Ագրոկլիմայական պաշարներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ագրոկլիմայական պաշարներ, գյուղատնտեսական արտադրությանը նպաստող և անմիջապես մասնակցող կլիմայական գործոններ՝ լույս, ջերմություն, խոնավություն, որոնք վերականգնվող են, և ըստ դրանց քանակ, հարաբերությունների՝ տարբեր աշխարհագրական գոտիներում կիրառվում են գյուղատնտեսության վարման տարբեր համակարգեր, շրջանացվում գյուղատնտեսական մշակաբույսերի սորտերը, կենդանիների ցեղերը և այլն։ Ագրոկլիմայական պաշարների կարևոր բաղադրիչներից մեկը լուսասինթեզի ակտիվ (ուղիղ և ցրված) ճառագայթների ամբողջությունն է (ԼԱՃԱ), որի քանակը հասարակածից բևեռներ (Հայաստանում՝ նախալեռներից դեպի բարձրլեռնական գոտի) նվագում է։ Վեգետացիայի շրջանում այն փոփոխվում է 6-ից (Արարատյան դաշտ) 24 կկալ/սմ2 (բարձրլեռնական գոտի)։ Հաջորդ բաղադրիչը 10°C-ից բարձր ջերմաստիճաններով վեգետացիայի շրջանի տևողությունը և այդ ընթացքում կուտակվող >10°C ջերմաստիճանների գումարն է, որն ուղիղ կապի մեջ է ԼԱՃԱ-ի և հակադարձ՝ մթնոլորտի խոնավացման հետ։ Հայաստանում այդ ժամանակահատվածը տևում է 10-250 օր, և կուտակվում 140-4500°C: Ստորին գոտիներում, որտեղ ջերմաստիճանների գումարը մեծ է 3000°C-ից, ամեն տարի աշնանացան ցորենի բերքահավաքից հետո կարելի է ստանալ 2-րդ բերք։ Ջերմային պաշարներով է պայմանավորված նաև մշակաբույսերի տարածման վերին սահմանը, որը Հայաստանում հասնում է 1400-2400 մ բարձրություններ (խաղողի համար՝ 1400 մ, պտղաբուծության՝ 2100 մ, հացահատիկի՝ 2200 մ)։ Երրորդ կարևոր բաղադրիչը մթնոլորտի խոնավացումն է, այսինքն՝ տեղումների քանակի հարաբերությունը գոլորշունակությանը (խոնավացման գործակիցը)։ Եթե դա փոքր է 1-ից, ուրեմն Երաշտի հավանականությունը մեծ է, դաշտերը պետք է ոռոգվեն։ Հայաստանի երկրագործ, շրշանների մեծ մասն ունի ոռոգման կարիք։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։