Ագեուզիա
| Ենթակատեգորիա | հիպոգեուզիա, զգայության կորուստ | |
|---|---|---|
| Բժշկական մասնագիտություն | նյարդաբանություն | |
Ագեուզիա (լատին․՝ ageusia, անգլերենի ժխտական a- ածանցից և հին հունարեն γεῦσις (geûsis - «համ») բառից), լեզվի համային ֆունկցիաների կորուստ, մասնավորապես քաղցրությունը, թթվությունը, դառնությունը, աղիությունը և կծվությունը զգալու անկարողությունը։ Այն երբեմն շփոթում են անօսմիայի՝ հոտառության կորստի հետ։ Իրական ագեուզիան հիպոգեուզիայի՝ համի մասնակի կորստի, և դիզգեուզիայի՝ համի խեղաթյուրման կամ փոփոխության համեմատ ավելի հազվադեպ է հանդիպում[1][2]։
Թեև ագեուզիան համեմատաբար հազվադեպ է հանդիպում, այն կարող է ազդել ցանկացած տարիքի կամ սոցիալական խմբի անձանց վրա[3]։ COVID-19 համավարակի հետևանքով ագեուզիայի դեպքերի թիվն աճել է, ինչի արդյունքում այն ավելի հաճախ է ախտորոշվում, քան նախկինում[4]։
Ախտանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Համի ամբողջական կորուստ[5]։
Պատճառներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ագեուզիայի առաջացման հնարավոր պատճառներն են[2][4][5][6][7]՝
- համի համար պատասխանատու ջրալույծ մոլեկուլների խնդիրները, որոնք առաջացնում են բերանի չորություն կամ համային բողբոջիկների վնասումը[5],
- ճառագայթային թերապիայի բուժումները[5],
- դիմային նյարդի վնասվածքը՝ վիրահատության հետևանքով[7],
- գլխի տրավմաները, միջին ականջի կամ ծնոտի վնասվածքները[4][5],
- սինուսիտը, ստրեպտոկոկային ֆարինգիտը, նշագեղձերի վարակները, մրսածությունը, գրիպը, COVID-19-ը[4][5][6],
- բելլի պարալիչը կամ ատամնաբուժական միջամտությունները, օրինակ՝ մոլյարների հեռացումը կամ տոնզիլէկտոմիան[5],
- էպիլեպսիան, ուռուցքները, կաթվածը կամ ցրված սկլերոզը[4][5],
- հիվանդությունները, որոնք կարող են ազդել վեգետատիվ նյարդային համակարգի վրա, օրինակ՝ շաքարային դիաբետը[5],
- որոշ դեղամիջոցներ, ներառյալ մկանային ռելաքսանտները, քիմիաթերապևտիկ դեղերը, հակասնկային միջոցները, հակադեպրեսանտներում առկա քիմիական միացությունները, հակաէպիլեպտիկ դեղերը և արյան ճնշման կարգավորման դեղամիջոցները[5],
- Թքագեղձերի բորբոքումը (սիալադենիտ), լնդերի բորբոքումը (գինգիվիտ), բերանի վարակները կամ գլոսոդինիան (այրվող բերանի համախտանիշ, BMS)[2][5]։
Գլխի լուրջ վնասվածքի հետևանքով առաջացած ագեյզիան համեմատաբար հազվադեպ է և հանդիպում է այսպիսի վնասվածքներ ստացած մարդկանց միայն մոտ 1%-ի մոտ[5]։
COVID-19
[խմբագրել | խմբագրել կոդը]Ագեուզիան կարող է լինել COVID-19 վարակի նշան[7]։ Ագեուզիան և անօսմիան COVID-19-ի հիմնական ախտանշաններից են, որոնք կարող են տևել մինչև 4 շաբաթ[3][8]։ Սակայն հարկ է նշել, որ ագեուզիան կարող է անօսմիայից տարբեր ձևով դրսևորվել, քանի որ անօսմիան հիմնականում ազդում է հոտառության համակարգի վրա, մինչդեռ ագեուզիան՝ համի ընկալիչների[3]։ Արդյունքում, նոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ COVID-19-ի տարբեր շտամները կարող են կապված լինել ագեուզիայի տարբեր ծանրության աստիճանների հետ, ինչպես նաև համի և հոտի այլ խանգարումների ինտենսիվության փոփոխությունների հետ։ Սա ենթադրում է, որ վիրուսի որոշ շտամներ կարող են տարբեր ազդեցություն ունենալ ախտահարված անձանց զգայարանների վրա[9]։
COVID-19 համավարակի հետևանքով առաջացած համի խանգարումների տարածվածությունը հետազոտող ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ տարբեր մարդիկ տարբեր կերպ են տուժել, և որոշները՝ մյուսներից ավելի ծանր ձևով[10]։
| Բուժառուներ[10] | % |
|---|---|
| Եվրոպացի բուժառուներ | 55.2% |
| Հյուսիսամերիկացի բուժառուներ | 61.0% |
| Ասիացի բուժառուներ | 27.1% |
| Հարավամերիկացի բուժառուներ | 29.5% |
| Ավստրալացի բուժառուներ | 25.0% |
Ագեուզիա ախտորոշվել է հիվանդների 28.0%-ի մոտ, հիպոգեուզիա՝ մոտ 33.5%-ի մոտ, և դիսգեուզիա՝ մոտ 41.3%-ի մոտ[10]։
2020 թվականի ապրիլին Եվրոպայում COVID-19-ով վարակված ավելի քան 400 հիվանդների շրջանում 88%-ը ունեցել է համի խանգարումներ (86%-ը՝ հոտառության խանգարումներ)[11]։ Բացի այդ, Հարավային Կորեայում COVID-19-ից առաջացած ագեուզիայով վարակված մոտ 2,000 դեպքերից միայն 30%-ն է ունեցել ագեուզիա[8]։
Ագեուզիայից վերականգնման տևողությունը կարող է զգալիորեն տարբերվել՝ կախված վարակի պատճառից[4]։ COVID-19-ի հետ կապված վարակների դեպքում ագեուզիայի վերականգնման ժամկետը տարբեր է կախված անհատից, և այն կարող է փոփոխվել կախված վիրուսի տարբեր շտամներից կամ տարբերակներից, անձնական իմունային արձագանքներից, ժողովրդագրական առանձնահատկություններից և այլ գործոններից[2][3][4]։
Վարակի առաջացման մեխանիզմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերջին հետազոտությունները ցույց են տալիս ագեուզիայի դեպքում կապ համի բջիջների բաշխման և ԱՓՖ2 ընկալիչների միջև։ Ընկալիչների մեծ քանակությունը ենթադրում է COVID-19-ով վարակման ավելի հեշտ ճանապարհ՝ ագեուզիայի հնարավոր առաջացմամբ[9]։
Ագեուզիան կարող է առաջանալ նաև թքի քանակության փոփոխության կամ դրա պակասի հետևանքով, ինչը կարող է վերջնականապես վնասել լեզվի մակերեսի բջիջները[12]։
Թուք ու համի ընկալում
[խմբագրել | խմբագրել կոդը]Թուքը կարևոր նշանակություն ունի համի զգացողության և ընկալման մեջ։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ թուքը առանցքային դեր է խաղում COVID-19 վարակը հայտնաբերելու գործում, իսկ ագեուզիան կարող է լինել նշան, որ վարակը ազդում է նշագեղձերի վրա[8]։
Այնուամենայնիվ, դեռևս բավարար հետազոտություններ չկան՝ ամբողջությամբ պարզաբանելու ագեուզիայի, COVID-19-ի և դրանց հնարավոր ազդեցության ամբողջական պատկերը թքի և «թքահոսքի արագության» վրա[8]։
Ցինկի անբավարարություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցինկի անբավարարության դեպքերում ցինկ կապող սպիտակուցների պակասը, որոնք նպաստում են համային բողբոջիկների աճին և զարգացմանը, կարող է հանգեցնել համային բողբոջիկների խանգարումների, ինչպիսիք են ագեուզիան, հիպոգեուզիան և հիպոսալիվացիան[8]։
Բացի այդ, թքում ցիկլային ադենոզին մոնոֆոսֆատի (cAMP) և ցիկլային գուանոզին մոնոֆոսֆատի (cGMP) ցածր մակարդակները, որոնք նույնպես մասնակցում են համային բողբոջիկների աճին, կապվել են ագեուզիայի հետ[8]։
Ախտորոշում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ագեուզիան սովորաբար ախտորոշվում է օտոլարինգոլոգի կողմից, որը նաև հայտնի է որպես քիթկոկորդականջաբան (ENT)[4]։ Այս մասնագետները կարող են գնահատել բուժառուի համի կորուստը և այլ ասպեկտներ։ Դրա համար մասնագետը պետք է վերանայի այն գործոնները, որոնք կարող են ազդել ագեուզիայի վրա, ինչպես նաև պետք է ստուգի գլուխը, քիթը, ականջները և բերանը։ Իսկ գլխի և պարանոցի պատկերավոր հետազոտությունը կարող է օգնել ավելի լավ հաստատելու կամ բացառելու նորագոյացությունների, ֆոկալ վնասվածքների կամ ցանկացած տեսակի վնասի առկայությունը, որոնք կարող են ազդել համի հետ կապված ցանցերի վրա[5][13][14]։ Օտոլարինգոլոգը կարող է նաև անցկացնել մի շարք թեստեր՝ գնահատելու ագեուզիայի ծանրությունը, որը ներառում է այն համերը, որոնք հիվանդը կարող է ճանաչել կամ զգալ[13][14]։
Հետազոտողների և բժիշկների կողմից օգտագործվող թեստերից մեկը էլեկտրոգուստոմետրիան է։ Այս թեստը ներառում է թեթև էլեկտրական հոսանքների կիրառում լեզվի որոշակի հատվածների վրա՝ գնահատելու համի զգայունությունը ագեուզիա և դրա ախտանշաններ ցուցաբերող բուժառուների մոտ[5]։
Մյուս թեստը, որը կարող է օգտագործվել անձի ագեուզիայի ծանրությունը հայտնաբերելու համար, կոչվում է «գերշեմային համի թեստ» կամ ուտելի ժապավենի համի թեստ։ Ուտելի ժապավենը դրվում է անձի լեզվին, և այն պարունակում է տարբեր համեր, որոնք հիվանդը պետք է կամ կարողանա հայտնաբերել կամ չկարողանա զգալ[7]։
Բուժում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ագեուզիայի բուժումը պատճառից կախված փոփոխվում է՝ լինի դա որոշ հիվանդությունների, դեղամիջոցների, վնասվածքների կամ այլ պատճառների հետևանք։
Եթե ագեուզիան առաջացել է բուժառուի կողմից ընդունվող դեղամիջոցի պատճառով, ապա այդ դեղամիջոցի ընդունման դադարեցումը՝ բժշկի հսկողությամբ, կարող է թեթևացնել ախտանիշները։ Այլընտրանքային դեղամիջոց ընտրելը նույնպես կարող է օգնել լուծել խնդիրը[7]։ Երբ ագեուզիան կապված է հիմնական հիվանդության կամ վնասվածքի հետ, որոշ դեղամիջոցներ նույնպես կարող են օգնել թեթևացնել ախտանիշները։ Այդ դեղամիջոցների թվում են հակահիստամինները, դեկոնգեստանտները և հակաբիոտիկները[4][5]։
Բարդություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ագեուզիա ունեցող մարդիկ կարող են ունենալ ամենօրյա անհարմարություն, որը հաճախ նվազեցնում է նրանց սնվելու ընթացքում ստացած հաճույքը։ Այս անհարմարությունը կարող է պատճառ դառնալ համի խանգարում ունեցող բազմաթիվ մարդկանց այնպիսի զգացմունքների, ինչպիսիք են[5]՝
- մեկուսացում՝ անհատական փորձառության պատճառով[5]
- Դեպրեսիա[5]
- Սոցիալական հեռացում[5]
- Անառողջ սնվելու սովորությունների ցանկության առաջացում[5]
Այս սննդային սովորությունները կարող են ներառել սննդի անբավարար ընդունում կամ թթու կամ քաղցր մթերքների գերօգտագործում։ Այսպիսի սննդային վարքագիծը կարող է վտանգ ներկայացնել, հատկապես շաքարային դիաբետ ունեցող անձանց համար[5][7]։
Ագեուզիա և դիաբետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դիաբետը երբեմն կարող է հանգեցնել ագեուզիայի՝ հաճախ սկիզբ առնելով գլյուկոզայի մակարդակի տատանումներից։ Երբ արյան շաքարի մակարդակը տատանվում է, այն կարող է խանգարել համային բողբոջիկերին, ինչը դժվարացնում է համերի հայտնաբերումը։ Սակայն դիաբետ ունեցող բոլոր մարդիկ այս խնդրին չեն բախվում։ Ագեուզիայի կամ համի այլ խանգարումների ծանրությունը կարող է տարբեր լինել տարբեր մարդկանց մոտ[5][7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Taste Disorders». Massachusetts Eye and Ear Infirmary. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Hummel T, Landis BN, Hüttenbrink KB (2011). «Smell and taste disorders». GMS Current Topics in Otorhinolaryngology, Head and Neck Surgery. 10: Doc04. doi:10.3205/cto000077. PMC 3341581. PMID 22558054.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Vaira LA, Salzano G, Deiana G, De Riu G (2020 թ․ հուլիս). «Anosmia and Ageusia: Common Findings in COVID-19 Patients». The Laryngoscope. 130 (7): 1787. doi:10.1002/lary.28692. PMC 7228304. PMID 32237238. ProQuest 2398912838.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 «Ageusia (Loss of Sense of Taste): Definition, Causes & Treatment». Cleveland Clinic. Վերցված է 2024-04-14-ին.
- ↑ 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 5,13 5,14 5,15 5,16 5,17 5,18 5,19 5,20 5,21 Doty RL (2014). «Ageusia». In Aminoff MJ (ed.). Encyclopedia of the Neurological Sciences (2nd ed.). Academic Press. էջեր 69–71. doi:10.1016/B978-0-12-385157-4.01112-X. ISBN 9780123851581.
- ↑ 6,0 6,1 Al-Ani RM, Acharya D (2022 թ․ հոկտեմբեր). «Prevalence of Anosmia and Ageusia in Patients with COVID-19 at a Primary Health Center, Doha, Qatar». Indian Journal of Otolaryngology and Head and Neck Surgery. 74 (Suppl 2): 2703–2709. doi:10.1007/s12070-020-02064-9. PMC 7435125. PMID 32837952.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 Gibbons JR, Sadiq NM (2023 թ․ մայիսի 1). «Neuroanatomy, Neural Taste Pathway». StatPearls. Treasure Island (FL): StatPearlsPublishing. PMID 31424820.
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 Abduljabbar T, Alhamdan RS, Al Deeb M, AlAali KA, Vohra F (2020 թ․ դեկտեմբեր). «Association of Salivary Content Alteration and Early Ageusia Symptoms in COVID-19 Infections: A Systematic Review». European Journal of Dentistry. 14 (S 01): S152–S158. doi:10.1055/s-0040-1716986. PMC 7775251. PMID 33242917.
- ↑ 9,0 9,1 Tanasa IA, Manciuc C, Carauleanu A, Navolan DB, Bohiltea RE, Nemescu D (2020 թ․ սեպտեմբեր) [September 2020]. «Anosmia and ageusia associated with coronavirus infection (COVID-19) - what is known?». Experimental and Therapeutic Medicine. 20 (3): 2344–2347. doi:10.3892/etm.2020.8808. PMC 7401831. PMID 32765712.
- ↑ 10,0 10,1 10,2 Saniasiaya J, Islam MA, Abdullah B (2021 թ․ հուլիս). «Prevalence and Characteristics of Taste Disorders in Cases of COVID-19: A Meta-analysis of 29,349 Patients» (PDF). Otolaryngology–Head and Neck Surgery. 165 (1): 33–42. doi:10.1177/0194599820981018. PMID 33320033.
- ↑ Lechien JR, Chiesa-Estomba CM, De Siati DR, Horoi M, Le Bon SD, Rodriguez A, Dequanter D, Blecic S, El Afia F, Distinguin L, Chekkoury-Idrissi Y, Hans S, Delgado IL, Calvo-Henriquez C, Lavigne P, Falanga C, Barillari MR, Cammaroto G, Khalife M, Leich P, Souchay C, Rossi C, Journe F, Hsieh J, Edjlali M, Carlier R, Ris L, Lovato A, De Filippis C, Coppee F, Fakhry N, Ayad T, Saussez S (2020 թ․ օգոստոս). «Olfactory and gustatory dysfunctions as a clinical presentation of mild-to-moderate forms of the coronavirus disease (COVID-19): a multicenter European study». European Archives of Oto-Rhino-Laryngology. 277 (8): 2251–2261. doi:10.1007/s00405-020-05965-1. PMC 7134551. PMID 32253535.
- ↑ Saniasiaya J, Islam MA, Abdullah B (2021 թ․ հուլիս). «Prevalence and Characteristics of Taste Disorders in Cases of COVID-19: A Meta-analysis of 29,349 Patients» (PDF). Otolaryngology–Head and Neck Surgery. 165 (1): 33–42. doi:10.1177/0194599820981018. PMID 33320033.
- ↑ 13,0 13,1 «Ageusia: Causes, Symptoms And Treatment». Netmeds (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021-03-26-ին.
- ↑ 14,0 14,1 «Taste Disorders: Get Facts About Causes, Treatment & Symptoms». MedicineNet (անգլերեն). Վերցված է 2021-03-26-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ageusia». MedTerms Online Medical Dictionary. Արխիվացված է օրիգինալից 2013-03-21-ին. Վերցված է 2005 թ․ ապրիլի 15-ին.
- «Taste Sensation». Family Practice Notebook. Արխիվացված է օրիգինալից 2005-03-05-ին. Վերցված է 2005 թ․ ապրիլի 15-ին.
- «Taste Disorders». Massachusetts Eye and Ear Infirmary. Վերցված է 2010 թ․ մայիսի 26-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ագեուզիա» հոդվածին։ |
| ||||||||||