Ադոլֆ Հիտլերի սեռական կյանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադոլֆ Հիտլերը և Եվա Բրաունը իրենց շների հետ Բերգհոֆ նստավայրում

Ադոլֆ Հիտլերի սեռական կյանք, Նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերի անձնական կյանքի դրվագ, որը մինչ օրս բազմաթիվ քննարկումների և վեճերի առարկա է։ Չնայած նացիստական կուսակցության կողմից համասեռամոլների հետապնդման և հալածման պաշտոնական դիրքորոշմանը՝ որոշ պատմաբաններ պնդում են, որ Հիտլերը եղել է համասեռամոլ կամ բիսեքսուալ։ Պատմաբանների մեկ այլ խումբ էլ պնդում է, որ Ֆյուրերը (հաճախ այդպես էին կոչում Ա. Հիտլերին) եղել է ասեքսուալ այն դեպքում, երբ ի հակադրություն այս տեսակետի, այլոց կարծիքով Հիտլերը եղել է հետերոսեքսուալ տղամարդ։

Չնայած բոլոր այս պնդումներին՝ Ա. Հիտլերն իր կյանքի ընթացքում ընկերակցել է բազմաթիվ կանանց հետ։

Միասեռականության վարկած[խմբագրել | խմբագրել կոդը]

1943 թվականին Ռազմավարական ծառայությունների ամերիկյան վարչությունը Վալտեր Լանգերի և առաջատար ուրիշ հոգեվերլուծաբանների հետ միասին կազմել է Ադոլֆ Հիտլերի հոգեբանական պատկերը։ Նպատակը բռնապետի պոտենցիալ վարքագծի ուսումնասիրությունն էր, այդ թվում նաև հետպատերազմական ժամանակաշրջանում[1]։ Զեկույցում նշված է, որ Հիտլերը ունեցել է գաղտնի կոպրոֆիլիա[2]։ Զեկույցում գիտնականները նշում են, որ Հիտլերը հավանաբար միասեռական է, սակայն ավելացնում են, որ Հիտլերի միասեռականության վերաբերյալ փաստերը շատ քիչ են, և հնարավոր չէ համապատասխան եզրահանգումներ իրականացնել։ Կուսակցությունում Հիտլերի մրցակիցներից մեկը՝ Օտտո Շտրասերը, հավաստիացնում էր, որ նացիստական բռնապետը ստիպել է իր զարմուհի Գելի Ռաուբալին միզել և կղկղել նրա վրա[3]։

Գերմանացի պատմաբան Լոտար Մախտանը նշում է, որ Հիտլերը եղել է գաղտնի միասեռական։ Նա վստահեցնում է (առանց լուրջ ապացույցների), որ Հիտլերը իր երիտասարդ ընկերների հետ Վիեննայում ունեցել է գեյ օրգիաների փորձեր, ներառյալ նաև Էրնստ Ռյոմը, Էրնստ Հանֆշտենգլը և Էմիլ Մորիսը, ով եղել է Հիտլերի համածառայակիցը։ 2004 թվականին ամերիկյան HBO հեռուստաընկերությունը պատրաստել է վավերագրական ֆիլմ, որը հիմնված է Մախտանի տեսության վրա։ Ֆիլմը կոչվում է «Զրույցներ Հիտլերի գաղտնի սեքսուալության մասին» և պատմում է ֆյուրերի գաղտնի ցանկությունների մասին։ 2002 թվականին Սքոթ Լայվլին և Քևին Աբրամսը «Վարդագույն սվաստիկա» գրքում դիտարկել են համանման հարցեր։ Սակայն գրքում կան նաև բազմաթիվ փաստարկներ և հակասություններ, որոնց հիման վրա հնարավոր չէ միանշանակ եզրահանգումներ անել ֆյուրերի սեռական կողմնորոշումների վերաբերյալ[4]։

Մասաչուսեթսի համալսարանի պրոֆեսոր Ջեք Նիսան Պորտերը գրում է.

Հիտլերը արհամարհո՞ւմ է համասեռամոլներին։ Ամաչո՞ւմ է արդյոք նա իր համասեռամոլության համար։ Սրանք հոգեբանության ոլորտի հարցեր են, որոնց պատասխանները դեռևս անհայտ են։ Իմ կարծիքով Հիտլերը եղել է ասեքսուալ տղամարդ՝ իր ավանդական մոտեցմամբ և տարօրինակ է նաև, որ նշվում է, որ նա սեքսուալ ֆետիշիզմի կրող է եղել[5]։

Կանանց նկատմամբ վերաբերմունքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիտլերի նկարներից մեկը

Ադոլֆ Հիտլերը տեղյակ է եղել իրենց ընտանիքում առկա ինցեստ կապի մասին և իմացել է իր ծագման պատմությունը, այդ իսկ պատճառով երբեք չի ցանկացել քննարկել այդ թեման։

Ապացուցված է, որ Հիտլերը վախեցել է հայր դառնալուց։ Նա վախեցել է, որ կարող է ունենալ աննորմալ երեխա, քանի որ ինքն էլ եղել է ինցեստի պտուղ[6]։ Միևնույն ժամանակ նա նորմալ է վերաբերվել միջբարեկամական սեռական կապերին։ Հրեական հարցով ծառայողական նոթատետրում նա գրել է. «Շնորհիվ հազարամյա ինցեստ կապերի, հրեաները պահպանել են իրենց ռասան և ավելի ճշտորոշ են, քան շատ ու շատ ազգեր, որոնց մեջ բնակվում են նրանք»[6]։

Հնարավոր ամուսնության վերաբերյալ հարցին ֆյուրերը միշտ բացասական է պատասխանել՝ նշելով, որ ավելի լավ է ունենալ սիրուհի։ Նա կանանց վերաբերվում էր հետևյալ կերպ. նա կարծում էր, որ փառահեղ մարդը, իր ֆիզիկական պահանջմունքները բավարարելու համար, իրավունք ունի ունենալ սիրուհի և նրան վերաբերվել այնպես, ինչպես ցանկանում է, առանց պատասխանատվության զգացումի[7]։

Հիտլերը գիտեր և օգտագործում էր իր ազդեցությունը՝ կանանց վրա տպավորություն գործելու համար։ Եվ պատահական չէ, որ կանայք եղել են Հիտլերի և կուսակցության ամենակարևոր հովանավորները։ Սիրահարված կանայք հաճախ գումարներ են տվել նրան և ներդրումներ են կատարել կուսակցության ֆոնդում, ինչպես գումարով, այնպես էլ արվեստի գործերով[8][9]։ Նա բոլոր կանանց ստիպել է հավատալ, որ նրանք գեղեցիկ են, հիացել է նրանցով և աստվածացրել։ Օրինակ, իր քարտուղարուհիների վրա Հիտլերը երբեք չի բղավել, անգամ երբ նրանք լուրջ սխալներ են արել։ Նրա սիրելի արտահայտություններից են եղել «իմ գեղեցկուհի» և «չքնաղ երեխա» արտահայտությունները։ Կանանց ներկայությամբ երբեք առաջինը չի նստել, չնայած եղել են դեպքեր, երբ նստել է առաջինը անգամ պետական ընդունելությունների ժամանակ։ Նրա ներկայությամբ արգելված է եղել ծխելը, սակայն հաճախ թույլատրել է կանանց[6]։

Նախընտրել է մեծ կրծքերով կանանց։ Նշանակություն չի տվել կանանց մազերի գույնին։ Ընդհանուր առմամբ, սիրուհիները նրանից փոքր են եղել 20 տարով։ Անգամ կան փաստեր, որոնց համաձայն որոշ սիրուհիներ նրա պատճառով ինքնասպանության փորձեր են արել։ Մինչև 1914 թվականը կանանց հետ հարաբերությունների մասին տվյալներ չկան, սակայն ապացուցված է, որ մինչև Առաջին համաշխարհային պատերազմը նա արդեն իսկ ունեցել է սեռական հարաբերությունների փորձ[6]։

Սիրուհիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1916- 1945 թվականներին Ադոլֆ Հիտլերի ամենահայտնի սիրուհիներն են եղել՝

Շարլոտ Լոբժուա[խմբագրել | խմբագրել կոդը]

Շարլոտ Էդոքսի Ալիդա Լոբժուա[6][10][11](14.05.1898 - 13.09.1951), ֆրանսուհի։ Եղել է մսագործի դուստր։ Վարժ տիրապետել է գերմաներենին։ Հագնվել է գնչուհու նման։

Նա Ադոլֆին առաջին անգամ հանդիպել է 1916 թվականի ապրիլին Ռյու դե Սերանում բնակվող բարեկամների ընկերների տանը և սեռական կապի մեջ է մտել նրա հետ։ Այդ ժամանակ Շարլոտը եղել է 18 տարեկան, իսկ Ադոլֆը՝ 27: Շարլոտի անունը հիշատակվում է Հիտլերի ռազմաճակատի ընկերների հիշողություններում։

Հիտլերը ունի նկար, որտեղ պատկերված է Շարլոտը՝ գլուխը ծածկած թաշկինակով, բլուզով և մասամբ բաց կրծքով։ Նկարը ստորագրված է որպես «Ա. Հիտլեր» և թվագրված է 1916 թվական։ Լոնդոնի «Սոթբի» աճուրդի տունը ուսումնասիրել է նկարը և եկել այն եզրահանգման, որ նկարը իրավամբ պատկանում է Հիտլերի վրձնին։ Պրոֆեսոր Ալֆրեդ Ցելլեր Ցելենբերգը 1977 թվականի նոյեմբերի 29-ին փորձաքննության եզրակացության գրել է. «Ես լավ գիտեմ Ա. Հիտլերի կտավները։ «Շարլոտ Լոբժուա» նկարի օրիգինալ լինելու մեջ կասկած անգամ չի կարող լինել։ Այն պատկանում է Ադոլֆ Հիտլերին»։

1916 թվականից մինչև 1917 թվականի աշուն Ադոլֆի հետ միասին Շարլոտը տեղափոխվել է Շվեյցարիայի Ֆուրնա, Ֆրանսիայի Վաֆրեն, Սեքլեն և Արդուա քաղաքներ։ Նրանց կապը խզվել է Հիտլերի վիրավորումից բուժվելու ժամանակ։

1917 թվականի սեպտեմբերի 30-ին Հիտլերը ստացել է արձակուրդ և մեկնել Շպիտալի՝ իր բարեկամների մոտ։ Դրանից հետո Շարլոտը երբեք նրան չի տեսել։

1918 թվականի մարտին Սեքլենում բնակվող ընկերների տանը ունեցել է իր արտամուսնական կապից ծնված որդուն՝ Ժան Լորեին։ Վարկածներից մեկի համաձայն, նա եղել է Հիտլերի որդին։

Գելի Ռաուբալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գելի Ռաուբալը (1908-1931) եղել է սև մազերով սլավոնական վառ արտահայտված արտաքինով աղջիկ։ Հիտլերից 19 տարով երիտասարդ է եղել։ Եղել է Հիտլերի զարմուհին՝ հարազատ քրոջ դուստրը (ունեցել են ընդհանուր հայր)։

Գելիի կապը Հիտլերի հետ, հավանաբար, սկսվել է 1925 թվականին և շարունակվել մինչև նրա մահը (1931 թվական)։ Մահվանից առաջ Գելին բնակվել է Հիտլերի մյունխենյան բնակարանում (Պրինցռեգենտենպլաց 16), որն ունեցել է 15 սենյակ։ Գելիի սենյակ, բացի Հիտլերից և նրա տնտեսուհի Աննի Վինտերից, ոչ ոք իրավունք չի ունեցել մտնել։ Որոշ տվյալներով, Գելին ինքնասպանության ժամանակ հղի է եղել։

Երբ 1931 թվականի սեպտեմբերի 18-ին Գելին ինքնասպանություն է գործել, Հիտլերը քարացել է՝ լսելով այդ լուրը։ Նա ընկել է խորը դեպրեսիայի մեջ, ցանկացել է ինքնասպանություն գործել, դարձել է ինքնամփոփ, տանջվել խղճի խայթից։ Գելիի մահվանից հետո Հիտլերը դարձել է բուսակեր, միս այլևս չի կերել, ինչպես նաև չի կերել ուտեստներ, որոնք պատրաստված են եղել կենդանու յուղից։

Հիտլերը քանդակագործ Յոզեֆ Թորաքին պատվիրել է քանդակել Գելիի քանդակը, որը հետագայում տեղադրվել է ռեյխսկանցլերիայի նոր մասնաշենքում։

Նկարիչ Ադոլֆ Ցիգլերը նկարել է Գելիի պատկերը, որը մշտապես զարդարված է եղել թարմ ծաղիկներով և տեղադրված է եղել Բերգհոֆի Հիտլերի նստավայրում։

1938 թվականի մայիսի 2-ին Հիտլերը իր կտակում գրել է, որ «Այն սենյակը, որտեղ ապրել է Գելին, հանձնել քրոջս՝ Անգելեի կառավարմանը» (Գելիի մորը)։ Գելիի մահից հետո Հիտլերի մերձավոր գաղափարակից Յոզեֆ Գեբելսը փորձել է գտնել գեղեցիկ կանանց, ովքեր կարող էին Հիտլերին հանել դեպրեսիայից։ Այս ընթացքում ֆյուրերը հարաբերությունների մեջ է եղել երգչուհի Գրետլ Սլեզակի (օպերային երգիչ Լեո Սլեզակի դստեր), դերասանուհի Լենի Ռիֆենշտալի հետ։

Մարիա Ռեյտեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիա Ռեյտերը[6] (Կուբիշ) (1909-1992) եղել է Բերհտեսգադենում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության աշխատակցի դուստր։ Մարիա Ռեյտերի հետ Հիտլերը ծանոթացել է 1926 թվականին Բերգհոֆի խանութներից մեկում, որտեղ աշխատել է Մարիան։ 1927 թվականին Մարիան փորձել է ինքնասպան լինել՝ Հիտլերի նկատմամբ ունեցած անպատասխան սիրո համար։ Երկու անգամ ամուսնացել է։ 1931-1934 թվականներին և 1938 թվականին մի քանի անգամ հանդիպել է Հիտլերի հետ։

Յունիթի Վալկիրիա Միթֆորդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեդի Յունիթի Վալկիրիա Միթֆորդը (օգոստոսի 8, 1914- մայիսի 28, 1948) եղել է անգլիացի ազնվական։ Ծնվել է Լոնդոնում։ Եղել է լորդ Ռիդսդեյլի դուստրը։ Եղել է նացիստական գաղափարախոսության հետևորդ։

Նրա կրտսեր քույրը՝ Ջեսիկա Միթֆորդը, ում հետ Յունիթին ապրել է նույն սենյակում, եղել է կոմունիստական գաղափարախոսության հետևորդ։ Այդ իսկ պատճառով քույրերը սենյակը կիսել են երկու մասի։ Սենյակի մի մասում եղել են կոմունիստական մուրճը և մանգաղը, ինչպես նաև Լենինի նկարը, մյուս կողմում եղել են սվաստիկան և Ադոլֆ Հիտլերի նկարները։

1934-1935 թվականներին հանդիպել է Ադոլֆ Հիտլերի հետ։

1939 թվականի սեպտեմբերի 3-ին, երբ Մեծ Բրիտանիան պատերազմ հայտարարեց Երրորդ Ռայխին, ատրճանակի երկու կրակոց է արձակել գլխին, սակայն փրկվել է։

1940 թվականին նրան փակել են Անգլիայի հոգեբուժարաններից մեկում։ Բժիշկները որոշել են, որ չափազանց վտանգավոր է փամփուշտը հեռացնել գլխից։ Արդյունքում լորդուհի Յունիթի Միթֆորդը մահացավ մենինգիտից, որն առաջացել էր գլխում փամփուշտների առկայության հետևանքով։

Զիգրիդ ֆոն Լաֆֆերտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զիգրիդ ֆոն Լաֆֆերտը ծնվել է 1916 թվականի դեկտեմբերի 28-ին Մեկլենբուրգի Դամարեց քաղաքում։ Եղել է Օսկար ֆոն Լաֆֆերտի դուստրը։ Մի քանի անգամ հանդիպել է ֆյուրերի հետ։ Փորձել է ինքնասպան լինել՝ կախվելու միջոցով։

Եվա Բրաուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվա Բրաունը (1912-1945) եղել է մյունխենցի ուսուցչի դուստր։ Դպրոցը և վարժարանը ավարտել է Մյունխենում, այնուհետև ավարտել է Զիմբախի արիստոկրատ կանանց անգլիական ինստիտուտը։ Եղել է շիկահեր, օգտագործել է ջրածնի պերօքսիդ։

Եվա Բրաունը Հիտլերին առաջին անգամ տեսել է 1929 թվականի հոկտեմբերին՝ իր ընկեր, հետագայում Հիտլերի անձնական լուսանկարիչ Հենրիխ Հոֆմանի տանը։ Լուսանկարիչը այդ ժամանակ բնակվել է Մյունխենի Ամալիենշտրասսե 25 հասցեում։ Աշխատել է լուսանկարչի արվեստանոցում՝ որպես վաճառողուհի։ Զուգահեռաբար եղել է նաև լուսանկարչի աշակերտուհին։

Հանդիպման ժամանակ Հիտլերը եղել է 40 տարեկան, իսկ Եվան՝ 17: Հիտլերին նա միանգամից գրավել է, սակայն, այդ ժամանակ, նա բնակվում էր Գելիի հետ։

Ադոլֆը սկսել է հանդիպումներ փնտրել Եվայի հետ։ Երբ Գելին դեռ ողջ էր, Հիտլերը ցերեկը Եվայի հետ այցելում էր կինո, ռեստորան, օպերա, իսկ երեկոները և գիշերները ամբողջովին անց է կացրել Գելիի հետ։ Եվան իմացել է Գելիի գոյության մասին և կարեկցել նրան։

Իմանալով, որ Հիտլերը նախընտրում է մեծ կրծքերով կանանց, Եվան սկզբնական շրջանում իր կրծկալում թաշկինակներ է դրել[6]։

Գելի Ռաուբալի մահից հետո, 1932 թվականին Եվան, վերջնականապես, դարձել է Հիտլերի սիրուհին։ Երկու անգամ փորձել է ինքնասպանություն գործել[12]։

Եվայի և Ադոլֆի հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել 1945 թվականի ապրիլի 29-ին։ Հարսանեկան արարողության ժամանակ որպես վկաներ հանդես են եկել Մարտին Բորմանը և Յոզեֆ Գեբելսը։ 1945 թվականի ապրիլի 30-ին Եվա Բրաունը և Ադոլֆ Հիտլերը միասին ինքնասպանություն են գործել։ Սակայն Հիտլերի որոշ կենսագիրներ նշում են, որ ֆյուրերը միշտ չէ, որ հավատարիմ է եղել Եվային։ Այդ ժամանակ նա կարճաժամկետ հարաբերություններ է ունեցել այլ կանանց հետ ևս։

Համեմատական աղյուսակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստորև աղյուսակի տեսքով ներկայացված են Հիտլերի հետ մոտ հարաբերությունների մեջ գտնվող կանանց տվյալները։

Անուն Ազգանուն Թվական Տարիք Մահվան պատճառ Հիտլերի հետ առաջին կապը Հարաբերությունների կարգավիճակ Հղումներ
Շարլոտ Լոբժուա 14.05.1898-13.09.1951 53 տարեկան Մահացել է իր մահով հանդիպել են 1916- 1917 թվականներին Տարբերակներից մեկի համաձայն, եղել է Հիտլերի սիրուհին ու ունեցել են որդի[6][10][11] (վարկածը ապացուցված չէ[13][14]):
Եվա Բրաուն Փետրվարի 6 1912 - Ապրիլի 30 1945 33 տարեկան Իրականացրել է ինքնասպանության երկու փորձ
Ինքնասպանություն Հիտլերի հետ միասին
Հանդիպել են 1929 թվականից Սիրուհին, այնուհետև կինը
Գելի Ռաուբալ Հունիսի 4, 1908 - Սեպտեմբերի 19, 1931 23 տարեկան Ինքնասպանություն (ենթադրվում է նաև, որ Գելիին սպանել են) Հիտլերի հետ է ապրել 1925 թվականից Որոշ տվյալներով եղել են սիրեկաններ [15]
Էռնա Հանֆշտենգլ 1885 - 1981 96 տարեկան Մահացել է իր մահով հանդիպել են 1920-ական թվականներին Եղել է ամուսնացած
Ռենատա Միլլեր Ապրիլի 26, 1906 - Հոկտմեբերի 1, 1937 31 տարեկան Ինքնասպանություն (ենթադրվում է նաև, որ Ռենատային սպանել են) հանդիպել են 1930-ական թվականներին Եղել է ամուսնացած
Մարիա Ռեյտեր 1909-1992 83 տարեկան Հիտլերի հետ վերջին հանդիպումից հետո փորձել է ինքնասպանություն գործել
Մահացել է իր մահով։
Հանդիպել են 1927 թվականին, 1931- 1934 և 1938 թվականներին Սիրեկաններ [16]
Յունիթի Միթֆորդ Օգոստոսի 8, 1914 - Մայիսի 28, 1948 34 տարեկան Ինքնասպանության փորձ է կատարել։ Մահացել է 8 տարի անց։ Հանդիպել են 1935 թվականին Ընկերներ / Սիրեկաններ [6]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Langer, 1943
  2. Langer, 1972
  3. Rosenbaum, 2014, „Hitler made her undress [while] he would lie down on the floor. Then she would have to squat down over his face where he could examine her at close range, and this made him very excited. When the excitement reached its peak, he demanded that she urinate on him, and that gave him his sexual pleasure“, էջ 134
  4. «The Annotated Pink Swastika». Արխիվացված է օրիգինալից 2000 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 4-ին.
  5. Genocide of Homosexuals : Center for Holocaust & Genocide Studies : University of Minnesota
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 6,8 Вернер Мазер. Адольф Гитлер. 2004. ISBN 985-438-404-7
  7. Մայն Կամպֆ
  8. Фест И. Адольф Гитлер
  9. Женщины Адольфа Гитлера
  10. 10,0 10,1 Соколов Б. В. «Адольф Гитлер. Жизнь под свастикой» - М.: АСТ-ПРЕСС КНИГА, 2006. - 384 с., 32 л. ил. ISBN 5-462-00100-2
  11. 11,0 11,1 «Пруссаков В. А. «Гитлер: без лжи и мифов»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 5-ին.
  12. Георгий Хлебников. «Интимная жизнь Гитлера».
  13. Korrektur einer Biographie. Adolf Hitler, 1908-1920, Munich, 1989, pp. 162-64
  14. Hitler-Biography; Vol. 1, note 116 to Chapter 3
  15. Guido Knopp, Hitler’s Women.
  16. Rosenbaum, Ron, Explaining Hitler: The Search for the Origins of his Evil, Macmillan, 1998, p.114-16.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսերեն
  • Guido Knopp Женщины Гитлера и Марлен / Пер. с нем. Т. Ф. Датченко. — М.: Астрель, АСТ, 2006. — 415 с. — (Неизвестные знаменитости).
  • Мазер В. Адольф Гитлер. — 2004. — ISBN 985-438-404-7
  • Пруссаков В. А. Гитлер: без лжи и мифов. — М.: Книжный мир, 2007. — 288 с. — 2 000 экз. — ISBN 5-8041-0242-7
  • Соколов Б. В. Адольф Гитлер. Жизнь под свастикой. — М.: АСТ-ПРЕСС КНИГА, 2006. — 384 с. — ISBN 5-462-00100-2
  • Фест И. Адольф Гитлер. В 3-х томах = Hitler. Eine Biografie / Перевод А. А. Фёдоров. — Пермь: Алетейя, 1993a. — Т. 1. — ISBN 5-87964-006-X, ISBN 5-87964-005-1
  • Фест И. Адольф Гитлер. В 3-х томах = Hitler. Eine Biografie / Перевод А. А. Фёдоров, Н. С. Летнева, А. М. Андронов. — Пермь: Алетейя, 1993b. — Т. 2. — ISBN 5-87964-007-8, ISBN 5-87964-005-1
  • Фест И. Адольф Гитлер. В 3-х томах = Hitler. Eine Biografie / Перевод А. М. Андронов, А. А. Федоров. — Пермь: Алетейя, 1993c. — Т. 3. — ISBN 5-87964-005-1, ISBN 5-87964-008-6
  • Хлебников Г. В. Интимная жизнь Гитлера. — М.: Новина-Гелиос, 1995. — 135 с. — ISBN 5-85603-058-3
  • Шааке Э. Женщины Гитлера. — М.: АСТ, 2003. — 256 с. — (Неизвестные знаменитости). — ISBN 5-17-020576-7