Ագնես Սմեդլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ագնես Սմեդլի
անգլ.՝ Agnes Smedley
Ծնվել էփետրվարի 23, 1892(1892-02-23)[1][2][3]
ԾննդավայրՕսգուդ, Սալիվան շրջան, Միսսուրի, ԱՄՆ[4]
Վախճանվել էմայիսի 6, 1950(1950-05-06)[1][2][3] (58 տարեկան)
Վախճանի վայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
ԳերեզմանԲաբաոշան հեղափոխական գերեզմանատուն
Մասնագիտությունգրող, լրագրող և կանանց իրավունքների պաշտպան
Քաղաքացիություն ԱՄՆ
Ուշագրավ աշխատանքներԵրկրի դուստրը[4], Chinese Destinies?[5], China's Red Army Marches?[5] և Battle Hymn of China?[5]
Համատեղ ապրողՎիրենդրանատ Չատոպադայա[4]
 Agnes Smedley Վիքիպահեստում

Ագնես Սմեդլի (անգլ.՝ Agnes Smedley, փետրվարի 23, 1892(1892-02-23)[1][2][3], Օսգուդ, Սալիվան շրջան, Միսսուրի, ԱՄՆ[4] - մայիսի 6, 1950(1950-05-06)[1][2][3], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), ամերիկյան լրագրող, արձակագիր։ Պայքարել է կնոջ իրավունքների և Հնդկաստանի ազատագրման համար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Միսսուրի նահանգի Օսգուդ գյուղում։ Հայրը ամերիկյան հնդկացի էր։ 1902 թվականին նրանց ընտանիքը տեղափոխվում է Կոլորադո նահանգի Տրինիդադ ածխահանքային քաղաքը։ 1903 թվականին հայրը լքում է ընտանիքը, և Ագնեսը ստիպված էր տնային ծառայության մտնել։ Սմեդլին չի ստացել կանոնավոր կրթություն և այդ բացը լրացնում էր ինքնակրթությամբ ու այցելելով դասախոսությունների, որը հնարավոր էր։ 1912 թվականին ամուսնանում է Էրնեստ Բրուդինի հետ։ 1913 թվականին ընդունվում է Սան Դիեգոյի ուսուցչական քոլեջ, որտեղից հեռացվում է 1916 թվականին։ Ընդունվում է Ամերիկայի սոցիալիստական կուսակցություն։ 1917 թվականին ամուսնալուծվում է և մեկնում է Նյու Յորք, որտեղ աշխատակցում է սոցիալիստական մամուլին։

Միանալով հնդկական խմբի՝ մասնակցում է հեղափոխական ազգային ազատագրական շարժումներին։ 1918 թվականի մարտի 18-ին ձերբակալվում է՝ Հնդկաստանում հակաբրիտանական շարժմանը օժանդակելու մեղադրանքով։ Բանտում անցկացրել է վեց ամիս. գործը չի հասել դատարան։ Ազատվելուց հետո հոդվածներ է գրել «New York Call» և «The Birth Control Review» պարբերականների համար։ Անդամակցել է «Հնդկաստանի ազատության բարեկամներ» գաղտնի կազմակերպությանը, որտեղ մեծ վստահության է արժանացել։

1920 թվականին Վիրենդրանաթ Չատոպադյայայի հետ մեկնել է Գերմանիա։ Գերմանիայի մասին ռեպորտաժներ է գրել ամերիկյան «The Nation» հրատարակչության և «The New Masses» հեղափոխական ամսագրի համար, գրել է նաև խորհրդային «Интернациональная литература» ամսագրի համար։ Այս ընթացում Չատոպադյայայի հետ հաճախ տեղափոխվել է Մոսկվա, աշխատել Կոմունիստական ինտերնացիոնալում։

1928 թվականին տեղափոխվել է Շանհայ։ 1929 թվականին գրել է ինքնակենսագրական «Daughter of Earth» («Երկրի դուստրը») վեպը։ Թղթակցել է «Manchester Guardian», «China Weekly Review» և «Frankfurter Zeitung» պարբերականներին։ Գրել է մի քանի գրքեր չինական կարմիր բանակի մասին, որն առաջացրել է գոմինդանականների դժգոհությունը։ 1930 թվականին ծանոթացել է խորհրդային հետախույզ Ռիխարդ Զորգեի հետ, օգնել նրան լրտեսական ցանց ստեղծել։ Մի քանի ամիս եղել է ԽՍՀՄ-ում (1933-1934)։

Ուղեկցել է չինական կարմիր բանակին բազմաթիվ արշավների ժամանակ։ Փորձել է ընդունվել Չինաստանի կոմունիստական կուսակցության, սակայն չի ստացվել։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կարևոր միջնորդ է եղել ամերիկյան բանակի հրամանատարության և չինացի կոմունիստների միջև։ Կազմակերպել է բժշկական նյութերի առաքումը Չինաստան։

Պատերազմից հետո եղել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի ուշադրության կենտրոնում, կասկածվել է լրտեսության մեջ։ Մահացել է Մեծ Բրիտանիայում, թաղված է Պեկինի Բաբաոշան գերեզմանոցում։

Ագնես Սմեդլին հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երկրի դուստրը (վեպ), Ե., Պետհրատ, 1931, 300 էջ։ Ռուսերենից թարգմ.՝ Ս. Անանյան։
  • Երկրի դուստրը (վեպ), Ե., Հայպետհրատ, 1963, 329 էջ։ Ռուսերենից թարգմ.՝ Ս. Անանյան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 993.
  5. 5,0 5,1 5,2 Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 994.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ագնես Սմեդլի» հոդվածին։