«Տիտանների գրոհը» կերպարների ցանկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հաջիմե Իսայամայի «Տիտանների գրոհը» անիմեի և մանգայի կերպարները բաժանվում են մարդկանց և տիտանների՝ անհայտ ծագմամբ հսկաների ռասայի, ովքեր մարդկանց են որսում:

Գլխավոր կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրեն Յեգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրեն Յեգեր (ճապ.՝ エレン・イェーガ Eren Yēgā, անգլ.՝ Eren Yeager)

Պատմության պրոտագոնիստը: Իդեալիստ, մաքսիմալիստ և իմպուլսիվ[1]: Էրենը ձգտում է ոչնչացնել բոլոր տիտաններին և հետազոտել շրջապատող աշխարհը: Նրա փիլիսոփայությունն է՝ «Պայքար՝ կյանք, պարտություն՝ մահ»: 9 տարեկան հասակում փրկում է Միկասային՝ մի աղջկա, ում ընտանիքին սպանում են ստրկավաճառները: Կադետ-շրջանավարտների իր խմբում զբաղեցրել է հինգերորդ տեղը, քանի որ մարտական հմտությունների շրջանում չունի հատուկ տաղանդ, սակայն նա դա փոխհատուցում է իր մեծ ջանասիրությամբ և նպատակասլացությամբ: Թրոստի ճակատամարտի ժամանակ բացահայտում է իր՝ 15 մետրանոց տիտանի վերածվելու ունակությունը: Սկզբում, գլխավոր հերոսը չէր կարողանում լիովին վերահսկել իր տիտանին, սակայն, երկարատև պարապունքներից հետո, լայնածավալ կարողություններ և բացարձակ վերահսկողություն է ձեռք բերում: Երբ տիտանը այլևս չի կարողանում իր գործառույթը կատարել, Էրենը դուրս է գալիս նրա վզակոթից (յուրաքանչյուր տիտանի խոցելի մասը), որտեղ նրա մարմինը միանում է տիտանի ողնաշարի հետ: Հետագայում, իր մոտ բացահայտում է տիտաններին ղեկավորելու կարողությունը, որը կոչվում է Կոորդինատ (անգլ. Coordinate): Նրա հայրը՝ Գրիշան, անհետանում է Շիգանշինայի փլուզումից հետո՝ իրենց տան նկուղի բանալին թողնելով Էրենին, որը պահում էր փակ վիճակում և այնտեղ ինչ-որ գաղտնիք էր թաքցնում:

Սեյու՝ Յուկի Կաջի

Միկասա Աքերման[խմբագրել | խմբագրել կոդը]

Միկասա Աքերման[2] (ճապ.՝ ミカサ・アッカーマン Mikasa Akkāman, անգլ.՝ Mikasa Ackerman)

Երեխա, ում ծնողների մահից հետո որդեգրել է Յեգերների ընտանիքը, Էրենի անօրինական, խորթ քույրը[1]: Միկասան կիսով չափ ասիացի է և իր ռասայի վերջին ներկայացուցիչն է: Մինչ նրա՝ Յեգերների ընտանիքում համալրվելը, աղջկա մայրը և հայրը սպանվում են ստրկավաճառների կողմից, իսկ աղջկան առևանգում են: Նույն գիշեր Էրենը օգնում է Միկասային վերադարձնել աղջկա ազատությունը, և նրանք միասին սպանում են առևանգողներին, ովքեր որոշել էին աղջկան՝ նրա ծնողների մահից հետո վաճառել: Սեփական ծնողների և Էրենի մոր մահը անջնջելի հետք է թողել նրա հոգում: Այդ միջադեպերից հետո նա շատ է հոգ տանում Էրենի մասին, անկախ իրավիճակից, ստվերի պես հետևում է նրան՝ չցանկանալով կորցնել իր ընտանիքի վերջին անդամին: Իր զգացմունքները ոչ ոքի ցույց չի տալիս: Կադետ-շրջանավարտների իր խմբում զբաղեցրել է առաջին տեղը, ցանկացած իրավիճակում պահպանում է ինքնատիրապետումը, մարտական հմտությունների առումով չտեսնված հանճար է համարվում: Պահպանում է իր շարֆը, որը Էրենն է տվել այն օրը, երբ փրկեց նրան ստրկավաճառներից: Նրա անունը ճապոնական նավատորմերից մեկի նավի անունով է:

Սեյու՝ Յուի Իսիկավա

Արմին Արլերթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմին Արլերթ[2] (ճապ.՝ アルミン・アルレルト Arumin Arureruto, անգլ.՝ Armin Arlert)

Էրենի լավագույնը ընկերը, ֆիզիկապես թույլ[1][3], սակայն, իր ռազմավարական ինտուիցիայի միջոցով, մի քանի անգամ փրկել է թիմի և ընկերների կյանքը: Նա կարծում է, որ լիովին անիրազեկ է և ատում է իրեն նրա համար, որ իր հույսը ուրիշների վրա է դնում: Ըստ զինվորական չափանիշների՝ Արմինը չունի մեծ ֆիզիկական կարողություններ, սակայն ուժեղ է ռազմական մարտավարության մեջ: 83-րդ գլխում գտնվում է մահվան շեմին, քանի որ, Հսկա Տիտանի հետ կռվում, իրեն է զոհաբերում: 84-րդ գլխում, կապիտան Լևին նրան է ներարկում տիտան դառնալու շիճուկը, ինչից հետո նա տիտանի է վերածվում, այնուհետև ուտում է Բերտոլդին և վերադառնում է իր մարդկային կերպարանքին:

Սեյու՝ Մարինա Ինոուե

Ռայներ Բրաուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռայներ Բրաուն (ճապ.՝ ライナー・ブラウン Rainā Buraun, անգլ.՝ Reiner Braun)

Պատմության գլխավոր անտագոնիստներից մեկը: 104-րդ ուսուցչական կորպուսի կադետ, ով շրջանավարտների շրջանում զբաղեցրել է երկրորդ տեղը: Հսկա տիտանի (անգլ.՝ Colossus Titan) երկրորդ հարձակումից հետո ռազմաճակատի գիծ է ուղարկվում: Համարվում է ուժեղ կամքի և անսասան բնավորության տեր մարդ, ունի գերազանց ֆիզիկական պատրաստվածություն, գնահատում է զինվորական ծառայությունը, առավել հմտորեն ձեռք է բերում ընկերների վստահությունը, սակայն, հետագայում, իր գործողությունների մեջ բացահայտվում է նրա լուրջ հոգեկան և էմոցիոնալ խնդիրները: Չի կարողանում հաղթահարել մեղքի զգացումը՝ ճնշելով սեփական հիշողությունները: Հավանում է Կրիստային (Հիստորիա) և ցանկանում է ամուսնանալ նրա հետ: Զորացրվելուց հետո միանում է Հետախույզների լեգեոնին: Համարվում է Զրահապատ տիտանը (անգլ.՝ Armored Titan), ով  անցք էր բացել Մարիայի պատի մեջ։ Մարդկանց շրջանում աշխատելու և Էրենին առևանգելու համար է ուղարկվել: Պատերից դուրս գտնվող Մառլի (անգլ. Marley) պետությունից է: Բերտոլդի հետ միասին անցք է բացում Մարիա պատի մեջ: Պատերի ներսում երկար ժամանակ "զինվորի" դեր է խաղում, սակայն, Ուտգարդ ամրոցի ճակատամարտից հետո, չի դիմանում լարվածությանը և որոշում է "բացել դիմակը": Վերածվում է Զրահապատ տիտանի և գրեթե պարտվում է Էրենին: Բերտոլդի հետ առևանգում է նրան և փորձում է դուրս պրծնել Հետախույզների լեգեոնից, սակայն ոչինչ չի ստացվում, և Ռայներն ու Բերտոլդը նահանջում է Մարիա պատի մոտ: Այնտեղ նա՝ Գազանանման, Բեռնակիր և Հսկա տիտանների հետ դավադրություն է կազմակերպում Հետախույզների լեգեոնի դեմ: Սակայն Ռայները պարտվում է Էրենին և հրաշքով փրկվում է պայթյունից՝ իր գիտակցությունը տեղափոխելով տիտանի նյարդային համակարգ: Այնուհետև նա նորից պարտվում է Հետախույզների լեգեոնին: Սակայն նրան փրկում է Զիկը, և նրանք միասին Մառլի են վերադառնում:

Սեյու՝ Յոսիմասա Հոսոյա

Երկրորդական կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լևի Աքերման (ճապ.՝ リヴァイ Rivai, անգլ.՝ Levi Ackerman)
Հետախույզների լեգեոնի կապիտաններից մեկը, ինչպես նաև հատուկ նշանակման ջոկատի հրամանատար: Հայտնի է որպես «մաքրամոլ», բավականին կտրուկ և կոպիտ է, հարգում է կարգապահությունը, որը նրան գոռոզ է դարձնում, սակայն գնահատում է մարդկային կյանքը, քանի որ առանց զզվանքի սեղմում է մահացած ընկերոջ արյունոտ ձեռքը, որպեսզի հանգստացնի նրան իր կյանքի վերջին րոպեներին: Թրոստի ճակատամարտից հետո Էրեն Յեգերի պատասխանատվությունը իր վրա է վերցնում, քանի որ, իր խոսքերով, նա միակն է, ով կկարողանա կանգնեցնել երիտասարդին, եթե նա նորից կորցնի վերահսկողությունը տիտանի նկատմամբ: Համարվում է մարդկության ամենաուժեղ մարտիկը: Հսկա ծառերի անտառում կարողանում է հաղթել Կնակերպ տիտանին (անգլ. Female Titan), որին չկարողացան հաղթել լավագույն մարտիկների խումբը: Հետախույզների լեգեոնի անդամ: Հասակը՝ 1.60 սմ: Քաշը՝ 65 կգ: Տարիքը՝ 30: Ավելի ուշ պարզվում է, որ նրա ազգանունը Աքերման է: 115-րդ գլխում հնարավոր է, որ, պայթյունի հետևանքով, մահացու վնասվածք է ստացել, երբ տեղափոխում էր Զիկին: Լևիի ներկայից գտնվելու վայրը և կարգավիճակը հայտնի չէ:
Սեյու՝ Հիրոսի Կամիյա
  • Բերտոլդ Հուվեր[4] (ճապ.՝ ベルトルト・フーバ Berutoruto Fūbā, անգլ.՝ Bertolt Hoover)
104-րդ ուսուցչական կորպուսի կադետ, ով շրջանավարտների շրջանում զբաղեցրել է երրորդ տեղը: Լռակյաց և ինքնամփոփ է: Ունի կարողություններ, սակայն անձեռներեց է: Հիմնականում նրան տեսնում են իր մանկության ընկերոջ՝ Ռայներ Բրաունի հետ է: Զգացմունքներ ունի Էնիի նկատմամբ: Զորացրվելուց հետո միանում է Հետախույզների լեգեոնին: Հետագայում պարզվում է, որ նա է Հսկա տիտանը (անգլ.՝ Colossus Titan): Գլխավոր անտագոնիստներից մեկը: Ռայներ Բրաունի հետ ուղարկվել է մարդկանց շրջանում աշխատելու և Էրենին առևանգելու համար: Միշտ շատ տարօրինակ դիրքերով է քնում, որի միջոցով համակուրսեցիները եղանակն էին կանխատեսում: Երբ Հետախույզների լեգեոնը՝ Մարիա պատի անցքը փակելու նպատակով գալիս է Շիգանշինա և պարտության է մատնում Ռայներին, նա եկավ նրան օգնության: Կռվի ժամանակ, իր արձակած գոլորշու միջոցով, գործնականում, վառում է իր ուշադրությունը շեղող Արմինին, որից հետո Էրենը նրան դուրս է հանում Հսկա տիտանի վզակոթից, այնուհետև նրան ուտում է տիտան դարձած Արմինը:
Սեյու՝ Թոմոհիսա Հասիջումե
  • Էննի Լեոնհարտ (ճապ.՝ アニ・レオンハート Ani Reonhāto, անգլ.՝ Annie Leonhart)
104-րդ ուսուցչական կորպուսի կադետ, ով շրջանավարտների շրջանում զբաղեցրել է չորրորդ տեղը: Զորացրվելուց հետո միանում է Ռազմական ոստիկանությանը: Համարվում է ինքնամփոփ և անտարբեր մարդ, ոչ մի ջանք չի ներդնում և սովորական է վերաբերվում մարմնամարզումներին և կարգապահությանը: Փոխարենը կենտրոնանում է ռազմական ոստիկանությունում ծառայելու համար, որպեսզի իրեն անհոգ կյանք ապահովի: Ծննունդով այն նույն գյուղից է, որտեղից Ռայներ Բրաունը և Բերտոլդ Հուվերնն են: Համարվում է Կնակերպ տիտանը (անգլ. Female Titan): Էրենին առևանգելու առաջադրանքն է ստացել, սակայն ձախողում է, և երբ մարդիկ իմանում են նրա էությունը և շրջապատում են, իրեն մեծ բյուրեղի մեջ է փակում, որպեսզի այլոք չկարողանան տիտանների մասին տեղեկություն տարածել: Միշտ ափսոսում և ներողություն էր խնդրում իր զոհերից: Հետագա ճակատագիրը հայտնի չէ:
Սեյու՝ Յու Սիմամուրա
  • Ժան Կիրշտեին (ճապ.՝ ジャン・キルシュタイン Jan Kirushutain, անգլ.՝ Jean Kirstein)
104-րդ ուսուցչական կորպուսի կադետ, ով շրջանավարտների շրջանում զբաղեցրել է վեցերորդ տեղը: Միշտ ասում է այն, ինչ մտածում է, չնայած նրան, որ գիտակցում է դրա բացասական հետևանքները, որը և համարվում է Էրենի հետ ընդհանրումների պատճառը՝ չնայած կյանքի նկատմամբ նրանց տարբեր հայացնքերի, սակայն տղան ազնիվ մարդ է համարվում: Ժանը հասկանում է իր ընկերների թուլամորթությունը, որը նկատվում է Մարկոյի՝ ժանի ընկերոջ կողմից, ով համարում է, որ Ժանը կարողանում է լուրջ իրավիճակը սթափ գնահատել, որը նրան բավականին լավ առաջնորդ է դարձնում, սակայն ինքը՝ Ժանը դա չի խոստովանում: Զգացմունքներ ունի Միկասայի հանդեպ, խանդում է նրան Էրենի նկատմամբ: Սկզբում, նա նպատակ է դնում ընդունվել Ռազմական ոստիկանություն՝ սեփական շահի համար, որը չէր թաքցնում: Հսկա տիտանի երկրորդ հարձակումից հետո ռազմաճակատի գիծ է ուղարկվում, որից հետո որոշում է միանալ Հետախույզների լեգեոնին: Հետագայում մասնակցում է 57-րդ արտապատային արշավին, ապա Ստոհեսի ռազմական գործողությանը, որի ընթացքում Էրենի նմանակի դերն է տանում: Այնուհետև մասնակցում է Զրահապատ տիտանի հետապնդմանը, որի ընթացքում՝ ձիուց ընկնելու արդյունքում ուշաթափվում և Արմինի շնորհիվ փրկվում է: Ռազմական ոստիկանության կողմից Հետախույզների լեգեոնին հետապնդման ժամանակ նորից Էրենի նմանակի դերն է տանում, որից հետո մասնակցում է նրա ազատման գործողությանը: Ավելի ուշ պայքարում է Զրահապատ տիտանի դեմ:
Սեյու՝ Կիսյո Տանիյամա
  • Կրիստա Լենզ (ճապ.՝ クリスタ・レンズ Kurisuta Renzu, անգլ.՝ Krista Lenz)
104-րդ ուսուցչական կորպուսի կադետ, ով շրջանավարտների շրջանում զբաղեցրել է տասերորդ տեղը: Իմիրի հետ սերտ հարաբերությունների մեջ է գտնվում: Ունի բարի բնավորություն, ուրիշների առաջնորդությունները իրենինից բարձր է դասում, սիրում է օգնել շրջապատին: Թրոստի ռազմական գործողությունների ժամանակ չի նկատվել: Զորացրվելուց հետո միանում է Հետախույզների լեգեոնին: Ազնվական տոհմից է, ովքեր կապված են պատերի ներսում գտնվող կրոնական աղանդների հետ, սակայն, որպես ապօրինի երեխա, վտարվել է: 55-րդ գլխում Ջեր Սանեսը խոստովանում է, որ Ռեիսը թագավորական տոհմ է: Ի ծնե անունը՝ Հիստորիա Ռեիս է (ճապ.՝ ヒストリア・レイス Hisutoria Reisu,  անգլ.՝ Historia Reiss), նախկինում՝ վտարված լինելու պատճառով թաքցնում էր իր իրական անունը և ցանկանում էր այնպես մահանալ, որ նրան հիշեին: Որպես Ռեիս ազնվական տոհմի ներկայացուցիչ, ունի իրավունք տիտանների մասին տեղեկություն տարածել, սակայն այդ տեղեկությանը չի տիրապետում: Մանուկ հասակում իր հարազատներից ոչ ոքի պետք չէր, նույնիսկ սեփական մորը: Միակ մարդը, ով կապ էր պահպանում նրա հետ Ֆրիդա Ռեիսն է, ով նրան սովորեցրել է գրել և կարդալ, սակայն մշտապես ջնջում էր իր մասին հիշողությունները: Հոր ՝ Ռոդ Ռեիսի ազդեցության տակ գրեթե իրեն էր ներարկում տիտան դառնալու շիճուկը և ուտում էր Էրենին, որպեսզի վերադարձնի իր իրավական ուժը: Հետո՝ իր ժողովրդի աչքի առաջ սպանում է իր տիտան դարձած հորը և դառնում է ներքին պատերի նոր թագուհին:
Սեյու՝ Սիորի Միկամի
  • Սաշա Բրաուս (ճապ.` サシャ・ブラウス Sasha Burausu, անգլ.` Sasha Braus)
104-րդ ուսուցչական կորպուսի կադետ, ով շրջանավարտների շրջանում զբաղեցրել է իններորդ տեղը: Սաշայի մասին պատմող մանգայում ասվում է, որ նա «տաղանդավոր է, սակայն խմբային աշխատանքներում անընդունակ է»: Հաճախ իրեն չափից շատ տարօրինակ է պահում, անտեղի քաղաքավարի, չափազանց մեծահոգի և զգայուն մարդ է: Մեծացել է որսամսի պակասի պայմաններում, որի հետևանքով շատ է սնունդ սպառում: Ճաշասենյակից և սպաերի մթերանոցից հաճախ սնունդ է գողանում: Փոքրիկ միջադեպից հետո ստացել է «Կարտոֆիլ» մականունը. ընդունելության առաջին օրը՝ զորաշարքում կարտոֆիլ էր ուտում, որից հետո հինգ ժամ վազելու է ուղարկվել և ճաշից զրկվել է: Լեռնային որսորդական Դաուփեր գյուղից է (Ռոզա պատի հարավային շրջան): Զորացրվելուց հետո միանում է Հետախույզների լեգեոնինին, մասնակցում է 57-րդ արտապատային արշավին, Ռոզա պատում առաջացած անցքի մասին լուրն է տարածում, որի ընթացքում մի աղջկա է տիտանից փրկում, որը պատմում է նրա՝ ուրիշների մասին հոգ տանելու մասին, քանի որ մինչ այդ Սաշան շատ եսամոլ էր: Մասնակցում է Էրենին՝ Հիստորիայի հորից փրկելու գործողությանը, ինչպես նաև Շիգանշինայի համար պայքարում, որտեղ ծանր վնասվածք է ստանում:
Սեյու՝ Յու Կոբայասի
  • Կոնի Սփրինգեր (ճապ.` コニー・スプリンガ Konī Supuringā, անգլ.` Koni Springer)
104-րդ ուսուցչական կորպուսի կադետ, ով շրջանավարտների շրջանում զբաղեցրել է ութերորդ տեղը: Բավականին զգացմունքային է և արագորեն է գործում, սակայն անմիտ է: Դժվար իրավիճակներում փորձում է ընկերներին քաջալերել: Սաշայի և Կոնիի գյուղերը տեղակայված են նույն շրջանում: Զորացրվելուց հետո միանում է Հետախույզների լեգեոնինին: Կոնիի համար դժվար էր ընտրություն կատարել, այնպես որ նա շատ էր հուզվում, սակայն որոշեց միանալ Հետախույզներին՝ մնալով իր ընկերների հետ: Մասնակցել է Թրոստի ճակատամարտին: «Գազանանման տիտանի» (անգլ. Beast Titan) հարձակման ժամանակ նրա մաբողջ գյուղի բնակիչները տիտանների են վերածվում: Հետագայում մասնակցում է Հետախույզների լեգեոնի բոլոր գործողություններին:
Սեյու՝ Հիրո Սիմոնո
104-րդ ուսուցչական կորպուսի կադետ: Բարդ բնույթով կերպար է, սկզբում թվում էր, որ եսասեր, ցինիկ և իշխող է, անհանդուրժող է այլամտությանը, սակայն նա նույնպես կարող է շատ բարի լինել, հատկապես Կրիստայի հանդեպ, ում նկատմամբ սիրային զգացմունքներ է տածում: Հետևելով նրան միանում Հետախույզների լեգեոնին: Մասնակցել է Թրոստի ճակատամարտին: Եղել է որբ, ում փողոցից մի քահանա վերցրել և ստիպել է խաղալ նախամայր Իմիրի դերը: Հենց այդ քահանան էլ նրան տվել է այդ անունը: Շատ տարիներ անց, նրանց աղանդին գաղտնազերծում և դրա բոլոր անդամներին վտարում են՝ տիտանների վերածելով: Սակայն, երբ նա կերավ Ռայների և Բերտոլդի ընկերոջը՝ Մարսել Գալիարդին, ով ուներ Լայնածնոտ տիտանի (անգլ. Jaw Titan) կարարողությունը, կարողանում է վերադառնալ իր մարդկային կերպարանքին: Նա պնդում է, որ վատ է հիշում, թե ինչ է արել տիտանի կերպարանքով, սակայն վստահ է, որ պատերից դուրս 60 տարի թափառել է և դա նրա համար ասես մղձավանջային երազ լիներ: Տիտանի կերպարանքով նրա գլուխը անհամաչափորեն մեծ է, սակայն մարմինը շատ փոքր է, որը նրան արագ տեղաշարժվելու հնարավորություն է տալիս:
Սեյու՝ Սակի Ֆուջիտ
  • Մարկո Բոտտ[5] (ճապ.` マルコ・ボット Maruko Botto, անգլ.` Marco Bott)
104-րդ ուսուցչական կորպուսի կադետ, ով շրջանավարտների շրջանում զբաղեցրել է յոթերորդ տեղը, որից հետո՝ Ռոզա պատի պաշտպանական մարտերի ժամանակ դառնում է 19-րդ ջոկատի առաջնորդը: Երազում է Ռազմական ոստիկանություն ընդունվել, քանի որ կարծում է, որ թագավորին ծառայելը պատիվ է: Լավ է վերաբերվում Ժանին և համարվում է նրա լավագույն ընկերը: Պատահաբար լսում է տիտանների մասին Ռայների և Բերտոլդի խոսակցությունը, որից հետո բռնվում է Ռայների կողմից: Նրա հրամանով Էննին հանում է Մարկոյից նրա Մանևրելու Սարքավորումը, որից հետո նրան նետում են տիտանի կողմը, որն էլ ուտում է Մարկոյին: Էննին վերցնում է Մարկոյի Մանևրելու Սարքավորումը՝ իր նպատակներում օգտագործելու համար:
Սեյու՝ Ռիյոտա Օսակա
  • Հանջի Զոե (ճապ.` ハンジ ・ゾエ Hanji Zoe, անգլ.` Hange Zoë)
Հետախույզների ջոկատի մայոր: Զբաղվում է տիտանների ուսումնասիրությամբ և հետաքրքրված է Էրեն Յեգերով, ով կարողանում է տիտանի կերպարանք ընդունել: Բավականին գերակտիվ է, հատկապես երբ խոսքը գիտելիքի մասին է: Այս կամ այլ նախագծերի մեջ է մտնում, չմտածելով սեփական անվտանգության մասին՝ կենտրոնանալով դոկումենտացիայի և հսկողության վրա: Կարողացել է մի քանի տիտան բռնել և նրանց վրա փորձարկումներ կատարել՝ շատ բան իմանալով նրանց կենսաբանության մասին: Անցյալի մասին ոչինչ հայտնի չէ: Մարիա պատի ճակատամարտի ընթացքում, Հսկա տիտանի վերածման պայթյունի արդյունքում կորցնում է ձախ աչքը: Էրվինի մահից հետո դառնում է Հետախույզների լեգեոնի հրամանատար:
Սեյու՝ Ռոմի Պակու
  • Էրվին Սմիթ (ճապ.` エルワイン・スミス Eruvin Sumisu, անգլ.` Erwin Smith)
Նաև հայտնի է որպես հրամանատար Էրվին: Հետախույզների լեգեոնի հրամանատարը: Էրվինը խորամիտ և հարգված մարդ է: Չնայած իր զինվորների մասին հոգ տանելուն, նա կարող է առանց տատանվելու զոհաբերել նրանց՝ մարդկության ապագայի համար: Մանուկ հասակում, իր մեղքով, Ռազմական ոստիկանությունը սպանում է նրա հորը, քանի որ վերջինս կռահել էր ներքին պատերի սուտը: Այդ ժամանակից ի վեր, Էրվինը երազում է իմանալ այս աշխարհի և տիտանների մասին բոլոր գաղտնիքները: Միանում է Հետախույզների լեգեոնին: Երբ Էրվինը դարձավ Հետախույզների լեգեոնի հրամանատար, նա նախազգուշական մարտավարություն մշակեց, որի շնորհիվ, արտապատային արշավների ընթացքում, Հետախույզների լեգեոնի կորուսները կրճատվեցին: Էրենին Հետախույզների լեգեոն է հավաքագրում՝ դատարանում հաղթելով Ռազմական ոստիկանությանը: Հանջի Զոեի հետ միասին մշակում է Կնակերպ տիտանի վնասազերծման ծրագիրը, որը ձախողվում է: Ստոհեսում Էրվինը մշակում է Էննի Լեոնհարտին կալանավորելու ծրագիրը, որի համար հետագայում հաշվետվություն է տալիս կառավարությանը, քանի որ նրա ծրագիրը հարյուրավոր մարդկանց կյանք է խլել: Զրահապատ տիտանի հետապնդման ժամանակ կորցնում է աջ ձեռքը, սակայն դա չխանգարեց նրան հետագա պայքարի ընթացքում և կարողացավ զինվորների մարտական ոգին բարձր պահել: Դրանից հետո Էրվինին հրավիրում են թագավորի մոտ և վաճառական Ռիվզի սպանությունը կազմակերպելու կասկածանքով ձերբակալում են: Գաղտնի ծրագրում է իշխանության տապալումը: Լինելով կախաղանի շեմին, տեղի է ունենում հեղաշրջում, և Էրվինը ազատ է արձակվում: Հետագայում նա ղեկավարում է Մարիա պատի վերադարձման արտապատային արշավը: Գազանանման տիտանի հարձակումից հետո, հրամանատարը ոգեշնչում է իր զինվորներին, որպեսզի վերջիններս զոհաբերենց իրենց կյանքը՝ Գազանանման տիտանին հաղթելու համար: Էրվինը գլխավորում է ինքնասպանների ջոկատը և, իր վրա ընկած գլաքարից, մահացու վնասվածք է ստանում: Գտնվում է մահվան շեմին, սակայն Ֆլոկը նրան կրելով հասցնում է Լևիի մոտ և խնդրում է, որպեսզի շիճուկը ներարկեն հրամանատարին, այլ ոչ թե Արմինին, իր խնդրանքը հիմնավորելով նրանով, որ միայն հրեշը կարող է հաղթել տիտաններին: Սկզբում, Լևին ցանկանում էր հենց այդպես էլ անել, սակայն Էրվինը վերջին պահին ետ է քաշում իր ձեռքը: Լևին որոշում է, այնուամենայնիվ, փրկել Արմինին, իր ընկերոջը թողնելով «հանգստանալ»:
Սեյու՝ Դայսուկե Օնո
  • Մառլո Ֆրոյդենբերգ (ճապ.` マルロ・フロイデンベルク Maruro Furoidenberuku, անգլ.` Marlo Freudenberg)
Ստոհես շրջանում գտնվող Ռազմական ոստիկանության բրիգադայի անդամ: Նորեկ, ով աշխատում է Էննի Լեոնհարտի և Հիտչ Դրեյսի հետ միասին: Իրեն դրսևորում է որպես կարգապահ և արդարամիտ մարդ: Ի տարբերություն Ռազմական ոստիկանության նորեկների ճնշող մեծամասնության, ովքեր եկել են միայն իրենց մասին մտածելով և սեփական անվտանգության համար, Մառլոն եկել է սեփական նախաձեռնությամբ «ճիշտ գործեր կատարելու» համար: Հետևում է ոչ միայն վերացական, այլ նաև կոնկրետ նպատակներին, ցանկանալով  բարձր պաշտոն զբաղեցնել և վերջ դնել հարկերի հափշտակմանը, ինչպես նաև պաշտոնավոր անձանց կողմից հողերի ապօրինի զավթմանը: Հետագայում խոստովանում է, որ սխալ զորագունդ է ընտրել, և դառնում է Հետախույզների լեգեոնի ոչ պաշտոնական անդամ: Մահանում է Մարիա պատի ճակատամարտում:
Սեյու՝ Թոմոկազու Սուգիտա
  • Հիտչ Դրեյս (ճապ.` ヒッチ・ドリス Hitchi Dorisu, անգլ.` Hitch Dreyse)
Ստոհես շրջանում գտնվող Ռազմական ոստիկանության բրիգադայի անդամ: 104-րդ ուսուցչական կորպուսի կադետ, սակայն ոչ թե հարավային, այլ հյուսիսային դիվիզայից: Հիտչի բնավորությունը բավականին ագրեսիվ է, որի արդյունքում նա դեմ չէ ավելորդ անգամ ծաղրել իր ծառայակիցներին: Իր խոսքերով, ոստիկանություն է ընդունվել ծուլության և ոստիկանությունում տեղի ունեցող կաշառակերության պատճառով: Էննի Լեոնհարտի սենյակի հարևանն էր և հաճախ էր նրան վիրավորում, սակայն Հիտչը անհանգստանում է, երբ Ստոհեսի մարտերի ընթացքում Էննին անհետանում է: Նա մեղադրում էր Էրեն Յեգերին, քանի որ կարծում էր, որ վերջինս տիտանի կերպարանքով, իբր, սպանել է նրան: Հետագայում իմանում է, որ հենց Էննին է Կնակերպ տիտանը:
Սեյու՝ Ակենո Վատանամե
Կայազորային պահակախմբի սպա: Երբ տիտանները գրոհեցին Մարիայի պատը, չկարողացավ իր մեջ տղամարդկություն գտնել և կռվել տիտանի դեմ, որպեսզի փրկի Էրենի մորը, սակայն, նա փրկել է Էրենին և Միկասային՝ հեռացնելով նրանց տան ավերակներից: Էրենը մի քանի անգամ, Հետախույզների լեգեոն ընդունվելուց առաջ, հանդիպում է նրան, և ամեն անգամ Հաննեսը մտածում է, թե ինչպես է ժամանակի ընթացքում փոխվում Էրենը: Նրան կերել է «ժպտացող տիտանը», վերջինս կերել է նաև Էրենի մորը:
Սեյու՝ Կեյջի Ֆուջիվարա
  • Զիկ Յեգեր (ճապ.` ジーク・イェーガ Jīku Yēgā, անգլ.` Zeke Yeager)
Էրենի արյունակից եղբայրը, Գրիշա Յեգերի և Դինա Ֆրիցի որդին, համարվում է Գազանանման տիտանը (անգլ. Beast Titan): Թագավորական տոհմի ժառանգորդ, ով կարողանում է «տիտանի ճիչը» (այդ մեկ ճիչը կարողանում է մարդկանց տիտանի վերածել) գործարկել: Նրա տիտանը պատված է խիտ մազածածկույթով և կարողանում է խոսել: Մանուկ հասակում, լինելով այդ տիտանի ուժի թեկնածուն, նա մատնում է իր ծնողներին, ովքեր Էլդիայի ազատագրական շարջման խմբին էին ղեկավարում: Մառլիի հրամանատարությունը դա Զիկի հավատարմության դրսևորումն է համարում, բայց, իրականում Զիկը ցանկանում էր իրականացրել Էլդիայի ազատագրումը, սակայն որոշեց Մառլիայի վստահությունը ստանալով հասնել դրան: 850 թվականին՝ Մառլիի հրամանով ուղևորվում է Պարադիզ, որտեղ առաջին անգամ որպես գլխավոր հերոս է ներկայանում: Զիկը ներխուժում է Կոնիի գյուղ և այնտեղի բնակիչներին տիտանների է վերածում՝ կեղծելով Ռոզա պատի փլուզումը: Հետագայում, նա իր խոսելու և տիտաններին ղեկավարելու կարողություններով սարսափեցնում է Մայքին: Այդտեղ Զիկը իմանում է Ուղղահայաց Մանևրելու Սարքավորման (անգլ.՝ Vertical Maneuvering Equipment) մասին և զարմանում է այդ տեխնոլոգիայով, իսկ տիտաններին հրամայում է ուտել Մայքին: Մի քանի ժամ անց, նա՝ Ուտգարդ ամրոցի հարցակման ընթացքում ղեկավարում է տիտաններին և մեծ քար է նետում դեպի ամրոց՝ սպանելով երկու հետախույզների: Դրանից հետո Զիկը Շիգանշինա է գնում: Որոշ ժամանակ անց նա հանդիպում է Ռայների և Բերտոլդի հետ, և նրանք միասին դավադրություն են կազմակերպում: Երբ հետախույզները մտնում են քաղաք, Զիկը նրանց հետևի կողմից շրջապատում է և սկսում է նրանց վրա քարեր շպրտել: Հետախույզները ձիերով նրա մոտ են գնում, որպեսզի շեղեն նրա ուշադրությունը, սակայն Զիկը նրանց մաքրում է երկրի երեսից, այդպես սպանելով Մառլոյին և Էրվինին: Սակայն Գազանանման տիտանը չի նկատում Լևիին, ով սպանել է բոլոր թիկնապահ տիտաններին: Զիկը նրա հետ կռվի ընթացքում պարտվում է և հայտնվում է մահվան եզրին: Սակայն նրան փրկում է Պիկը ՝Բեռնակիր Տիտանի կերպարանքով: Զիկ Յեգերը՝ Ռայների հետ միասին, հրաշքով փրկվում է, և թողնելով Բերտոլդին, վերադառնում է Մառլի:
Սեյու՝ Տակեհիտո Կոյասու
  • Գրիշա Յեգեր (ճապ.` グリシャ・イェーガ Gurisha Yēgā, անգլ.` Grisha Yeager)
Զիկի և Էրենի հայրը: Մանուկ հասակում իր քրոջ՝ Ֆեյի հետ միասին գնում է օդապարիկներին դիտելու, որից հետո Մառլիի սպաներից մեկը սպանում է Ֆրեյին: Հետագայում նա Դիմադրողների ջոկատ է ընդունվում: Նրա առաջին կինը Դինա Ֆրիցն է, նրանք ունեցան որդի՝ Զիկին, որին ուղղարկում են ծառայության, որպեսզի նա զինվոր դառնա և վերադարձնի Էլդիան: Սակայն, Զիկը չէր կիսում նրանց մեթոդները՝ Գրիշայի ջոկատը հիմարների խումբ համարելով և որոշում է մատնել իր ծնողներին, որպեսզի Մառլիի վստահությունը ձեռք բերի: Պարադիզի պատի մոտ նա ծանոթանում է Ֆիլինի՝ իր նախկին կազմակերպության գաղտնի գործատուի հետ, իմանում է Կոորդինատի մասին և ստանում է Գրոհող տիտանի (անգլ. Attack Titan) ուժը: Այնուհետև նա գալիս է Մարիա պատի մոտ, որտեղ Հետախույզների լեգեոնի արտապատային արշավի ժամանակ նրան Շադիսն է գտնում: Գրիշան նոր կյանք սկսեց: Հանդիպեց Էրենի մորը, ով նրա երկրորդ կինը դարձավ: Մարիա պատի փլուզումից հետո սպանում է թագավորական ընտանիքի գրեթե բոլոր անդամներին և տիրում է Հիմնադիր տիտանի (անգլ. Founding Titan) ուժին: Էրենին տիտան դարձրեց, վերջինս կերավ Գրիշային և ստացավ Հիմնադիր տիտանի և Գրոհող տիտանի ուժերը՝ Կոորդինատի հետ միասին:
Սեյու՝ Հիրոսի Ցուտիդա
  • Դինա Ֆրից (ճապ.` ダイナ ・フリッツ Daina Furittsu, անգլ.` Dina Fritz)
Պատերից դուրս գտնվող թագավորական ընտանիքի միակ ներկայացուցիչը: Էլդիայի ազատագրական շարժման մասնակից, Գրիշայի կինը և Զիկի մայրը: Որդու դավաճանությունից հետո վերածվում է «ժպտացող տիտանի», ով կերել է Էրենի մորը, իսկ հետագայում Հաննեսին: Սպանված է այլ տիտանի կողմից, ով նրա վրա է հարձակվում՝ Էրենի կողմից Կոորդինատը ակտիվացնելուց հետո: Տիտան դառնալուց առաջ և Գրիշային ասված նրա վերջին խոսքերն են՝ «Ինչ տեսք էլ որ ընդունեմ... ես միշտ կփնտրեմ քեզ…»:
  • Ռոդ Ռեիս (ճապ.` ロッド・レイス Roddo Reisu, անգլ.` Rod Reiss)
Թագավորական ընտանիքի միակ ողջ մնացած անդամը, ով թագավորում էր ուրիշների մեջքի հետևում: Նա 5 օրինական երեխա ուներ, իսկ կնոջը դավաճանելուց հետո ծնվում է Հիստորիան: Նա միշտ վախենում էր տիտանի ուժը ընդունել, որի արդյունքում սկզբում այդ պարտականությունը հանձնարարում է եղբորը՝ Ուրիին, այնուհետև ավագ դստերը՝ Ֆրիդային, իսկ հետագայում՝ Հիստորիային: Կեննի Աքերմանի ազդեցության տակ իրեն է ներարկում տիտան դառնալու շիճուկը և վերածվում է 120 մետրանոց ահռելի տիտանի: Սպանվում է Հիստորիայի կողմից՝ Օրվուդ շրջանում:
Սեյու՝ Յուսակու Յարա
  • Ուրի Ռեիս (ճապ.` ウーリ・レイス Ūri Reisu,` անգլ. Uri Reiss)
Ռոդի հարազատ եղբայրը, ով ընդունել է «թագավորական տիտանի» ուժը, որի արդյունքում ամբողջովին փոխվում է նրա աշխարհայացքը: 13 տարի անց ուժը փոխանցում է եղբոր ավագ դստերը՝ Ֆրիդային:
  • Ֆրիդա Ռեիս (ճապ.` ウーリ・レイス Furīda Reisu, անգլ.` Frieda Reiss)
Ռոդի ավագ դուստրը և Հիստորիայի խորթ քույրը: Հորեղբայ Ուրիին ուտելուց հետո ստանում է «թագավորական տիտանի» ուժը: Միակ մարդը, ով շփվում էր Հիստորիայի հետ: Գիտեր այս աշխարհի մասին ամբողջ ճշմարտությունը, որի պատճառով նրա տրամադրությունը հաճախ էր փոփոխության ենթարկվում: Եղբայրների, քույրերի և մոր հետ միասին սպանվում է ընտանեկան մատուռում՝ Գրիշայի կողմից:
  • Քեննի Աքերման (ճապ.` ケニー・アッカーマン Kenī Akkāman, անգլ.` Kenny Ackerman)
Չտեսնված մարդասպան, ով Աքերմանների տոհմի ճշմարտությունը բացահայտելուց հետո որոշում է հետևել Ռեիսերի տոհմին: Ռոդի կողմից ընդունվելուց հետո մինչև նրա կյանքի վերջ հավատարիմ է մնում նրան: Լևիի հարազատ մորեղբայրը, ով քրոջ մահից հետո նրա դաստիրակությամբ էր զբաղվում: Նա է սպանել Հիստորիայի հարազատ մորը, ինչպես նաև Հետախույզների լեգեոնի բազմաթիվ զինվորներին: Փորձում էր ընտանեկան մատուռում ազատ արձակել Էրենին, որպեսզի վերջինս տիտան լինելու իրավունքի համար պայքարի Հիստորիայի դեմ: Հենց այնտեղ էլ նա մահացու վնասվածք է ստանում և մահանում է՝ Լևիին թողնելով տիտան դառնալու շիճուկը:
Սեյու՝ Կազուհիրո Յամաջի
  • Ֆլոք Ֆորսթեր (ճապ.՝ フロック・フォルスタ Furokku Forusutā, անգլ.՝ Floch Forster)
Հետախույզների լեգեոնի երիտասարդ զինվոր: Միակը, ով ողջ է մնացել Գազանանման տիտանի քարերով հարձակումից: Համարում է, որ շիճուկը պետք է ներարկեին Էրվինին, այլ ոչ թե Արմինին:
Սեյու՝ Կենսյո Օնո

Տիտաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիտանների (ճապ.՝ 巨人 Kyojin, անգլ.՝ Titan) մասին քիչ բան է հայտնի. նրանք գրոհում են բնազդաբար, չնայած մարդկանց են ուտում, սկզբունքորեն ուտելիքի կարիք չունեն և արևի ճառագայթներից են ուժ ստանում: Իրենց փորը մարդկանցով լցնելով, տիտանները նրանց՝ մեծ գնդի տեսքով դուրս են թքում: Տիտանները կենդանիներին ընդհանրապես չեն նկատում: Ունեն կոշտ մաշկ և կարողանում են վերականգնվել (նույնիսկ գլխատված տիտանը շարունակում է ապրել), տիտանների միակ թուլությունը նրանց վզակոթն է (վզի ետևի մասը) և այն ճիշտ խորությամբ կտրելու դեպքում, սպանում է տիտանին: Այս փաստը մարդկությանը ստիպեց ստեղծել Ուղղահայաց Մանևրելու Սարքավորումը (անգլ.՝ Vertical Maneuvering Equipment), որը մարդուն հնարավորություն է տալիս շարժվել եռաչափ տարածության մեջ: Սարքը գործարկելը պահանջում է լավ ֆիզիկական պատրաստություն, այն օգտագործելու իմացությանը գերազանց տիրապետում, և ամենագլխավորը՝ հավասարակշռություն:

Հայտնի չէ, թե ինչպես են տիտանները հայտնվել երկրի վրա: Ամենափոքր տիտանի հասակը 3 մետր է, իսկ մեզ հայտնի խոշոր տիտանը, Հսկա տիտանը (անգլ.՝ Colossus Titan), 60 մետր է: Որոշ տիտաններ շատ նման են մարդկանց, որոշների գլուխը, կրծքավանդակը, փորը, մեջքը և կոնքը անհամաչափորեն մեծ են: Հայտնի է, որ տիտաններին ապրելու համար ջուր կամ ուտելիք պետք չէ: Նրանց էներգիայի հիմնական աղբյուրը արևն է, որի բացակայության դեպքում նրանք երկարատև քնի մեջ են մտնում: Երբ տիտանը դադարում է արևից էներգիա ստանալ, նա ժամանակի ընթացքում ուժասպառ է լինում, որը կախված է նրա չափսերից, ինչքան նա մեծ է, այնքան երկար է ակտիվ մնում: Տիտանների ջերմաստիճանը այնքան բարձր է, որ մարմնի հետ շփումից հետո հնարավոր է այրվել, և երբ տիտանին վնաս են հասցնում, մարմնից գոլորշի է դուրս գալիս: Չնայած հսկայական չափսերի, նրանց քաշը անհավանական ցածր է: Եթե տիտանից մրամնի մի մաս կտրել, ապա այն արագ կվերականգնվի, սակայն, եթե կտրել վզակոթը, ապա տիտանը կմահանա: Որոշ տիտաններ կարող են մարդկային կերպարանք ընդունել (Էրեն, Ռայներ, Բերտոլդ, Էննի, Իմիր, Զիկ, Գրիշա, Ֆրիդա): Մարդկային կերպարանքով նրանց մարմինը արագ վերականգնվում է՝ գոլորշի արձակելով: Սակայն, սովորական տիտանները նրանց մարդկանցից չեն տարբերում և, ինչպես մյուսներին, փորձում են ուտել: Տիտանի կերպարանք ընդունելու համար նրանք պետք է իրենց վնաս հասցնեն և որոշակի նպատակի վրա կենտրոնանան: Նրանց մարմինը հայտնվում է տիտանի խոցելի մասում՝ վզակոթում: Հայտնի չէ, թե կարող է սովարական տիտանի մարմնի վզակոթում մարդ հայտնվել կամ արդյոք անցյալում նրանք մարդիկ են եղել: Երբ Կոնին իր ավերված տան վրա տիտան է տեսնում, նա ասում է, որ արարածը նման է նրա սեփական մորը: Հետագայում տիտանների հատուկ տիպ է հայտնվում, որը կապիկի է նման, ունի բանականություն և խոսելու ունակություն, սակայն, նրա դրդապատճառները սովորական տիտանից չեն տարբերվում: Հասակը 17 մետր է, նա անհավանական ուժեղ և դիպուկ է, ինչպես նաև սովորական տիտաններին կարողանում է վախեցնել և կառավարել: Այդ Գազանանման տիտանը Զիկ Յեգերն է, Գրիշա Յեգերի որդին և Էրեն Յեգերի խորթ եղբայրը: Տիտաններին ուսումնասիրման ընթացքում մի վարկած է առաջ քաշվել, ըստ որի, նրանք բոլորը մարդիկ են եղել, և եթե մարդը տիտանի վզակոթում երկար ժամանակ է անցկացնում, ապա վեջնականապես միաձուլվում է նրա ողնաշարի հետ: Հատկանշական է, որ տիտանները լինում են ինչպես սովարական, այնպես էլ անոմալ (տարբերվում են ակտիվությամբ), նրանք նաև կարող են ցատկել և, ինչպես շունը, չորս ոտքերով վազել զոհի հետևից, իրենց ակտիվության պատճառով չափազանց վտանգավոր են:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Attack on Titan episodes 1-6»։ Anime News Network (անգլերեն)։ Վերցված է 2019-04-30 
  2. 2,0 2,1 「進撃の巨人」担当者バック (2013-06-06)։ «進撃キャラの英語表記。よく質問をいただくので、お答えします。「Eren Yeager」「Mikasa Ackerman」「Armin Arlert」「Levi」でございます。»։ @ShingekiKyojin (ճապոներեն)։ Վերցված է 2019-04-30 
  3. «THEM Anime Reviews 4.0 - Attack on Titan»։ www.themanime.org։ Վերցված է 2019-04-30 
  4. Bertolt Hoover՝ Կոդանսյա հրատարակչության անգլերեն թարգմանությունը:
  5. Marco Bott՝ Կոդանսյա հրատարակչության անգլերեն թարգմանությունը: