Смуглянка

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Смуглянка»
Նիկոլայ Ուստինովի երգը
Ժանրերգ
Լեզուռուսերեն
ՀեղինակԱլեքսանդր Նովիկով, Յակով Շվեդով
ԿոմպոզիտորԱնատոլի Նովիկով
Քավեր-տարբերակներ
Իոսիֆ Կոբզոն, Սոֆյա Ռոտարու

«Смуглянка» (հայերեն՝ Թուխ աղջիկ[1]), ռուսական երգ՝ գրված 1940 թվականին։ Տեքստի հեղինակը ռուս բանաստեղծ Յակով Շվեդովն է, երաժշտության հեղինակը՝ Անատոլի Նովիկովը։

2015 թվականին «Русский репортёр» ամսագրի անցկացրած հարցումների արդյունքներով՝ երգի տեքստը զբաղեցրել է 24-րդ հորիզոնականը Ռուսաստանում ամենամեծ ժողովրդականություն վայելող բանաստեղծական տողերի շարքում, որում ընդգրկված էին ռուսական ու համաշխարհային դասական քնարերգության նմուշներ[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգը եղել է կոմպոզիտոր Անատոլի Նովիկովի ու բանաստեղծ Յակով Շվեդովի ստեղծած սյուիտի մի մասը, որ նրանք գրել են Կիևի հատուկ ռազմական շրջանի անսամբլի պատվերով[3]։ Երգը նվիրված է Ռուսաստանի քաղաքացիական պատերազմին մասնակցած պարտիզանուհուն, իսկ ողջ սյուիտը նվիրված է Գրիգորի Կոտովսկուն։ Սակայն նախքան Հայրենական մեծ պատերազմը երգը չի կատարվել։ Երգի կլավիրը կորել է, և հեղինակների մոտ մնացել են միայն սևագրերը։ Կոմպոզիտորն այդ երգի մասին հիշել է չորս տարի անց, երբ նրան դիմել է Կարմիր դրոշի անսամբլի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Ալեքսանդրովը՝ խնդրելով ցույց տալ իր կոլեկտիվի նոր ծրագրի համար նախատեսված երգերը։ Մյուս երգերի շարքում Նովիկովը ներկայացրել է նաև «Смуглянка» երգը, որ վերցրել էր համենայն դեպս։ Հենց այդ երգն էլ հավանել է Ալեքսանդրովն ու անմիջապես սկսել սովորեցնել այն երգչախմբին ու մենակատարներին[4]։

Անսամբլը երգն առաջին անգամ կատարել է Չայկովսկու անվան համերգասրահում 1944 թվականին։ Այն երգել է Կարմիր դրոշի անսամբլի մենակատար Նիկոլայ Ուստինովը, ում շնորհիվ էլ երգը մեծ հաջողություն է ունեցել։ Համերգը հեռարձակվել է ռադիոյով, և արդյունքում այն ունկնդրել են մեծ թվով մարդիկ, այն տարածում է գտել թիկունքում ու ռազմաճակատում։ Երգը, որը վերաբերում է Ռուսաստանի քաղաքացիական պատերազմին, ընդունվել է որպես երգ նրանց մասին, ովքեր Հայրենական մեծ պատերազմի ժամանակ մասնակցել են Մոլդովայի ազատագրմանը[5]։

Հայրենական մեծ պատերազմից հետո «Смуглянка» երգը տարբեր մշակումներով ընդգրկվել է այնպիսի կատարողների երգացանկերում, ինչպիսիք են Իոսիֆ Կոբզոնը, Սոֆյա Ռոտարուն, Նադեժդա Չեպրագան, Zdob şi Zdub և այլք։ Երգը հնչել է «Մարտի են գնում միայն „ծերուկները“» (ռուս.՝ В бой идут одни «старики», 1973) ֆիլմում. ըստ սյուժեի՝ ֆիլմի գլխավոր հերոսներից մեկը՝ երիտասարդ օդաչուն, այդ երգը կատարում է իր էսկադրիլիայի անդամների համար և ստանում «Սմուգլյանկա» մականունը։ Երգը հնչում է նաև «Ազատության զինվորները» կինոշարքի չորրորդ մասում (1977 թվական), որտեղ այն կատարվում է Յասկո-Քիշնևի գործողությունից առաջ կազմակերպված համերգում։ Մենակատարուհու դերում հանդես է գալիս Վալենտինա Տոլկունովան։ 1975 թվականին երգը Միկի Եվրեմովիչի ու Սոֆյա Ռոտարուի կատարմամբ դարձել է «Песня-75» փառատոնի մրցանակակիր (այն հազվադեպ դեպքերից մեկը, երբ երգը կրկնվել է երկրորդ անգամ)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ռուս-հայերեն բառարան, Արարատ Սահակի Ղարիբյան, «Հայաստան» հրատարակչություն, Երևան, 1977։
  2. Виталий Лейбин, Наталья Кузнецова (26 июня 2015). «Слова не выкинешь. Какие песни мы поем в душе и какими стихами говорим». rusrep.ru. Արխիվացված է օրիգինալից 2016-04-19-ին. Վերցված է 2016-04-10-ին.
  3. Цицанкин В. Тернистый путь «Смуглянки» // Красная Звезда. — 30 июня 2001. Архивировано из первоисточника 25 փետրվարի 2009.
  4. «Смуглянку» не пускали на фронт. Московский Комсомолец № 25343 от 5 мая 2010 г.
  5. Музфонд СССР, 1945 год.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]