ԱՄՆ-ի պատմություն (1789-1848)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջորջ Վաշինգտոն, Ամերիկայի Միացյալ Նահանգների առաջին նախագահ (ապրիլի 30, 1789 - մարտի 4, 1797)

ԱՄՆ-ի պատմությունը 1789-1848 թվականներին նշանավորվում է դեպի արևմուտք ամերիկյան էքսպանսիայով։

1789 թվականին նախագահական ընտրություններից հետո Ջորջ Վաշինգտոնը դարձավ ԱՄՆ առաջին նախագահ։ Նրա վարչակարգի առաջին գործը ֆինանսական ոլորտում կարգուկանոնի հաստատումն էր։ Կառավարությունը վերակազմավորեց Կոնգրեսի պարտքերը, որոնք ձևավորվել էին անկախության համար մղվող պատերազմի ընթացքում։ Վերջինս թողարկեց դաշնային պարտատոմսեր՝ իրանացնելով Գանձապետարանի քարտուղար Ալեքսանդր Համիլթոնի ծրագիրը։ Այնուհետև ներդրվեցին նոր մաքսային տարիֆներ և հարկեր, այդ թվում նաև՝ վիսկիի վրա, ինչը երկրի որոշ շրջաններում ընդվզումների առիթ հանդիսացավ։ Բացի դաշնային Գանձապետարանից՝ ձևավորվեցին նաև արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունները (դեպարտամենտները), ինչպես նաև նշանակվեց գլխավոր դատախազ (արդարադատության դեպարտամենտը, ըստ էության, ձևավորվել է միայն 1870 թվականին)։ Հետագայում ընդունվել են օրենքներ դաշնային դատարանների, ինչպես նաև Գերագույն դատարանի կազմավորման մասին։ Վերջինս հետագայում (1801-1834 թվականներին դատավոր Ջոն Մարշալի օրոք) դարձավ իշխանության բարձրագույն մարմիններից մեկը։

Վաշինգտոնի վարչակարգի իրականացրած միջոցառումները թույլ տվեցին ձևավորել կայուն պետական իշխանություն, որը հիմնված էր հարուստ առևտրականների և ֆինանսիստների աջակցության վրա։ Սակայն 1801 թվականին իշխանության եկավ Հանրապետական կուսակցության առաջնորդ՝ նախագահ Ջեֆերսոնի վարչակարգը, որը ռևիզիայի ենթարկեց դաշնայինների (ֆեդերալիստների) կառավարության քաղաքականությունը և այնքան թուլացրեց նախկին կառավարող կուսակցությանը, որ այն շուտով վերածվեց քաղաքական մարգինալի։

1812 թվականին ԱՄՆ-ը կրկին հայտնվեց պատերազմի մեջ ընդդեմ Մեծ Բրիտանիայի։ Չնայած առաջին պարտություններին՝ ամերիկացիները կրկին կասեցրին բրիտանական ներխուժումը և վերջնականապես կտրեցին վերջիններիս կապը հնդկացիների հետ, ինչը թույլ տվեց նրանց ակտիվացնել տարածքային ընդարձակումը դեպի արևմուտք։ 1830-ական թվականներին դաշնային կառավարությունը վերաբնակեցրեց հնդկացի բոլոր ցեղերին Միսիսիպի գետից դեպի արևելք ընկած տարածքներից։ Դրանից հետո հնդկացիներին թույլատրվեց բնակություն հաստատել միայն ԱՄՆ-ի արևմտյան նահանգներում։ Դեպի արևմուտք հետագա ընդարձակման արդյունքում ԱՄՆ-ի տարածքները հասան Խաղաղ օվկիանոսի սահմաններին։

1850-ական թվականներին ԱՄՆ-ում քաղաքական անկայունություն էր տիրում։ Տեխասի միացումը ԱՄՆ-ին, ստրկության հիմնախնդրի պատճառով, առաջ բերեց համազգային ճգնաժամ։ Այդ հիմնախդիրը լուծվեց քաղաքացիական պատերազմի ընթացքում։

Դաշնայինների ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Համիլթոն, ամերիկացի քաղաքական գործիչ, ԱՄՆ-ի հիմնադիր հայրերից մեկը, երկրի ֆինանսական համակարգի, Ֆեդերալիստական կուսակցության, առափնյա պաշտպանության ստորաբաժանման հիմնադիր:

Վաշինգտոնի վարչակարգը (1789-1797)[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն 1789-1791 թվականներին ընդունված նոր սահմանադրության՝ ԱՄՆ-ի առաջին նախագահ ընտրվեց Ջորջ Վաշինգտոնը, ով դարձել էր ազգի առաջնորդ դեռևս անկախության համար մղվող պատերազմի տարիներին[1]։ Համաձայն հետպատերազմյան առաջին մարդահամարի՝ ԱՄՆ-ում այդ պահին ապրում էր 3,9 մլն մարդ։ Բնակչության միջին խտությունը կազմում էր 4,5 մարդ/քառ․ մղոն։ Սակայն այն շատ անհամասեռ էր տարածված։ Բնակչության մեծ մասը կենտրոնացված էր ափամերձ շրջաններում, իսկ պատերազմի արդյունքում երկրին միացված արևմտյան շրջաններում նորաբնակներ գրեթե չկային։ Բնակչության մեծամասնությունը կազմված էր ֆերմերներից և նրանց ընտանիքներից, որոնք ապրում էին գյուղական բնակավայրերում։ 18-րդ դարի վերջին ԱՄՆ-ում կային միայն 12 քաղաքներ՝ ավելի քան 5000 բնակչությամբ։

Երկրում դատական իշխանությունը կարգավորվեց դաշնային դատարանների համակարգի ստեղծման մասին 1789 թվականին ընդունված օրենքով։ Այդ ժամանակ Գերագույն դատարանը պետք է կազմված լիներ վեց դատավորներից։ Բացի այդ նշանակվեցին երեք շրջանային (սկզբնական շրջանում ԱՄՆ-ը ըստ ենթադատության բաժանված էր երեք աշխարհագրական շրջանների) և 13 Դաշնային շրջանային դատարաններ (ըստ նահանգների սկզբնական քանակի)։ Յուրաքանչյուր դաշնային շրջանում օրենքի վերահսկողության համար նշանակվեցին շրջանային դատախազներ։ ԱՄՆ-ի մայրաքաղաքը տեղափոխվեց Մերիլենդ նահանգ, որի տարածքի մի մասի վրա հետագայում ստեղծվեց Կոլումբիա դաշնային շրջանը[2]։

Նախագահ Վաշինգտոնի օժանդակությամբ Գանձապետարանի քարտուղար Ալեքսանդր Համիլթոնը Կոնգրեսի քվեարկությանը ներկայացրեց Կոնգրեսի պարտքերի վերակազմավորման ֆինանսական ծրագրի, Միացյալ Նահանգների Կենտրոնական բանկի ստեղծման, նոր հարկերի և տարիֆների ներդրման մասին օրենսդրական նախագիծը[3]։ Դրանց թվում էր վիսկիի հարկը, որը 1794 թվականին Փենսիլվանիայում նույնիսկ ապստամբության առիթ հանդիսացավ։

Սկզբում նախագահ Վաշինգտոնը դաշնային մարշալներին հրամայեց ապստամբներին բերման ենթարկել շրջանային դատարաններ։ Երբ նոր հարկի դեմ բողոքող մի քանի հազար զինված մարդիկ հավաքվել էին Փիթսբուրգ քաղաքի մոտ, Ջ․ Վաշինգտոնը մի քանի նահանգներից ոստիկանության ստորաբաժանումներ հրավիրեց՝ ապստամբությունը ճնշելու նպատակով։ Անձամբ ղեկավարելով 13000 ոստիկանական ուժերը, նախագահ Վաշինգտոնը ուղևորվեց Փենսիլվանիա, որտեղ խռովությունը միանգամից դադարեց՝ առանց ուժ կիրառելու[4]։

Անկախության համար մղվող պատերազմի ավարտին ԱՄՆ-ը դեռևս շարունակում էր պատերազմը հնդկացիների դեմ հյուսիսարևմտյան շրջաններում։ Այն ավարտվեց 1795 թվականին Գրինվիլյան հաշտության պայմանագրի կնքումով, որի համաձայն հնդկացիական համադաշնությունը ճանաչում էր ԱՄՆ-ի սուվերենությունը և թույլ էր տալիս սպիտակամորթ վերաբնակիչներին հաստատվել իրենց հողերում։ Բացի այդ, ԱՄՆ-ը բանակցություններ էր վարում Իսպանիայի հետ՝ երկրի հարավ-արևմտյան շրջանների վերաբերյալ, որտեղ ևս ակտիվ ռազմական գործողություններ էին ծավալվում հնդկացիների դեմ։ Նույն՝ 1795 թվականին կնքված Մադրիդյան պայմանագրի համաձայն Իսպանիան այդ տարածքները ճանաչեց որպես ԱՄՆ-ի սեփականություն։ Արդյունքում իսպանական Ֆլորիդայի և այդ տարածքների միջև սահմանները գծանշվեցին 31-րդ զուգահեռականով։ 1798 թվականին այդտեղ հիմնվեց Միսիսպիի տարածաշրջանը։

Ֆրանսիական հեղափոխության և նապոլեոնյան պատերազմներիժամանակաշրջանում ԱՄՆ-ը չեզոքություն էր պահպանում։ Այդուհանդերձ, 1794 թվականին ԱՄՆ-ի կառավարությունը Մեծ Բրիտանիայի հետ կնքեց փոխշահավետ առևտրի մասին պայմանագիր, որով Մեծ Բրիտանիան պարտավորվում էր հեռացնել կանադական սահմանին կենտրոնացրած զորքերը[5]։ Այդ պայմանագիրը քննադատության արժանացավ Ջեֆերսոնի կուսակցության կողմից, սակայն նախագահը աջակցեց ֆեդերալիստներին, որոնք կողմ էին պայմանագրի ստորագրմանը, և Թ․ Ջեֆերսոնը ստիպված էր զիջումների գնալ։ Չնայած նախագահ Վաշինգտոնը կուսակցական համակարգի հակառակորդ էր, սակայն, ընդհանուր առմամբ, աջակցում էր ֆեդերալիստներին։ Իր մահվանից հետո՝ 1799 թվականին, Վաշինգտոնը դարձավ այդ կուսակցության հերոս[6]։

Ջոն Ադամս, ԱՄՆ 2-րդ նախագահ (1797 -1801)

Ադամսի վարչակարգը (1797-1801)[խմբագրել | խմբագրել կոդը]

1797 թվականին Ջ․ Վաշինգտոնը հրաժարվեց շարունակել իրականացնել նախահագի պարտականությունները և հեռացավ պաշտոնից։ Նրա փոխարեն նախագահ ընտրվեց փոխնախագահ Ջոն Ադամսը, ով հավաքեց միայն մի քանի ձայն ավել, քան Թ․ Ջեֆերսոնը։ Պաշտոնին անցնելուց առաջ Ջ․ Ադամսը ընդհարվեց Ա․ Համիլթոնի հետ, և ֆեդերալիստների կուսակցությունը տրոհվեց[7]։

Արտաքին քաղաքականության մեջ ևս տեղի ունեցան խորքային փոփոխություններ ։ Ֆրանսիան, որը դժգոհ էր անգլո-ամերիկյան առևտրային պայմանագրի կնքումից, իր ռազմական նավատորմն ուղարկեց՝ գրավելու ամերիկյան առևտրային նավերը, որոնք ուղևորվում էին Անգլիա։ Մինչև 1797 թվականը բռնագրավվեցին շուրջ 300 ամերիկյան նավեր, իսկ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական հարաբերությունները խզվեցին։ ԱՄՆ-ը պատրաստվում էր պատերազմի և ուժեղացնում էր իր բանակն ու նավատորմը։ 1799 թվականին Ֆրանսիայի հետ չհայտարարված մի քանի պատերազմական գործողություններից հետո նախագահ Ադամսը վերջնականապես կապերը խզեց ֆեդերալիստների հետ, որոնք կողմ էին բրիտանամետ քաղաքականությանը, և Նապոլեոնի հետ 1800 թվականին կնքեց համաձայնագիր, որի համաձայն ԱՄՆ-ը ազատվում էր անկախության համար մղվող պատերազմի ժամանակ Ֆրանսիայի նկատմամբ ստանձնած դաշնակցային պարտավորություններից, իսկ Ֆրանսիան հրաժարվում էր փոխհատուցել բռնագրավված առևտրային նավերի դիմաց։

Իր լիազորությունների դադարեցման նախօրյակին նախագահ Ադամսը ԱՄՆ գլխավոր դատավոր նշանակեց Ջոն Մարշալին, ով այդ պաշտոնը զբաղեցրեց մինչև 1835 թվականը, և Գերագույն դատարանը վերածեց պետական իշխանության ամենաբարձր մարմիններից մեկի, այդ կերպ իրականացնելով ֆեդերալիստների՝ ուժեղ կենտրոնացված պետության ստեղծման ծրագիրը[8]։

Թոմաս Ջեֆերսոն, ԱՄՆ-ի 3-րդ նախագահ (180) - 1809 թթ.), մասնակցել Է ԱՄՆ անկախության պատերազմին, Անկախության հռչակագրի հեղինակներից է, ԱՄՆ հիմնադիրներից մեկն է, քաղաքական գործիչ, դիպլոմատ և փիլիսոփա

Ջեֆերսոնի կառավարման շրջան (1801-1809)[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 1800 թվականը ամերիկացիներն արդեն պատրաստ էին լուրջ փոփոխությունների։ Նախագահներ Վաշինգտոնի և Ադամսի կառավարման ժամանակ ֆեդերալիստները կառուցեցին կենտրոնացված ամուր պետական ապարատ, սակայն էականորեն թուլացավ կապը բնակչության լայն շերտերի հետ։ Մասնավորապես, որպեսզի վճարվեր պետական պարտքը, ինչպես նաև վերաձևավորվեին բանակը և նավատորմը Ֆրանսիայի դեմ կռվելու համար, 1798 թվականին անշարժ գույքի և ստրուկների վրա սահմանվեց նոր հարկատեսակ։ Նախագահ Ադամսի հրահանգով հարկերի հավաքումը դրվեց բանակի վրա, քանի որ եղան խռովությունների դեպքեր։ Հանրապետականները միանգամից օգտվեցին իրավիճակից, որպեսզի ֆեդերալիստներին մեղադրեն բռնապետական կառավարման մեջ։

ԱՄՆ տարածքի աճը 1800-1810 թվականներին

Հանրապետականների կուսակցությունը, Թոմաս Ջեֆերսոնի գլխավորությամբ, մշտապես վայելում էին ֆերմերների լայն շրջանակի, մանր առևտրականների և արհեստավորների աջակցությունը։ Արդյունքում Ջեֆերսոնը 1801 թվականին հաղթեց նախագահական ընտրություններում և խոստացավ պահպանել օրենք և կարգուկանոն, միաժամանակ «քաղաքացիներին արտադրության մեջ իրենց նպատակներին հասնելու և կյանքի բարելավման համար կիրառվող եղանակների ընտրության ազատություն տալ»[9]։

Ջեֆերսոնի վարչակարգը աջակցում էր գյուղատնտեսությանը և ԱՄՆ-ի տարածքային ընդարձակումը դեպի արևմուտք։ Մասնավորապես, երկրի տարածքը գրեթե կրկնակի մեծացավ՝ ի հաշիվ Լուիզիանայում ֆրանսիական տարածքների ձեռքբերման։ Բացի այդ, դեպի խաղաղօվկիանոսյան ափամերձ տարածքներ ընդարձակման ուղղությունների ուսումնասիրության համար ուղարկվեց Լյուիսի և Կլարկի արշավախումբը։ Նոր հողերի յուրացման համար Ջեֆերսոնը խրախուսում էր բնակչության աճը՝ ի հաշիվ ներգաղթի։

Իր պաշտոնավարման երկրորդ ժամկետի ավարտին Ջեֆերսոնը և Գանձապետարանի քարտուղար Ալբերտ Գալլատինը ԱՄՆ-ի պետական պարտքը կրճատեցին մինչև 560 միլիոն դոլար, սակայն դրա համար նրանք կրճատեցին պետական ապարատը, ինչպես նաև մշտական բանակի և նավատորմի թվաքանակը։ Այդուհանդերձ, ԱՄՆ-ը Ջեֆերսոնի պաշտոնավարման ժամանակ պատերազմում էր Աֆրիկայում։

Լուիզիանայի գնումը և 1812 թվականի անգլո-ամերիկյան պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ի կազմավորումից հետո երիտասարդ պետության առջև ծառացան մի շարք լուրջ հիմնախնդիրներ։ Երկրում կային երեք միմյանցից խիստ տարբեր տարածաշրջաններ, որոնք ունեին հասարակական-տնտեսական զարգացման ուրույն շահագրգռություններ և խնդիրների տարբեր լուծումներ։ Բավականին սուր էր դրված ագրարային հարցը։ 1803 թվականին՝ Թոմաս Ջեֆերսոնի նախագահության ժամանակ, 15 միլիոն դոլարով Նապոլեոն Բոնապարտից գնվեց ֆրանսիական Լուիզիանան, որի սահմանների մասին հստակ պատկերացում չունեին ո՛չ վաճառողները և ո՛չ էլ գնողները։ Հետագայում այդ տարածքում կազմավորվեց և 1819 թվականին միության մեջ ընդգրկվեց Միսսուրի նահանգը՝ իբրև ստրկատիրական նահանգ։ Նրա հյուսիսային մասն անջատվեց, և կազմվեց Մեն ազատ նահանգը։ Սա հիմք ծառայեց, որ հետագայում որոշում ընդունվի հյուսիսում ստեղծված նահանգների ազատ լինելու մասին։

Լուիզիանայի գնումը 1803 թվականին ոչ միայն ընդլայնեց դեպի արևմուտք ամերիկյան տարածքային ընդարձակման (էքսպանսիայի) պոտենցիալ հնարավորությունները, այլ նաև ամերիկյան ֆերմերներին և առևտրականներին Միսիսիպի գետով տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ ամբողջական վերահսկողություն տրամադրեց։ Լուիզիանայի գնումը 1803 թվականին ոչ միայն դեպի արևմուտք ամերիկյան ընդարձակման (էքսպանսիայի) պոտենցիալ հնարավորությունները ընդարձակեց, այլ նաև ամերիկյան ֆերմերներին և առևտրականներին Միսիսիպի գետով տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ ամբողջական վերահսկողություն տրամադրեց։ Նապոլեոնյան պատերազմներում չեզոք դիրք գրավելով՝ ԱՄՆ-ը փորձում էր առևտուր անել պատերազմող բոլոր կողմերի հետ, սակայն և՛ Ֆրանսիան, և՛ Մեծ Բրիտանիան չէին խրախուսում իրենց հակառակորդների հետ առևտուրը։ Տրաֆալգարի ծովամարտում ֆրանսիական նավատորմի ջախջախումից հետո (1805 թվական) բրիտանական նավատորմը շրջափակեց ամերիկյան նավահանգիստները՝ փորձելով խոչընդոտել ֆրանս-ամերիկյան առևտրային կապերին։ Ջեֆերսոնի վարչակարգը Մեծ Բրիտանիայի նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով ԱՄՆ-ի արտահանման նկատմամաբ էմբարգո հայտարարեց, սակայն դրանից, նախևառաջ, տուժեցին ամերիկյան արտադրողները[10]։ 1808 թվականին իշխանության եկավ Մեդիսոնը, որը չեղյալ հայտարարեց էմբարգոն։

Սակայն բրիտանական նավատորմը ոչ միայն շարունակում էր շրջափակումը, այլ նաև ստիպում էր գրավված ամերիկյան նավերի նավաստիներին ծառայել թագավորական նավատորմում։ Բացի այդ, Մեծ Բրիտանիան դաշինք կնքեց հնդկացիական ցեղերի հետ և սկսեց աջակցել նրանց դիմադրությանը՝ ընդդեմ դեպի հնդկացիական տարածքներ ամերիկյան ընդարձակմանը։ 1812 թվականին Կոնգրեսը, որը վերահսկում էին հարավային նահանգները ներկայացնող հանրապետականները, պատերազմ հայտարարեց Անգլիային։ Հյուսիսը ներկայացնող ֆեդերալիստները փորձեցին խոչընդոտել դրան, սակայն նրանց ազդեցությունը արդեն շատ թույլ էր։ Ծանր մարտերից հետո, որոնք շարունակվեցին մինչև 1815 թվականը, կնքվեց հաշտություն, որի արդյունքում պատերազմող կողմերի համար պահպանվեցին նախկին սահմանները, սակայն Մեծ Բրիտանիան հրաժարվեց հնդկացիների հետ դաշինքից, ովքեր հանդիսացան հակամարտության առավել տուժած կողմ։

Պատերազմի արդյունքում ԱՄՆ-ը իր ուժերի վրա վստահ էր՝ շնորհիվ Նոր Օռլեանի մոտ անգլիացիների դեմ տարած փայլուն հաղթանակի։ Ֆեդերալիստների կուսակցության համար դա վերջն էր, այն դեպքում, երբ գեներալներ Ջեքսոնի և Հարիսոնի, ինչպես նաև քաղաքական առաջնորդներ Ջեյմս Մոնրոյի, Ջոն Քուինսի Ադամսի և Հենրի Քլեյի համար այն հանդիսացավ քաղաքական կարիերայի սկիզբ[11]։

Համերաշխության ժամանակաշրջանը և ազգայնամոլության աճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեկումսեն և նահանգապետ Հարիսոնը։ Հնդկացիների առաջնորդի վախճանը ամերիկացիների դեմ պայքարում վերջ դրեց անգլիացիների՝ ԱՄՆ տարածքում հնդկացիական անկախ պետություն ստեղծելու հույսերին։

1812-1815 թվականներին պատերազմի ավարտից հետո պատերազմի հերոսները մեծ հեղինակություն էին վայելում, մասնավորապես, դա արտացոլված է գրող Ֆրենսիս Սքոթի բառերով գրված ԱՄՆ-ի պետական օրհներգի մեջ։ Հետպատերազմյան ժամանակաշրջանի այլ կարևոր իրադարձություններից էին Ջոն Մարշալի ղեկավարության ներքո Գերագույն դատարանի գործունեության արդյունքում դաշնային կառավարության դիրքերի ամրապնդումը և Ադամս-Օնիս համաձայնագրի արդյունքում սահմանների հետագա ընդարձակումը[12]։

Հատվածականությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած ազգայնականության ընդհանուր աճին, վերջինիս հետևանքներից մեկը դարձավ ԱՄՆ-ում տեղական պատրիոտիզմի աճը, որն անգլալեզու գրականության մեջ ընդունված է անվանել հատվածականություն (սեկցիոնալիզմ)։ Ի տարբերություն անջատողականության՝ հատվածականությունը անմիջականորեն չէր բերում ազգի տրոհմանը։ Այդուհանդերձ, Նոր Անգլիայի նահանգները, որոնք հանդես էին գալիս ընդդեմ 1812-1815 թվականների պատերազմի, ֆեդերալիստների կուսակցության անկմանը զուգահեռ, ընդհանուր առմամբ, երկրի քաղաքական կյանքի վրա իրենց ավանդական ազդեցության նվազման ժամանակաշրջան էին ապրում և ձգտում էին տեղական արտադրության և բանկերի զարգացմանը։ Անգլիայից դեպի ԱՄՆ Սեմյուել Սլեյթերի ներգաղթով և Նոր Անգլիայում 1790-ական թվականներին ջուլհակային հաստոցների ի հայտ գալով սկսվեց արդյունաբերական հեղաշրջում։ Հարավում ի հայտ եկան նաև բամբակի մաքրման մեքենաներ։ Բամբակի արդյունաբերությունը դարձավ ամերիկյան արտահանման կարևորագույն ճյուղերից մեկը։ Վերջին հնդկացի զորավար Տեկումսեյի վախճանից հետո, ով ունակ էր միավորելու հնդկացիական ցեղերը սպիտակամորթերի դեմ, հնդկացիները այլևս չէին կարող արդյունավետ դիմակայել ամերիկյան էքսպանսիային։

Ջեյմս Մոնրո, ամերիկացի քաղաքական և պետական գործիչ, ԱՄՆ հինգերորդ նախագահը (1817—1825), Լուիզիանայի գնման կազմակերպիչներից և արտաքին քաղաքական հայեցակարգի մշակողներից մեկը, որն ստացել է «Մոնրոյի ուսմունք» անվանումը

Միակուսակցական համակարգը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոն Քվինսի Ադամս, ԱՄՆ 6-րդ նախագահը (1825-1829) և Ռուսաստանում ԱՄՆ առաջին պաշտոնական դեսպանորդը (1809-1814): ԱՄՆ երկրորդ նախագահ Ջոն Ադամսի ավագ որդին

Ջեյմս Մոնրոյի նախագահության (1817-1825) շրջանը միջկուսակցական ընդհարումների վերացման պատճառով անվանում են նաև «Համերաշխության ժամանակշրջան», որը կապված էր քաղաքական թատերաբեմից ֆեդերալիստների կուսակցության հեռանալու հետ։ ԱՄՆ-ում որոշ ժամանակով հաստատվեց միակուսակցական համակարգ, քանի որ հանրապետականները ամբողջությամբ իշխում էին ինչպես դաշնային, այնպես էլ իշխանության տեղական մարմիններում։ Միևնույն ժամանակ դեռևս չէին սրվել երկրի շրջանների միջև տարաձայնությունները, որոնք ժամանակի ընթացքում բերեցին ժողովրդավարա-հանրապետական կուսակցության անկմանը։

Ինքը՝ Մոնրոն պատմության մեջ հետք է թողել նախևառաջ Մոնրոյի դոկտրինայի շնորհիվ, որը նա ներկայացրել է 1823 թվականի դեկտեմբերի 2-ին Կոնգրեսին ուղղված ուղերձում։ Դրանում նախագահը Ամերիկյան մայրցամաքները հայտարարում էր ազատ՝ եվրոպական պետությունների կողմից գաղութացման հետագա փորձերից։ ԱՄՆ-ը խոստանում էր եվրոպական պատերազմներում պահպանել չեզոքություն, եթե Եվրոպան ձեռնպահ մնար Ամերիկայի սուվերեն երկրների ներքին գործերին խառնվելուց։ Միևնույն ժամանակ Մոնրոն ամերիկյան ցանկացած պետության նկատմամբ ագրեսիան համարում էր ագրեսիա ընդդեմ ԱՄՆ-ի։

Վերադարձ բազմակուսակցական համակարգի[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնդրյու Ջեքսոն , ԱՄՆ 7-րդ նախագահ (1829—1837), ԱՄՆ առաջին նախագահն է, որը թեկնածու է առաջադրվել Դեմոկրատական կուսակցության կողմից, համարվում է դրա հիմնադիրներից մեկը

Միակուսակցական համակարգի իշխանության ժամանակաշրջանը ԱՄՆ-ում չէր կարող երկար շարունակվել։ Քաղաքական ավանդույթի ուժով յուրաքաչյուր նահանգն առաջվա պես ուներ իր քաղաքական համակարգը և քաղաքական կյանքը։ Արդյունքում 1824 թվականի ընտրությունների ընթացքում երկիրը պառակտվեց։ Առանձին շրջանների ոչ մի թեկնածու չկարողացավ համոզիչ հաղթանակ տանել և ընտրողների կոլեգիայում ձայների մեծամասնություն հավաքել։ Նոր Անգլիան և Նյու Յորքը առաջ քաշեցին Ջոն Քվինսի-Ադամսի, Վիրջինիան, Ջորջիան և Դելավերը՝ Կրոուֆորդի, մնացած հարավային նահանգները և դրանց միացած Իլինոյսը և Ինդիանան՝ Ջեքսոնի, իսկ մնացած արևմտյան նահանգները՝ Քլեյի թեկնածությունը։ Համաձայն սահմանադրության՝ թեկնածուների միջև վերջնական ընտրությունը պատմության մեջ առաջին և վերջին անգամ կատարեց Կոնգրեսը։ Վերջինիս ներկայացուցիչների պալատը պաշտպանեց Ադամսի թեկնածությունը, որը կարողացավ համաձայնության գալ Քլեյի հետ և նրան նշանակեց պետքարտուղար (արտաքին գործերի նախարար)։

Ընտրությունների ձախողումը ԱՄՆ-ին վերադարձրեց բազմակուսակցական համակարգը։ Ադամսի կողմնակիցները իրենց անվանում էին Ազգային հանրապետական կուսակցություն՝ հետագայում վերափոխվելով վիգերի կուսակցության։ Ադամսը մեծ ժողովրդականություն չէր վայելում։ Նրան մեղադրեցին «Ամերիկյան համակարգի»՝ համազգային ճանապարհային ցանցի շինարարության տնտեսական ծրագրի ձախողման մեջ։

Որպես սառնասիրտ մտավորական, Ադամսը խարիզմատիկ չէր և ազգի առաջնորդի պաշտոնի համար շատ քիչ ընկերներ ուներ։ Գեներալ Ջեքսոնը, ով ընտրություններում հավաքել էր ավելի շատ ձայներ, քան Ադամսը, ընդհակառակը, չափազաց հանրահայտ էր՝ որպես 1812-1815 թվականների անգլո-ամերիկյան պատերազմի հերոս։ Իշխող ժողովրդավարա-հանրապետական կուսակցության կողմնակիցները ձևավորեցին ֆրակցիա, իսկ հետագայում՝ նաև առանձին ժողովրդավարական կուսակցություն, որը ԱՄՆ-ում գործում է մինչ օրս։

Էնդրյու Ջեքսոնի կառավարման շրջան (1829-1837)[խմբագրել | խմբագրել կոդը]

1828 թվականի նախագահական ընտրություններում հաղթանակ տանելուց հետո 1829 թվականի մարտի 4-ից իշխանության եկավ Ջեքսոնը։ Նրա ութնամյա կառավարման շրջանը անվանում են «ջեքսոնյան ժողովրդավարություն»։ Այն երկրում սոցիալական, քաղաքական և տնտեսական զգալի փոփոխություններ կատարեց։

Ջեքսոնյան ժողովրդավարությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեքսոնը առանձնահատուկ աջակցություն էր ստանում արևմուտքի ֆերմերներից, ինչպես նաև հյուսիսային նահանգների աշխատավորներից, արհեստավորներից և մանր վաճառականներից, որոնք փորձում էին օգտագործել իրենց ձայնի իրավունքը՝ պաշտպանվելու խոշոր կապիտալի առաջխաղացումից։ Վերջինիս ազդեցությունը արդյունաբերական հեղաշրջման շնորհիվ արագ աճում էր։ Բացի այդ, 1828 թվականի ընտրությունների ընթացքում ընտրական իրավունքի սահմանափակումները կրճատվեցին։ Մասաչուսեթս, Կոնեկտիկուտ, Մերիլենդ, Նյու Յորք, Նյու Ջերսի և Հարավային Կարոլինա նահանգներում մինչ այդ գոյություն ունեցող սահմնափակումները վերացվեցին։ Թենեսիյում ընդլայնվեցին հարկատուների մեծամասնության ընտրական իրավունքները, իսկ Վերմոնտում և 1815 թվականից հետո ստեղծված և ԱՄՆ-ի կազմի մեջ մտած նահանգներում ընտրական իրավունք ունեին գրեթե բոլոր սպիտակամորթ տղամարդիկ, որոնք հարկ էին վճարում։ Որոշ սահմանափակումներ էին երբեմն գործում միայն նրանց համար, ովքեր սահմանված նվազագույն հարկերից քիչ էին վճարում։

«Արտասուքի ճանապարհը»[խմբագրել | խմբագրել կոդը]

1830 թվականին Կոնգրեսը օրենք ընդունեց հնդկացիների վերաբնակեցման մասին, որով նախագահը լիազորություններ էր ստանում հնդկացիական ցեղերի հետ կնքելու պայմանագրեր՝ վերջիններիս Միսիսիպի գետից դեպի արևմուտք վերաբնակեցնելու վերաբերյալ։ Կնքվեցին այդպիսի 94 պայմանագրեր։ 1834 թվականին ժամանող հնդկացիներին վերաբնակեցնելու համար ժամանակակից Օկլահոմայի տարածքը առանձնացվեց որպես արգելաբնակավայր, որտեղ սպիտակամորթներին արգելվում էր բնակություն հաստատվել։

Վերաբնակեցման մասին պայմանագրերի շարքում 1835 թվականին կնքվեց պայմանագիր չերոկի ցեղի հետ, որոնք տարաբնակեցվեցին Հյուսիսային Կարոլինա և Ջորջիա նահանգներից՝ համաձայն 1791 թվականին կնքված նախկին պայմանագրի։ Այդ հողերի փոխարեն հնդկացի զորավարները գումար էին ստանում։ Հնդկացի բնակչությունը և նրանց կողմից ընտրված իշխանությունը բողոքարկեց պայմանագիրը, սակայն հնդկացիները ուժով վռնդվեցին իրենց հողերից և 1838 թվականին ստիպված էին երկար ճանապարհ անցնել։ Ճանապարհին նրանք մահանում էին հիվանդություններից և զրկանքներից։ Ի հիշատակ այդ իրադարձությունների՝ հնդկացիների անցած ճանապարհը անվանում են «Արտասուքի ճանապարհ»։

Չեղյալ հայտարարման արդյունքում առաջացած ճգնաժամը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեքսոնի նախագահության ևս մեկ առանձնահատկություններից մեկը առանձին նահանգներում անջատողական տրամադրությունների աճն էր։ Մանսնավորապես, Հարավային Կարոլինան բողոքարկեց մաքսային տարիֆների ոլորտում դաշնային քաղաքականությունը։ Նահանգի իշխանությունները հայտարարեցին, որ մի շարք դաշնային օրենքներ հակասում են սահմանադրությանը և տվյալ նահանգի սահմաններում հայտարարվում են «չեղյալ», այսինքն՝ ուժը կորցրած։ Անջատողականներին աջակցում էր փոխնախագահ Ջոն Քելհունը։ Ի պատասխան դրա 1832 թվականին նախագահ Ջեքսոնը Հարավային Կարոլինայի մայրաքաղաք Չարլստոն ուղարկեց մի քանի նավերից բաղկացած ռազմական էսկադրա և հայտարարեց, որ նահանգը կանգնած է «պետական դավաճանության սահմանին»։ Դիմելով Հարավային Կարոլինայի քաղաքացիներին՝ Ջեքսոնը կոչ արեց մնալ ԱՄՆ-ի կազմում, իսկ նույն տարում կայանալիք ընտրություններում իր թեկնածությունը առաջադրեց արդեն ուրիշ փոխնախագահի հետ։ Նահանգի տարիֆային քաղաքականության և դաշնային կառավարության միջև փոխզիջման Կոնգրեսում կարողացան հասնել սենատոր Քլեյի միջնորդության շնորհիվ։ Մնացած հարավային նահանգները այդ ընթացքում աջակցում էին նախագահին, սակայն հետագայում անջատողականության աճը ԱՄՆ-ում հանգեցրեց քաղաքացիական պատերազմի։

Մարտին Վան Բյուրեն, ԱՄՆ-ի ութերորդ նախագահը (1837-1841)
Ուիլյամ Հարիսոն,Միացյալ Նահանգների իններորդ նախագահը (1841 թվականի մարտի 4 -ապրիլի 4)։ Ամերիկացի զորապետ, քաղաքագետ։ Հարիսոնը մահացել է երդում տալուց մեկ ամիս հետո

Բանկերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեքսոնի վարչակարգի լուրջ խնդիրներից մեկը հանդիսացավ Միացյալ Նահանգների Կենտրոնական բանկի լիցենիզիայի չեղարկումը։ Նրա գործունեությունը խիստ քննադատում էին բնակչության չքավոր շերտերը՝ հատկապես արևմտյան նահանգներում՝ մեղադրելով վարկավորման ոլորտում մենաշնորհ ունենալու և առավել հարուստ մարդկանց առավելություն տալու մեջ[13]։ Հավասար հնարավորությունների համար պայքարը՝ անկախ սեփական ունեցվածքի չափերից, Ջեքսոնի նախընտրական խոստումներից մեկն էր։

1833 թվականին Ջեքսոնը հայտարարեց, որ պետական ֆինանսները այդուհետ չեն տեղաբաշխվելու ԱՄՆ-ի Բանկում, իսկ այն դեպոզիտները, որոնք արդեն գտնվում են այդ բանկում, շուտով սպառելու են՝ ի հաշիվ ընթացիկ կառավարական ծախսերի։ Ծրագրավորվում էր պետական բյուջեի բոլոր եկամուտները տեղաբաշխել առանձին նահանգների առավել հուսալի բանկերում։

Այդպիսի համակարգը հեշտացրեց վարկի ստացումը և նպաստեց արևմուտքում նոր տարածքների յուրացմանը։ Միևնույն ժամանակ բանկային համակարգը առավել անկայուն դարձավ և դրա հետևանքով առավել զգայուն էր բնակչության շրջանում պարբերաբար առաջացող խուճապի նկատամամբ, ուստի ԱՄՆ-ում քաղաքացիական պատերազի նախօրյակին կրկին իր գործունեությունը վերսկսեց Կենտրոնական բանկը։

Պաշտոնաթողությունից առաջ Ջեքսոնը իրեն փոխարինող նշանակեց Մարտին Վան Բյուրենին, ով հեշտությամբ հաղթանակ տարավ 1836 թվականի նախագահական ընտրություններում։ Սակայն մի քանի ամիս անց ԱՄՆ-ում խուճապ էր տիրում՝ կապված տնտեսական դժվարությունների հետ, որոնք առաջացել էին ֆինանսական սպեկուլյացիաների արդյունքում։ Բանկային համակարգը փլուզվեց, ինչը բերեց ձեռնարկությունների զանգվածային փակման և բնակչության շրջանում գործազրկության աճի։ Չնայած այն բանի, որ ճգնաժամի պատճառների առաջացման համար հիմք էր դրել Ջեքսոնի քաղաքականությունը, սակայն հասարակությունը ամեն ինչում մեղադրում էր Վան Բյուրենին, և 1840 թվականի նախագահական ընտրություններում նա պարտվեց վիգերի կուսակցության կողմից առաջադրված թեկնածու Ուիլյամ Հարիսոնին։ Դժբախտաբար, Հարիսոնի նախագահությունը տևեց միայն մեկ ամիս, քանի որ նա մահացավ թոքախտից, և նրա լիզորությունները փոխանցվեցին փոխնախագահ Ջոն Թայլերին։ Սակայն իշխանության գալով ոչ ընտրությունների միջոցով, Թայլերը այնքան էլ մեծ համբավ չէր վայելում, և վիգերը նոր նախագաին նույնիսկ դուրս հանեցին կուսակցության շարքերից։

Հեղափոխությունների ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ում դեպի արևմուտք էքսպանսիայի ընթացքում վիթխարի տարածքների ձեռքբերման ֆոնին բացի լայնածավալ սոցիալական, քաղաքական և տնտեսական փոփոխություններից XIX դարի առաջին կեսին երկիրը հասարակական գիտակցության լուրջ փոփոխություններ էր վերապրում։ 18-րդ դարի Առաջին մեծ զարթոնքից հետո սկսվեց Երկրորդ մեծ զարթոնքի համար մղվող շարժումը, որի ընթացքում ավանդական շատ սոցիալական և հոգևոր արժեքներ էականորեն փոխվեցին։ Ի հայտ եկան նոր սոցիալական ստանդարտներ, այդ թվում՝ հոգևոր[14]։

Երկրորդ մեծ զարթոնքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ մեծ զարթոնք են անվանում բողոքական հոգևոր շարժումը, որը 1800-1840-ական թվականներին ընդգրկեց ամբողջ երկիրը և նրա յուրաքանչյուր շրջանը։ Դրա հիմքում ընկած էին ազատ կամքի արտահայտման միջոցով հոգու փրկության ամերիկյան ավանդական պատկերացումները։ Միլիոնավոր մարդիկ կրկին դարձան եկեղեցական համայնքների անդամներ։ Միաժամանակ ուժեղացան նաև հեղափոխական տրամադրությունները, որոնց նպատակն էր Հիսուսի երկրորդ գալստյան շեմին արմատախիլ անել հասարակական արատները[15][16][17]։

Դպրոցները[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ում կրթությունը երկար ժամանակ մնում էր տեղական իշխանությունների մասնավոր գործը, և առանձին շրջաններում կրթությունը էականորեն տարբերվում էր միմյանցից։ Նոր Անգլիայում տարածված էին համայնքային դպրոցները, չնայած դրանք հաճախ բաժանվում էին ըստ դասային պատկանելության։ Բանվորների երեխաների համար նախատեսված դպրոցներին էականորեն ավելի վատ էին հետևում, քան ունևոր խավի երեխաների դպրոցներին։ Ուսուցիչներից սպասում էին անբասիր վարք, սակայն այն, ինչ նրանք սովորեցնում էին, որոշում էին տեղական իշխանությունները։

Դրանք առավելապես հոգևոր նորմեր էին, և հետևելով կալվինիզմի փիլիսոփայությանը, ուսուցիչները իրենց աշակերտներից պահաջում էին կարգուկանոն՝ նրանց ենթարկելով հասարակական նվաստացման և մարմնական պատիժների։ Հարավում հասարակական դպրոցները քիչ էին, և գերակշռում էր տնային ուսուցումը։ Միայն հարուստ պլանտատորները կարող էին իրենց թույլ տալ իրենց երեխաների համար ուսուցիչներ վարձել։

Տարրական և միջին կրթության բարեփոխումները սկսվեցին Մասաչուսեթսում, որտեղ Հորացիոս Մաննը առաջարկեց միասնականացնել կրթության և դպրոցների ֆինանսավորման կարգը՝ միաժամանակ նահանգի սահմաններում ներդնելով կրթական միասնական ստանդարտներ։

Երեխաների մեծամասնությունը կարդալ և գրել էր սովորում Վեբսթերի «Կապույտ բառարանով»։ Չնայած հետագայում շատ նահանգներ հետևեցին Մասաչուսեթսի օրինակին, Նոր Անգլիան դեռևս երկար ժամանակ զանգվածային կրթության կազմակերպման գործում առաջատար դիրք էր գրավում։ Շնորհիվ Գերմանիայից ժամանած ներգաղթյալների ԱՄՆ-ում բացվեցին նաև մանկապարտեզներ և գիմնազիաներ։

Ստրկության վերացման համար շարժումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրեդերիկ Դուգլաս

19-րդ դարի սկզբին քաղաքական առաջնորդները, որոնց թվում էին առավել հայտնի սենատոր Հենրի Քլեյը և նախագահ Մոնրոն, համարում էին, որ ստրկությունը անցանկալի երևույթ է սոցիալական հասարակության մեջ և հույս ունեին, որ ժամանակի ընթացքում այն չեղյալ կհամարվի, իսկ ստրուկները կվերադարձվեն Աֆրիկա։ Այսպես, ամերիկյան գաղութատեր հասարակությունը փորձում էր աֆրիկական առափնյա հատվածում ձևավորել գաղութ ազատ արձակված ստրուկներից, որի հիմքում հետագայում առաջացավ Լիբերիա պետությունը։ Նրա մայրաքաղաքը՝ Մոնրովիան, իր անվանումը ստացել է ԱՄՆ նախագահ Ջեյմս Մոնրոյի պատվին։ Սակայն 1840 թվականին ստրկության վերացման կողմնակիցները հրաժարվեցին դեպի Աֆրիկա ստրուկների հայրենադարձության գաղափարից[18]։

Աբոլիցիոնիստների շարժումը սպիտակամորթ բողոքականների շարքում հիմնված էր Երկրորդ մեծ զարթոնքի ավետարանական սկզբունքների վրա։ Նրանց շարքերում էր ավետարանական Թեոդոր Ուելդը, որը կոչ էր անում անհապաղ ազատագրել բոլոր ստրուկներին։ Ուիլյամ Հարիսոնը հիմնադրեց հատուկ թերթ՝ «Լիբերեյթոր»-ը (Ազատարար) և «Ստրկության դեմ ամերիկյան ընկերությունը»։ Քանի որ Հարիսոնը նաև հանդես էր գալիս կանանց իրավունքների համար, ընկերությունը շուտով տրոհվեց, և խումբը, որը գլխավորում էր Լյուիս Թափանը և որը հրաժարվում էր պայքարել կանանց ազատությունների համար, ստեղծեց «Ամերիկայում և արտասահմանում ընդդեմ ստրկության» ընկերությունը[19]։

Միևնույն ժամանակ ընկերության շրջանակներում ստրկության և աբոլիցիոնիստների նկատմամբ վերաբերմունքը միանշանակ չէր։ Աբոլոցիոնիստների նկամամբ հաճախ էին հետապնդումներ իրականացվում․ Հարիսոնին Բոստոնում քիչ էր մնացել ինքնադատաստանի ենթարկեին, իսկ լրագրող Էլիյա Լավջոյը Իլինոյս նահանգում ստրկության դեմ ունեցած ելույթի համար սպանվեց։ Կոնգրեսում հատուկ կարգ ընդունվեց, որն արգելում էր քննարկել ստրկությանը վերաբերող հարցեր՝ կոնգրեսականների միջև բախումներից խուսափելու համար։ Սպիտակամորթ ամերիկացիների մեծամասնությունը սևամորթներին համարում էր ցածր ռասայի ներկայացուցիչ և աբոլիցիոնիստների նկատմամբ բացասական էր տրամադրված։ Աֆրոամերիկացիների իրավունքները սահմանափակ էին նույնիսկ այն նահանգներում, որտեղ ստրկությունն արդեն արգելված էր։ Նրանք կարող էին ցածր վարձատրվող աշխատանքի համար մրցակցել միայն իռլանդացիների հետ, որոնք անգլոսաքսոնական հասարակության մեջ դիտարկվում էին որպես ստորադասներ։ Հարավում պլանտատորները համարում էին, որ ստրկությունը անհրաժեշտ է իրենց տնտեսության համար, և որ ազատագրված ստրուկները կարող էին աֆրիկանացնել հարավային նահանգների հասարակությանը, ինչպես դա տեղի ունեցավ Հայիթիում։

Ինչպես ազատության մեջ ծնված աֆրոամերիկացիները, այնպես էլ նախկին ստրուկները համարվում էին աբոլիցիոնիստներ։ Նրանցից առավել ազդեցիկ էր փախուստի դիմած ստրուկ Ֆրեդերիկ Դուգլասը, որի բոցավառ ելույթները գրավում էին ոչ միայն բազմաթիվ կողմնակիցների, այլ նաև հակառակորդների։ Լինելով գրագետ և օժտված լրագրող՝ Դուգլասը հրատարակեց իր սեփական թերթը «Հյուսիսային աստղ» և գրեց երեք ինքնակենսագրական գրքեր, որոնք դարձան բեսթսելլերներ։ Մեկ այլ աֆրոամերիկացի գրող Դեյվիդ Ուոքերը, ով հանդիսանոմ էր «Կոչ աշխարհի ծաղկուն հասարակությանը» գրքի հեղինակ, ուղղակիորեն կոչ էր անում ստրուկներին ապստամբել սպիտակամորթների բռնապետության դեմ։ Մինչ ԱՄՆ-ում քաղաքացիական պատերազմի սկսվելը գործում էր «Ընդհատակյա երկաթուղի» ընկերությունը, որը օգնում էր ստրուկներին փախչել այն նահանգներ, որտեղ ստրկությունը արգելված էր։Այդ ընկերության աչքի ընկնող իգական սեռի ներկայացուցիչներից էր Հարրիեթ Թաբմենը, որը կյանքը վտանգելով ացնում էր այն նահանգներ, որտեղ ստրկատիրությունը գործում էր, և այնտեղից դուրս էր բերում փախստական ստրուկների[20]։ Աբոլոցիոնիստների շարժմանը մասնակցում էին նաև շատ այլ կանայք՝ Գրիմկե քույրերը, Էլիզաբեթ Սթենթոնը, Լուկրեցիա Մոտը, Սոջորեր Թրութը, որոնք, ինչպես և Հարիսոնը, միավորում էին կանանց և ստրուկների ազատագրության հարցերը[21]։

Հակաալկոհոլային շարժումը[խմբագրել | խմբագրել կոդը]

1850-ական թվականներին ԱՄՆ-ում շարժում սկսվեց ալկոհոլային խմիչքների արգելման համար։ Ամերիկացիները հաճախ էին հարբեցողությամբ զբաղվում։ Ալկոհոլի օգտագործումը շատ հաճախ էր դառնում կռիվների, հանցագործությունների, աշխատանքից հրաժարվելու պատճառ, ինչը ոչ միայն նրանց առողջությանն էր վնաս հասցնում, այլև տնտեսությանը։ Ամերիկյան հասարակության այն հատվածը, որը հարբեցողությամբ չէր զբաղվում, ինչպես նաև նմանատիպ կազմակերպությունները ալկոհոլի օգտագործման դեմ պրոպագանդա էին իրականացնում։ 1851 թվականին Մեն նահանգում փորձեցին «չոր» օրենք մտցնել, սակայն շուտով այն չեղյալ համարվեց։ Քաղաքացիական պատերազմի ժամանակ հակաալկոհոլային շարժումը դադարեց, սակայն 1870-ական թվականներին կրկին վերսկսվեց։

Տնտեսական աճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեքսոնը կռվում է հրեշի դեմ, որի տակ ենթադրվում է Միացյալ Նահանգների Կենտրոնական բանկը

19-րդ դարի առաջին կեսին արդյունաբերացման արդյունքում գյուղատնտեսական երկրից Ամերիկան վերածվեց արդյունաբերական տերության։ Առաջին հերթին զարգացավ տրանսպորտը, իսկ հետագայում երկաթուղիները օգտագործվում էին արտադրության զարգացման, դեպի ձեռնարկություններ հումքի մատակարարման և պատրաստի ապրանքի արտահանման համար։ Բացի այդ, կատարվեց արտադրության դետալների և բաղադրիչների ստանդարտիազացիա, որպեսզի դրանք փոխադարձ փոխարինելի լինեին։ Կառավարությունը, խրախուսելով ազգային արդյունաբերության զարգացումը, պաշտպանում էր վերջինիս ներմուծվող ապրանքների մրցակցությունից՝ սահմանելով շահավետ մաքսային տարիֆներ[22]։

Տարածքային ընդարձակումը դեպի արևմուտք[խմբագրել | խմբագրել կոդը]

1840—1850 թվականների ԱՄՆ տարածքի աճը
Ամերիկյան էքսպանսիան դեպի արևմուտք։ Անիմացիա

1812-1815 թվականների անգլո-ամերիկյան պատերազմից հետո հնդկացիները զրկվեցին Մեծ Բրիտանիայի աջակցությունից և ամերիկյան էքսպանսիային այլևս էական դիամդրություն չէին կարող ցույց տալ։ 1830-ական թվականներին Կոնգրեսի և նախագահ Ջեքսոնի վարչակարգի որոշումներով բազմաթիվ հնդկացիներ տարհանվեցին։ Չնայած Գերագույն դատարանը այդ որոշումները համարեց հակասահմանադրական, Ջեքսոնը դատարանի որոշումն անտեսեց։ Նրան նույնիսկ վերագրում են հետևյալ հեգնական արտահայտությունը․ «Դե ինչ, եթե բոլոր ապացուցել եք՝ գործե՛ք»։

Ամերիկյան բանակին հետամուտ՝ արևմուտք էին շարժվում նաև գաղութարարները։ Նրանցից ամենահայտնին համարվում է Դենիել Բունը՝ Կենտուկիի առաջին նորաբնակիչը։ Նոր հողերի սակրավորները սովորաբար որսորդներն էին և մորթեղենի առևտրով զբաղվողները, որոնք տեղեկատվություն էին ներկայացնում այն հողերի մասին, որտեղ նրանք գործունեություն էին ծավալել։

1840-ական թվականներին ԱՄՆ-ում տարածված էր բացահայտ նախասահմանման հայեցակարգը, համաձայն որի ինքը ճակատագիրն էր սպիտակամորթերին տրամադրել ամբողջ մայրցամաքը։ Այդ ժամանակ ԱՄՆ-ը ստացավ լիակատար վերահսկողություն Օրեգոնի նկատմամբ։

Երկրի հարավի ստրկատերերի շահերն արտահայտող դեմոկրատերի կառավարությունը 1845 թվականին զավթեց Մեքսիկային պատկանող Տեխասը։ Դրա հետևանքով 1846-1848 թվականներին պատերազմ սկսվեց Մեքսիկայի և ԱՄՆ-ի միջև։ Պատերազի արդյունքը եղավ Նոր Մեքսիկայի և Հյուսիսային Կարոլինայի վիթխարի տարածքների միացումը ԱՄՆ-ին։

Սրան զուգընթաց տեղի էր ունենում հնդկացիական հողերի զավթումը։ Հարավում հնդկացիներից հողերը խլում էին ստրկատեր-պլանտատորները, իսկ հյուսիսում՝ ֆերմերները։ ԱՄՆ տարածքը մեծացավ չորս անգամ և արևմտյան սահմանը հասավ Խաղաղ օվկիանոսի ափերին։

Այսպես կազմավորվեց և ընդարձակվեց ԱՄՆ-ը, որը դարձավ ինդուստրիալ քաղաքակրթության հզոր երկիր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Forrest McDonald, The Presidency of George Washington (American Presidency Series) (1988)
  2. Charles Warren, The Supreme Court in United States History, Vol. 1: 1789—1821 (1926)
  3. Max M. Edling, and Mark D. Kaplanoff, "Alexander Hamilton’s Fiscal Reform: Transforming the Structure of Taxation in the Early Republic, " William and Mary Quarterly, Oct 2004, Vol. 61 Issue 4, pp 713—744
  4. George E. Connor, "The politics of insurrection: A comparative analysis of the Shays', Whiskey, and Fries' Rebellions, " Social Science Journal, 1992, Vol. 29 Issue 3, pp 259-81
  5. Stanley M. Elkins, and Eric McKitrick, The Age of Federalism: The Early American Republic, 1788—1800 (1994), ch. 9
  6. James Sharp, American Politics in the Early Republic: The New Nation in Crisis (1995)
  7. Ralph A. Brown, Presidency of John Adams (American Presidency Series) (1975)
  8. Jean Edward Smith, John Marshall: Definer of a Nation (1996)
  9. LaGreca, Gen. Happy Birthday, Thomas Jefferson Արխիվացված 2012-07-31 archive.today. Front Page Magazine: April 13, 2007
  10. Marshall Smelser, The Democratic Republic: 1801—1815 (1968) ch 7-8
  11. Walter R. Borneman, 1812: The War That Forged a Nation (2005)
  12. George Dangerfield, The awakening of American nationalism, 1815—1828(1965)
  13. Bray Hammond, Banks and Politics in America from the Revolution to the Civil War (1967)p. 406
  14. Paul S. Boyer, Clifford Clark, and Sandra Hawley, The Enduring Vision: A History of the American People: to 1877 (2009) p 226
  15. Timothy L. Smith, Revivalism and Social Reform: American Protestantism on the Eve of the Civil War (1957)
  16. Sydney Ahlstrom, A Religious History of the American People (1972) ch 27-30
  17. Dickson D. Bruce, Jr., And They All Sang Hallelujah: Plain Folk Camp-Meeting Religion, 1800—1845 (1974)
  18. Eric Burin, Slavery and the Peculiar Solution: A History of the American Colonization Society (University Press of Florida, 2005)
  19. Stanley Harrold, The American Abolitionists (Longman, 2000)
  20. Fergus M Bordewich, Bound for Canaan: The Underground Railroad and the War for the Soul of America (2005)
  21. Lori D. Ginzberg. Elizabeth Cady Stanton: An American Life (2010)
  22. Kelly, Martin (2009 թ․ հոկտեմբերի 30). «Overview of the Industrial Revolution: The United States and the Industrial Revolution in the 19th Century». AmericanHistory.About.com. New York, NY: NYTC. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 14-ին. {{cite web}}: Unknown parameter |in= ignored (օգնություն)