Աբգար Թ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աբգար (այլ կիրառումներ)
Աբգար Թ
լատին․՝ Lucius Aelius Megas Abgar IX
Օսրոյենեի թագավոր
179 - 214
Նախորդող Աբգար Ը
Հաջորդող Աբգար Ժ Սևերոս
 
Մասնագիտություն՝ գերիշխան
Ծննդյան օր 2-րդ դար
Վախճանի օր 214
Հայր Աբգար Ը

Աբգար Թ (նաև՝ Աբգար IX, լատին․՝ Lucius Aelius Megas Abgar IX, հուն․՝ μεγας Αβγαρος, 2-րդ դար - 214), Օսրոյենեի թագավոր (179-214), Աբգար Ը-ի որդին, Մանու Թ-ի հայրը[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակոբ Մանանդյանը, հիմնվելով Հերոդիանոսի վկայությունների վրա, ցույց է տալիս, որ Հռոմեական կայսրության մեջ ծագած գահակալական կռիվների ժամանակ Օսրոյենեի թագավոր Աբգար Թ-ն, Պարթևաց արքա Վաղարշ Դ-ն (191-208) և Հատրայի թագավոր Բարսեմիոսը հռոմեական կայսր են ճանաչել Պեսկեննիոս Նիգերին։ Աբգարը և Բարսեմիոսը նույնիսկ ռազմական օգնություն են ցույց տվել նրան։ Հռոմեական կայսրության խառնակ վիճակին վերջ դնելով և հաղթելով Նիգերին, Սեպտիմիոս Սևերոս կայսրը 195 թվականին արշավում է Արևելք։ Գալով Միջագետք, նա վտարում է ապստամբներին, հպատակեցնում տեղի կախյալ թագավորություններին և նույնիսկ նոր երկրամասեր նվաճում։ Մեկ տարի անց, 196 թվականին Սևերոսի և Ալբինոսի միջև է ծագում գահակալական նոր պատերազմ, որը օգտագործելով, Պարթևական արքա Վաղարշ Դ-ն վերագրավում է Միջագետքը և պաշարում Մծբին քաղաքը[1]։

197 թվականին Սևերոսը հաղթելով Ալբինոսին, նորից գալիս է Ասորիք։ Օսրոյենեի թագավոր Աբգար Թ-ն վերստին հայտնում է իր հպատակության մասին կայսրությանը, իսկ Վաղարշ Դ-ն վերացնելով Մծբինի պաշարումը ետ է քաշվում[1]։

Քրիստոնեության ընդունումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբգար Թ-ն համարվում է Օսրոյենեի առավել նշանավոր թագավորը, ով ընդունել է քրիստոնեությունը 207 թվականին[2]։ Աբգար Թ-ի դարձի ավանդական պատմությունը, որի գրառումը վերագրվում է նրա քարտուղար Լաբուբնային, երկրորդ անգամ խմբագրվել և ճոխացվել է 4-րդ դարի վերջին։ Ըստ մի տեսակետի Աբգար Թ-ին Հիսուս Քրիստոսի ժամանակակիցը դարձնելու և իրենց եկեղեցու հեղինակությունը բարձրացնելու միտումով ասորի պատմիչներն աբգարյան ավանդությունը կապել են Աբգար Ե-ի (1-ին դար) անվան հետ և 3-րդ դարի եղելությունները փոխադրել 1-ին դար։ Աբգարի մասին եղած առասպելի օբյեկտիվ վերլուծությամբ հաստատված է, որ Եդեսիայի նշանավոր տիրակալը, որ քրիստոնեություն ընդունեց, Աբգար Թ-ն է, ով ապրել է 2-րդ դարի վերջերին, իսկ առասպելը՝ պատմական իրական դեպքը ետ է տարել մինչև մեր թվարկության սկիզբը և վերագրել մեկ այլ արքայի՝ Քրիստոսին ժամանակակից Աբգար Ե-ին[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Հայ Ժողովրդի պատմություն», Երևան, 1984, հատոր 2, էջ 789-790․
  2. «Եկեղեցական պատմութուն», Եվսեբիոս Կեսարացի, էջ 59-66
  3. «Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում», Նիկողայոս Ադոնց, Երևան, 1987, էջ 385, 387, 560-561.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 18