Պ5. պինդոստանի քաղաքական պիգմեյների հրաժեշտի երգերը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պ5. պինդոստանի քաղաքական պիգմեյների հրաժեշտի երգերը
ՀեղինակՎիկտոր Պելևին
Տեսակգրավոր աշխատություն
Բնօրինակ լեզուռուսերեն
ՀրատարակիչԷքսմո
Հրատարակման տարեթիվ2008

«П5. պինդոստանի քաղաքական պիգմեյների հրաժեշտի երգերը» (ռուս.՝ П5: прощальные песни политических пигмеев пиндостана), ռուս ժամանակակից գրող Վիկտոր Պելևինի պատմվածքների ժողովածուն, որը պաշտպանված է 2007 թվականի հեղինակային իրավունքով[1] և վաճառքի է հանվել 2008 թվականի հոկտեմբերի 5-ին[2]։ Գիրքն ընդգրկում է իրար հետ կապ չունեցող հինգ ստեղծագործություններ՝ «Երգող կարիատիդների դահլիճը», «Խուֆուի կոկորդիլոսի կերակրումը», «Նեկրոմենթ», «Ֆրիդմանի տարածությունը» և «Ասսասին»։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգող կարիատիդների դահլիճը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր հերոսուհի Լենան աշխատանքի է ընդունվում օլիգարխների համար նախատեսված գաղտնի հասարակաց տանը, որտեղ նա և մյուս աղջիկները հաճախորդների բացակայության դեպքում պետք է պատկերեն կարիատիդների քանդակներ։ Բավականին երկար ժամանակ ամբողջովին անշարժ մնալու համար նրանց ներարկում են «Մանտիս-B» նյութը, որը պատրաստված է աղոթարարներից, որոնք ունեն պահանջվող հատկությունը։ Բայց որպես չհետազոտված կողմնակի ազդեցության արդյունք, նրանց է անցնում նաև այդ միջատների էգերին բնորոշ բնազդը՝ զուգավորումից հետո արուներին ուտելը[3]։

Խուֆուի կոկորդիլոսի կերակրումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Երեք մարդ մեքենայով ընթանում են Ֆրանսիայի հարավում գտնվող մառախլապատ ավտոմայրուղով՝ մտադրվելով հանդիպել ոմն աճպարարի։ Հանդիսատեսը դժգոհ է մնում նրա հնարքներից, մանավանդ որ նրանցից մեկը բարձրաձայն բացահայտում է յուրաքանչյուր հնարքը։ Բայց հրաշագործի աուդիոկասետի ձայնագրությունը, որը լսում են հերոսները, նրանց կապում է Հին Եգիպտոսի, Խուֆու փարավոնի և նրա կոկորդիլոսի լեգենդի հետ, ինչն անսպասելիորեն ազդում է պատմվածքի ավարտի վրա[3]։

Նեկրոմենթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմություն է գեներալ Կրուշինի մասին, որը, օկուլտային նպատակներով, սպանում էր իր ենթականերին, դիակիզում և մոխիրը թաքցնում՝ ավելացնելով ավտոմեքենաների արագությունը նվազեցնելու համար նախատեսված «պառկած ոստիկանների» նյութին։ Ինչպես պատկերավոր նկատել է ռազմական մի արխիվագետ, գեներալի պատմությունը մոտավորապես նույնքան է տարբերվում ուժային կառույցներում ցնցումների աղմկահարույց այլ գործերից, որքան Ժիլ դե Ռեի դատավարությունը պատմական առաջընթացին խոչընդոտող կիսագրագետ ինչ-որ ավատատիրոջ պաշտոնանկությունից։ Ժիլ դե Ռեի հետ համեմատությունը չափազանցություն չէ. 1440 թվականին խարույկի վրա այրված ֆրանսիացի մարշալին, որը խոստովանել է կապը սատանայի և ծիսական ալքիմիական սպանությունների հետ, հանգիստ կարելի է անվանել մոսկովյան պետավտոտեսչության ղեկավարի նախկին տեղակալի հոգևոր եղբայրը (Կրուշինը նախընտրում էր իր բաժինն անվանել հին ձևով, ինչպես դա մինչ օրս անում է ժողովուրդը)։ Կրուշինի գործի վերաբերյալ տեղեկությունների մեծ մասը մինչ օրս փակ է, և գոնե որոշ չափով նրա ամբողջական կենսագրությունը կազմելու փորձերն անհայտ են[4]։

Բացահայտվելուց անմիջապես առաջ Կրուշինը ինքնասպանություն է գործում տեսախցիկի առջև[5]։

Ֆրիդմանի տարածությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պելևինի ուշ շրջանի պատմվածքը միավորում է ծաղրերգական գիտահանրամատչելի շարադրանքը իբր գիտության առաջնագծից՝ օլիգարխների և Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) մերկացումով[6]։

Պարզվում է, Ալեքսանդր Ֆրիդմանի, Սթիվեն Հոքինգի և այլոց հայտնաբերած ձգողականության տիեզերաբանական ազդեցությունների նման գոյություն ունեն նաև փողի փողին ձգողության էֆեկտներ։ Սա, իբր, փորձնականորեն հաստատվել է մարդկանց վրա վտանգավոր փորձերի ժամանակ։ Ավելին, եթե գումարը շատ մեծ է, ինչպես այս թեմայով Անվտանգության դաշնային ծառայության փորձերում, առաջանում է սև խոռոչի նման մի բան, որտեղ «փողագնացը» (փողի կրողը) հայտնվում է՝ իջնելով Շվարցմանի հորիզոնից այն կողմ, ըստ երևույթին, նման տիեզերաբանության մեջ Շվարցշիլդի ոլորտին[6]։

Շվարցմանի հորիզոնի տակից միակ տեսողական տվյալները ոչնչով աչքի չընկնող միջանցքի պատկերն են[6]։

Պատմվածքը տպագրվել է «Forbes» ամսագրի ռուսական տարբերակի մայիսյան համարում և հասանելի է համացանցում[7]։

Ասսասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալի անունով տղայի պատմությունն է, որը վաղ մանկության տարիներին ընկնում է բարձրլեռնային դղյակ, որտեղ նրան դարձնում են վարձու մարդասպան ((ասսասին) և որից նա ի վերջո փրկվում է։ Պատմվածքն ուղեկցվում է մի քանի «մեկնաբանություններով». սուֆիի, պատմաբանի, մշակութաբանի, իրավաբանի և նարկոլոգի[3]։

Գովազդային արշավ[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի սեպտեմբերին հայտնվեց տեղեկություն այն մասին, որ Պելևինի նոր գրքի գովազդն արգելվել է նրանում առկա «...ազգության հետ կապված վիրավորական արտահայտությունների» («Գովազդի մասին» Դաշնային օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ մաս) և անօրինական գործողություններ կատարելուն դրդելու («Գովազդի մասին» Դաշնային օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մաս) պատճառով[8]։ Այս թեմայով ծաղրական մեջբերում է հրապարակվել Bash.org.ru կայքում[9]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրաքննադատ Աննա Նարինսկայայի կարծիքով՝ ժողովածուն չի կարող համարվել Պելևինի լավագույն գիրքը։ Մեկ կազմի տակ հավաքված հինգ պատմվածքները անջատ են։ Ժողովածուի կատակներն ու գրական կառուցվածքները գրողի համար սկզբունքորեն նոր չեն։ Նորամուծությունների շարքում է ճանաչելի ժամանակակից իրողությունների և հերոսների ներմուծումը պատմվածքի մեջ[10]։

Ժողովածուի «Պինդոստանի քաղաքական պիգմեյների հրաժեշտի երգերը» վերնագիրը բացատրված է նրա առաջին` «Երգող կարիատիդների դահլիճը» պատմվածքում։ Այդպիսի պիգմեյներ գաղափարախոսության դասընթացավարն անվանում է Գարրի Կասպարովին, Էդուարդ Լիմոնովին և նրանց համակիրներին. «Պինդոստանի համար աշխատող քաղաքական պիգմեյների դարաշրջանն ընդմիշտ անցել է։ Վերջ։ Թող հրաժեշտի երգ երգեն, եթե ուզում են»[10]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Галина Юзефович. Удивительные приключения рыбы-лоцмана: 150 000 слов о литературе. — М.: АСТ, 2016. — С. 26—28. — ISBN 978-5-17-099672-8.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Пелевин В. П5. М.: Эксмо, 2008.
  2. Продажа новой книги Виктора Пелевина «П5» стартовала ровно в полночь
  3. 3,0 3,1 3,2 Книга «Пэ в Пятой». 2013 թ․ օգոստոսի 11. ISBN 978-5-699-46065-6.
  4. Пелевин, Виктор (2016 թ․ հունվարի 1). «Некромент» (ռուսերեն). FTM. Վերցված է 2021 թ․ փետրվարի 16-ին.
  5. Биякаева А. В. Рассказы В. Пелевина «мардонги» и «некромент»: идейные и формальные особенности метатекстового объединения // Вестник Инновационного Евразийского университета. — Павлодар, 2011.
  6. 6,0 6,1 6,2 «Виктор Пелевин 📚 Рассказы скачать fb2 бесплатно». za4itaika.ru. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 14-ին.
  7. «Рассказ «Пространство Фридмана»». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 1-ին.
  8. Реклама новой книги Пелевина запрещена — Лента новостей на сайте Виктора Пелевина.
  9. Цитата на bash.org.ru о рекламе книги Արխիվացված 2008-10-07 Wayback Machine.
  10. 10,0 10,1 Наринская А. А. Пиндостанский императив // Коммерсантъ. — 2008. — № 180.