Փուփուլավոր արտույտ, աբեղաձագ կամ աբեղուկ (լատին․՝ Galerida cristata), արտույտների ընտանիքին պատկանող թռչուն։
Մարմնի վերին մասը մոխրագույն է՝ երկայնակի լայն բծերով, որովայնը ծիկասպիտակավուն է, ունի սրածայր, լավ զարգացած փուփուլ։ Քաշը՝ 45 գ, թևի երկարությունը՝ 94-114 մմ։
Հայաստանում նստակյաց թռչուն է, տարածված է առավելապես կիսաանապատներից մինչև լեռնային տափաստանները։ Նախապատվությունը տալիս է հացահատիկային ցանքատարածություններին։ Ձմռանը փոքր երամներ կազմած չվում է հանրապետության հարավի ցածրադիր շրջանները։ Հաճախ հանդիպում է բնակավայրերից ոչ հեռու, բանուկ ճանապարհների եզրերին՝ փոքր խմբերով կամ զույգերով կերակրվելիս։ Սովորաբար չի խուսափում ավտոմեքենաներից ու մարդուց։ Բնադրվում է մարտից մինչև հունիս ամիսը, բույնը սարքում է փոքր փոսիկի մեջ՝ չոր խոտերից, քողարկում քարի կամ թփի տակ, դնում է 3-5 կավագույն, խիտ պտերով ձվեր։ Ձագերը բնից դուրս են գալիս 9-14-րդ օրը։ Սնվում է առավելապես խոտաբույսերի սերմերով և միջատներով։
Տարածված է Հայաստանում, Միջին և Հարավային Եվրոպայում, հյուսիսային Հնդկաստանում, Հիմալայներում, արևմտյան և հյուսիսային Չինաստանում, Էստոնիայից մինչև Ուկրաինա, ընկած տարածությունում, Միջին Ասիայում[1]։