Ագնետա Ֆելտսկուգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ագնետա Ֆելտսկուգ
Agnetha Fältskog 2013-07-22 002.jpg
Ի ծնե անուն շվեդ.՝ Agnetha Åse Fältskog
Ծնվել է ապրիլի 5, 1950(1950-04-05)[1] (68 տարեկան)
Յոնչյոպինգ, Շվեդիա[1]
Երկիր Flag of Sweden.svg Շվեդիա
Ժանրեր փոփ երաժշտություն
Մասնագիտություն երգչուհի, դերասանուհի, ինքնակենսագիր, կոմպոզիտոր և հեղինակ-կոմպոզիտոր
Երգչաձայն սոպրանո
Գործիքներ դաշնամուր
Լեյբլ Columbia Records
Անդամակցություն ABBA
Կայք agnetha.com

Ագնետա Ֆելտսկուգ (շվեդ.՝ Agnetha Fältskog, ամբողջ անունը` Ագնետա Էսե Ֆելտսկուգ (Agnetha Åse Fältskog), ապրիլի 5, 1950(1950-04-05)[1], Յոնչյոպինգ, Շվեդիա[1]), շվեդ երգչուհի, երգահան և երաժշտական պրոդյուսեր, առավել հայտնի է որպես «ԱԲԲԱ» խմբի երգչուհի:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ագնետա Ֆելտսկուգը ծնվել է շվեդական Յոնչյոպինգ քաղաքում, հանրախանութի մենեջերի ընտանիքում, որտեղ մեծանում էր նաև նրա կրտսեր քույրը: Նրա հայրը մեծ հետաքրքրություն էր ցուցաբերում երաժշտության և շոու բիզնեսի նկատմամբ:

15 տարեկանում Ագնետան դարձել է Բենգտ Էնգհարտսի նվագախմբի երգչուհին: 1967 թվականին նա գրել է «Jag var så kär» («I Was So in Love») երգը, որը Շվեդիայում դարձել էր հիթ: Այնուհետև դրան հաջորդել են այլ հիթեր և երաժշտական ալբոմներ, որոնց մեծամասնությունը ստեղծվել էին անձամբ Ագնետայի կողմից: Այն ժամանակ Ագնետան արդեն իսկ դարձել էր Շվեդիայի ամենահայտնի երգչուհիներից մեկը: Նա աշխատել է նաև Արևմտյան Բեռլինում` գերմանացի պրոդյուսեր և երգերի հեղինակ Դիտեր Ցիմերմանի հետ, գերմաներեն լեզվով թողարկել մի քանի սինգլ: Ըստ Ագնետայի, այդ երգերի հաջողությունը նրանցում հաճելի մեղեդի և հիշվող լինելու մեջ է: Նրա երգերից մի քանիսի հեղինակը Ստիգ Անդերսոնն էր, ով ավելի ուշ դարձավ «ԱԲԲԱ» խմբի մենեջերը:

Ապագա «ԱԲԲԱ» խմբի կազմում Ագնետան առաջին անգամ երգել է Գյոթեբորգի ռեստորաններից մեկում` 1970 թվականի նոյեմբերի 1-ին: 1972 թվականին Ագնետան ելույթ է ունեցել «Jesus Christ Superstar» մյուզիքլի շվեդական բեմականացման մեջ, հանդես գալով Մարիամ Մագդաղենացու դերով:

1975 թվականին, արդեն իսկ հանդիսանալով «ԱԲԲԱ» քառյակի անդամ, նա թողարկել է շվեդերեն «Elva kvinnor i ett hus» սոլո ալբոմը: «ԱԲԲԱ» քառյակի հրաժեշտի «The Day Before You Came» («Den Lidande Fågeln») հիթը ձայնագրվել է 1982 թվականի օգոստոսի 20-ին: Ըստ քառյակի աուդիոինժեներ Մայքլ Տրետովի հիշողությունների, Ագնետան այն կատարել է անջատված սարքավորումների առկայությամբ և առանց լուսավորության, իսկ բոլորի տրամադրությունն ընկած էր, մթնոլորտը ճնշող և արդեն իսկ պարզ էր, որ դա վերջն է[2]: Այնուամենայնիվ, մեկ ամիս անց, նկարահանվել է երգի տեսահոլովակը: 2012 թվականին, երգի 30-ամյակի կապակցությամբ, թողարկվել է տեսահոլովակի ռեմիքս տարբերակը, որտեղ ցուցադրվում են կադրեր` 62-ամյա Ագնետայի մասնակցությամբ:

2013 թվականին, իր հարցազրույցներից մեկում Ագնետան պատմել է, որ 1982 թվականին, քառյակի լուծարվելուց հետո նա երկար բուժվել է դեպրեսիայից, զբաղվել յոգայով[3]: 1980-ականներին նա թողարկել է մի քանի սոլո ալբոմներ, իսկ 1987 թվականին թողարկված ալբոմից հետո, նա երկար ժամանակով հեռացել է երաժշտական աշխարհից:

2004 թվականին Ագնետան թողարկել է «If I Thought You’d Ever Change Your Mind» սինգլը, իսկ մի քանի շաբաթ անց թողարկվեց նրա «My Colouring Book» ալբոմը, որը կազմված էր երգչուհու 1960-ականներին հնչած հիթերից: Ալբոմը հաջողություն գրանցեց եվրոպական մի շարք երկրներում և ջերմությամբ ընդունվեց երաժշտական քննադատների կողմից:

2007 թվականին նա ներկա էր Ստոկհոլմում «Mamma Mia!» մյուզիքլի ավարտական ցուցադրությունից հետո տեղի ունեցած արարողությանը: 2013 թվականին աշխատել է «А» ալբոմի վրա, որի շնորհանդեսը տեղի է ունեցել Լոնդոնում: Այդ ալբոմում տեղ են գտել միայն նոր երգեր: Ալբոմի թողարկվելուց հետո BBC-ն նկարահանել է վավերագրական ֆիլմ` «Ագնետա. ԱԲԲԱ և այլն...»: Լոնդոնում, նա հեռուստակամրջի միջոցով ելույթ է ունեցել երկրպագուների առջև` Ստոկհոլմում «ԱԲԲԱ»-ի թանգարանը բացվելու առիթով: Նա միակն էր քառյակից, ով անձամբ չէր կարողացել մասնակցել թանգարանի բացմանը[3]:

1996 թվականին Շվեդիայում լույս էր տեսել Ագնետայի «Som jag är» ինքնակենսագրությունը:

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

1971 թվականին Ագնետան ամուսնացել է Բյորն Ուլվեուսի հետ: Նրանց միջև ռոմանտիկ կապն ի հայտ էր եկել 1969 թվականին` շվեդական հեռուստատեսությունում նկարահանումների ժամանակ: Նրանք ունեն երկու երեխա` մեկ դուստր (ծնվ. 1973 թ.) և մեկ որդի (ծնվ. 1977 թ.):

Ագնետան և Բյորնը բաժանվել են 1978 թվականի վերջին և Ագնետան լքել է իրենց ընդհանուր տունը` ամանորյա գիշերը[3]: Այնուամենայնիվ նրանք որոշել էին, որ իրենց ընտանեկան կյանքի տհաճությունները չպետք է ազդեն քառյակում իրենց աշխատանքի վրա[4]: Հետագայում Ագնետան ամուսնացել է վիրաբույժ Թոմաս Սոնենֆելդի հետ:

Ներկայումս Ագնետան ապրում է այն 14 կղզիներից մեկում, որոնց վրա կառուցված է Ստոկհոլմը:

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1968 — Agnetha Fältskog (ալբոմ)
  • 1969 — Agnetha Fältskog Vol.2
  • 1970 — Som Jag Är
  • 1971 — När En Vacker Tanke Blir En Sång
  • 1973 — Agnetha Fältskog - Bästa
  • 1975 — Elva Kvinnor I Ett Hus
  • 1979 — Tio År Med Agnetha
  • 1980 — Nu Tändas Tusen Juleljus — Agnetha&Linda
  • 1983 — Wrap Your Arms Around Me
  • 1985 — Eyes Of A Woman
  • 1986 — Sjung Denna Sång
  • 1987 — Kom Följ Med I Vår Karusell — Agnetha&Christian
  • 1987 — I Stand Alone
  • 1994 — Geh' Mit Gott (գերմաներեն)
  • 1996 — My Love, My Life
  • 1997 — My Love, My Life (ալբոմ)
  • 1998 — That's Me: Greatest Hits
  • 2004 — My Colouring Book
  • 2004 — De Första Åren /Agnetha Fältskog 1967—1979
  • 2008 — My Very Best /Agnetha Fältskog 2008
  • 2013 — А (ալբոմ)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]