Ագրոկենսաբազմազանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ագրոկենսաբազմազանություն, բույսերի, կենդանիների, սնկերի, մանրէների բազմազանություն է, որոնք ուղղակի կամ անուղղակի ձևով կիրառվում են սննդամթերքի արտադրության և գյուղատնտեսության մեջ:

Ագրոկենսաբազմազանությունը հանդիսանում է կայուն գյուղատնտեսության հիմքը[1]: Ագրոկենսաբազմազանությունը ներառում է բոլոր այն օրգանիզմները, որոնք դրական կամ բացասական ազդեցություն ունեն ագրոէկոհամակարգերի կենսաբանական արտադրողականության վրա: Ագրոկենսաբազմազանությունը պարենի և գյուղատնտեսության համար կենսաբանական բազմազանության կարևոր բաղադրիչ է: Համաձայն կենսաբազմազանության մասին կոնվենցիայի սահմանման՝ «գյուղատնտեսական կենսաբազմազանությունը լայն հասկացություն է, որը ներառում է կենսաբազմազանության՝ սննդին և գյուղատնտեսությանն առնչվող և ագրոէկոհամակարգերի կենսաբազմազանությունը կազմող բոլոր բաղադրիչները. կենդանիների, բույսերի, սնկերի և մանրէների բազմազանություն ու փոփոխականություն՝ գենետիկական, տեսակային և էկոհամակարգային մակարդակներում, որոնք անհրաժեշտ են ագրոէկոհամակարգերի կառուցվածքի, հիմնական ֆունկցիաների և դրանցում ընթացող գործընթացների կայունությունն ապահովելու համար»[2]:

Ագրոկենսաբազմազանությունը դիտարկվում է որպես գենետիկական ռեսուրսների, շրջակա միջավայրի և գյուղատնտեսության միջև փոխազդեցությունների հետևանք: Այն հազարամյակներ շարունակ համատեղ ընթացող բնական և արհեստական ընտրության արդյունք է: Ագրոկենսաբազմազանության ձևավորման, դրա պահպանման, ինչպես նաև շրջակա միջավայրի պայմաններին հարմարողականության հիմնական սկզբունքները հասկանալու համար անհրաժեշտ է իմանալ կենսաբազմազանության վրա ազդող ինչպես բնական, այնպես էլ մարդածին գործոնները:

Ագրոկենսաբազմազանությունը և նրա ռեսուրսները համարվում են ցանկացած երկրի տնտեսության և մարդու բնակության միջավայրի հիմնական հենքը[3]:

2016 թվականի մայիսի 26-ին ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել «Ագրոկենսաբազմազանության պահպանման մասին» կոնվենցիայի կնքման առաջարկությանը, [4] իսկ նույն թվականի հունիսի 7-ին Բիշքեկում այն ստորագրվել է[5]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. [1] Ագրոկենսաբազմազանություն կրթական ծրագրերի և դասընթացների մշակման մեթոդական ուղեցույց
  2. [2], Կենսաբանական բազմազանության մասին, Կոնվենցիա
  3. [3], Ագրոկենսաբազմազանություն, Ուսումնական ձեռնարկ
  4. [4] ՀՀ Կառավարության որոշում
  5. [5] ԱՊՀ երկրների կառավարության ղեկավարների հանդիպում