ԱՄՆ-ի արևմուտք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ըստ Բնակչության մարդահամարի բյուրոյի՝ արևմուտքին պատկանող նահանգները

ԱՄՆ արևմուտք, տերմին, որի նշանակությունը երկրի պատմության մեջ բազմիցս փոփոխվել է։ Դա պայմանավորված է եղել նրանով, որ պետությունը տարածվել է դեպի արևմուտք։ Մինչև 1800 թվականը արևմտյան սահմանն ացնել է Ապալաչներով, ապա Արևմուտքի արևելյան սահմանը համարվել է Միսիսիպի գետը։

Ներկայումս Միացյալ Նահանգների արևմուտքը վերաբերում է նահանգներին, որոնք գտնվում են Մեծ Հարթավայրերում, Ժայռոտ լեռներում և դեպի ավելի արևմտյան նահանգներին՝ մինչև Խաղաղ օվկիանոսի ափերը, ինչպես նաև՝ Ալյասկան և Հավային։

Մեծ կանիոն (Արիզոնա)

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ Բնակչության մարդահամարի բյուրոն Արևմուտքը առանձնացնում է որպես երկրի չորս հիմնական շրջաններից մեկը և դրանում ներառում է 13 նահանգ՝ Այդահո, Ալյասկա, Արիզոնա, Վայոմինգ, Վաշինգտոն, Հավայի, Կալիֆոռնիա, Կոլորադո, Մոնտանա, Նևադա, Նյու Մեքսիկո, Օրեգոն և Յուտա։

Բիգ Սուրի ծովափը (Կալիֆոռնիա)

Երբեմն Արևմուտքի արևելյան սահմանն անցկացնում են Միսիսիպի գետով։ Այս դեպքում, բացի թվարկված 13-ից, ներառվում են ևս 12 նահանգ։ Այնուամենայնիվ, դրանք սովորաբար վերագրվում են Միջին արևմուտքին և հարավին։

Տարածաշրջանն ընդգրկում է Միացյալ Նահանգների մայրցամաքի մեծ մասը, ինչպես նաև ներառում է ոչ մայրցամաքային Ալյասկա և Հավայի նահանգները։ Ըստ Բնակչության մարդահամարի բյուրոյի՝ Արևմուտքը բաժանվում է ևս երկու շրջանի՝ խաղաղօվկիանոսյան (Խաղաղ օվկիանոսի ափեր և ոչ մայրցամաքային նահանգները՝ Ալյասկա, Վաշինգտոն, Հավայի, Կալիֆոռնիա, Օրեգոն) և լեռնային (Այդահո, Արիզոնա, Վայոմինգ, Կոլորադո, Մոնտանա, Նևադա, Նյու Մեքսիկո, Յուտա)։ Բացի այդ, աշխարհագրական, ինչպես նաև մշակութային-տնտեսական առումով առանձնանում է ԱՄՆ հարավ-արևմուտքը, որը մինչև 1848 թվականը Մեքսիկայի մաս է կազմել և ցայսօր նրա հետ պահպանում է սոցիալ-մշակութային կարևոր կապեր։

ԱՄՆ արևմուտքի զգալի մասն զբաղեցնում է Կորդիլերները։ Խաղաղ օվկիանոսի առափնյակի հարևանությամբ տեղակայված են Ծովափնյա լեռնաշղթաները, իսկ շրջանի արևելքում գտնվում են Ժայռոտ լեռները։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոսկի որոնողները Կալիֆոռնիայում

Դեպի արևմուտք ընդարձակումը եղել է Միացյալ Նահանգների զարգացման հիմնական միտումներից մեկը՝ սկսած իր գոյության սկզբից։ 1805 թվականին ամերիկյան առաջին ցամաքային արշավախումբը (Լյուիսի և Քլարկի արշավախումբ) եղել է Օրեգոնի տարածքում։ Երբ 1830-ական թվականների վերջին սկսել է գործել Օրեգոնի երթուղին, դեպի շրջանն են տարածվել ամերիկացի ներգաղթյալները, որոնց թիվը տարեցտարի ավելացել է։ Սակայն Օրեգոնի համար հավակնություն է ունեցել նաև Միացյալ Թագավորությունը՝ այն դիտարկելով որպես իր կանադական տարածքների շարունակություն։ Լարվածության աճը վեճ է առաջացրել Օրեգոնի սահմանի համար։ Չնայած ռազմատենչ հայտարարություններին՝ երկու կողմերն էլ չէին ցանկանում պայքարել Օրեգոնի համար, և 1846 թվականին ստորագրվել է Օրեգոնի պայմանագիրը, որը վիճարկվող տարածքը բաժանել է 49-րդ զուգահեռականով։ 1848 թվականին տարածքի ամերիկյան մասը վերածվել է Օրեգոնի տարածքի։

1846-48 թվականներին Ամերիկա-մեքսիկական պատերազմի արդյունքում ԱՄՆ-ն ստացել է Կալիֆոռնիան, Արիզոնան և Նյու Մեքսիկոն։ Դեպի այդ տարածաշրջաններ, հատկապես Կալիֆոռնիա, որտեղ 1848 թվականին հայտնաբերվել է ոսկի, հնդկացիների հողերի միջոցով շտապել են հազարավոր գանձ որոնողներ։ 1858 թվականին շայենների և Կոլորադոյի արապահների հողերում հայտնաբերվել են ոսկու և արծաթի հանքավայրեր, որից հետո հազարավոր ամերիկացիներ ներխուժել են այդ ցեղերի տարածքներ և վտարել նրանց։

1865 թվականից Միսիսիպիից արևմուտք (բացառությամբ Հնդկացիական տարածքները) ստեղծվել են նահանգներ և տարածքներ։ Այս տարիների ընթացքում սկսվել է նաև Արևմուտքում երկաթուղիների կառուցումը, ինչն արագացրել է դրա յուրացումը։ Հազարավոր շահույթ փնտրողներ շտապել են Մոնտանա՝ այնտեղ ոսկի և արծաթի գտնելու միտումով[1]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի գնահատմամբ՝ արևմտյան համարվող հատվածի 13 նահանգների ընդհանուր բնակչությունը կազմել է 69 355 643 մարդ։ Արևմուտքին են պատկանում և՛ ամենախիտ բնակեցված, և՛ ամենանոսր բնակեցված նահանգները (համապատասխանաբար՝ Կալիֆոռնիա և Վայոմինգ)։ Բնակչության խտությունը նահանգների մեծ մասում (բոլորը, բացի Կալիֆոռնիա, Վաշինգտոն և Տեխաս, որոնց հարաբերությունները Արևմուտքի հետ վիճելի են) ցածր է, քան ամբողջ երկրում միջին խտությունը։

Արևմտյան նահանգներում մեծ է ազգային փոքրամասնությունների թիվը։ Չորս նահանգներից երեքը, որտեղ սպիտակամորթ ամերիկացիները չեն կազմում բնակչության մեծամասնությունը, այս տարածաշրջանում են։ Դրանք են Հավային, Կալիֆոռնիան և Նյու Մեքսիկոն, չորրորդ այդպիսի նահանգն է Տեխասը, որը կարող է ներառվել նաև Ամերիկայի Արևմուտքում՝ այս հասկացության լայն ընկալմամբ։

Խոշոր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոս Անջելես՝ Ամերիկայի արևմուտքի ամենամեծ քաղաքը
Տեղ Քաղաք Նահանգ Բնակչությունը
2018 թվականի
հուլիսի 1-ի դրությամբ[2]
1 Լոս Անջելես Կալիֆոռնիա 3 990 456
2 Ֆինիքս Արիզոնա 1 660 272
3 Սան Դիեգո Կալիֆոռնիա 1 425 976
4 Սան Խոսե Կալիֆոռնիա 1 030 119
5 Սան Ֆրանցիսկո Կալիֆոռնիա 883 305
6 Սիեթլ Վաշինգտոն 744 955
7 Դենվեր Կոլորադո 716 492
8 Պորտլենդ Օրեգոն 653 115
9 Լաս Վեգաս Նևադա 644 644
10 Ալբուկերկե Նյու Մեքսիկո 560 218

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Census 2000 Briefs and Special Reports» (անգլերեն). ԱՄՆ մարդահամարի բյուրո. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 20-ին.
  • «The American West» (անգլերեն) — сайт, посвящённый истории и культуре американского Запада. Արխիվացված է օրիգինալից 1997 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 20-ին. {{cite web}}: Invalid |url-status=unknown-host (օգնություն)
  • «Autry National Center of the American West» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 20-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «ԱՄՆ-ի արևմուտք» հոդվածին։