ապրեց և տրոհվեց մի շարք տարբեր ճյուղերի և ուղղությունների։
Մեթոդիստական եկեղեցին ընդունեց մոտ 40.000 անդամ, իսկ բապտիստական եկեղեցին՝ 45.000,[5] չհաշված այլ եկեղեցիներ (օրինակ՝ երեցական, ժողովական, և ուրիշ)։

«Հոկտեմբերի 22-ին տեղի ունեցած հիասթափությունից հետո եկեղեցիների շատ հավատացյալներ և ծառայողներ, ովքեր միացել էին ադվենտիստական լուրին, անմիջապես հեռացան։ Նրանցից շատերը հարել էին շարժմանը գլխավորապես վախի պատճառով և երբ սպասման ժամանակն անցավ, նրանք թողեցին իրենց ապավինությունն ու ցրվեցին։[6]

Մյուսներն ընկան մոլեռանդության մեջ: Սակայն ադվենտիստների համարյա կեսը դեռևս հավատում էր որ Քրիստոսը շուտով կհայտնվի երկնային ամպերի վրա։ ... Այդ մարդիկ անսասան հավատում էին, որ Տիրոջ վերադարձը շատ մոտ է։ Սակայն տեսնելով, թե ինչպես են անցնում օրերն ու ամբողջ շաբաթներ, իսկ Տերը չի վերադառնում, այդ ադվենտիստների մեջ սկսեց կարծիքների տարաձայնություն առաջանալ, և նրանք բաժանվեցին։ Նրանց մեծամասնությունն այն կարծիքին էր, որ մարգարեությունը 1844 թվականին չկատարվեց և որ մարգարեական ժամանակաշրջանների հաշվարկների ժամանակ, ըստ երևույթին սխալներ են թույլ տրվել։ Նրանք սկսեցին իրենց ուշադրությունը կենտրոնացնել ապագայի որոշ տարեթվերի վրա, թե երբ պետք է սպասել Հիսուսի գալուստին։ Իսկ մյուսները, ովքեր հավատացյալների համեմատաբար փոքրաթիվ խմբի մեջ էին և մասնակցել էին Յոթերորդ օրվա ադվենտիստական եկեղեցու կազմավորմանը, մեծապես հավատում էին, որ Աստված է առաջնորդում ադվենտիստական մեծ արթնությունը։ Նրանք նույնիսկ այն կարծիք էին, որ ժխտել դա, նշանակում է վիրավորել շնորհի Հոգուն։ Իսկ նրանք չէին ցանկանում այդպես վարվել»։[7]

Օլբանիի վեհաժողով

[խմբագրել | խմբագրել կոդը]

1845 թվականի ապրիլի 29-ից մինչև մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆՆյու Յորք նահանգի Օլբանի քաղաքում տեղի ունեցավ կարևոր վեհաժողով։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Քրիստոնեական դարաշրջան», Երևան 2005, էջ 68 (գլուխ 6) | Ա. Մաթևոսյան,
  2. https://freemasonry.bcy.ca/biography/miller_w/miller_w.html
  3. https://m.egwwritings.org/en/book/1482.49?utm_source=chatgpt.com
  4. https://text.egwwritings.org/read/140.800
  5. «Քրիստոնեական դարաշրջան» Երևան 2005 թ., էջ 72, գլուխ 6 (Ա. Մաթևոսյան)
  6. Վաղ Ստեղծագործություններ, էջ XIV
  7. Վաղ Ստեղծագործություններ, էջ XIV-XV