Ագլավրա (Կեկրոպսի դուստր)
Ագլավրա | |
---|---|
Տեսակ | Հին հունական դիցաբանության կերպար |
Սեռ | իգական |
Հայր | Կեկրոպս[1] |
Մայր | Ագլավրոս[1] |
Քույր/Եղբայր | Պանդրոսոս, Herse? և Erysichthon of Attica? |
Կողակից | Արես |
Զավակներ | Ալկիպպե (Արեսի դուստր) |
Aglaurus Վիքիպահեստում |
Ագլավրա (հին հունարեն՝ Ἄγλαυρος, կամ Ագրավլա, հին հունարեն՝ Ἄγραυλος), հին հունական դիցաբանության կերպար։ Նրա հետ կապված են մի քանի իրար հակասող դիցաբանական պատմություններ։
Ագլավրայի պաշտամունքը խիստ կապված է եղել Աթենասի հետ, իսկ նրան ընդունել են որպես իմաստության աստվածուհու և Աթենքի հովանավորի երրորդությունից մեկը։ Հետագայում Ագլավրայի պաշտամունքը ձեռք է բերել ինքնուրույնություն և առանձնացել է Աթենասից։ Ագլավրայի հետ է կապված նրա ինքնազոհաբերման առասպելը, որը ավարտին է հասցրել պատերազմը։ Աթենքի Ակրոպոլիսում գտնվող Ագլավրայի զոհասեղանին մեծահասակ կյանք մտած և քաղաքացու իրավունք ստացած էֆեբոսները հայրենիքին հավատարմության երդում են տվել։ Հետագայում առասպելի գրական մշակումները լիովին ձևափոխել են սկզբնական կերպարը՝ Ագլավրային դարձնելով Կեկրոպսի արքայական տան հետաքրքրասեր և խանդոտ արքայադուստր։
Առասպելներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ագլավրան Ատտիկայի առաջին թագավոր Կեկրոպսի և Ագլավրոսի դուստրն էր։ Նա ունեցել է երկու քույր՝ Պանդրոսոսը և Հերսեն, ինչպես նաև եղբայր՝ Էրեքթևսը[2][3]։
Առասպելի համաձայն, որոնք նկարագրված են Կեղծ Ապոլոդորի, Պավսանիասի մոտ և Սուդայում, Ագլավրան Արեսից ունեցել է Ալկիպե դստերը։ Նրան փորձել է անարգել կամ անարգել է Պոսեյդոնի որդի Հալիրոֆիոսը, ինչի համար էլ սպանվել է Արեսի ձեռքով։ Դիցաբանական իրադարձության հետ է կապված արեոպագոսի հիմնադրման մասին ավանդություններից մեկը[4][5][6]։
Կեկրոպսի դստրերի հետ է կապված աթենական Էրիքթոնիոս թագավորի մանկության մասին առասպելը։ Տղայի ծննդյան պատմությունը հետևյալն է։ Աթենասը դարբնության աստված Հեփեստոսին խնդրում է զենք սարքել։ Հեփեստոսը, որը մինչ այդ մերժվել էր Աֆրոդիտեից, ցանկանում է պատվազրկել Աթենասին։ Վերջինս, լինելով մաքրաբարո, մերժում է հեշտասեր աստծուն, որը սաղմ է թափում աստվածուհու ոտքին։ Աթենասը սրբում է ոտքը բրդով և լաթը գցում գետնին։ Գետնին գցված սերմից էլ ծնվում է Էրիքթոնիոսը՝ այդ կերպ դառնալով մայր հողի աստվածուհի Գեայի և Հեփեստոսի որդին[7][3]։
Աթենասը, զգալով իր մասնակցությունը Էրիքթոնիոսի ծննդում, երեխային դնում է տուփի մեջ և հանձնում կամ Կեկրոպսի դստրերից Պանդրոսոսին, կամ էլ երեք քույրերին՝ խստորեն արգելելով բացել սնդուկը։ Հերսեն և Ագլավրան կամ էլ Պանդրոսոսի հետ հետաքրքրասիրությունից դրդված բացում են տուփը։ Նրանք դրա մեջ տեսել են, ըստ առասպելի տարբերակների, կամ օձերով փաթաթված երեխա, կամ մարմնի ներքևի կեսը օձային երեխա։ Տարբերակներից մեկի համաձայն՝ օձերը տեղում սպանում են հետաքրքրասեր քույրերին, մեկ այլ տարբերակով՝ Ագլավրան և Հերսեն Աթենասի արգելքը խախտելու պատճառով պատժվում են, դառնում խելացնոր և Աթենքի Ակրոպոլիսի ժայռերից ցած նետվում[8][9][7][10][11]։
Առասպելի մեկ այլ տարբերակի համաձայն, որը նկարագրված է Պուբլիուս Օվիդիուս Նասոյի «Կերպարանափոխություններում», Ագլավրայի քույր Հերսեին սիրահարվել է Հերմեսը։ Գիշերը նա եկել է այն տունը, որտեղ բնակվել են Կեկրոպսի դստրերը։ Այնտեղ նա հանդիպել է Ագլավրային, որի սենյակը Հերսեի սենյակի կողքին էր։ Հերմեսը Ագլավրային խնդրել է չխանգարել՝ խոստանալով, որ հավատարիմ կլինի նրա քրոջը։ Սկզբում Ագլավրան ծառայության համար վարձ է ուզել, ինչին Հերմեսը համաձայնվել է։ Այդ ժամանակ Աթենասը, իմանալով կատարվածի մասին, խնդրել է նախանձի աստծուն՝ թունավորել Ագլավրային իր թույնով, ինչն էլ արվել է։ Քրոջ հավանական երջանկության գիտակցումից տանջվելով՝ Ագլավրան նստում է Հերսեի սենյակի շեմին և հայտարարում, որ տեղից չի շարժվի։ Հերմեսը ասում է. «Համաձայնվենք այդ պայմանին» և նրան վերածում է քարի[12][13]։ Այդ առասպելի լրիվ հակապատկեր լեգենդում Ագլավրան համարվել է Կերիքսի մայրը, որին ունեցել էր Հերմեսից[14][15]։
Գոյություն ունի ևս մի պատմություն, ըստ որի Ապոլլոնի պատգամախոսը հայտնել է, որ տևական պատերազմը կավարտվի, եթե որևէ մեկը իրեն կամավոր զոհաբերի, Ագլավրան համաձայնվել է կատարելու այդ սխրանքը[16]։
Պաշտամունք
[խմբագրել | խմբագրել կոդը]Աթենացիները Ագլավրային ընկալել են առաջին հերթին որպես կույս հերոսուհի, որն ինքնազոհաբերմամբ փրկել է քաղաքը։ Այդ լեգենդը հիշատակվում է նաև Էրեքթևսի դստրերի հետ կապված։ Աթենքում Ագլավրայի զոհասեղանը տեղակայված է Ակրոպոլիսի հյուսիսային մասում։ Այդտեղ նիզակ և վահան ստացած էֆեբոսները հայրենիքին հավատարմության երդում են տվել։ Ագլավրայով աթենացիները կարող էին երդվել նաև կենցաղում[17]։ Ագլավրայի անունն էր կրում նաև ատտիկական դեմոսներից մեկը[18][19]։
Հավանաբար Ագլավրան, Պանդրոսոսը և Հերսեն սկզբնապես եղել են ատտիկական քարիտներ՝ զվարճության և կյանքի ուրախության աստվածուհիները, որոնք մարմնավորել են նրբագեղությունը և գրավչությունը[13]։ Ագլավրայի պաշտամունքը սերտորեն կապված է Աթենասի պաշտամունքի հետ, որպես հերկելու հողի հնագույն աստվածուհի։ Աթենասի մակդիրներից մեկը՝ «Ագլավրան» (նաև «Պանդրոսոս»), հուշում է, որ ատտիկական Ագլավրան սկզբնապես ընդունվել է որպես Աթենասի երրորդություններից մեկը։ Հետագայում նրա պաշտամունքը առանձնացել է այսպես կոչված Աթենաս Պալլասից, ձեռք է բերել ինքնուրույնություն։ Ավելի ուշ շրջանում առասպելի գրական մշակումները ամբողջովին ձևափոխել են վարելահողի աստվածուհի Ագլավրայի կերպարը[20]։
Ագլավրայի հետ է կապված եղել աթենական ամենամյա պլինտերիայի տոնը[21]։
Աթենքից զատ Ագլավրայի պաշտամունքը եղել է նաև կիպրոսյան Սալամիսում[16]։
Արվեստում
[խմբագրել | խմբագրել կոդը]Անտիկ արվեստում Ագլավրայի և նրա քույրերի մասին առասպելները տեղ են գտել Հեփեստոսի տաճարը և Պարթենոնը զարդարող քանդակագործական կոմպոզիցիաներում, ինչպես նաև հունական սև լաքապատ խեցեղենի վրա[22]։ Հերսեի մասին առասպելներին անդրադարձել են Նոր ժամանակների նկարիչները։ Համապատասխան սյուժեներով նկաներ են ստեղծել մասնավորապես Պիտեր Պաուլ Ռուբենսը և Նիկոլա Պուսենը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Любкер Ф. Cecrops (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. Канский — СПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 267.
- ↑ Павсаний, 1996, I, 2, 6
- ↑ 3,0 3,1 Seeliger, 1884—1890, kol. 2589
- ↑ Псевдо-Аполлодор, 1972, III. XIV. 2
- ↑ Павсаний, 1996, I. 21. 4
- ↑ Roscher, 1884—1890, kol. 105
- ↑ 7,0 7,1 Псевдо-Аполлодор, 1972, III. 14, 6
- ↑ Псевдо-Гигин, 2000, 166. Эрихтоний
- ↑ Овидий Метаморфозы, 1977, 550—564
- ↑ Павсаний, 1996, I, 18, 2
- ↑ Seeliger, 1884—1890, kol. 2589—2590
- ↑ Овидий Метаморфозы, 1977, II. 730—824
- ↑ 13,0 13,1 Seeliger, 1884—1890, kol. 2590
- ↑ Павсаний, 1996, I, 38, 3
- ↑ Toepffer, 1893, kol. 826
- ↑ 16,0 16,1 Roscher, 1884—1890, kol. 106
- ↑ Аристофан, 2001, Женщины на празднике Фесмофорий 533
- ↑ Геродот, 1972, VIII. 53
- ↑ Toepffer, 1893, kol. 827
- ↑ Toepffer, 1893, kol. 827—828
- ↑ Toepffer, 1893, kol. 828
- ↑ Sittig, 1912, kol. 1148
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արիստոփանես Лисистрата: комедии / Пер. с древнегреч.; Коммент. В. Ярхо. — Харьков: Фолио, 2001. — 624 с. — (Библиотека античной литературы). — ISBN 966-03-1037-4
- Հերոդոտոս История в девяти книгах / Перевод и примечания Г. А. Стратановского, под общей редакцией С. Л. Утченко. Редактор перевода Н. А. Мещерский. — Л.: Наука, 1972.
- Պուբլիուս Օվիդիուս Նասո Метаморфозы / Перевод с латинского С. В. Шервинского. Примечания Ф. А. Петровского.. — М.: Художественная литература, 1977.
- Պավսանիաս Описание Эллады / Перевод и примечания С. П. Кондратьева под редакцией Е. В. Никитюк. Ответственный редактор проф. Э. Д. Фролов.. — СПб.: Алетейя, 1996. — ISBN 5-89329-006-2
- Псевдо-Аполлодор Мифологическая библиотека / Перевод, заключительная статья, примечания, указатель В. Г. Боруховича. — Л.: Наука, 1972.
- Псевдо-Гигин Мифы / Перевод с латинского, комментарий Д. О. Торшилова под общей редакцией А. А. Тахо-Годи. — СПб.: Алетейя, 2000. — 360 с. — (Античная библиотека). — ISBN 5-89329-198-0
- Тахо-Годи А. А. Аглавра // Աշխարհի ժողովուրդների առասպելներ / Главн. ред. Սերգեյ Տոկարև. — М.: Սովետսկայա էնցիկլոպեդիա (հրատարակչություն), 1990. — С. 28—29.
- Рошер В. Г. Aglauros // Ausführliches Lexikon der griechischen und römischen Mythologie :
[нем.] / Roscher Wilhelm Heinrich. — Leipzig : Druck und Verlag von B. G. Teubner, 1884—1890. — Bd. I. — Kol. 105—107.
- Konrad Seeliger. Herse // Ausführliches Lexikon der griechischen und römischen Mythologie :
[нем.] / Roscher Wilhelm Heinrich. — Leipzig : Druck und Verlag von B. G. Teubner, 1884—1890. — Bd. I. — Kol. 2589—2591.
- Sittig. Herse :
[нем.] // Paulys Realencyclopädie der classischen Altertumswissenschaft. — 1912. — Bd. VIII, 1. — Kol. 1146—1149.
- Johannes Toepffer. Aglauros, Agraulos 2 :
[нем.] // Paulys Realencyclopädie der classischen Altertumswissenschaft. — 1893. — Bd. I, 1. — Kol. 826—830.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ագլավրա (Կեկրոպսի դուստր)» հոդվածին։ |
|