Ագրոկլիմայական շրջանացում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ագրոկլիմայական շրջանացում, տարածքի բաժանում՝ ըստ կլիմայական առանձնահատկությունների նմանության, որոնցով պայմանավորված են բույսերի աճն ու բերքատվությունը։

ՀՀ Ագրոկլիմայական շրջանացման տարածքային միավորներն են մարզը, շրջանը, ենթաշրջանը, որոնցում վերընթաց տիպաբանական միավորները տարբերվում են խոնավության և ջերմության ապահովվածությամբ։ ՀՀ տարածքում Կուր և Արաքս գետերի ջրբաժանով առանձնանում են հյուսիս-արևելք՝ համեմատաբար խոնավ, մեղմ ձմեռով, և ներքին՝ չորային, խիստ ցամաք, կլիմայով մարզեր, որոնք տարբերվում են իրարից գյուղատնտեսության վարման առանձնահատկություններով։ Հյուսիս-արևելք մարզում ոռոգվող գոտին տարածվում է մինչև 1200-1300 մ, ներքին մարզում՝ մինչև 1800-2000 մ բարձրությունները։ Ըստ խոնավացման գործակցի՝ առանձնացվում են վերընթաց գոտիներ՝ խիստ չոր (Md<0,1), չոր (Md=0,1- 0,15), չորային (Md=0,15-0,25), կիսաչորային (Md=0,25-0,35), չափավոր խոնավ (Md=0,35-0,45), խոնավ (Md=0,45-0,6) և գերխոնավ (Md>0,6)։ ՀՀ տարածքի մեծ մասը բնութագրվում է ցածր խոնավաապահովվածությամբ։ Գերխոնավ գոտին 3000 մ-ից բարձր է։ Առանձնացվում են նաև տարեկան ≥10 °C ջերմաստիճանների գումարի մեծությամբ տարբեր գոտիներ։ Ամենատաք գոտու տարեկան ջերմաստիճանիների գումարը 4000-4500 °C է։ Այդտեղ մշակում են խաղող, մերձարևադարձային բույսեր (նուռ, թուզ, ձիթապտուղ և այլն), տարեկան կարելի է ստանալ 2-3 բերք։ Ըստ ջերմաապահովվածության՝ երկրագործության վերին սահմանը հյուսիս-արևելք համեմատաբար խոնավ մարգում հասնում է 1900-2000 մ, ներքին ցամաք, շրջաններում (Արաքսի ավազան)՝ 2300-2400 մ բարձրություններ։

Հյուսիս-արևելք ագրոկլիմայական մարզում առանձնանում են Լոռու և Տավուշի ագրոկլիմայական շրջանները, որոնց սահմանները համընկնում են վարչական մարզերի սահմաններին։ Լոռին համեմատաբար ցուրտ է ու խոնավ, ունի 2 ենթաշրջան՝ չորային (Սպիտակ) և խոնավ (Լոռու դաշտ), Արաքսի ավազանի ագրոկլիմայական մարզը բաժանվում է Շիրակի, Արարատյան, Սևանի, Վայքի, Զանգեզուրի ագրոկլիմայական շրջանների, որոնց սահմանները համընկնում են համապատասխան ֆիզիկաաշխարհագրական շրջանների սահմաններին։

Շիրակը բաժանվում է ցուրտ ու խոնավ (Աշոցք) և համեմատաբար չոր ու տաք (Շիրակ) ագրոկլիմայական ենթաշրջանների։ Արարատյանը զբաղեցնում է համանուն գոգավորությունը և բաժանվում տաք ու չոր (Արագածոտն), խոնավ ու ցուրտ (Ապարան-Հրազդան), բարեխառն, չոր (Գեղամա), տաք ու չոր (Արարատյան դաշտ) ագրոկլիմայական ենթաշրջանների։ Սևանի ենթաշրջաններն են՝ չոր, համեմատաբար մեղմ (Արեգունի), բարեխառն (Վարդենիս, Մարտունի), չոր, ցուրտ (Գավառ), ցուրտ և չափավոր խոնավ (Սևան), խոնավ և բարեխառն (ճամբարակ)։ Վայքի ագրոկլիմայական շրջանն ունի տաք, չոր (Արփայի աջափնյակ) և չորային ու տաք (Արփայի ձախափնյակ) ենթաշրջաններ, Սյունիքը՝ 3 ենթաշրջան՝ չոր մերձարևադարձային (Մեղրի), համեմատաբար խոնավ, տաք (Կապան-Գորիս), չոր և բարեխառն (Սիսիան

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։