Աբուհայաթի ջրանցք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Աբուհայաթից)
Աբուհայաթի ջրանցք
Տեսակջրանցք և մշակութային արժեք
Երկիր Հայաստան[1]
Վարչատարածքային միավորԵրևան և Էրեբունի վարչական շրջան
ԱկունքՀրազդան[2]

Աբուհայաթի ջրանցք, Աբու-Հայաթի ջրանցք[3], (պարսկերեն՝ աբուհայաթ-կենսաջուր), կառուցվել է հավանաբար XVII-XVIII դդ.։ Սկիզբ է առել Հրազդանի ձախ ափից, ոռոգել Քանաքեռի ու Նորքի այգիների մի մասը։ Քանաքեռի ջրաէլեկտրակայանի ջրանցքի կառուցումից հետո Աբուհայաթի ջրանցքի մի մասը դարձել է Նորքի ջրանցքի բաժանարար։ Ավերվել է 1679-ի երկրաշարժից[4]։ Գործել է մինչև XX դարի սկիզբը[5][6]։ Անցնելով Արաբկիր ու Կենտրոն համայնքներով[7], սնուցում է Վարդավառի լիճը[8]։

Ջրանցքի պատմությունն ուսումնասիրելու առիթ է հանդիսացել Կրթության, գիտության, մշակույթի և սպոտի նախարարության՝ գրությունը,ըստ որի հանձնարարական ենք ստացել հիմնավորել  Արմենակ Մնջոյանի անվան Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի բակում գտնվող ջրանցքի պատմամշակութային արժեքը այդ տարածքում նոր բազմաֆունկցիոնալ բնակարանային համալիրի կառուցման առիթով։ Երևան քաղաքի պատմամշակութային հուշարձանների պետական ցուցակում (2004 թ.) այն հաշվառված  է որպես Ք․ա․ VIIIդ․ թվագրվող «Աբուհայաթ»  ջրանցք։

Ճարտարապետ Գ․Գյուլամիրյանի հետ տեղում ուսումնասիրելիս պարզվեց, որ այն գործող  ջրանցք է, և ինստիտուտի կառուցման ժամանակ նպատակային օգտագործվել է քիմիական հինգ լաբորատորիաների արտանետումները ջրում կլանելու, հակահրդեհային համակարգը մշտական ջրով ապահովելու և բակի այգին ոռոգելու համար և Երևանի ջրամատակարարման հին համակարգի բաղկացուցիչ մասերից մեկն է։ Քաղաքի հին ջրամատակարարման համակարգին նվիրված նկարագրություն­ներին ու ուսումնասիրություններին անդրադարձել են շատ հայ և օտարազգի ուսումնասիրողներ՝ Եր. Շահազիզ, Հ․ Շահխաթունյանց, Թ․Հակոբյան, Գ.Շարմազան,Գ․ Մուշեղյան, Ի․ Շոպեն, Կ․ Օռլովսկի, Ավգուստ ֆոն Հակստհաուզեն և ուրիշներ։ Երևանը ջրառատ քաղաք է, այստեղով են անցնում Հրազդան և Գետառ գետերը։ Սակայն քանի որ գտնվում է կիսաանապատային բնակլիմայական գոտում, որտեղ մարդու գյուղատնտեսական գործունեությունն անհնար է պատկերացնել առանց արհեստական ոռոգման, մշակովի հողատարածքների ոռոգումը  բնիկ ցեղերի և հետագա պետական կազմավորումների երկրագործական տնտեսության հիմքն է եղել[1]։ Հատկապես Վանի թագավորության ժամանակաշրջանում  Երևանի տարածքում  արհեստական ոռոգման բավական խիտ համակարգ էր ստեղծվել, որը   պահպանվել է մինչև մեր օրերը և պատահական չէ, որ մեզ հասած սեպագիր արձանագրությունների զգալի մասը վերաբերում է ջրաշինարարական աշխատանքների կատարմանը[2]։

Երևանի հին «Աբուհայթ», «Դալմա», «Մամռի», «Նորագյուղ» և «Էջմիածնի»  ջրանցքների հորինվածքների և շինարվեստի  նմանությունները նկատի ունենալով՝ շատ ուսումնասիրողներ դրանք համարում են Վանի թագավորության շրջանում հիմնադրված կառույցներ։

Բոլոր այդ ջրանցքներն սկսվում են Հրազդանի առափնյա ժայռերից,  և որքան հնարավոր է թեք լանջերի վրա հենապատեր ստեղծելուց խուսափելով, խորացել են ժայռի մեջ և բնական հիմքով անցկացրել  ջրանցքի հունը։ Ջրի անկման բարձրությունը պահելու և ջրի կորուստը նվազեցնելու  համար ճանապարհը կարճել են թունելներով։ Այս և նշված շրջանում կառուցված մյուս ջրանցքներն ամենայն ճշգրտությամբ նախագծվել են, հակառակ  դեպքում առանց հենապատերի, ջրուղիների և թունելների տեղերն ու  բարձրության նիշերը հստակեցնելու դրանց կառուցումն անհնարին կլիներ, այդքան բարդ ռելիեֆի պայմաններում [3]։

«Էջմիածնի» ջրանցքը սկիզբ է առնում Հրազդանի աջ ափից, «Կարմիր բլուր» ամրոցից 1,5 կմ արևելք, ներկայիս Իսակովի և Բագրատունյաց պողոտաների խաչմերուկից 900մ հարավ, երկարությունը՝  24կմ է, թունելի երկարությունը՝ 78մ է։ Ոռոգել է մինչև Զվարթնոց հասնող հողատարածքները։ Ուսումնասիրողների մի մասը այն չի հիշատակում Երևանի ջրամատակարարման համակարգը նկարագրելիս։

Նորագյուղի ջրանցքը սկսվում է Հրազդան գետի աջ ափից, Նորագյուղ թաղամասից 1,5կմ հյուսիս-արևելք, Հրազդան մարզադաշտից արևելք։ Երկարությունը կազմել է մոտ չորս կմ, ոռոգել է Նորագյուղի այգիները։

«Դալմայի» ջրանցքը սկիզբ է առնում Հրազդան գետի աջ ափից, Դավթաշենի  կամրջից մոտ 400մ հյուսիս-արևելք, երկարությունը կազմել է 5կմ, ունի 27մ և 440մ  երկու թունելներ։ Ոռոգել է Հրազդանի աջափնյա Դալմայի այգիները։

«Մամռի» ջրանցքը սկիզբ է առնում Հրազդան գետի ձախ ափից, Դավթաշենի կամրջից մոտ 400մ հյուսիս- արևելք, երկարությունը՝ 17կմ է, ունի 200մ երկարությամբ թունել։ Ոռոգել է Հրազդան գետի ձախափնյա այգիները և լցվում է «Վարդավառի» լիճ։

«Աբուհայաթ» ջրանցքը, սկիզբ է առնում ներկայիս Կոտայքի մարզի Գետամեջ գյուղի մոտակայքից, Հրազդան գետի ձախ ափից։ Զառիթափ լանջով հասել է ներկայիս «Կորեայի Ձոր» թաղամաս, այնուհետև՝ Քանաքեռի բարձրունքի արևմտյան կողմ։  Շարունակելով «Լամպերի» և «Երազ» գործարանների տարածքով, թեքվել է դեպի  ներկայիս Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի տարածք,  հետո հատել է ներկայիս Զեյթուն թաղամասի Գոգոլ փողոցը և դուրս եկել Գետառ գետի աջ ափ, իջել է   Գետառի կիրճը, անցել գետը (հավանաբար, գետանցում-կամրջակով) և կենդանաբանական այգու ձորակը շրջանցելով, հասել գետի ձախ ափ։ Շարունակելով ներկայիս Նորք-Մարաշ թաղամասի Գարեգին Հովսեփյան փողոցի երկայնքով, աստիճանաբար իջել է Սարի թաղով և հասել «Վարդավառի լիճը», անցնելով ավելի քան 20 կիլոմետր տարածություն։

Երևանում  ջրային «հանգստավայրեր» նախագծելու աշխատանքների ընթացքում ճարտարապետ Գ․Մուշեղյանն ուսումնասիրել է մինչ օրս գործող Երևանի հին ջրանցքներն ու փորձել դրանք դիտարկել ներկա քաղաքաշինական հարցերի համատեքստում։

Հեղինակն անդրադառնալով Էրեբունի ամրոցի աշխարհագրական դիրքին  նշում է, որ ամրոցի շրջապատում,  չկա որևէ նշանակալից աղբյուր կամ  առվակ և բավական հիմնավոր կարծում է․ որ «․․․ Հրազդանի ջուրը ինքնահոս եղանակով ամրոցին մոտեցնելու ուղին Երևանի «Աբուհայաթ» կոչված ջրանցքն է»[4]։

Ջրանցքի ընդլայնական կտրվածքը ընտրվել է մոտ 1 մետր։ Բարդ ռելիեֆ ունեցող տեղանքի պատճառով ջրանցքն իր ճանապարհին զգալի չափով ֆիլտրացումից հետո, կարող էր քիչ ջուր տեղ հասցնել[5]։ Այդքան հեռվից և ոչ մեծ քանակությամբ ջուրը տեղ հասցնելուց հետո  անհրաժեշտություն է ծագել ջուրն ամբարել որքան հնարավոր է մեծ ծավալով։ Մոտ 7 հա տարածությամբ «Վարդավառի լիճ»/«Թոխմախ գյոլ»,«Կոմերիտմիության լիճ»/ կոչված արհեստական լիճը կառուցվել է այդ նպատակով։ Այն իրենից ներկայացնում է բնական փոս, որի առջևում արհեստական մեծ պատվար են կառուցել։[6] Լիճն  ունի 1080մ երկարություն և 500մ լայնք, պատվարի կատարի երկարությունը՝ 650մ է, իսկ բարձրությունը մոտ 5մ, հավաքված ջրի ծավալը 1,4մլն խորհանարդ մետր[7]։

Հետագայում Երևանի ջրանցքներն ու առուները, քաղաքական անկայուն, պատերազմներով հարուստ ժամանակաշրջաններում, բազմիցս խափանվել են, ենթարկվել են նաև տարերային աղետների ավերիչ նեգործությանը, սակայն տնտեսության համար ոռոգման կարևորությունը հաշվի առնելով, բազմիցս նորոգվել են և անվանափոխվել, հավանաբար վերանորոգումերը նախաձեռնող ու կազմակերպող կառավարիչների անուներով։

Պատմական աղբյուրները վկայում են, որ դեռ XVII—XVIII դարերում որոշ ընդհատումներով Երևանի ջրանցքներից գործում էին «Աբուհայաթը», «Մամռին», «Դալման» և «Նորագյուղի» ջրանցքները։ Միջնադարյան Երևանը նկարագրելիս Ե․ Շահազիզը նշում է․ «Գլխավոր, խոշորագույն առուները հանված են Հրազդանից  և այնքան լայն ու երկար են, որ գետի ջրերի խոշոր մասը բերում են քաղաք և հասցնում նրա հեռավոր  անկյունները, լցնելով  և այն արհեստական ջրամբարը կամ լճակը, որ կոչվում է «Թոխմախան գյոլ», որից ջուր է մատակարարվում քաղաքի հողերին՝  Շահարի հանդին։ Երևանի մեծ առուներն են «Աբուհայաթը», «Մամռին», «Դալման» և «Նորագեղի առուն»։ «Աբուհայաթի» ջրանցքը, որը  հանված է Հրազդանի ձախ ափից և ավելի բարձր է  «Մամռիի» ջրանցքից, հնում թափվել է Գետառի մեջ և հատկապես հանված է եղել Գետառի  ջուրն ավելացնելու նպատակով։ «Աբուհայթն» ունի 16,0 վերստ երկարություն, նրա ճյուղավորումը՝ 4,0 վերստ, ընդամենը՝   20վերստ»։[8]

«Աբուհայաթ», որ  պարսկերեն նշանակում է «ջուրը ներծծված», այդպես է կոչվել, որովհետև երկար տարածությամբ անցնելով քաղաքապատկան այգիներով մինչև բուն քաղաք հասնելը  ջրերը հիմնականում ներծծված էին լինում։[9]

Ա․Միրզոյանի կարծիքով «Աբուհայաթ» նշանակել է նաև «կյանքի ջուր»։[10]

Թ․Հակոբյանն այսպես է նկարագրում «Աբուհայաթ» ջրանցքը․ «․․․հանված  էր Զանգվի ձախ ափից, «Մամռի» առվից ավելի վերև։ Այս առուն երկար տարածությամբ անցնում էր քաղաքապատկան այգիներով և երբ հասնում էր բուն քաղաք,  նրա ջրերն արդեն գրեթե սպառվում էին։ Գետառի/Կըրխբուլաղի/ ջուրն ավելացնելու համար «Աբուհայաթի» առուն միացված էր նրան։ «Աբուհայաթի» մի ճյուղը գնում էր Կոնդ /Թափաբաշ/, Զանգվի ձոր/Դարաքենդ/ և Երևանի բերդ, իսկ մյուս ճյուղը՝ Նորթաղ և միանում էր Գետառին/Կըրխբուլաղին/։[11]

Երևանի ջրանցքների մասին հետաքրքիր տեղեկություններ է հաղորդել  Ավգուստ ֆոն Հակստհաուզենը։ Թարգմանիչ Խաչատուր Աբովյանի ուղեկցությամբ Երևանում եղած ժամանակ նա հետաքրքրվել է հատկապես Երևանի ոռոգման համակարգով և այսպես է նկարագրել, «…Երևանի ոռոգման առուները շատ լավ են համահարթեցված, թեքությունները համաչափ են, մեղմ, ափերը ամրացված ու պատվարված են, կարելի է պահել կարգին վիճակում առանց դժվարության և տարվա ընթացքում դրանց վերանորոգման ծախսը չի անցել 300 ռուբլու սահմանները։ Առուներից օգտվողները պարտավոր են, ըստ իրենց հողամասերի  և այն ոռոգելու համար անհրաժեշտ ջրի քանակի,  մուծել վերանորոգման համար սահմանված գումարը և առվի վրա հարկ եղած դեպքում կատարել հարկադիր աշխատանք»։[12] Ջուրն ու հողը  համարվում էին համարժեք և առ ու ծախի առարկա։ Այդ մասին է վկայում Երևանի Կաթողիկե եկեղեցու հարավային պատին պահպանված Սահմադինի 1264թ. թողած արձանագրությունը, ուր հիշատակվում է Երևան քաղաքը նրա կողմից «հողով ու ջրով» գնելու մասին։[13]

Երևանի ոռոգման ցանցի կարգավորման բնագավառում զգալի տեղաշարժեր են նկատվում XVII դարի սկզբներին, Ամիրգունա-խանի ժամանակ վերականգնվել են Երևանի հին առուները և անցկացվել են մի քանի նոր առուներ, որոնք սկիզբ էին առնում կամ մայր առուներից և կամ Հրազդանից ու Գետառից։[14]

1679 թվականի աղետաբեր երկրաշարժի հետևանքով քանդվում, խափանվում են  քաղաքի մեծ ջրանցքներն ու մանր առուների մեծ մասը։ Սակայն բերդի, կամուրջների, մզկիթների, եկեղեցիների ու քաղաքի փլված մյուս կառույցների հետ միասին վերականգնվում ու կանոնավորվում է նաև ոռոգման համակարգը։ Հայտնի է, որ երկրաշարժի հետևանքների վերացման և ջրանցքների նորոգման համար մեծ ջանք է թափել Երևանի այդ ժամանակվա սարդարը՝ Զալ-խանը։ Մասամբ այդ է պատճառը, որ մեր պատմագիրներն Ամիրգունային և Զալ-խանին ներկայացնում են որպես շինարար և երկրի տնտեսությանը զարկ տվող խաներ։[15]

Հետագայում, երբ քաղաքը մի փոքր տարածվել է դեպի հյուսիս-արևմուտք՝ դեպի Գետառի ափերը, Էրեբունիի հնագույն ջրմուղի խափանման հետ միասին չորացել  է նաև «Վարդավառի լիճը»։ Ըստ պարսկական ավանդախառը վկայությունների այդ լիճը կառուցվել, բայց ավելի հավանական է վերակառուցվել է Թոխմախ խանի /1570-1580թթ./ ժամանակ և կոչվել նրա անունով։ XVIII դարի վերջերին լիճը դարձյալ վնասվել էր և նորից վերականգնվել է միայն Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միացնելուց հետո[16]։ Ոռոգման համակարգը կանոնավորելու համար սարդարի կողմից սահմանվել էր հատուկ պաշտոնեություն, որը բաղկացած էր միրաբներից, ջուվարներից և կարաջուվարներից։ Այդ կարգը որոշ փոփոխություններով  գործել է բավական երկար ժամանակ։ Միրաբը համարվում էր տվյալ մահալի  ոռոգման ջրերի գերագույն կառավարիչը, նա ուներ  դատական  և վարչական իշխանություն, ղեկավարում էր ամբողջ մահալի ոռոգման տնտեսությունը։ Նա էր սահմանում ոռոգման կարգը և հսկում, որ միշտ կանոնավոր վիճակում գտնվեն ու անխափան գործեն առուները, խափանումների դեպքում կազմակերպում էր տվյալ առուն նորոգելու գործը։ Ջուվարներն ամբողջովին ենթարկվում էին միրաբներին և կատարում էին ոստիկանական պարտականություններ։ Միրաբը և ջուվարը  նշանակվում էին սարդարի կողմից, նրա հայեցողությամբ։ Մեծ համայնքներում ջուվարներին օգնում էին կարաջուվարները։

Միրաբներն ու ջուվարները նշանակվում էին մեկ տարի ժամկետով, բայց կարող էին մի քանի անգամ նշանակվել։[17]

Երևանն ունեցել է իր միրաբն ու տասնմեկ ջուվարները։ Ջրի չափը որոշվում էր ժամանակով՝ մեկ օր կամ կես օր, իսկ քանակը՝ բահով, որը հստատուն թիվ չէր[18]։

Դարերով ստեղծված Երևանի ոռոգման համակարգը խիստ խաթարվել էր հատկապես 1826-1828թթ. ռուս-պարսկական պատերազմից հետո, քանի որ պատերազմի գլխավոր թատերաբեմը Երևանն  էր։ Խաթարված ջրանցքների ու դրանցից ելնող առուների վերականգնումը կատարվել է միայն պատերազմի ավարտից 12-15 տարի հետո։

1847թ. Այսրկովկասում բնակեցման գծով գործող հանձնաժողովը՝ երկրի ոռոգման ցանցն ուսումնասիրելուց հետո այն բաժանում է երեք կարգի։ Առաջին կարգի մեջ մտնում են 7 առուներ, երկրորդի մեջ՝ 1128,  երրորդ կարգի մեջ՝  այն առուները, որոնք դադարել են գործել  և պետությունը չի նախատեսում նորոգել։  Երևանի առուները մտնում էին առաջին և երկրորդ կարգերի մեջ, որոնց կանոնավորման համար պետությունը նախատեսում էր ծախսել որոշ գումար տեխնիկի հսկողությամբ։ 1840-1850-ական թթ. ընթացքում Երևանի նախկին առուներն ամբողջովին նորոգվել էին։ Գործում էին «Աբուհայաթը», «Մամռին», «Դալման» ու «Նորագյուղի» առուները, որոնց երկարությունն իրենց ենթաճյուղերի  հետ հասնում էր  մի քանի տասնյակ կիլոմետրի։[19]

1890թ. հոկտեմբերին Գրիգոր Արծրունին «Մշակ» թերթում հրատարակված «Երևանեան նահանգում» հոդվածում «Դալմայի» ջրանցքի մասին գրել է. «Դա մի ստորերկրեայ ջրանցք է, գետնի մակերևոյթից մի քանի սաժէն խորութեամբ տօնէլի պէս շինված, տեղ տեղ հորերի պէս բացուածքներ ունենալով։ Շատերը կարծում են, որ այդ տօնէլը կառուցել էր ռուսների ձեռքով երկիրը տիրապետելուց առաջ եղած վերջին պարսից սարդար, Հուսէյն-խան սարդարը (մօտաւորապէս քսաներորդ թւականներում)։ Սակայն ուրիշների կարծիքով դա սխալ տեղեկութիւն է և հաւանական է, որ տօնէլը շատ աւելի հին է. դա հնադարեան հայկական ջրանցք է, որին Հուսէյն-սարդարը միայն նորոգել է իր կառավարչութեան օրով»[20]:

Հայաստանի ազգային արխիվի մի՝ 1898թ, հունվարի 27-ի փաստաթուղթ վկայում է Էջմիածնի կաթողիկոսարանի դիմումը «Դալմայի» ջրանցքի վերանորոգման մասին․

« Ողորմած տեր իշխան Գրիգորի Սերգեեվիչ

Անհիշատակ Ժամանակից  Ս Աթոռն Էջմիածնի ոռոգում էր իր դաշտերը Հրազդան գետից ելնող Դալմա կոչվող առվով։ Ռուս-պարսկական պատերազմից հետո, որ տևեց երկար ժամանակ հիշատակեալ առուն մնացել էր անխնամ և միայն 1870 թվականին հանգուցեալ պատրիարք ամենայն հայոց կաթողիկոս տեր Գևորգ IV-ը , ցանկացել է նորոգել զայն առուն, հրավիրյալ է մասնավոր եղանակով զճարտարապետ ջրաբաշխ Փրոլովին, որ կազմեալ նախագիծ, այժմ ի գործս Սինոդի և հայտնել է թե ի Հրազդան գետոյ գոյ այնքան ավելորդ ջուր , զի  գետ տանելոյ բաշխելոյ  զջուրն ի Հրազդան գետոյ ենթադրեալ նորոգելի առուին և գոհացուցանելո զժողովուրդս մնաց ընդհանուր ավելորդ ևս ջուր ուստի և յայն ժամանակի սկզբին արարեալ է նորոգություն առվին և նորոգեալ առավել քան զկեսն ի կուսե/ կես/ Երևան քաղաքի, համարիա թե ցստասն վերստ տարիալ ընտ այն ջուր ,սակայն  նահանգական իշխանություն կարևոր վարձեալ է ստուգել զեզրակացություն Ֆրոլովի պաշտոնական ճանապարհով ի ձեռն մասնագետի վասն որոյ և գործ նորոգություն առվին  դադարեցուցել է ձեր այնորիկ․․․․քանի ամաց ․․․կողեցու․․․Ճարտարապետ -ջրաբաշխ Պսարևն, որ չափեալ զջուրն ի Հրազդան գետոյ, ամենաերաշտ ժամանակի պաշտոնական արձանագրությամբ որոշեաց զջուրն Հրազդան գետոյ յետ գործածելոց զպիտոյս համար ժողովրդան մնայ դարձեալ այնքան ավելորդ, որ վանքն Ս․ Էջմիածնի անարգել կարե օգտիլ իմանէ անցելա ջրոյն միջոցավ Դալմա առվին։  Սակայն սույն եզրակացությունը ճարտարապետ-ջրաբաշխին մնաց անգործադրելի պատճառավ  ենթադրեալ նորով մուծանելի ի կողմանս Անդրկովկասու կանոնաց յաղագս բաշխման ջրոյ։ Թեպետ և յետ մուծանելոյ զայնոսիկ կանոնո սքնատան քանիցս միջնորդեաց փոխթացուցանել  թույլատվության հանիլոյ զջուր ի Հրազդան  գետոյն,սակայն սոյն  միջնորդություն որպես իլնի ի գրութենէ վերատեսչի ջուրց Կովկասու թողեալ են ցորոշումն իրավանց բնակչանց մահալին Զանգիբասարայ ի վերայ ջրոյն Հրազդան գետոյ։

Զարդիս վանքն Ս Էջմիածնի և բնակիչք Վաղարշապատ գեղջ թուով մոտավորապես յոթհարյուր տուն թեպետ և ունին զբավականաչափ հողս, սակայն չունելոյ  զջուր զիկեալ գտանին ի մշակութենէ նոցին և ևս մեք ստիպիալ եմք դիմել Ձերպայծառափայլությաը և յարգանոք խնդրել զիջեալ  ի վանուցն թշուառ կացություն բնակչաց Վաղարշապատու թույլատրել վանուցն Ս Էջմիածնի առնուլ զջուր ի Հրազդանայ որոշեալ ի ճարտարապետ -ջրաբաշխ Պիսարևէ չսպասելով քննության և որոշման իրավանաց բնակչացն մահալի Զանգիբասարա ի վերայ ջրոյց յիշեալ գետոյն քանի որ բնակիչք որքան հայտ է մեզ և որքան հաստատացուցեալ են մեզ բազում ձեռնահաս անձինք երբեք ոչ ունին կարոտություն ի առւին իրենց զջուր ի Հրազդան գետոյ։

Զգետնանաց խնդրեմ տեղեկացուցանել մեզ։

1898 ամի, 27 հունվարի ի քաղաք Տփղիսի»[21]

Ա. Ադամյանցն այսպես է նկարագրում Երևանի ջրանցքները․ «Մեր քաղաքն ունի չորս նշանաւոր ջրանցք, որոնք իրենց սկիզբն առնում են Հրազդանից, դրանք  են՝ Դալմայ, Նորագիւղ (աջ ափից), Աբուհայաթ և Մամռի (ձախ ափից)։ Առաջին երկուսը ոռոգում են Հրազդանի աջ կողմում գտնուծ քաղաքի այգիները։ Մամռի ջրանցքը սկսվում է Քանաքեռ գիւղի մօտից և գալով քաղաքի Կոնդ թաղը, այնտեղից բաժանվում է շատ մանր ջրանցքների կամ առուների, որոնք ցրվում են քաղաքի մէջ։ «Աբուհայաթ» ջրանցքը սկսվում է «Մամռի» ջրանցքից աւելի բարձր. սա ոռոգում է Աբուհայաթի, Քեօչաքլուի, Շհարի այգիները, քաղաքի հանդերը և այլն»:[22]

Ջրանցքներն ու ոռոգման համակարգերը որպես տնտեսության զարգացման կարևոր նախապայման ուշադրության են արժանացել Հայաստանում խորհրդային իշխանության հաստատումից հետո ևս։ Բացի նոր կառուցվող ջրանցքներից նորոգվել ու բարեփոխվել են հները՝ այդ թվում և «Աբուհայթը»։ Վանի թագավորության շրջանում հիմնադրված ջրամատակարարման ճիշտ այսպիսի մի համակարգ պահպանվել է թագավորության երբեմնի մայրաքաղաք Տուշպա֊Վանի շրջակայքում։ Վերին Մժնկերտի գյուղամերձ աղբյուրներից սնվող, ճարտարագիտական մտքի գլուխգործոց համարվող ջրանցքը, որի կառուցումը թեև իրականացրել է Վանի Մենուա թագավորը /Ք․ա․ 810-778թթ./, սակայն ավանդազրույցներում այն վերագրվել է Շամիրամ թագուհուն։ Մենուայի ջրանցքը 55,3կմ երկարությամբ  և  նույն աղբյուրներից սնվող 30 կմ երկարության Կողնկեսի ջրանցքը արդեն գրեթե երեք հազարամյակ լուծում են Հայոց ձոր գավառի ջրարբիացման խնդիրը։ Մենուայի ջրանցքի կեսն անցնում է Հայոց ձոր, իսկ շարունակությունը՝ Վան-Տոսպ գավառների տարածքով:[23] Հարկ է նշել, որ ինչպես «Աբուհայաթի», այնպես էլ «Մենուայի» ու «Կողնկեսի» /Գողնկուս/ մայր ջրանցքներից սկիզբ են առնում ավելի մանր բազմաթիվ առուներ, որոնք բազում դարերի ընթացքում ձևավորված  առվակներ են։ Ջրային այս համակարգն այնպես ինչպես «Աբուհայաթի» «Վարդավառի լիճը», ունեցել է նաև իր արհեստական ջրամբարը, որը ևս կառուցվել է Ք․ա․VIII դարում։ Այն հայտնի է «Ռուսա ծով», «Երիցու լիճ» կամ «Տերտերալիճ», և «Քեշիշգյոլ» անուններով։[24] Ջրամբարը գտնվում է ծովի մակերևույթից 2550մ բարձրության վրա և ունի 4,3 կմ առավելագույն երկարություն ու 2,1կմ լայնություն։ [25] Այսպիսով, բավական հիմնավոր է Գ․ Մուշեղյանի այն պնդումը, որ «․․․քաղաքին ու ամրոցին   Հրազդան գետից ինքնահոս եղանակով ջուր հասցնելու հնարավոր ճանապարհն «Աբուհայաթ» կոչվող ջրանցքն է, հետևաբար ջրանցքը  և «Վարդավառի լիճ» ջրամբարը կառուցվել է ամրոցի կառուցմանը զուգընթաց և  Արգիշտի I-ի օրոք»։[26]  Հայաստանի ազգային արխիվի Ինժեներներ Տեր Նիկողոսովի և Ավետովի հանձնաժողովի, Երևանը Օրտան ձորի սելավներից պաշտպանելու  1921թ․ նախագծի մասին  մի փաստաթղթում նշվում է․

«Օրտան ձոր» ձորակը ըստ տեղացիների վկայության ուժեղ ամպրոպների ժամանակ իրենից մեծ վտանգ է ներկայացնում քանի որ հեղեղատի ջրերը անցնելով ձորով հեղեղում են կից փողոցներն ու տները։  Բացի այդ Աբուհայթ ջրանցքը անցնելով/ пересекаясъ с ушелем проривается либневими водами ушеля/։ Նման երևույթներ նկատվել է 1916թ և այդ պատճառով Երևանի պաշտպանությունը ջրհեղեղներից  անհրաժեշտ  է և ցանկալի։ Նախագծով նախատեսվում է ձորով անցկացնել պլատինա և նրանից ելնող մեկ վերստ երկարությամբ  / отводная/ջրատար ջրանցք , որի միջոցով հեղեղաջրերը  ձորից կհասցվեն քաղաքից դուրս  և կթափվեն Զանգու գետը»[27]։

Հայաստանի ազգային արխիվում պահվող մեկ այլ՝ Աբուհայաթ ջրանցքի վրա հիդրոէլեկտրակայանի կառուցման նախագծի  հանձնաժողովի եզրակացության մասին 1921թ փաստաթղթում՝ հանձնաժողովի անդամներ ինժեներներ՝ Ավետով, Կեվորկով, Տեր-Նիկողոսով, Մանուչարով,

նշվում է․

«Աբուհայաթի ջրանցքը ներկայում սպասարկում է Երևան քաղաքի  քաղաքացիների Թոխմախան գյոլ ջրամբարից  վերև տարածվող խաղողի այգիները, ի միջայլոց այս ջրանցքը նախատեսված է 50 բահ գարնանային ջրի համար,  և պետք է ոռոգի նաև Երևանի Թոխմախան գյոլից ներքև տարածվող քաղաքային հողերը։ Աբուհայաթի ջրանցքի  բարեկարգման ու  վերակառուցման նախագծում բացարձակ   հաշվի չի առնվել  շրջակայքի նշված  դիրքը և ջրի օգտագործման կարգն ու իրավունքները։ Համաձայն նշված կարգի Աբուհյաթ ջրանցքի ամառային ջրի 45 բահը բաշխված է հետևյալ կերպ․ ½  բահ հատկացված է Քանաքեռ գյուղին պուրակը ջրելու համար, 34 բահ ՝ Երևանի քաղաքացիների և 10,5 բահ Երևան   քաղաքի համար։ Նախագծով նախատեսված է  թիվ 128-35,00 պիկից տեղադրվում է բաժանարար նոր նախագծվող ջրանցքից 30բահ առանձին  վերցնելու համար։   Այդ ջրանցքը պետք է սպասարկի Թոխմախան գյոլից   ներքև տարածվող 480  դեսյատին հողերը և հիդրոէլեկտրոկայանը։ Մինչդեռ քաղաքն իրավունքունի իր հողերը ոռոգել 10,5 բահ ջրով։ Քննարկելով նախագիծը աննպատակահարմար ենք համարում Աբուհայաթ ջրանցքից վերցնել 30բահ ջուր, քանի որ Երևան քաղաքի հիդրավլիկ ինժեների վկայությամբ 34 բահը հազիվ է բավարարում վեգետացիոն շրջանում խաղողի այգիները ջրելու համար։ Նախագծում չի նշված ինչու Երևան քաղաքի քաղաքացիներին ինրու է հատկացվում 10 բահ նախկին 34 բահ նախատեսվածի փոխարեն, իսկ քաղաքին նախկին 10,5 նախատեսվածի փոխարեն այս նախագծով 30 բահ։ Նկատի ունենալով երկու վերը նշված հանգամանքները նախագծում նշված  30բահ ջուրն առանձին ճյուղով տանելն իրականացման ենթակա չէ։

Հանձնաժողովը նպատակահարմար է համարում հիդրոկայանի համար ստեղծել առանձին ջրանցք։ Աբուհայթի ջրանցքով  համեմատաբար երկար տարածքով հիդրոկայան կառուցելու  նախագիծը համարվում է ոչ միայն ծախսատար այլև քաղաքի ներկա էլեկտրականության պահանջի 1/6 մասը չբավարարող։

Ելնելով վերը նշված հանգամանքներից պետք է նշել, որ  ցանկացած հիդրոկայան պետք է ունենա իր սեփական ջրանցքը, ջրաղացների և ոռոգման ջրանցքներից  առանձին։

Ուսումնասիրելով 1912-1917թթ Հրազդան գետի Քանաքեռի կայանից ծախսված ջրի քանակը մինիմում կազմել  է 0,556 կուբ սժ/վայրկյան,նկատի ունենալով այս մինիմալ ծախսը Զանգու գետից Աբուհայաթի ջրանցքով 45բահ ջուր վերցնելը համարում ենք հնարավոր»[28]։

Քանաքեռի հիդրոկայանի  կառուցմամբ «Աբուհայաթի»  ջրանցքի սկզբնամասը փոխարինվեց հիդրոկայանի ճնշող ավազանից ջուր վերցնող Նորքի   ջրանցքով։[29]

Ազգային արխիվում պահվող մեկ այլ փաստաթղթում հիշատակվում է «Աբուհայաթ» ջրանցքի միրաբների նշանակման մասին․ « Հրաման թիվ 47

Երևանի քաղգործկոմի 13 մայիսի   1925թ․ Երևան

Աբուհայաթի առվի միրաբներ Իբիշ Ալի-Օղլուն և Մամադ Բաղր Աղայեվին Անդրջրտնտեսության Հայաստանի Լիազորության համաձայնությամբ մայիսի 13-ի դրությամբ ազատ համարել աշխատանքից։

Աբուհայաթ առվի միրաբ է հաստատվում   Անդրջրտնտեսության Հայաստանի Լիազորության համաձայնությամբ Մամադ Մամեդովը և նրան տեղակալ Յեղիա Աղամյանը ս/թ մայիսի 13-ից։

Նախագահի տեղակալ /Մալխազյան/

Քարտուղար /Թադեվոսյան/

Կոստանտին Մելիք Շահնազարյան- Գյուղատնտես, Տմբլաչի Խեչոն -կեղծանուն»։[30]

Ազգային արխիվում պահվում է նաև Դալմայի ջրանցքի վերակառուցման մասին հանձնաժողովի եզրակացության մասին 1921թ մի փաստաթուղթ վկայում է․

«Զանգու գետից Դալմայի ջրանցքով  վերցվող ջուրը նախատեսված է ըստ կարգի գարնանը՝ 54բահ,  իսկ ամռանը՝ 45բահ։ նոր նախագծով  նախատեսվում է 60բահ , ենթադրելով ոռոգել 1500դեսյատին։ Ըստ ինժեներ-հիդրավլիկի վկայության Դալմայի ջրանցքն այժմ ոռոգում է մոտ 400 դեսյատին։ Նախագծով նախատեսվում է թիվ 43+10,00 տեղադրել բաժանարար։ Այդ բաժանարարով Դալմայի ջրանցքը  սկսվելով մեծ թունելի վերջից ճյուղավորվում է երկու ջրանցքների առաջինը գոյություն ունեցողն է և գնում է բաժանարարից  հվ-աե, իսկ մյուսը՝ նոր նախագծվածը՝ բաժանարարից ամ։ Առաջին ճյուղը ըստ նախագծի 12 բահ է և ոռոգում է 300 դեսյատին, երկրորդը ՝ 48բահ է և պիտի ոռոգի 1200դեսյատին։ Սակայն հանձնաժողովն այս բաժանումն համարում է աննպատակահարմար,քանի որ 12 բահը չի բավարարի գոյություն ունեցող այգիները ոռոգելու համար։

Դալմայի ջրանցքի համար նախատեսված Քանաքեռ գյուղի մոտի  ջրաչափման կայանը հանդիսանում է Զահգու գետից ելնող  վերջինը։ Ուշադրություն դարձնելով  նաև այն հանգամանքին, որ   Քանաքեռի կայանի և Դալմայի ջրանցքի  միջակայքում Զանգու գետից կա ևս մեկ խոշոր, 45բահ ջրհան Աբուհայաթ ջրանցքի համար, նախագծողներն ու հանձնաժողովը հաշվարկել է այդ կայանի տվյալները»[31]։

Մեկ այլ փաստաթղթում նշվում է «Դալմայի» ջրանցքի վերակառուցման մասին․ «1925թ փետրվարրի   26 -ին  դիտարկելով  Զանգու գետի ուղղորդող պլատինան,որի միջոցով Զանգու գետի ջուրն ուղղորդվում է դեպի Շահումյանի/ Մամռի/ջրանցք, գտանք, որ նշված պլատինան ունի ժամանակավոր բնույթ և գարնանային ջրերի անցնելուց հետո  պլատինան նորից /будет  внов устроена/ ի միջի այլոց գետի աջ ափի մոտակայքում՝ Դալմայի ջրանցքին մոտ, պլատինայի մեջ պետք է թողնել ջրի  /օտվոդ/, որն էլ պիտի  ջուրն ուղղորդի Դալմայի ջրանցք, որի շնորհիվ Դալման լրիվ ապահովված կլինի ջրով»[32] ։ Ազգային արխիվի Երևանի շրջանի ջրային ջրատմինիստրացիայի աշխատակիցների ցուցակում նշվում է․

«Երևանի ջրանցքներն ունեցել են  միրաբներ և ջուվարներ

Դալմայի ջրանցքը  մեկ միրաբ, երկու ջուվար

Նորագյուղինը՝  մեկական

Գետառ չայ առուն՝ մեկ միրաբ, երկու ջուվար     

Աբուհայաթի առուն՝ մեկ միրաբ, երեք ջուվար,

Շահումյանի առուն՝ մեկ միրաբ, երկու ջուվար

11 հունիսի 1926թ․»[33]

Այսպիսով, Արգիշտի I-ի կողմից կառուցված ջրանցքը, որոշակի փոփոխություն­ներից հետո, գործում է մինչ օրս։  Գրեթե նույն «Աբուհայաթ» ջրանցքի հետագծով ներկայումս անցնում են Քանաքեռ ՀԷԿ-ի ջրավազանին ջուր մատակարարող դերիվացիոն ջրանցքը,  դրանից սկիզբ առնող Նորքի ջրանցքը, Ջրաշեն և Մուշավան գյուղերի շրջակա այգիները ոռոգող ջրատարը և այդ ջրատարի ճյուղ հանդիսացող մեկ այլ ջրատար, որը լցվում է«Վարդավառի լիճը»։

Այսօր գործող այս ջրանցքները կառուցվել են խորհրդային  տարիներին, որոշ հատվածներում պարզապես բետոնացնելով նախկին քարե շարվածքով ջրանցքը, իսկ որոշ հատվածներում ջուրը անցկացվել է խողովակներով։ Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի տարածքում և Գոգոլի նրբանցքի վերջնամասում, բետոնի շերտի քայքայման արդյունքում, շերտի տակից երևում են նախկին բազալտ քարով իրականացված շարվածքները։ Իսկ արդեն Գոգոլի նրբանցքից հետո, շեղվելով նախկին ջրանցքի հետագծից, ջուրն ուղղահայաց ուղղությամբ, զույգ 900 մմ տրամագծով խողովակներով, անցնում է Գետառի կիրճը։ Այստեղ նախկին ջրանցքից կիրճի աջ լանջին և կենդանաբանական այգու տարածքում պահպանվել են արդեն չգործող առուների հատվածներ։ Ջրանցքի այս հատվածը նախորդ դարում օգտագործվել է կենդանաբանական այգու ոռոգման համար։ Կիրճի աջ լանջով անցնող հատվածը շարված է կարմրավուն և դարջնագույն տուֆ քարով։ Առանձնակի հետաքրքրիր կառուցվածք ունի ջրանցքի կենդանաբանական այգով անցնող հատվածը՝ մի կողմում ժայռն է հարթեցված և հարմարեցված ջրի հոսքին, իսկ մյուս կողմում հենապատ է շարված նույն ժայռերից ճեղքված կապտա-մոխրագույն  տուֆով։ Այս հատվածը հայտնի է նաև «Աղվեսաբերդի ջրանցք» անվամբ։ Ջրանցքի շարունակությունը ամբողջովին խողովակներով է, և այլ հատվածներում նախկին ջրանցքի շարվածքներ չեն նկատվում։

Այսպիսով, Աբուհայաթի ջրանցքը և նրան ժամանակակից Երևանի մյուս ջրանցքներն իրենց կատարյալ նախագծման և կառուցման շնորհիվ, բազմաթիվ վերանորոգումների ժամանակ երբևիցե չեն կրել որևէ հիմնական փոփոխություն։ Նյութական մշակույթի  այդօրինակ և մինչ օրս  գործող հուշարձանները թույլ են տալիս եզրակացնել, որ Վանի թագավորությունից սկսած թունելաշինությունն ու ջրաշինարարությունը Հայաստանում հասել էր իր ժամանակի ամենաբարձր մակարդակին։ Այս ճարտարագիտական կառույցները արժանի են խնամքով պահպանության և բազմակողմանի ուսումնասիրության։ Համապատասխան մասնագետների նոր ու բազմակողմանի ուսումնասիրությունները թույլ կտան ավելի ստույգ բնորոշել ու արժեվորել այս բացառիկ հուշարձանները։

Հնագետ՝ Ա. Ջուլֆալակյան,

ճարտարապետ՝ Գ․ Գյուլամիրյան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  3. Գ. Ռ. Մուշեղյան (1971). «Ջրամատակարարման հարցը Էրեբունիում և Թեյշեբաինիում» (PDF). hpj.asj-oa.am. Պատմա-բանասիրական հանդես. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 14-ին.
  4. Կարինե Հայրապետյան (08.12.2017). «Դալմա-դիլմուն-Տիլման դրախտը և խաղողուտը». karinehayrapetyan1.wixsite.com. Վերցված է 2020 թ․ հուլիսի 14-ին.
  5. Հովհաննես Այվազյան (գլխավոր խմբագիր-տնօրեն) և ուրիշներ, Հայաստանի բնաշխարհ (հանրագիտարան), Երևան, «Հայկական հանրագիտարան հրատարակչություն», 2006, էջ 139 — 692 էջ. — 3500 հատ, ISBN 5-89700-029-8։
  6. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 15 — 992 էջ։
  7. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ (2007 թ․ մարտի 15). «ՈՐՈՇՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԵՎ ՕՏԱՐՄԱՆ ՈՉ ԵՆԹԱԿԱ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ». rtek.am. ԻՐՏԵԿ. Վերցված է 2020 թ․ հուլիսի 14-ին.
  8. «Երևանի ամենահին լիճը՝ Վարդավառի լիճը». arevelk.am. Արեիելք Լռարուկան. 2017 թ․ հուլիսի 23. Վերցված է 2020 թ․ հուլիսի 14-ին.

[1]Մ. Խաչատրյան, Արագածոտնի նախաուրարտական ջրաբաշխական համակարգի փորագրված գծագիրը, «Պատմա-բանասիրական հանդես», 1971, № 3, էջ 127-137։

[2]․ Ն․ Ադոնց,  Հայաստանի պատմություն, Երևան, 1972, էջ 157-158։ Տե՛ս նաև Арутюнян Н., Корпус урартских клинообразных надписсей, Е., 2001, с. 299-300:

[3] ․ Գ․Մուշեղյան, ՋրամատակարարմանհարցըԷրեբունիում և Թեյշեբաինիում, էջ 214։

[4]. Գ․Մուշեղյան, ՋրամատակարարմանհարցըԷրեբունիում և Թեյշեբաինիում, էջ 214։

[5]Նույն տեղում, էջ 209։

6.Նույն տեղում։

7.Ռ.Ջալալբեկյան,Հնագույն ջրաշինարարական աշխատանքները Հայաստանում, «Գիտություն և տեխնիկա»,1977,N 6, էջ47-51։

[8]Ե. Շահազիս, Հին Երևան, Երևան, 2001, էջ 51-52։

[9] Նույն տեղում։

[10]  Ա. Միրզոյան, Հին Երևանի պատմությունից (16-րդ դարի սկզբից մինչև 1828թ.), Երևան, 1960, էջ 49։

[11]. Թ. Հակոբյան, Երևանիպատմություն /1801-1879/,Ե., 1959, էջ 58։

[12]Թ. Հակոբյան, Երևանիպատմություն /1801-1879/,Ե., 1959, էջ 161։

[13]Կ.Ղաֆադարյան,Երևանի կաթողիկեյի և նորահայտ հուշարձանի վիմական արձանագրությունները, «Տեղեկագիր պատմ և գրակ ինստիտուտի», Ե., 1938, էջ171-172։

[14]Թ. Հակոբյան,Երևանի պատմություն,/1500-1800թթ/Ե. 1971,էջ 263-264։

[15] Նույն տեղում։

[16]Թ. Հակոբյան, Երևանի պատմություն /1500-1800 թթ./, Ե., 1971, էջ 264-265։

[17]Թ․Հակոբյան, Երևանիպատմություն /1801-1879/,Ե․, 1959, էջ 162-163։

[18]Թ․Հակոբյան, Երևանիպատմություն /1801-1879/,էջ 166-167։

[19]. Թ․Հակոբյան, Երևանիպատմություն, /1801-1879/,էջ 497-499։

[20] «Մշակ», 1890, № 114, 6 հոկտեմբերի։

[21] ՀԱԱ, ֆ․56,   ց․16,  գ․ 235, թ 25

[22] Ա. Միրզոյան, Հին Երևանի պատմությունից (16-րդ դարի սկզբից մինչև 1828թ.), Երևան, 1960, էջ 49։

8.Ս. Կարապետյան, Հայաստանի պատմություն, հ Ա, Հայոց ձոր, ՀՃՈՒ հիմնադրամ, Երևան, 2015, էջ 6-7։

9.Խ. Լևոնյան, Արհեստական լիճ մը խալտեան շրջանէն, «Վանտոսպ»,1912,N 8,էջ117-119։

10. Ս. Կարապետյան, նույն տեղում։

[26].Գ. Մուշեղյան, Ջրամատակարարման հարցը Էրեբունիում և Թեյշեբաինիում, էջ 209։

[27] ՀԱԱ, ֆ․ 174, ցուցակ1, գործ 2, էջ11,

[28]  ՀԱԱ, ֆ․ 174, ցուցակ1, գործ 2,3,  էջ 1,

[29] Գ. Շիրմազան, Դրվագներ Հայաստանի ոռոգման պատմությունից, Երևան, 1962, էջ 142։

[30] ՀԱԱ, Ֆ․174,  ց․ 1, գործ  37, էջ12

[31] ՀԱԱ, ֆ174, ցուցակ1, գործ 2, էջ 5 , 

[32] ՀԱԱ, Ֆ․174,  ց․ 1, գործ  37, էջ10,

[33] ՀԱԱ, Ֆ․174,  ց․ 1, գործ  65, էջ 51,

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 46
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։