Թրաշուշան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ագռավի թուրից)
Թրաշուշան
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ինֆրաթագավորություն Streptophyta
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Ծնեբեկածաղկավորներ (Asparagales)
Ընտանիք Հիրիկազգիներ (Iridaceae)
Ցեղ Թրաշուշան (Gladiolus)
L., 1753

Թրաշուշան[1][2], գլադիոլուս (լատին․՝ Gladiolus), հիրիկազգիների ընտանիքի բազմամյա բույսերի ցեղ։ Ցողունն ուղիղ կանգուն է, չճյուղավորվող, բարձրությունը՝ 15-220 սմ՝ տերևները թրաձև են (որտեղից՝ «Թրաշուշան» անվանումը)։ Ծաղկաբույլը միակողմանի կամ երկկողմանի հասկ է, ծաղիկներն ունեն 6 պսակաթերթիկներ, որոնք տարբեր ձևի ու չափերի են, վառ գունավորված (սպիտակ, դեղին, ալ կարմիր, մանուշակագույն, թանաքագույն)։ Հողում գոյացնում է պալարասոխուկ։ Հայտնի է թրաշուշանի մոտ 250 վայրի տեսակ՝ տարածված Հարավային և Կենտրոնական Աֆրիկայում, Եվրոպայում և Ասիայում։ ԱՊՀ տարածքում աճում է 10, Հայաստանում՝ 5 տեսակ։ Մշակության մեշ ստացվել են բազմաթիվ սորտեր, որոնց ծաղիկներն ավելի խոշոր են և գունեղ, մինչև 20 սմ տրամագծով։ Բազմացվում է պալարասոխուկով և պալարաբողբոջով։ Աշնանը, մինչև ցրտերն ընկնելը, պալարասոխուկները հանում են հողից, չորացնում և պահում հողում 4-5 °C ջերմաստիճանում։

Բուսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թրաշուշան կղմինդրաձև միմյանց վրա դասավորված. Բուսաբանական օրինակը Յակոբի Շտուրմի գրքից «Deutschlands Flora ի Abbildungen», 1796

Բազմամյա սոխուկավոր բույս, պատկանում է հիրիկազգիների ընտանիքին։ Հայրենիքը Աֆրիկան, Հարավային Եվրոպան է։ Կոճղեզավոր խոտաբույս է, երկար, երբեմն մինչև 1 մ երկարություն ունեցող թրանման տերևներով և խոշոր, բազմերանգ ծաղկաբույլերով։ Ծաղկակիր ցողունը երբեմն կարող է հասնել 0,6-ից մինչև 2,0 մ բարձրության։ Դա կախված է սորտից և աճման պայմաններից։ Ծաղկաբույլերում ծաղիկների թիվը տատանվում է 6-22 սահմաններում, որոնց տրամագիծը երբեմն անցնում է 10—25 սմ-ից։ Ծաղկի գույները խիստ բազմազան են՝ սպիտակ, կարմիր, ծիրանագույն, կապտագույն, նարնջագույն, մանուշակագույն, դեղին-ոսկեգույն, երկնագույն և այլն։ Կան սորտեր, որոնց պսակաթերթիկները գեղեցիկ, կոնտրաստային նախշեր կամ խաչեր են կրում։ Հանդիպում են նաև սորտեր, որոնց ծաղիկների պսակաթերթերը ծալազարդված, ալիքավորված կամ ծոպերիզավոր են։ Ծաղկակիր ցողունը, որը անցնում է 90 սմ, իր վրա կրում է 20–21 խոշոր ծաղիկներ՝ 15 սմ-ից ավելի տրամագծով։ Ծաղիկն ունի սաղմոնակարմրավուն երանգ, երիզավորված է բաց մանուշակագույն շերտով, իսկ երախը շրջապատված է գեղեցիկ խալերով։ «Օգնի Զիմլյանսկիե» սորտի բույսի բարձրությունը հասնում է 1,2 մ-ի, ծաղկակոթունը 60 սմ է, իր վրա կրում է 22 կոկոն, ծաղիկները խոշոր են, 15 սմ տրամագծով, ունեն բաց կարմիր գույն։ Ներքին պսակաթերթիկներն ավելի մուգ են, կենտրոնում բաց նրբագծերով։ «Չայկովսկի» սորտի բույսի բարձրությունը հասնում է 1,5 մ–ի, ծաղկակոթը 70 սմ է, իր վրա կրում է մոտավորապես 20 կոկոն, ծաղիկները խոշոր են, 15 սմ տրամագծով, փայլուն են, դեղին նարնջագույն, ներքևի պսակաթերթիկները կրում են վառ կարմիր, նարնջագույն խալեր, յոթ հատ ծաղիկ բացվում են միաժամանակ։ «Կրասնայա զվեզդա» սորտի բույսի բարձրությունը հասնում է 1,55 մ–ի, ծաղկակոթունը 55 սմ է, իր վրա կրում է 18 կոկոն, որոնցից 5-ը բացվում են միաժամանակ, ծաղիկները խոշոր են, 15 սմ տրամագծով, ունեն կարմիր գույն, կենտրոնում կարմիր նրբերանգով։ Ադմիրալ Նախիմով սորտի բույսի բարձրությունը հասնում է 1,75 մ–ի, ծաղկակոթունը 65 սմ է, իր վրա կրում է, 17 կոկոն, որոնցից 5-6 –ը բացվում են միաժամանակ․ ծաղիկները խոշոր են, 16 սմ տրամագծով, ունեն մորու գույն։ Արկտիկա սորտի բույսի բարձրությունը հասնում է 1,6 մ–ի, ծաղկակոթունը 70 սմ է, իր վրա կրում է 19 կոկոն, որոնցից 4-5-ը բացվում են միաժամանակ. ծաղիկները բաց վարդագույն են։ «Կրասնայա Մոսկվա» սորտի բույսի բարձրությունը հասնում է 1,7 մ–ի, ծաղկակոթունը 50 սմ է, իր վրա կրում է 21 կոկոն, որոնցից միաժամանակ բացվում են 7-8-ը։ Ծաղիկները վառ կարմիր են։ «Դրագոցեննոստ» սորտի բույսի բարձրությունը հաանում է 1,65 մ, ծաղկակոթունը 60 սմ է, իր վրա կրում է 15 կոկոն, որոնցից միաժամանակ բացվում են 4-ը բաց վարդագույն։ Ծաղիկները շատ խոշոր են, ունեն 20 սմ տրամագիծ։ Թրաշուշանները հողի նկատմամբ պահանջկոտ չեն, թե՛ թեթև և թե՛ ծանր հողերում իրենց վատ չեն զգում, աճում են նույնիսկ քարքարոտ հողերում, սակայն որոշ դեպքերում լրացուցիչ սնուցման կարիք է զգացվում։ Սերմեր շատ են, կլոր կամ օվալ, շագանակագույն։

Կիրառման և սելեկցիայի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թրաշուշան ճահճային

Խոշորածաղիկ թրաշուշաններն առաջին անգամ աճեցվել են 1837 թվականին՝ Բելգիայում, Դ. Արենբերգի այգեգործական տնտեսությունում։ Այնուհետև դրանք բազմացվել ու տարածվել են 1846 թվականին Լուի-Վան Գուտտ-ի Գենտյան ֆիրմայի միջոցով՝ "Գլադիոլուս գանդավենզիս" անվան տակ (Gl. gandavensis)։ Թրաշուշանների այդ նոր ցեղը ստացվել է վայրի կարմիր (Gl. cardinalis) և դեղին (Gl. psittacinus) թրաշուշանների խաչասերումից։ Դրանք իրենց նախորդներից տարբերվում են ծաղիկների թե՛ գույներով և թե՛ մեծությամբ։ 1848 թվականին Անգլիայում էլ սկսեցին աճեցնել նոր ցեղի թրաշուշան, խոշոր, վառ կարմիր ծաղիկներով, որը անվանեցին Գլադիոլուս Բրենխլիենզիս (Gl. Brenchliensis), Բրենխլեյ քաղաքի անունով։ Հետագայում, 1885 թվականին ֆրանսիական Նանսի քաղաքում, հայտնի ծաղկեգործ Լեմուանը աճեցրեց թրաշուշանների նոր ցեղ շատ խոշոր ծաղիկներով, որոնց ներքին պսակաթերթիկները կրում էին երկարավուն խալեր։ Այդ ցեղը կոչվեց Լեմուանեյ (Lemoinei)։ Մի քանի տարի հետո Լեմուանը աճեցրեց նոր, ավելի խոշոր ծաղիկներ ունեցող թրաշուշանների ցեղ, անվանելով այն Նանցիանուս (Gl. nancianus) ։ Հիմնականում այս չորս ցեղերին պատկանող թրաշուշանների սորտերից և այլ վայրի տեսակների խաչասերման միջոցով են ստացվել ժամանակակից խոշոր թրաշուշանները։ Բացի այդ չորս հիմնական ցեղերից, գերմանացի ծաղկեգործ Մաքս Լեխտլին աճեցրեց թրաշուշանների մի այնպիսի նոր ցեղ, որը իրավամբ կարելի է համարել գոյություն ունեցող թրաշուշանների մեջ ամենալավերից մեկը։ Սակայն այդ բույսը ներմուծվեց Ամերիկա, որտեղ տեղացի ծաղկեգործ Չայդլսին բազմացնելով այն տարածեց երկրում և ուրիշի կողմից ստացված այդ թրաշուշանը անվանեց իր անունով (Gl. Childsi)։ Այդ տեսակետից հսկայական աշխատանք են կատարել նաև մեր երկրի սելեկցիոներները, որոնք ստացել են թրաշուշանների բազմաթիվ նոր սորտեր։ Վասիլիյ Տյոբկին սորտի բույսի բարձրությունը հասնում է 160 սմ։

Խնամք և աճեցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թրաշուշան

Թրաշուշանը բազմացվում է նաև սերմերով։ Սակայն բազմացման այս եղանակը կիրառվում է միայն սելեկցիոն նպատակներով, երբ պահանջվում է ստանալ նոր սորտ։ Ցանքը կատարվում է փետրվար մարտ ամիսներին, ջերմատանը, ցանքարկղերի մեջ։ Երբ բուսակները երեք տերև են առաջացնում, դրանք անհրաժեշտ է նախասածիլել արկղերի մեջ, փոխադրել սառը ջերմոց և թաղել գրունտում։ Այստեղ բույսերը մնում են մինչև ուշ աշուն։ Խնամքի աշխատանքները նույնն են, ինչ որ կոճղեզիկներինը։ Աշնանը, մեր պայմաններում հոկտեմբեր ամսին պետք է ձեռնամուխ լինել կոճղեզների հանման աշխատանքին։ Առաջին հերթին պետք է գրունտից հանել այն կոճղեզները, որոնք տնկվել են ապրիլ-մայիս ամիսներին։

Այդ գործողությունները պետք է կատարել այն ժամանակ, երբ արդեն սկսում են դեղնել բույսի տերևները, նույնիսկ եթե դա տեղի ունենա սեպտեմբեր ամսին։ Այնուհետև պետք է հանել արկղերում մշակվող բույսերի կոճղեզները, իսկ վերջում՝ գրունտում տնկած մյուս բողոր կոճղեզները։ Եթե եղանակները բարենպատ են և բույսերի վեգետացիան դեռևս շարունակվում է կոճղեզների հանելը պետք է հետաձգել, որովհետև որքան ուշ հանվեն, այնքան նրանք ավելի լավ կհասունանան։ Կոճղեզները հանելուց հետո անհրաժեշտ է ցողուններր կտրել, թողնելով 5-10 սմ ախտահանել թաթախելով կալիումի պերմանգանատի թույլ լուծույթում, որից հետո փոխադրել չորանոց և փռել դարակների վրա 20-25 °C ջերմության պայմաններում։ Օդի բարձր խոնավության և ցածր ջերմության դեպքում կոճղեզները կարող են փտել։ Այդ բանը կանխելու համար օրական 1-2 անգամ կարճ ժամանակով պետք է օդափոխություն կատարել։ Այս պայմաններում կոճղեզները 3-4 շաբաթ պահելուց հետո ջերմաստիճանը անհրաժեշտ է իջեցնել, հասցնելով 10-12 °C։ Կոճղեզները լավ չորացնելուց հետո անհրաժեշտ է մաքրել, հեռացնել չորացած արմատները և ցողունի մնացորդները։ Միաժամանակ պետք է առանձնացնել կոճղեզիկներր և հեռացնել հին կոճղեզի մնացորդները։ Մաքրելուց հետո կոճղեզները դարձյալ մեկ շաբաթ պետք է չորացնել, ապա տեղափոխ ել 3-7° ջերմություն ունեցող չոր նկուղ և պահել արկղերի մեջ, դասավորելով միմյանց վրա 3-4 շարքով։ Կոճղեզները, նախքան արկղերի մեջ լցնելը, պետք է տեսակավորել ըստ տրամագծի ու սորտերի և պիտակավորել։

Թրաշուշանները մշակվում են ինչպես կտրած ծաղիկներ ստանալու, այնպես էլ դեկորատիվ ծաղկեգործության մեջ օգտագործելու նպատակով։ Ծաղկային ձևավորումներում օգտագործելու համար նպտաակահարմար է կոճղեզները տնկել թաղարների մեջ և այդ վիճակում պահել մինչև ծաղկակոթունի երևալը, որից հետո փոխադրել նախօրոք որոշված տեղն ու տնկել հողի մեջ, թաղարի հետ միասին։ Ծաղկումը դադարելուց հետո բույսերը թաղարներով պետք է հանել և փոխադրել մարգեր, պահելով մինչև աշուն, տեղը լրացնելով մի այլ բույսով։ Դեկորատիվ ծաղկագործության մեջ օգտագործվում են ծաղկաթմբերում, ղևանդներում, մարգախոտերի վրա խմբավորումներ կազմելու համար, միքսբորդերներում և այլն։

Թրաշուշանների ծաղիկները ծաղկեփնջերում անփոխարինելի են։ Կտրված վիճակում դրանք ջրի, մեջ մինչև վերջին կոկոնը բացվում են, միայն թե ամեն օր պետք է ջուրր փոխել, ծաղկակոթունի կտրվածը թարմացնել և հեռացնել սկզբում բացված-թառամած ծաղիկները։ Այսպիսի խնամքի դեպքում ծաղկումը կարող է տևել 10-15 օր։ Ծաղկահավաքը ընդհանրապես կատարվում է վաղ առավոտյան։ Ծաղկի կոթունը կտրելիս կտրվածքը արվում է շեղ։ Ծաղիկը կտրելիս անհրաժեշտ է բույսի վրա թողնել ոչ պակաս 4-5 տերև, հակառակ դեպքում կոճղեզները կարող են չհասունանալ։ Բաց գրունտում ժամանակից շուտ ծաղիկներ ստանալու նպատակով կարելի է փետրվար ամսին կոճղեզները 2-3 հատ միասին տնկել թաղարների մեջ, պահել ջերմատան լուսավոր մասում, հետագայում փոխադրել ջերմոց, դրսի օդին ընտելանալուց հետո զգուշությամբ թաղարնից հանել և առանց հողագնդիկը վնասելու տնկել բաց գրունտում։

Գեղարվեստական գրականության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Маевский П. Ф. Gladiolus L. — Шпажник // Флора средней полосы европейской части России / Ред. колл.: проф. А. Г. Еленевский и др.. — 10-е испр. и доп. изд. — М.: Товарищество научных изданий КМК, 2006. — С. 162. — ISBN 5-87317-321-5
  2. Николаева М. Г., Паутова И. А. Краткий словарь русских названий растений / Отв. ред. чл.-корр. РАН Н. Н. Цвелёв; РАН; Ботан. ин-т им. В. Л. Комарова. — СПб.: Росток, 2002. — С. 75. — ISBN 5-94668-012-9
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 226