Աբլխարիբ Հավնունի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աբլխարիբ Հավնունի
Աբլխարիբ Հաւնունի
Դրոշ
Դրոշ
Վասպուրականի Իշխանաց Իշխան
10-րդ դար
Վասպուրականի Սպարապետ
10-րդ դար
 
Ազգություն Հայ
Դավանանք Քրիստոնեություն
Դինաստիա Հավնունիներ
 
Ռազմական ծառայություն
Պատկանելություն՝ Վասպուրականի թագավորություն
Կոչում՝ Վասպուրականի Սպարապետ

Աբլխարիբ Հավնունի (ծննդյան և մահվան թվականներն անհայտ, 10-րդ դար), Իշխանաց իշխան և սպարապետ Վասպուրականի թագավորությունում, Աշոտ Արծրունի (968-991) թագավորի կառավարման ժամանակ, Վասպուրականի զորավար Ապլղարիպ Հավնունիի եղբորորդին Հավնունիների իշխանական տոհմից։

Աբլխարիբ Հավնունուն Իշխանաց իշխան էր կարգել Վասպուրականի թագավոր Աշոտ Արծրունին։ Վերջինիս հրամանով 983 թվականին իր ընկերներ Գրիգոր իշխանի և Տիգրան մարզպանի հետ գնացել է Գողթանի Աբուտլուփ ամիրայի հարձակմանը դիմադրելու։ Հասնելով Վասպուրականի Ճուաշ գավառ, Աբլխարիբ Հավնունու զորքը բանակ է դնում Բակյար (Բակեար) վայրում։ Իրենց ձիերին արձակելով արածելու համար, զորքը սկսում է հանգստանալ, ոմանք էլ քնում եմ։ Այդ ժամանակ Աբուտլուփ ամիրայի զորքը հասնելով այդ վայր, չորս կողմից հարձակվելով պաշարում են Հավնունու բանակը։ Հայ զինվորները արագորեն փախչելով ամրանում են մերձակա Բակյար ամրոցում և այնտեղ արգելվում։ Ամիրայի զորքը հափշտակելով նրանց ձիերը, ուղարկում է Աբլխարիբ Հավնունու մոտ խոստանալով անվնաս թողնել նրանց եթե նրանք վայր դնեն զենքերը։ Հավատալով թշանմու խոստումներին՝ նրանք հանձնում են իրենց զենքերը։ Ամիրան դրժելով իր երդումը, բոլորին կոտորում է բացի Աբլխարիբից, Գրիգորից և Տիգրանից։ Վերջիններից ձերբակալելով տանում են Գողթն գավառ։ Աբուտլուփը վերցնելով փրկագին՝ ազատ է արձակում նրանց։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայոց անձնանունների բառարան, Հրաչյա Աճառյան, 1942 թ. Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 21
  • «Տիեզերական պատմություն», Ստեփանոս Ասողիկ, 1885 թ. Սանկտ-Պետերբուրգ, Գիրք Գ, գլուխ ժգ (էջ 189-190)
  • «Պատմուիւն Հայոց», Միքայել Չամչյան, հատոր Բ, էջ 866-867