Jump to content

Վանամայր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Աբբայուհիից)
Բելոռուսական Նեսվիժ քաղաքի բենեդիկտյան վանքի վանամայր Յուֆեմիա Սժանիավսկան ասայով (եպիսկոպոսական ձեռնափայտ) մոտավորապես 1768 թվականին։ Վարշավայի ազգային թանգարան

Վանամայր (լատիներեն՝ abbatissa, abbas (աբբա) բառի իգանակ սեռը), կաթոլիկ աբբայությունում[1] միանձնուհիների համայնքի մայրապետ։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաթոլիկ եկեղեցում վանամոր ընտրությունը, դիրքը, իրավունքներն ու հեղինակությունն ընդհանուր առմամբ համապատասխանում են աբբայի ընտրությանը, դիրքին, իրավունքներին ու հեղինակությանը[2]։ Նա պետք է լինի առնվազն 40 տարեկան ու 10 տարի միանձնուհի եղած լինի[3]։ Հազվադեպ դեպքերում, երբ համապատասխան հատկանիշներն ունեցող միանձնուհին բացակայում է, պահանջները կարող են իջեցվել մինչև 30 տարեկան և 5 տարվա[1]։ Այն կինը, որն ապօրինի զավակ է, կույս չէ, ենթարկվել է հասարակության կողմից չընդունվող ապաշխարանքի, այրի է, կույր ու խուլ է, սովորաբար չի կարող հավակնել վանամոր պաշտոնին, բացառությամբ այն դեպքերի, երբ առկա է Մայր Աթոռի թույլտվությունը[1]։ Պաշտոնն ընտրովի է․ ընտրում են տվյալ համայնքի միանձնուհիները գաղտնի քվեարկությամբ[4]։ Աբբայի նման, իր պաշտոնում Մայր Աթոռի կողմից հաստատվելուց հետո, վանամայրը հանդիսավորությամբ զբաղեցնում է իր աթոռը պաշտոնական օրհնություն ստանալով տարածքի եպիսկոպոսից։ Ի տարբերություն աբբայի, վանամայրը ստանում է միայն մատանի, ասա և միաբանության կանոնակարգի պատճենը։ Արարողության ընթացքում նա խույր չի ստանում[1][5]։ Վանամայրն իր հագուստի վրայից կրում է վզից կախված խաչ, որը խորհրդանշում է նրա դիրքն ու թեև կանայք չեն ձեռնադրվում տղամարդկանց պես, նա շարունակում է կրել իր կրոնական հագուստը և պատարագների ժամանակ չի զգեստափոխվում[1]։ Բացառությամբ Իտալիայի ու հարակից մի քանի կղզիների՝ վանամայրը ցմահ պաշտոն է[1]։

Դեր և պարտականություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Արքայադուստր Մարիա Թերեզա Իզաբելլա Ավստրիացին որպես ազնվական վանամայր իր ասայով

Ըստ Կանոնական իրավունքի՝ վանամայրերն աբբաների նման գլխավոր պաշտոնյաներ են։ Նրանք ընդունում են վանքի միանձնուհիների երդումները, կարող են իրենց միաբանությունում նորեկների թեկնածությունն ընդունել, կարող են նրանց ուղարկել կրթություն ստանալու կամ հովվական կամ միսսիոներական աշխատանքի ծխական համայնքում կամ թեմում․ համայնքի տարածքում նրանք լիարժեք իշխանություն ունեն։

Կան, սակայն, կարևոր սահմանափակումներ։ Վանամայրը չի կարող կառավարել Խորհուրդը, չի կարող հանդես գալ որպես վկա ամուսնության ժամանակ, չի կարող ապաշխարանք ընդունել կամ հանդես գալ որպես պատարագիչ[1]։ Նրանք կարող են անցկացնել ժամերգություններ, խոսել Սուրբ գրությունից ու որոշակի օրհնություններ տալ։ Մյուս կողմից, նրանք չեն կարող քարոզներ ու խրատներ, ոչ էլ պատարագի ժամանակ ավետարան կարդալ։ Քանի որ նրանք չեն ստանում եպիսկոպոսական ձեռնադրություն, նրանց իրավունք չի վերապահվում ձեռնադրել ուրիշներին, ոչ էլ իրենց համայնքից դուրս իրավասություն իրականացնել[1]։ Եղել են արտառոց հանգամանքներ, որբ որոշ վանամայրերի սովորականից շեղվող իրավունքներ ու պարտականություններ են շնորհվել, ինչպես օրինակ՝ Իսպանիայի Բուրգոս քաղաքի Սանտա Մարիա լա Ռեալ դե լաս Ուելգաս վանքի ցիստերյան միաբանության վանամորը, կամ Իտալիայի Կոնվերսանո քաղաքի ցիստերյան միաբանության վանամորը։ Վերջինիս հնարավորություն է տրվել ընտրել իր սեփական փոխանորդին, նշանակել խոստովանահայրեր և ընդունել հասարակական մեծարանք․ 1750 թվականին հասարակական մեծարանքը վերացվել է[1]։

Պատմականորեն որոշ կելտական վանքերում վանամայրերը գլխավորում էին վանականների ու միանձնուհիների միացյալ համայնքները[2], որի ամենահայտնի օրինակը Իռլանդիայի Քիլդեր քաղաքի վանքի վանամայր սուրբ Բրիգիտ Քիլդերացին է․ սովորույթն ընդգրկում էր Ֆրանսիայի, Իսպանիայի ու նույնիսկ Հռոմի կելտական վանքերը։ 1115 թվականին ֆրանսիական Ֆոնտևրո թագավորական աբբայության հիմնադիր Ռոբերտը ամբողջ միաբանության կառավարումը հանձնարարել է կին վերադասի[2][6]։

Լյութերական եկեղեցիներում վանամոր տիտղոսը վերաբերում էր վանքերի գլխավորներին[2], որոնք առաջին անգամ փոփոխության են ենթարկվել 1514 թվականին Քվեդլինբուրգ աբբայության կաթոլիկ վանամոր մահից հետո[1]։ Դրանք կոլեգիալ հիմնարկներ էին, որոնք կեցավայր ու եկամուտ էին ապահովում չամուսնացած լեդիների համար, որոնք սովորաբար ունենում էին ազնվական ծագում ու կոչվում կանոնուհիներ։ Վանամոր պաշտոնը նշանակալի հասարակական կարևորություն ուներ և անցյալում հաճախ զբաղեցվում էր իշխող արքայատոհմի արքայադստեր կողմից[2]։ Մինչև Նապոլեոնի կողմից Սրբազան Հռոմեական կայսրության լուծարումը և դրա կազմի մեջ մտնող քաղաքական միավորների վերակազմավորման արդյունքում անկախ կայսերական պետություններ ստեղծումը, Քվեդլինբուրգի վանքի վանամայրը նաև ի պաշտոնե անկախ կայսերական պետության գլխավորն էր։ Վերջին այսպիսի վանամայր է եղել Շվեդիայի արքայադուստր Սոֆյա Ալբերտինան[7]։

Պատմական Պրահայի Հրադչանի թաղամասում կաթոլիկ հաստատության տիրուհին էր կոչվում վանամայր։ Այն հիմնադրվել է 1755 թվականին կայսրուհի Մարիա Թերեզայի կողմից և պատասխանատու էր Բոհեմիայի թագուհու թագադրման համար․ վանամայր կարող էր լինել ավստրիական կայսերորդու կինը[1]։

Միջնադարում որոշ վանամայրեր փորձ են արել բռնազավթել իրենց արգելված հոգևոր իշխանությունը[փա՞ստ] և դրանով օրհնել, թողություն տալ մեղքերին, տղամարդկանց ճակատին խաչանշան դաջել, նույնիսկ հաղորդություն ընդունել։ Այսպիսի երևույթները Հռոմի պապը նկարագրել է որպես «չլսված, չափազանց անպատշաճ ու անհեթեթ», ավելացնելով, որ «այսպիսի վանամայրերը ակնհայտորեն գերագնահատել են իրենց հոգևոր իշխանությունը»[1]։ Այսօր Հռոմեկան կաթոլիկ եկեղեցին ունի մոտավորապես 200 վանամայր[5]։ Կանանց ամենահին վանքը հիմնադրվել է 13-րդ դարասկզբին Գերմանիայի Օստրից քաղաքում, դա ցիստերյան միանձնուհիների Մարիենտալի աբբայությունն է։

2018 թվականի սեպտեմբերի 10-ին Գաուերի Սուրբ Տիրամոր մենաստանն ստացել է վանքի կարգավիճակ և գլխավոր միանձնուհի մայր Սեսիլիա Սնելլն օծվել որպես առաջին վանամայր։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Oestreich 1907
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4  One or more of the preceding sentences incorporates text from a publication now in the public domainChisholm, Hugh, ed. (1911). «Abbess». Encyclopædia Britannica (անգլերեն). Vol. 1 (11th ed.). Cambridge University Press. էջ 11.
  3. Hoiberg 2010, էջ. 11
  4. Chisholm, 1911
  5. 5,0 5,1 Henneberry 1997, էջ. 8
  6. Fletcher 2007
  7. Rambler 2010