«Ad Liberum» թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարելիայի Հանրապետության ոչ պետական հեղինակային թատրոն «Ad Liberum»
Ad Liberum
«Ad Liberum» թատրոնի շենքը 1955-2006 թթ
Տեսակթատրոն
ՏնօրենՎլադիմիր Վեսկի
Երկիր Ռուսաստան
Գտնվելու վայրըՊետրոզավոդսկ, Կարելիայի Հանրապետություն, ՌԴ
Հիմնադրման ամսաթիվ1906 թ, դեկտեմբերի 26
Գլխավոր ռեժիսորՍնեժանա Սավելևա
Գլխավոր բալետմեյստերԱյնա Մուստաֆինա

«Ad Liberum» թատրոնը ոչ պետական հեղինակային թատրոն է Կարելիայի Հանրապետությունում։ Գտնվում է Պետրոզավոդսկում։

Թատրոնի անվանումները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1906 - 1910 - Ժողովրդական տան թատրոն
  • 1912 - 1918 - Դրամատիկական դերասանների թատերախումբ
  • 1918 - 1922 - Դրամայի ժողովրդական թատրոն
  • 1929 - 1932 - Կարելիայի պետական թատրոն
  • 1932 - 1955 - Ռուս դրամայի թատրոն
  • 1955 - 1968 - Երաժշտա-դրամատիկական թատրոն
  • 1969 - 198х - Ռուսական դրամատիկական թատրոն
  • 198х - 2006 - Դրամայի պետական ռուսական թատրոն
  • 2006 - 2009 - «1000 օր» թատրոն
  • 2009 - 2010 - Երաժշտական թատրոնի դրամատիկական թատերախումբ
  • 2010-ից - Ոչ պետական հեղինակային թատրոն «Ad Liberum»

Թատրոնի պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժողովրդական տան թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

1906 թ դեկտեմբերի 26-ին[1] Պետրոզավոդսկում բացվեց Ժողովրդական տուն, որտեղ գործում էր առաջին պրոֆեսիոնալ թատրոնը։ Թատրոնը բացվել է Դմիտրի Ավերկիևի «Կաշիրյան հնոտի» պիեսով։ Ժողովրդական տան բացմանը նպաստել է Գինեսթափության հոգաբարձությունը։ Այն ձգտում էր քաղաքի բնակիչներին մասնակից դարձնել մշակութային կյանքին՝ այդպիսով շեղելով նրանց ալկոհոլային խմիչքների հանդեպ ունեցած իրենց հակումից։ Առաջին դերասանները հրավիրվել են Սանկտ Պետերբուրգից։ Հետագայում Ալեքսանդրինսկի և Սուվորինսկի թատրոնների դերասանները ձմռան ամիսներին հանդես էին գալիս մայրաքաղաքում, իսկ ամռան ամիսներին՝ Պետրոզավոդսկում։ Թատրոնի բոլոր ներկայացումները մեծ հաջողություն էին ունենում։ Բեմադրվում էին Անտոն Չեխովի, Ալեքսանդր Օստրովսկու, Լեոնիդ Անդրեևի պիեսները, ինչպես նաև Իվան Տուրգենևի և Ֆեոդոր Դոստոևսկու վեպերի հիման վրա գրված ներկայացումները։ Թատրոնը պայքարում էր հարբեցողության դեմ[2]։

1910 թ նոյեմբերին[3] Ժողովրդական տան շենքը այրվեց, իսկ թատերախումբը կազմալուծվեց։

Դրամատիկական դերասանների թատերախումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

1912 թ ի հայտ եկավ պրոֆեսիոնալ դերասանների թատերախումբ։ Վերածնված թատրոնը ղեկավարում էին Բ. Դաուգովետը և Բ. Բերտելսը։ 1912 թ դեկտեմբերի 4-ին[4] հանդիսավոր կերպով բացվեց Պետրոզավոդսկի բարեգործական ընկերության շենքը, որտեղ դրամատիկական թատերախումբը ներկայացումներ էր բեմադրում (առաջին ներկայացումը եղել է Օստրովսկու «Գայլեր և ոչխարներ» պիեսը)։

Դրամայի ժողովրդական թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային իշխանությունը Դրամայի ժողովրդական թատրոնը բացեց 1918 թ հունիսի 5-ին։ Թատրոնը ղեկավարում էր Ն. Պետրովը[5]։ 1919 թ մարտին թատրոնը առաջին անգամ մեկնեց հյուրախաղերի։

Թատերախումբը նոր սեզոնը բացեց «Տրիումֆ» կինոթատրոնի բեմին Մաքսիմ Գորկու «Հատակում» ներկայացմամբ։ Այդ ժամանակաշրջանում Պետրոզավոդսկում էին խաղում ԽՍՀՄ ժողովրդական դերասանուհիներ Եկատերինա Կորչագինա-Ալեքսանդրովսկայան և Նատալյա Ռաշևսկայան, ովքեր Լենինգրադյան թատրոնների առաջատար դերասանուհիներն էին։

Այս կարգավիճակով թատրոնն աշխատեց մինչև 1922 թ։

Կարելիայի պետական թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

1929 թ Կարելիայի ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետության Լուսժողկոմի հատուկ ժողովի ընթացքում Պետրոզավոդսկում մշտական թատրոն ստեղծելու որոշում կայացվեց։ Այդ նպատակով վերակահավորվեց նախկին «Տրիումֆ» կինոթատրոնի մեծ սրահը, և ստեղծվեց 35 անձից բաղկացած թատերախումբ։ Կարելիայի պետական թատրոնը սկսեց իր աշխատանքը 1929 թ նոյեմբերի 1-ին։

Ռուս դրամայի թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

1932 թ-ից, երբ քաղաքում բացվեց Ֆիննական դրամատիկական թատրոնը, Կարելիայի պետական թատրոնը վերանվանվեց Ռուս դրամայի թատրոնի։

Հայրենական մեծ պատերազմի ժամանակ թատրոնը ստիպված էր հանգրվանել Բաշկիրիայում։ Հինգուկես ամիս անց թատրոնին կանչեցին Բելոմորսկ քաղաք՝ Կարելիայի ժամանակավոր մայրաքաղաք։ Վերադառնալով թատրոնը սկսեց ելույթներով հանդես գալ ռազմաճակատում։

1945 թ ամռանը թատրոնը միավորվեց Ռուսական դրամայի Վիբորգսկի թատրոնի հետ, որը հիմնադրվել էր 1940 թ։

1945 թ հուլիսի 5-ին բացվեց առաջին հետպատերազմական թատերաշրջանը։ Նույն թվականին թատրոնը հյուրախաղերով հանդես եկավ Մոսկվայում։

Երաժշտա-դրամատիկական թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

1955 թ Պետրոզավոդսկում թատրոնի նոր շենք կառուցվեց և քաղաքում պետք է ստեղծվեր մի թատրոն, որը կբեմադրեր ոչ միայն դրամատիկական, այլև երաժշտական ներկայացումներ, և ստեղծվեց Երաժշտա-դրամատիկական թատրոնը։

Ռուսական դրամատիկական թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

1969 թ հունվարի 1-ից թատրոնը բաժանվեց 2 մասի՝ Ռուսական դրամատիկական և Երաժշտական թատրոնների։ 1960-ական թվականներին թատրոնը ղեկավարում էր Ի. Պետրովը, իսկ 1969-1970-ական թվականներին՝ Վլադիմիր Պախոմովը։

1978-1986 թթ թատրոնը ղեկավարում էր Մ. Ջանգիշերաշվիլին։ Թատրոնին երկար տարիներ ծառայել է Ստեփան Զվեզդինը։

Դրամայի պետական ռուսական թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատերական մշակույթի զարգացման համար Դրամայի պետական ռուսական թատրոնը 1982 թ հունվարի 6-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանով պարգևատրվեց «Պատվո նշան» շքանշանով։

«1000 օր» թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թ մայիսի 16-ին թատրոնի շենքը ժամանակավորապես փակվեց հիմնական վերանորոգման նպատակով։ Դրամատիկական և Երաժշտական թատրոնների թատերախմբերը միավորվեցին «1000 օր» թատրոնի մեջ (անվանումը կապված է շենքի վերանորգմանը հատկացված օրերի հետ), ներկայացումները բեմադրվում էին «Մասկի» հյուրանոցի Փոքր բեմում։

Երաժշտական թատրոնի դրամատիկական թատերախումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թ հունիսի 8-ին Կիրովի հրապարակում հիմնական վերանորոգումից հետո բացվեց նոր թատրոնը։ Սակայն դրամատիկական թատերախմբին չվերադարձրեցին ոչ թատրոնի անվանումը, ոչ էլ նախկին բեմահարթակը։ Թատերախումբը շարունակում էր աշխատել Փոքր բեմում։

2009 թ դեկտեմբերին Փոքր բեմը փակվեց հակահրդեհային պաշտպանության կանոններին չհամապատասխանելու պատճառով։ Դրամատիկական թատերախումբը շարունակեց հանդես գալ Կարելիայի մշակույթի և արվեստի քոլեջում։

Չնայած քաղաքացիների ակտիվ միջամտությանը (նամակներ, ի պաշտպանություն դերասանների, հանդիսատեսի ստորագրահավաք և այլն)՝ 2010 թ ապրիլի 20-ին թատերախումբը ամբողջ կազմով կրճատվեց։

Ոչ պետական հեղինակային թատրոն «Ad Liberum»[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրճատումից հետո դրամատիկական թատրոնը որոշեց շարունակել Ռուսաստանի ամենահին թատրոններից մեկի պատմությունը. 2010 թ ապրիլի 20-ին գրանցվեց Կարելիայի Հանրապետության ոչ պետական հեղինակային թատրոն «Ad Liberum»-ը, իսկ 2010 թ մայիսի 14-ին Էքսպոկենտրոնում կայացավ հանդիսավոր բացումը։ Առաջին ներկայացումը դարձավ Մ. Մեյոյի և Մ. Էննեկենի «Իմ կինը ստախոս է» կատակերգությունը։

2010 թ երկրորդ կեսին թատրոնը տեղափոխվեց մարշալ Ժուկովի հրապարակում գտնվող Գելմեր Սինիսալոյի անվան N1 երաժշտական դպրոցի շենք։

2011 թ դեկտեմբերի 26-ից թատրոնը տեղակայված է Վարկաուսի ծովափին[6]։

Թատրոնի կազմը (2010 թ)[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատրոնի ղեկավարությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սնեժանա Սավելևա, Կարելիայի Հանրապետության վաստակավոր արտիստուհի, գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր
  • Վլադիմիր Վեսկի, տնօրեն
  • Գենադի Բորդուկով, փոխտնօրեն
  • Տատյանա Բերշադսկայա, թատերախմբի ղեկավար
  • Կադրիա Բիկինեևա, բեմանկարիչ
  • Նատալյա Ֆայզուլինա, երաժշտական գծով ղեկավար
  • Այնա Մուստաֆինա, բալետմեյստեր

Թատրոնի դերասանները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նիկոլայ Կորոլյով, ՌԴ վաստակավոր արտիստ, Կարելիայի Հանրապետության ժողովրդական դերասան
  • Վիկտոր Պարխոմենկո, Կարելիայի Հանրապետության վաստակավոր դերասան
  • Վալերի Իզրայելսոն
  • Վլադիմիր Սոտնիկով, Կարելիայի Հանրապետության վաստակավոր դերասան
  • Անատոլի Մեդվեդև, Կարելիայի Հանրապետության վաստակավոր դերասան
  • Ելենա Բոլդախովա, Կարելիայի Հանրապետության վաստակավոր դերասան[7]
  • Վլադիմիր Ելիմչև
  • Այնա Մուստաֆինա
  • Վլադիմիր Վեսկի
  • Ելենա Սապեգինա
  • Նատալյա Անտիպինա
  • Անաստասիա Յակուշևա

Ներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շքանշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1982 թ՝ «Պատվո նշան» շքանշան

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Олонецкие губернские ведомости, 1907. 1 января.
  2. «Петрозаводск | новости отдых развлечения». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 15-ին.
  3. Олонецкие губернские ведомости, 1910. 6 ноября
  4. Олонецкие губернские ведомости, 1912. 4 декабря
  5. Петрозаводск | Определитель музейных предметов | Музей-заповедник «Кижи»
  6. http://stolica.onego.ru/news/173123.html(չաշխատող հղում) Театр Ad Liberum переедет в ДК "Машиностроитель"
  7. «Елена Болдахова в базе theatreinform.ru». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 15-ին.