Jump to content

Աբրահամ Զապրուդեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աբրահամ Զապրուդեր
անգլ.՝ Abraham Zapruder
Դիմանկար
Ծնվել էմայիսի 15, 1905(1905-05-15)[1][2]
ԾննդավայրԿովել, Ռուսական կայսրություն
Մահացել էօգոստոսի 30, 1970(1970-08-30)[1][2] (65 տարեկան)
Մահվան վայրԴալաս
ԳերեզմանEmanu-El Cemetery
Քաղաքացիություն ԱՄՆ
ԵրկերԶապրուդերի ֆիլմ
Մասնագիտությունդերձակ, ձեռնարկատեր, կինոռեժիսոր և videographer
ԿուսակցությունԴեմոկրատական կուսակցություն
 Abraham Zapruder Վիքիպահեստում

Աբրահամ Զապրուդեր (անգլ.՝ Abraham Zapruder, մայիսի 15, 1905(1905-05-15)[1][2], Կովել, Ռուսական կայսրություն - օգոստոսի 30, 1970(1970-08-30)[1][2], Դալաս), ամերիկացի գործարար, կանացի հագուստի արտադրող, որը 1963 թվականի նոյեմբերի 22-ին նկարահանել է 26 վայրկյան տևողությամբ սիրողական վավերագրական կինոնկար, որտեղ արձանագրված է ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդիի սպանությունը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Զապրուդերը ծնվել է 1905 թվականին, Ռուսական կայսրության Կովել քաղաքում (այժմ՝ Ուկրաինա), հրեական ընտանիքում։ 1920 թվականին (այլ տվյալներով՝ 1906 թվականին) նրա ծնողները՝ Իսրայել Մովսեսի Զապրուդերը (1875֊1960) և Աննա Զապրուդերը (1883֊1936), քույրերը՝ Իդան (ամուսնությամբ՝ Ֆելդ, 1898֊1984) և Ֆանյան, արտագաղթել են ԱՄՆ և բնակություն հաստատել Բրուքլինում, Նյու Յորք։

Աբրահամը ցերեկները որպես դերձակ աշխատել Մանհեթենի կարի արտադրամասում, իսկ երեկոյան հերթափոխ սովորել է անգլերեն։ Ամուսնացել է 1933 թվականին, 1941 թվականին տեղափոխվել է Դալաս և աշխատանքի անցել տեղի «Nardis» սպորտային հագուստի ընկերությունում։ 1949 թվականին նա դարձել է «Jennifer Juniors, Inc.» հագուստի արտադրությամբ զբաղվող ընկերության համահիմնադիրը, որի գրասենյակը գտնվել է Էլմ սթրի 501 հասցեում, որտեղից, պաշտոնական վարկածով, կրակել է մարդասպանը Ջոն Քենեդիի վրա։

Հուշատախտակը տեղադրված է հենց այն տեղում, որտեղից Զապրուդերը նկարահանել է Քենեդու սպանությունը

1963 թվականի նոյեմբերի 22-ին՝ մոտ 12:00-ի սահմաններում Աբրահամ Զապրուդերը իր «Bell&Howell 414PD Director Series» սիրողական տեսախցիկով դուրս է եկել ընկերության գրասենյակից, բարձրացել է Հյուսթոն սթրիթի և Էլմ սթրիթի խաչմերուկի մոտ գտնվող խոտածածկ բլուրը, որպեսզի տեսնի և նկարահանի նախագահական ավտոշարասյան անցումը Դալասով։ Դրանից հետո Զապրուդերը վերադարձել է իր գրասենյակ և «Դալաս Մորնինգ Նյուզ» թերթի լրագրող ՄաքՔորմիկին պատմել տեսագրության մասին։ Վերջինս Զապրուդերի գրասենյակ է հրավիրել իր ծանոթին՝ Դալասի շրջանի ԱՄՆ Գաղտնի ծառայության հատուկ գործակալ Ֆորեսթ Սորելսին, որը եղել է նախագահական ավտոշարասյան առաջին մեքենայում՝ հենց Քենեդիի մեքենայի առաջ[3][4]։ Զապրուդերը համաձայնել է փոխանցել ֆիլմը Սորելսին, պայմանով, որ այն կօգտագործվի միայն հետաքննության նպատակներով։ Նույն օրը, «Կոդակ» ընկերության Դալասի մասնաճյուղում ֆիլմը մշակվել է, իսկ «Jamieson Film Company» ընկերությունում պատճենահանվել է երեք օրինակ։ Բնօրինակն ու պատճեններից մեկը մնացել են Զապրուդերի մոտ, իսկ երկուսը փոխանցվել է Դալասի Գաղտնի ծառայության գրասենյակ։ Մի քանի օր անց «Լայֆ» շաբաթաթերթը գնել է բնօրինակ ֆիլմը 150․000 դոլարով[5]։ Առաջին վճարումը՝ 25․000 ԱՄՆ դոլարը Զապրուդերը փոխանցել է Քենեդիի սպանության օրը Լի Հարվի Օսվալդի կողմից սպանված ոստիկան Ջ.Ռոջերսի այրուն և երեխաներին։

Զապրուդերի ֆիլմը դարձել է դեպքի ամենահստակ նկարահանված վկայությունն ու գործի ամենակարևոր նյութական ապացույցը։

Աբրահամ Զապրուդերը մահացել է 1970 թվականին՝ ստամոքսի քաղցկեղից, Դալասի Փարկլենդ հիվանդանոցում՝ նույն հիվանդանոցում, որտեղ մահացել են Ջոն Քենեդին, Լի Հարվի Օսվալդը, ավելի ուշ՝ Ջեկ Ռուբին[6][7]։

1994 թվականին ԱՄՆ Կոնգրեսի գրադարանը Զապրուդերի ֆիլմը ներառել է Ֆիլմերի ազգային ռեգիստրում, որտեղ ներառվում են մշակութային, պատմական կամ գեղարվեստական նշանակություն ունեցող ֆիլմերը[8]։

Ամուսնացել է 1933 թվականին՝ Լիլիան Շապովնիկի (1913֊1993, անգլ.՝ Lillian Shapovnick) հետ։ Կինը մահացել է 1993 թվականին։ Ունեցել են երկու զավակ[9]։

2007 թվականին նկարահանվել է «Կադր 313» անունով ֆիլմը, որը պատմում է Զապրուդերի կյանքի պատմությունը։ 2013 թվականի «Փարկլենդ» կինոդրամայում Զապրուդերի դերը մարմնավորել է Փոլ Ջամատին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 SNAC — 2010.
  2. 1 2 3 4 Find A Grave — 1996.
  3. ↑ «Presidential motorcade schematic listing, November 22, 1963, by Todd Wayne Vaughan, 1993» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 15-ին.
  4. ↑ «Special Agent in Charge of the Dallas district Forrest Sorrels. Who Was He?». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 15-ին.
  5. ↑ «Kennedy's Assassination: How LIFE Brought the Zapruder Film to Light». LIFE.com. 2013 թ․ հոկտեմբերի 24. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 14-ին.
  6. ↑ "A. Zapruder Dies; Took JFK Films", The Dallas Morning News, August 31, 1970.
  7. ↑ Franscell, Ron (2010). The Crime Buff's Guide to Outlaw Texas. Globe Pequot. էջ 178. ISBN 978-0-762-77493-7.
  8. ↑ «U.S. National Film Registry — Titles». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 2-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 28 (օգնություն)
  9. ↑ «Надгробный памятник на кладбище Эмману-Эль». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 12-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբրահամ Զապրուդեր» հոդվածին։