«Ճշմարտության Սուրը» շարքի գործող հերոսները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Այս հոդվածը վերաբերում է Թերրի Գուդկայնդի «Ճշմարտության սուրը» էպիկական շարքի, ինչպես նաև դրա հիման վրա էկրանավորված «Լեգենդ Որոնողի մասին» հեռուստասերալի կերպարներին:

Գլխավոր հերոսները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիչարդ Սայֆեր/ Ռալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիչարդ Սայֆերը (Ռալը) Թերրի Գուդկայնդի ստեղծագործություններում գործող գլխավոր հերոսն է, Ջորջ Սայֆերի որդեգիր որդին։ Առաջին անգամ ընթերցողը հանդիպում է այս հերոսին «Ճշմարտության սուրը» բեսթսելլերում, որը բաղկացած է հրաշագործի 11 կանոնների մասին առանձին գրքերից և «Ռիչարդ և Կէլեն» շարքից, որում  ներառված է 4 վիպակ։

Ռիչարդը մուգ մազերով, մոխրագույն աչքերով, սուր հայացքով հաղթանդամ տղամարդ է, վերջին երեք հազար տարիների ընթացքում ծնված միակ մարտական մոգն է, թեև պատմության սկզբում տեղյակ չէ իր ծագմանը և աշխատում է Վեստլանդիայում որպես անտառային ուղեկցորդ։ Հրաշագործների միջև երեք հազար տարի առաջ տեղի ունեցած Մեծ պատերազմից հետո Ռիչարդը միակն է, ով ի ծնե ժառանգել է հրաշագործության ոչ միայն արարման, այլև կործանման կողմերը (հրաշագործները պատերազմից հետո ծնվում էին միայն արարման հրաշագործությամբ)։

Ռիչարդը մանկուց դրսևորում է որոնողին բնորոշ հատկանիշներ, ինչը չի վրիպում Ռիչարդի պապու՝ առաջին հրաշագործ Զեդդիկուս Զուլ Զորանդերի (ավելի հաճախ՝ Զեդդ) աչքից։ Երբ հասունանում է պահը, Զեդդը, մեկ անգամ ևս համոզվելով թոռի ունակությունների հարցում, Ռիչարդին է շնորհում «ճշմարտության սուրը» և կոչում նրան «ճշմարտություն որոնող»։

Կախարդական աշխարհում ծավալվող դաժան իրադարձությունները հաղթահարելով՝ Ռիչարդը հասնում է դ՛Հարա կոչվող պետություն, որտեղ պարզում է, որ իր իրական հայրը Դարկեն Ռալն է, այդ պետության առաջնորդը։ Իր ագահության պատճառով Դարկեն Ռալը փորձում է զավթել ողջ աշխարհը, սակայն Ռիչարդը պարտության է մատնում նրան՝ գրավելով հոր տեղը որպես դ՛Հարայի, ապա նաև ողջ Միջին Երկրների առաջնորդ։ Այդ պահից ի վեր նա հանդիպում է ընթերցողին միայն որպես Ռիչարդ Ռալ։

Հաջորդ վեպերում Ռիչարդի պայքարը երազների մեջ ներթափանցող, դրանց միջով քայլող, մտքեր կառավարող Ջեգանի հետ է։ Ջեգանը Հին Աշխարհից է և պայքարում է կախարդանքի դեմ։ Նրա կարգախոսն է՝ աշխարհը առանց հրաշագործության։ Ջեգանը ներխուժում է Նոր Աշխարհ, պայքարում Ռիչարդի դեմ «Ճշմարտության սուրը» շարքի երկրորդից տասնմեկերորդ գրքերում։

«Ճշմարտության սուրը» շարքը ավարտվում է Ռիչարդի կողմից առաջարկվող մի լուծմամբ․ նա Օդենի զարդատուփերի և ճշմարտության սրի միջոցով ստեղծում է ալտերնատիվ իրականություն, մեր աշխարհին զուգահեռ այլ աշխարհ, որը զուրկ է կախարդանքից, և որտեղ տեղափոխվում են բոլոր նրանք, ովքեր չեն ուզում ապրել հրաշագործների կողքին։

Այս ամբողջ պատմության սյուժեն, սակայն, զերծ չէ նաև սիրային դրվագներից․ առաջին զույգը, որին անդրադառնում է Գուդկայնդը, Ռիչարդը և Կէլենն են։ Կէլենը Ռիչարդի սիրելի է, Ռիչարդի խոսքով՝ իրեն շնչել ստիպող միակ էակը։

Կէլեն Ամնել[խմբագրել | խմբագրել կոդը]

Կէլեն Ամնելը Գուդկայնդի ստեղծագործության գլխավոր հերոսուհին է։ Կէլենը վայելչակազմ կին է, շագանակագույն երկար մազերով և կանաչ աչքերով։ Նա խոստովանամայր է, Ռիչարդի սիրելին հենց առաջին հանդիպումից հետո։

Ծնվելով և մեծանալով Միջին Երկրներում՝ Կէլենը քաջատեղյակ է դարերի պատմությանը, ազգերի ավանդույթներին, տիրապետում է բազմաթիվ լեզուների, որոնցով հաղորդակցում են Միջին Երկրներում, ինչպես նաև լավ տիրապետում է ռազմական արվեստին հոր շնորհիվ, քանի որ վերջինս ակնառու ռազմիկ է եղել։

Խոստովանամոր կերպարը ևս մտացածին կերպար է Գուդկայնդի կողմից։  Մինչ «Ճշմարտության սուրը» շարքը, Գուդկայնդը այլ ստեղծագործությամբ, որը կոչվում է «Առաջին խոստովանամայրը», պատմում է Մագդա Սիրիուսի և հրաշագործ Մերիտի սխրանքների մասին՝ անդրադառնալով հրաշագործների կողմից առաջին խոստովանամոր ստեղծման պատմությանը։ Դեպքերը տեղի են ունենում Ռիչարդի ծնվելուց երեք հազար տարի առաջ, երբ ծավալվում է հրաշագործների միջև Մեծ պատերազմը։ Որպեսզի բացահայտեն դավաճաններին, հրաշագործները տարբեր միջոցներ են ձեռնարկում, նաև մարդկանցից զենքեր են կերտում։ Պայքարի ամենաթեժ պահին Մերիտ անունով մի հրաշագործ կարողանում է ստեղծել խոստովանամայրերին, և առաջին խոստովանամոր դերում հանդես է գալիս կամավոր մի կին Մագդա Սիրիուս անվամբ։

Խոստովանամայրերը կախարդական էակներ են, և երբ նրաք իրենց ուժը կիրառում են որևէ մեկի նկատմամբ, այդ մարդը դադարում է իր գոյությունը որպես անհատ․ թեև նա ողջ է մնում, սակայն կորցնում է իր կամքը, բոլոր նպատակները, ցանկությունները։ Նա սկսում է ապրել միայն մի ցանկությամբ՝ գոհացնել իրեն դիպած խոստովանամորը, ապրել հանուն նրա գոհունակության։ Եվ բնականաբար, անկեղծ պատասխանում է խոստովանամոր ցանկացած հարցին, որքան էլ որ պատասխանը զարհուրելի լինի, միայն թե նրան չհիասթափեցի։

Երբ խոստովանամայրը կիրառում է իր ուժը, նրան անհրաժեշտ է որոշ ժամանակ՝ վերականգնելու համար ուժերը և կարողությունը։ Եթե սովորաբար դրա համար պետք է լինում 2-3 օր, ապա Կէլենը վերականգնում է իր կարողությունները 2-3 ժամում։

Միջին երկրներում, Հին ու Նոր Աշխարհներում կնոջ մասին առաջին հերթին խոսում են նրա մազերը․ որքան երկար են կնոջ մազերը, այնքան ավելի բարձր դիրք է գրավում նա հասարակության մեջ։ Որպես Միջին Երկրների ղեկավար՝ Կէլեն Ամնելն ունի բոլորից երկար վարսեր։ Մի առանձնահատկություն ևս․ բոլոր խոստովանամայրերը միշտ կրում են սև հասարակ զգեստներ, սակայն Կէլենը, համարվելով բոլորից գլխավորը, այսինքն մայրը, կրում է սպիտակ զգեստ։ Նա հետևում է Միջին Երկրների բոլոր ազգերի բարեկեցությայնը, հսկում, որ բոլորի իրավունքները հավասարապես պաշտպանվեն, ոչ մեկին առավելություն չի տալիս մյուսի նկատմամբ։

Օրհասական պահին, երբ Միջին Երկրները կանգնած են կործանման եզրին Դարկեն Ռալի պատճառով, Կէլենը ուղևորվում է Վեստլանդիա՝ հատելով մահացու վտանգավոր սահմանը, որպեսզի գտնի Առաջին հրաշագործին և ստիպի նրան անվանել ճշմարտություն որոնողին։

Վեստլանդիայում էլ, փախչելով իրեն հետապնդող քառյակից, Կէլենը հանդիպում է Ռիչարդին, որը փրկում է իր կյանքը։

Հետագա պայքարը Ռիչարդն ու Կէլենը շարունակում են միասին։ Նրանք միշտ հավատարիմ են նույն իդեալներին, պայքարում են նույն գաղափարների համար, միշտ ընդունում են միմյանց տեսակետները և քայլերի ճշմարտացիությունը։

Կէլենը յուրահատուկ խոստովանամայր է, քանի որ Մագդա Սիրիուսից հետո միայն նրան է հաջողվում ամուսնանալ սիրելով և իր ամուսնու կամքը չոչնչացնել, նրան չդարձնել իր կամքին ենթարկվող ստրուկ։

Կէլենը հետագա շարադրանքում արդեն Ռիչարդի կինն է և ամենահավատարիմ կողմնակիցը։

Զեդդիկուս Զուլ Զորանդեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Զեդդիկուս Զուլ Զորանդերը (Զեդդ) շարքի գլխավոր հերոսներից մեկն է: Նա Ռիչարդ Ռալի պապն է, Առաջին կարգի հրաշագործ, ամենաազդեցիկ մոգերից: Զեդդն այն մարդն է, ով մանկուց հետևել է Ռիչարդի զարգացմանը՝ նրան պարբերաբար մատնացույց անելով ճիշտ ուղղութուններ:

Զեդդը տիրապետում է միայն հրաշագործության արարման կողմին, զուրկ է կործանող հրաշագործության տարրերից, այսինքն, նա կարող է փոխել հինգանոց մետաղադրամը`դարձնելով այն տասանոց մետաղադրամ, կամ կարող է պղինձը վերափոխել ոսկու, սակայն չի կարող մետաղադրամը վերացնել կամ անհետացնել, նա կարող է տեղափոխել այն այլ վայր:

Զեդդը, հիասփավելով մարդկանց վերաբերմունքից իր հանդեպ, և տեսնելով, թե ինչպես են մարդիկ հեշտ մոռանում, թե ինչեր է ինքն արել նրանց համար, ստեղծում է կախարդանքի տարրերից զերծ աշխարհամաս՝ Վեստլանդիան, ջնջում բոլորի հիշողությունը իր մասին՝ որպես Առաջին հրաշագործի, և հեռանում իր ստեղծած երկիր, ապրում երկար տարիներ իր թոռի և այլ մարդկանց հետ միասին մինչ Կէլենի հայտնվելը, երբ բացահայտվում է Զեդդի անձը։

Երբ Զեդդը ցանկանում է ինկոգնիտո ճամփորդել, օգտագործում է «Ռուբեն Ռիբնիկ» մականունը։

«Ճշմարտության սուրը» շարքում Զեդդը ողջ և առողջ է, Ռիչարդի կողքին, սակայն «Ռիչարդ և Կէլեն» շարքում սպանվում է Իրենայի կողմից, շարունակում է գոյություն ունենալ որպես կախարդական ոգի:

Կառա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառան նկարագրվում է որպես հրաշալի գեղեցկության տեր, բարձրահասակ, վայելչակազմ, սառցե լազուր աչքերով և երկար, շեկ մազերով կին։ Նա մորդ-սիթ է, Դարկեն Ռալի, ապա Ռիչարդ Ռալի անձնական թիկնապահը։

Կառան, բացի թիկնապահ լինելուց, նաև Ռիչարդի և Կէլենի լավագույն ընկերն է։ Նա առաջին մորդ-սիթն է, ով ամուսնանում է։

Պատմության ընթացքում նրա «քույր» մորդ-սիթերը կտրում են նրա երկար մազերը`դավաճանության մեղադրանքով:

Կառայի բնավորության առավել բնորոշ գծերից են սարկազմը, հումորի զգացողությունը, սուր խելքը: Նա հաճախ է կրկնում Ռիչարդին, որ Ռիչարդը լսեր իրեն, ապա անախորժության մեջ չէր հայտնվի։ Ինչպես և մորդ-սիթերի մեծ մասը, Կառան սովորաբար կրում է կարմիր կաշվից կիպ գրկող զգեստներ, քանի որ կարծես միշտ սպասում է դժվարությունների, իսկ կարմիր գույնի վրա զոհի արյունը չի երևում:

Նա հաճախ է վտանգում իր կյանքը և գրեթե մահանում է Ռիչարդին փրկելու բազմաթիվ փորձերի մեջ՝ հատկապես խոշտանգումների ենթարկվելով սարսափելի ձևով։ Նա հոգ է տանում Ռիչարդի համար և համարում է իրեն ոչ միայն տիրակալ Ռալի թիկնապահը, այլև լավագույն ընկերը։

Ռիչարդից փոխադարձ հարգանք և վստահություն վաստակելով՝ նա դարձել է Ռիչարդի ամենալավ պաշտպանը, քանի որ կարողանում է ճամփորդել Սիլֆիդայի օգնությամբ և համարվում է մորդ-սիթերի ոչ պաշտոնական ղեկավարը:

Կառան ոչ միայն Ռիչարդի, այլև Կէլենի թիկնապահն է, իրենց բնորոշմամբ՝ «էյջիլի քուրը»․ էյջիլը մորդ-սիթերի զենքն է, որով նրանք տանջում, երբեմն սպանում են իրենց զոհին։

«Ճշմարտության սուրը» շարքն ավարտվում է Կառայի և դ՛Հարայի զորքերի գլխավոր հրամանատար Բենջամին Մեյֆերտի ամուսնությամբ։

Պատմության շարունակության մեջ Կառան կորցնում է ամուսնուն, և միայնակ մնալով ողջ աշխարհում՝ զոհում է իր կյանքը հանուն Ռիչարդի՝ հետ վերադարձնելով նրան հանդերձյալ աշխարհից։

Ռալերի ընտանիքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Դարկեն Ռալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դարկեն Ռալը առաջին մագիստրն է, ում ընթերցողը հանդիպում է առաջին գիրքում՝ «Հրաշագործի առաջին կանոնը»։ Նա հրաշագործ է, դ՛Հարայի ղեկավարը և Պանիզ Ռալի որդին, այն անխիղճ սև մոգի, ով սպանվեց առաջին կարգի հրաշագործ Զեդդիկուս Զուլ Զորանդերի ձեռքով: Նա նաև պատմության գլխավոր հերոս Ռիչարդ Ռալի հայրն է (հեռուստասերիալներում նա հանդես է գալիս որպես Ռիչարդ Ռալի եղբայր)։

Դարկեն Ռալին հաջողվում է գերազանցել հորը․ նա տիրապետում է մոգության ոչ միայն արարման, այլ նաև կործանման կողմերին՝ ծառայելով անդրաշխարհի տիրակալին: Նրա իշխանության հիմքում ընկած է երկաթյա բռունցքի սկզբունքը։ Իր իշխանությունն ամրապնդելու նպատակով Դարկեն Ռալը օգտագործել է մորդ-սիթ կոչվող կանանց, որոնք ենթարկում էին բոլորին իրենց կամքին տանջանքների միջոցով:

Դարկեն Ռալը ունեցել է բազում զավակներ, որոնք բոլորը, ի տարբերություն Ռիչարդի, զուրկ են եղել հրաշագործության որևէ տարրից։ Այդ պատճառով Դարկեն Ռալը հրամայում էր սպանել նրանց բոլորին, որպեսզի այսպես կոչվող «ապաշնորհները» չբազմանան (հրաշագործության տարրերից զուրկ մարդկանց կոչում էին ապաշնորհներ, ձիրքից զրկվածներ, ինչպես նաև «ճեղքեր աշխարհում» և «արարման սյուներ», օրիգինալ տեքստում՝ "Ungifted", "The Pillars of Creation", "A Hole in The World"):

Երբ Զեդդը սպանում է Դարկեն Ռալի հորը, նա ևս վիրավորվում է։ Սակայն ավելի խոր հետք նրա վրա թողնում են ոչ թե ֆիզիկական, այլ հոգեկան վնասվածքները․ նա ողջ կյանքում ծրագրում է, թե ինչպես վրեժխնդիր լինի Զեդդից։ Արդյունքում նա խորությամբ ուսումնասիրում է Օդենի զարդատուփերի էությունը՝ փնտրելով ճանապարհներ մի օր դրանք կիրառելու և դառնալու համար աշխարհի տիրակալ։ Եվ որպեսզի հասնի իր նպատակին առանց խոչընդոտների, նա սպանում է գրեթե բոլոր հրաշագործներին, ովքեր իր կողմակիցը չեն, և առանց բացառության բոլոր խոստովանամայրերին․ միայն գլխավոր խոստովանամորը՝ Կէլենին է հաջողվում ողջ մնալ։

Էպիկական շարքի հենց առաջին «Հրաշագործի առաջին կանոնը» վեպում Ռիչարդը կարողանում է հաղթել հորը՝ հիմնվելով հոր ինքնավստահության և իշխելու մեծ տենչի վրա․ անգիր իմանալով այն գրքի պարունակությունը, որը պետք է օգներ բացել Օդենի ճիշտ զարդատուփը (գիրքը կոչվում է «Հաշվելի ստվերների գիրք»), Ռիչարդը բաց է թողնում վերջին պարբերությունը, առանց որը լսելու Դարկեն Ռալը բացում է սխալ զարդատուփ և կործանվում։

Ընթերցողը հանդիպում է Դարկեն Ռալի հետ նաև 2-րդ վեպում՝ «Արցունքների քարը» վերնագրով։ Ռիչարդը անզգուշորեն հետ է կանչում հոր ոգին անդրաշխարհից, սակայն կրկին հաղթում է նրան վեպի վերջում՝ ընդմիշտ փակելով ոգիների աշխարհում։

4-րդ վեպում, որը կոչվում է «Քամիների տաճարը», փոքրիկ մի տեսարանում կրկին հանդիպում ենք Դարկեն Ռալին՝ որպես ոգի, որը նորից վնասում է Ռիչարդին, սակայն դա նրա վերջին չար գործն է լինում։

Ջենսեն Ռալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջենսենը Ռիչարդ Ռալի խորթ քույրն է, բայց իր ողջ կյանքն անցկացրել է մոր հետ Դարկեն Ռալից փախչելով, քանի որ Դարկեն Ռալը տանջամահ էր անում իր բոլոր զավակներին, ովքեր ծնվում էին առանց մոգության նշույլի, իսկ Ջենսենը զուրկ էր մոգության տարրերից: Նա այսպես կոչվող «արարման սյուն» կամ «աշխարհի ճեղք» է (օրիգինալ տեքստում՝ "Pillars of creation" կամ "a hole in the world")։ Այսպիսի մարդիկ յուրօրինակ են ոչ միայն այն առումով, որ չեն տիրապետում հրաշագործություն որևէ նշույլի, այլ նաև այն առումով, որ մոգերը և հրաշագործները չեն կարողանում զգալ նրանց իրենց մոգության շնորհիվ, ինչպես նաև չեն կարողանում նրանց հանդեպ որևէ հմայք կիրառել։ Հաճախ ասում են, որ հրաշագործները կույր են նրանց հանդեպ։

Ջենսենին ընթերցողն առաջինը անգամ հանդիպում է«Քամիների տաճարը» վեպում, բայց նրան է նվիրված վեցերորդ վեպը՝ «Արարման սյուներ» վերնագրով: Ջենսենը մոր հետ փոքր հասակում փախել է Դարկեն Ռալից և ապրում է հեռավոր մի անտառում՝ կտրված ողջ աշխարհից։ Մի օր նա պատահաբար իրենց տնակի մոտակայքում տեսնում է դ՛Հարայի մահացած զինվոր, որի գրպանում գտնում է թղթի վրա գրված իր անունը։ Նույն պահին Սեբաստիան անունով անծանոթ մի մարդ իր օգնությունն է առաջարկում աղջկան։ Նա համոզում է Ջենսենին, որ Ռիչարդ Ռալն է հավանաբար ուղարկել զինվորին սպանելու համար Ջենսենին, քանի որ այժմ Ռիչարդն է իշխում դ՛Հարայում իրենց հորը սպանելուց հետո։ Սեբաստիանի ընկերները, հայտնվելով դ;Հարայի զինվորների հագուստով, սպանում են Ջենսենի մորը, իսկ Սեբաստիանը համոզում է Ջենսենին հանդիպել կայսր Ջեգանի հետ, ով Հին Աշխարհի տիրակալն է և փորձում է գրավել Նոր Աշխարհը, ոչնչացնել հրաշագործությունը աշխարհի երեսից։

Ջենսենը կարծում է, որ իր փրկության միակ միջոցը Ռիչարդին սպանելն է։ Ամբողջ վեպի ընթացքում Ջենսենը փնտրում է Ռիչարդին, որ սպանի նրան, քանի որ վստահ է, որ Ռիչարդի մոգությունն իր վրա որևէ ազդեցություն չի կարող ունենալ։ Սակայն երբ նա ի վերջո հանդիպում է եղբոր հետ, բացահայտում է ողջ ճշմարտությունը և դառնում եղբոր հավատարիմ ընկերներից։

«Ճշմարտության սուրը» շարքի վերջում Ջենսենը իր ապագա ամուսնու՝ Թոմի հետ միասին հեռանում է Ռիչարդի ստեղծած զուգահեռ իրականությունում գրծող աշխարհ, որը զուրկ է մոգությունից։

Դրեֆան Ռալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրեֆան Ռալը Ռիչարդի խորթ եղբայրն է, մարմնավաճառի որդի, ում ևս Դարկեն Ռալը չէր կարող հայտնաբերել, քանի որ նա զուրկ էր մոգության տարրերից և, հետևապես, անտեսանելի էր հոր համար։

Դրեֆանը շատ նման է հորը արտաքնապես, գրեթե նույն դիմագծերը և նույն կապույտ աչքերը։

Դրեֆանը «Քամիների տաճարը» վեպի հերոսներից է, ով հայտնվում է այն ժամանակ, երբ կայսր Ջեգանը իր մոգերից մեկի մարմնում հայտնվում է խոստովանամայրերի պալատում և ահաբեկում Կէլենին ու Կառային։ Կառան վիրավորվում է, իսկ Դրեֆանը բուժում է նրան։ Այնուհետև նա ներկայանում է Ռիչարդին որպես Ռաուգ Մոսի գլխավոր քահանա:

Քանի որ մթի քույրերից մեկը քանիմերի տաճարից գողանում է վտանգավոր մոգություն և Նոր Աշխարհում տարածում ժանտախտ, իսկ Դրեֆանը բժշկելու շնորհ ունի, ապա նմում է ծառայելու Ռիչարդին։

Ժանտախտը հաղթահարելու նպատակով Ռիչարդը պետք է գտնի քանիմերի տաճարը և մտնի այնտեղ, որը կարոող է անել միայն այն դեպքում, երբ Դրեֆանը ամուսնանա Կէլենի հետ, իսկ Ռիչարդը՝ իր պատանեկության տարիների ընկերուհու՝ Նադինայի։ Երբ հասնում է ամուսնության օրը, Կառան զգուշությամբ փոխում է զույգերին՝ Կէլենին ուղեկցելով Ռիչարդի սենյակ, ոչ թե Դրեֆանի։ Արդյունքում Կէլենը խուսափում է Դրեֆանի հետ իրական ամուսնությունից, իսկ Ռիչարդն ուղևորվում է քամիների տաճար, որը գտնվում է հանդերձյալ աշխարհում։

Դրեֆանը շուտով իրեն հայտարարում է դ'Հարա կայսրության տիրակալը Ռիչարդի փոխարեն, քանի որ բոլորը կարծում են, որ Ռիչարդը մահացել է։

Նա բացահայտում է իր էությունը, և պարզվում է, որ տեղի ունեցող բոլոր վայրագ սպանություններում հենց Դրեֆանն է մեղավոր (Դրեֆանը սովորություն ուներ տանջամահ անել և մասնատել անբարո կանանց)։ Ապա նա սկսում է տանջել նաև Կէլենին, Կառային և Բերդինային։ Ռիչարդը կարողանում է հետ վերադառնալ քամիների տաճարից, իսկ Դրեֆանը փորձում է սպանել նաև նրան, սակայն այս անգամ Դրեֆանին կանգնեցնում է Սիլֆիդան՝ սնդիկից կազմված կախարդական իրը, որը մեծ արագությամբ մարդկանց կարողանում է տեղափոխել տարբեր վայրեր՝ անկաշ հեռավորությունից։

Վեպի ավարտին պարզվում է, որ Դրեֆանը բնավ էլ Ռաուգ Մոսի քահանայապետ չէր, այլ վտարվել էր բոլոր քրմերի կողմից իր դաժանության պատճառով։

Օբա Ռալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օբա Ռալը Ռիչարդի, Ջենսենի և Դրեֆանի եղբայրն է, Դարկեն Ռալի ևս մի որդի, որը Ջենսենի նման զուրկ է հրաշագործության տարրերից։ Ի տարբերություն Ջենսենի՝ նա աչքի է ընկնում սարսափելի դաժանությամբ, չարությամբ և սառնասրտությամբ։ Նա մոտավորապես նույն տարիքի է, ինչ Ջենսենը։

Մանկուց միշտ արհամարհված լինելով մոր կողմից՝ առանձնապես չարանում է բոլորի դեմ։ Նա Ջենսենի նման լսում է հանդերձյալ աշխարհի տիրակալի ձայնը, որը նրան անընդհատ դրդում է չարիք գործել, սակայն նա, ի տարբերություն քրոջ, հեշտությամբ ընդունում է ձայնի խորհուրդները՝ իրեն համարելով արժանի իշխելու դ՛Հարայում՝ Ռիչարդի փոխարեն։

Վեպի վերջում նա մահանում է միայնության մեջ՝ անապատում լքված։

Նաթան Ռալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նաթան Ռալը հզոր կախարդ է և Ռիչարդ Ռալի նախապապը: Նա բարձրահասակ է, ունի լայն ուսեր և մինչև ուսերը հասնող սպիտակ մազեր: Չնայած իր ծայրահեղ տարիքին (մոտ 1000 տարեկան)՝ նա դեռ պահպանել է իր գեղեցկությունը և գտնվում է հիանալի ֆիզիկական վիճակում: Նաթանը խելացի, իմաստուն մարդ է: Նա մարգարե է՝ այն տեսակի հրաշագործ, ով կարողանում է տեսնել ապագան՝ իր հրաշագործ ուժի շնորհիվ։

Քանի որ մարգարեությունները համարվում են վտանգավոր զենք և նրանք ճիշտ մեկնաբանել չկարողացող մարդկանց համար կարող են մեծ չարիք դառնալ, ապա մարգարեներին սովորաբար տեղափոխում են Մարգարեների պալատ, որտեղ կախարդական ուժերի շնորհիվ ժամանակը 15-20 անգամ դանդաղ է հոսում, այդ պատճառով այնտեղ գտնվող մարդիկ գրեթե անմահ են։ Նույն պատճառով Նաթանը ևս հայտնվել է Մարգարեների պալատում դեռ մանկուց և ապրել այնտեղ մոտ 1000 տարի։

Պատմության ողջ ընթացքում Նաթանին ընթերցողը հանդիպում է տարբեր վայրերում, նույնիսկ որպես տիրական Ռալ։ Դա արվում է, քանի որ Ռիչարդը զրկվում է իր մոգական ձիրքից, իսկ հին աշխարհի զավթիչների դեմ պայքարում Միջին Երկրների ժողովուրդը մնում է առանց առաջնարդի։ Բոլորը այդ ընթացքում Նաթանին են ընդունում որպես տիրակալ։

Նաթանը այնուհետև հիմնվում է դ՛Հարայի ժողովրդական պալատում և այնտեղ ապրում՝ այնտեղից օգնելով Ռիչարդին դժվարին գրքերի և մարգարեությունների մեկնաբանման, ինչպես նաև բազում այլ հարցերում։

Պատմության ավարտին նա Նիկիի հետ միասին ուղևորվում է Հին Աշխարհ՝ որպես դ՛Հարայի դեսպան, փորձում գտնել իր նոր կոչումը այն բանից հետո, երբ Ռիչարդը վերացնում է մարգարեություններն աշխարհի երեսից։

Պանիզ Ռալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դ՛Հարայի տիրակալներից է, Դարկեն Ռալի հայրը, Ռիչարդ Ռալի պապը։ Դեռևս նա էր մտադրվել ողջ Միջին Երկրները միավորել դ՛Հարայի կազմում, ապա նրա գործը շարունակում է որդին՝ Դարկեն Ռալը։

Տեսնելով, որ իր մտահաղացման մեջ էական հաջողությունների չի հասնում, Պանիզ Ռալը սկսում է դաժանաբար այրել, ավերել իրեն հակառակվող բոլոր գյուղերն ու քաղաքները՝ օգտագործելով մորդ-սիթերին ու իրեն հավատարիմ հրաշագործներին։

Իմանալով Օդենի զարդատուփերի մասին, սակայն ի վիճակի չլինելով դրանք բացել, նա որդուն՝ Դարկեն Ռալին է փոխանցում դրանց մասին իր ունեցած ողջ տեղեկատվությունը։

Պանիզ Ռալի հիմնական հակառակորդը Միջին Երկրների գլխավոր հրաշագործ Զեդդիկուս Զուլ Զորանդերն է, ում հաղթելու նպատակով Պանիզ Ռալը քառյակ է ուղարկում սպանելու Զեդդի կնոջը և առևանգելու նրա դստերը։

Դա հանգեցնում է նրան, որ Զեդդը, գործադրելով իր ողջ ուժը, հաղթում է Պանիզ Ռալին՝ նրան ոչնչացնելով հրաշագործի կրակի միջոցով, և ստեղծում է դ՛Հարան Միջին եկրներից առանձնացնող սահմանները, որոնք անանցանելի են։ Զեդդի կրակից տուժում է նաև Պանիզ Ռալի որդին՝ Դարկեն Ռալը, որն այդ պահին հոր կողքին է լինում։ Նա հաճախ է հիշում այդ օրը՝ երդվելով մի օր վրեժխնդիր լինել Զեդդից։

Ալրիկ Ռալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ բան հիշատակված չէ Ալրիկ Ռալի մասին։ Նրա մասին առավելապես խոսվում է Գուդկայնդի «Առաջին Խոստովանամայրը» վեպում, որտեղ հեղինակը պատմում է այն մասին, թե ինչպես է Ալրիկ Ռալը կարողանում դեռևս 3000 տարի առաջ ծավալված պատերազմի տարիներին փրկել մարդկանց երազների միջով քայլողներից (օրիգինալ տարբերակով՝ dream walkers)։ Նա կարողանում է ստեղծել այսպես կոչված «երդման արարողություն», երբ իրեն հավատարմություն խոստանալով՝ մարդիկ ազատվում են երազների միջով քայլողների ազդեցությունից, որևէ մեկը չի կարողանում ներխուժել նրանց մտքերի մեջ։ Այդ շնորհը ժառանգաբար փոխանցվում է Ալրիկ Ռալի սերնդներին, նաև Ռիչարդին։

Մորդ-Սիթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մորդ-սիթերը կանայք են, ում մանուկ հասակից հեռացնում են ընտանիքից և տարիներ շարունակ տանջանքների ենթարկելով՝ դարձնում են դաժան, դիմացկուն էակներ, ովքեր Ռալերի համար սև գործն են կատարում։ Նրանք կարողանում են գերի վերցնել հրաշագործներին այն ժամանակ, երբ վերջիններոս փորձում են կախարդանք գործածել մորդ-սիթի դեմ։

Ռիչարդը նրանց ազատություն է շնորհում, ինչից հետո բոլոր մորդ-սիթերը սեփական կամքով մնում են ծառայելու նոր լորդ Ռալին։

Բերդինա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մորդ-սիթ է բաց լազուր աչքերով, շագանակագույն երկար մազերով։ Գիրուկ է, սակայն ճարպիկ է և մյուս մորդ-սիթերի նման հաստատակամ։ Նա ևս Ռիչարդի թիկնապահներից է և հաճախ կատակում է, իբր լորդ Ռալի ամենասիրելի մորդ-սիթն է։ Նա միակ մորդ-սիթն է, որ տիրապետում է հին դ՛հարական լեզվին, ինչի շնորհիվ շատ է օգնում Ռիչարդին թարգմանելու և հասկանալու համար բազմաթիվ գրքեր ու մարգարեություններ։ Բերդինայի այդ տաղանդից օգտգվել է նաև Դարկեն Ռալը։

Բերդինան լեսբի է, նա սիրում է մեկ այլ մորդ-սիթի։ Դա թաքցնում է բոլորից, քանի որ նախկինում Դարկեն Ռալը այդ հանգամանքն օգտագործել է իր դեմ՝ զվարճանալու և իրեն ծաղրելու նպատակով, սակայն Ռիչարդի կարծիքն այլ է․ նա հարցին ադեկվատ է մոտենում՝ ասելով, որ գնահատում է Բերդինային նախևառաջ որպես մարդ։ Ռիչարդը դա բացատրում է այսպես․ նա հարցնում է, թե արդյոք Բերդինան սիրում է ոլոռ, և երբ վերջինս պատասխանում է այո, Ռիչարդն ասում է, որ ինքը ատում է այն։ Ապա հարցնում է՝ արդյոք Բերդինան դեռ ուզում է իր ընկերը լինել, չնայած այն հանգամանքին, որ իրենք տարբեր կարծիք ունեն որևէ հարցի վերաբերյալ։

Չնայած Կառան է համարվում մորդ-սիթերի ղեկավարը, միշտ ինքն է ուղեկցում Ռիչարդին բոլոր ճանապարհորդությունների ընթացքում, իսկ Բերդինան ոչ, սակայն Բերդինան էլ մնում է դ՛Հարայի ժողովրդական պալատում և շարունակում իր ճանաչողական ու թարգմանչական աշխատանքները՝ այդ եղանակով աննկարագրելի օգուտ տալով Ռիչարդին։

Դեննա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեննան երկար, շագանակագույն մազերով և նույն գույնի աչքերով մորդ-սիթ է, հասակով գրեթե հավասար է Ռիչարդին։ Դեննան առաջին մորդ-սիթն է, ում ընթերցողը հանդիպում է գրքում։ Հենց Դենայի միջոցով է ընթերցողը տեղեկանում, թե ովքեր են մորդ-սիթերը և ինչ տանջանքների միջով անցնելուց հետո են վաստակում այդ կոչումը։

Առաջին վեպում Դեննան գերի է վերցնում Ռիչարդին և տանում դ՛Հարայի ժողովրդական պալատ, որպեսզի Ռիչարդը Դարկեն Ռալի համար անգիր արտասանի «Հաշվելի ստվերների գիրքը», և Դարկեն Ռալը կարողանա բացել Օդենի ճիշտ զարդատուփը։

Ռիչարդին կտտանքների ենթարկելու ընթացքում Դեննան սիրահարվում է նրան։ Այդ սերը ամրապնդվում է հատկապես այն ժամանակ, երբ Ռիչարդը դարման է դնում Դեննայի վերքերին՝ անտեսելով ողջ չարիքը, որ Դեննան պատճառել էր իրեն։

Ներելով Դեննային՝ Ռիչարդը կարողանում է ճշմարտության սուրը դարձնել սպիտակ և սպանել նրան՝ հեռանալու համար դ՛Հարայի ժողովրդական պալատից։ Կյանքի վերջին րոպեների ընթացքում Դեննան իր էյջիլը նվիրում է Ռիչարդին՝ որպես շնորհակալության նշան, և խնդրում է միշտ հիշել իրեն։

Հաջորդ գրքերում Դեննան արդեն ներկայանում է որպես բարի ոգի և միշտ օգնության է հասնում Ռիչարդին, երբ Ռիչարդը գտնվում է հանդերձյալ աշխարհում կամ երկու աշխարհների սահմանում։

Ռայնա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռայնան ևս մորդ-սիթ է, ով Բերդինայի, Կառայի և Հոլլի հետ միասին Ռիչարդին ուղեկցում է Էյդինդրիլ՝ որպես նրա անձնական թիկնապահ: Ռայնան ունի շատ երկար մուգ շագանակագույն մազեր և նշաձև սև աչքեր:

Ռայնան Բերդինայի սիրելին է․ նրանք ներկայացվում են որպես սիրահար լեսբի զույգ։

Ռայնան, վարակվելով ժանտախտով, երկար չի ապրում, մահանում է Ռիչարդի գրկում՝ կյանքի վերջին ակնթարթին ծիծաղելով և շնորհակալ լինելով Ռիչարդին, որ վերջապես ընդունել է իրենց որպես մարդ, ոչ թե որպես զենք։

Ռիկկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիկկան բարձրահասակ, գրավիչ, խորաթափանց կապույտ աչքերով եւ երկար շեկ մազերով մորդ-սիթ է: Նա օգնում է փրկել Զեդդին Ջեգանի մոտ գերությունից։ Ապա Զեդդի հետ ուղևորվում է Հրաշագործների պալատ և ազատում այն Ջեգանի կողմնակիցներից, ամրապնդվում այնտեղ և շարունակում պաշտպանել այդ պալատը։

Ռիկկան մյուս մորդ-սիթերի նման միշտ հավատարիմ է լորդ Ռալին։

Քոնսթանս[խմբագրել | խմբագրել կոդը]

Քոնսթանսը Դարկեն Ռալին հավատարիմ մորդ-սիթ է, որը Դեննային օգնում է Ռիչարդին տանջելու գործում։

Նա նախանձ է և դաժան։ Երբ Քոնսթանսը Դարկեն Ռալին պատմում է, որ դենան խղճում է Ռիչարդին և նրան չի տանջում ինչպես հարկն է, Դարկեն Ռալը բարկանալով ինքն է անձամբ պատժում Դեննային։

Դ՛Հարայի ժողովրդական պալատը լքելուց Ռիչարդն անձամբ սպանում է Քոնսթանսին։

Վիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիկան մորդ-սիթ է, որը հավատարիմ է Հաննիս Արքին: Հեռանալով Դարկեն Ռալին՝ նա մի քանին այլ մորդ-սիթի հետ միասին միացել են Հաննիս Արքին, սակայն պատմության ավարտին նա միանում է Ռիչարդին՝ անձամբ սպանելով Հաննիս Արքին։

Կասիա, Վեյլ և Լաուրեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս երեք մորդ-սիթերը գերված էին Հաննիս Արքի կողմից և ծառայում էին նրան, մինչեւ Ռիչարդը ազատում է նրանց: Դրանից հետո նրանք ևս դառնում են Ռիչարդի թիկնապահները:

Նոր աշխարհի մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդդի[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդդին ծեր, հզոր կախարդ է, Չեյզի վաղեմի բարեկամը, Ռիչարդի ու Զեդդի ամենավստահելի դաշնակիցներից մեկը: Նա բարձրահասակ, նուրբ կին է, սև և մոխրագույն մազերով: Էդդիի աչքերը ամբողջությամբ սպիտակ են, քանի որ նրան տարիներ առաջ կուրացրել էին նույն մարդիկ, ովքեր պայքարում էին հրաշագործների և կախարդների դեմ։ Չնայած դրան՝ նա ունի յուրահատուկ «տեսողություն» իր ձիրքի շնորհիվ։

Տարիներ առաջ Էդդին շատ է ճամփորդել Հին Աշխարհում՝ բազմաթիվ հարցերի պատասխաններ որոնելով։ Իր իմացության շնորհիվ նա շատ է օգնում Ռիչարդին։

Էդդին բնակվում է Վեստլանդիայի ու Նոր Երկրների սահմանի մոտ, և այդ սահմանում բնակվող հրեշների պատճառով զրկվել էր ոտքից, բայց Զեդդը կարողանում է նրա ոտքը կրկին վերականգնել։

Էդդին ծնվել է Նիկոբարիսում, որտեղ բնակվող մարդիկ դեմ էին կախարդներին: Շատերը նրան անվանում են «ոսկորային կին», քանի որ Էդդին իր տանը պահում է իր կատարած բազմաթիվ ճանապարհորդություններից հավաքված ոսկորներ։ Նա ցանկանում էր մնալ մենակ, ուսումնասիրելու իր «բարձրագույն կոչումները»: Սակայն իրականում նա պարզապես թաքնվում էր անդրաշխարհի տիրակալից:

Էդիի տունը ոչնչացնում է ստորերկրյա թագավորությունից ներթափանցած արարածը՝ սկրիյլինգիը։

Չեյզ Բրենդսթոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չեյզը Վեստլանդիայի սահմանապահ զորքի ղեկավարն է, ինչպես նաև Ջորջ Սայֆերի, Զեդդի ու Էդդիի վաղեմի բարեկամը։ Չեյզը հաղթանդամ է, ճկուն, անվախ և հաստատակամ։

Չեյզը Զեդդի հետ միասին ուղեկցում է Ռիչարդին և Կէլենին, երբ նրան փորձում են անցնել Վեստլանդիայի սահմանը և գնալ Միջին Երկրներ՝ կասեցնելու համար Դարկեն Ռալին։

Հետագայում Չեյզը ևս հաճախ օգնության է հասնում Ռիչարդին ծանր պահերին։

Չեյզը ապրում է Հարթլենդում կնոջ՝ Էմմա Բրենդսթոնի և իր զավակների հետ: Չեյզը յուրահատուկ հոբբի ունի իր բոլոր ճանապարհորդություններից քարեր հավաքել։

Այն բանից հետո, երբ Ռիչարդը նշանակվում է ճշմարտության որոնող, Չեյզը խոստանում է անվերապահորեն պաշտպանել և միշտ հավատարիմ ծառայել նրա գործին։

Չեյզը Միջին Երկրներում հանդիպում է ծնողազուրկ Ռեյչելին, որդեգրում նրան և հետ տանում իր հետ Վեստլանդիա՝ իր տուն։

Ռեյչել[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեյչելը փոքրիկ աղջիկ է, որին Թամարանգի թագուհի Միլենան գնում է իր դստեր Վիոլետային զվարճացնելու համար, կարծելով, որ Վիոլետան պետք է Ռեյչելին ղեկավարելով սովորի կառավարել բոլորին։

Ռեյչելը մեծացել է մանկատանը բազմաթիվ այլ երեխաների, այդ թվում իր եղբոր հետ միասին:

Ռեյչելի օգնությամբ Օդենի երրորդ զարդատուփը Ջիլլեր անունով մոգը կարողանում է դուրս բերել Թամարանգի պալատից և փոխանցել Ռիչարդին։

Երբ Դարկեն Ռալը բացում է Օդդենի սխալ զարդատուփ և մահանում, այս զարդատուփի մեջ անդրաշխարհից հայտնվում է արցունքների քարը, որը Ռեյչելը անձամբ հասցնում է Ռիչարդին։

Չեյզի կողմից որդեգրվելով՝ Ռեյչելը Չեյզի հետ ապրում է Վեստլանդիայում որոշ ժամանակ, ապա իմանալով, որ Ռիչարդն ավելի մեծ փորձանքի մեջ է, հայր ու դուստր հետ են վերադառնում Միջին Երկրներ՝ օգնելու համար Ռիչարդին։

Ռեյչելը կարողանում է Վիոլետայից փրկել Ռիչարդին, երբ Վիոլետայի նկարած կախարդանքի պատճառով Ռիչարդը զրկվում է իր հրաշագործությունից և դատապարտված է լինում մահվան։

Ռեյչելը կարողանում է փոփոխել քարանձավի պատերին Վիոլետայի կողմից կատարված նկարը՝ ողջ չար ուժերն ուղղելով դրանք կանչած Վիոլետայի դեմ։ Վիոլետային խժռում են իր իսկ կենդանացրած չար ուժերը, իսկ Ռեյչելն ու Ռիչարդը փրկվում են, բացի այդ Ռիչարդի մոգական ուժերը վերականգնվում են։

Շոթա[խմբագրել | խմբագրել կոդը]

Շոթան ընթերցողին հանդիպող ամենահզոր կախարդներից է, բնակվում է Ագադենում։ Նա կարողանում է տարբեր կերպարներով հայտնվել և մարդկանց շփոթության մեջ գձել։ Սակայն նա հաճախ այդ կերպ օգնում է Ռիչարդին՝ առանց տեղեկացնելու, որ հենց ինքը՝ Շոթան է օգնողը։ Շոթան սիրահարված է Ռիչարդին և ցանկանում է մնալ նրա հետ:

Շոթայի տունը թաքնված է լեռների և ճահիճների հետևում, պաշտպանվում է բազմաթիվ մահացու վտանգավոր արարածների կողմից։ Սակայն այն վայրը, որտես արդեն Շոթայի տունն է, հիշեցնում է դրախտավայր։

Շոթայի հավատարիմ ծառան Սեմուելն է, որը նախքան Ռիչարդը եղել է ճշմարտություն որոնող, սակայն վախկոտ և եսամոլ լինելու պատճառով չի կարողացել արդարացնել իր կոչումը։ Զեդդը կարողացել է Սեմուելից հափշտակել ճշմարտության սուրը և այն թաքցնել այնքան ժամանակ, մինչև կհայտնվի իրական որոնողը, այդ պատճառով էլ Շոթան Զեդդին համարում է գող և չի վստահում նրան։

Արքայադուստր Վիոլետա[խմբագրել | խմբագրել կոդը]

Արքայադուստր Վիոլետան Թամարանգի թագուհի Միլենայի դուստրն է։ Նա սիրում է ծաղրել և տանջել Ռեյչելին՝ այդպիսով իրեն առավել հզոր զգալով։ Վիոլետան անհարգալից վերաբերմունք ունի բոլորի հանդեպ, չի վախենում ոչ ոքից, քանի որ չափազանց ինքնավստահ է և երես առած։

Նա մի քանի անգամ ներկա է եղել Ռիչարդի տանջանքներին, երբ վերջինս գերի էր Դեննայի մոտ, նույնիսկ մի անգամ ինքն էլ է փորձել ցավ պատճառել Ռիչարդին, և երբ ծաղրում էր նրան՝ ասելով, որ Կէլենին նույնն է սպասվում, Ռիչարդը այնպես է հարվածում նրա ծնոտին, որ լեզուն կտրվում է։

Ռիչարդի հասցրած վնասը վերականգնվում է միայն տարիներ անց կախարդ Սիքսի ջանքերով, ով բուժում է Վիոլետային, բայց օգտագործում է նրան՝ քարանձավի պատերին կախարդական նկարներ նկարելու համար։ Այդպիսի մի նկար նկարելով՝ Վիոլետային հաջողվում է Ռիչարդին զրկել իր մոգական ունակություններից։

Վիոլետայի նկարներից մեկը ուղղված էր Ռեյչելի դեմ․ նա նկարի միջոցով չար ոգիներին պատվիրում է հետապնդել և սպանել Ռեյչելին, սակայն ի վերջո Ռեյչելին հաջողվում է վերափոխել նկարը՝ ուղղելով հենց Վիոլետայի դեմ, և չար ոգիները հալածում են հենց Վիոլետային։

Իրենա /Այրեն/[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրենան Ստրոյզայի կախարդն է, Սամանթայի մայրը: Սպանվում է Ռիչարդի կողմից իր հանցագործությունների համար: Նա պատասխանատու է Զեդդի մահվան համար:

Սամանթա /Սեմմի/[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրենայի դուստրը, դեռահաս աղջիկ, Ստրոյզայի բնակիչը: Պոտենցիալ շատ հզոր կախարդ: Օգնեց Ռիչարդին փրկելու իր մորը և Ռիչարդի ընկերներին Երրորդ Թագավորությունից: Երբ Ռիչարդը սպանում է նրա մորը, Սամանթան փորձում է վրեժխնդիր լինել՝ սպանելով Կէլենին, և դա նրան գրեթե հաջողում է: Դրանից հետո փորձում է սպանել Ռիչարդին եւ նրա ընկերներին, բայց պատահաբար մահանում է ինքը:

Հին աշխարհի մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննելինա Ալդուրեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անելինան (Էնն) Ալդուրենը «Ճշմարտության սուրը» շարքի գլխավոր հերոսներից է: Էննը կարճահասակ կին է, որն արտաքինից երևում է մոտ յոթանասուն տարեկան, սակայն իրականում հազար տարին բոլորած է։ Էննը մոտ ութ հարյուր տարի գլխավորել է Լույսի քույրերին և իշխել է Մարգարեների պալատում՝ շնորհիվ իր հազվագյուտ ուժի։ Սովորություն ունի կրելու մուգ գույնի հասարակ զգեստներ, որոնց պարզությունը խորհրդանշում է նրա իշխանությունը։ Սիրահարված է Նաթան Ռալին, սակայն խիստ կոպիտ և անարդար է վարվում վերջինիս հետ։

Էննը միշտ առաջնորդվել է մարգարեություններով և փորձել դրանցում ասվածն իրականացնելու նպատակով օգտագործել մարդկանց, որպեսզի ամեն ինչ կատարվի այնպես, ինչպես ասվում է մարգարեության մեջ։ Այդպիսով ազդել է բազմաթիվ մարդկանց ճակատագրերի վրա։

Նրան սպանում են խավարի քույրերը։

Ջեգան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեգանը Ռիչարդի ոխերիմ թշնամին է, Կայսերական Միաբանության առաջնորդը, ով պայքարում է ընդդեմ հրաշագործության։ Նա կարճահասակ է, սակայն մարզված կառուցվածքով, սափրագլուխ է և կրում է մորուք։ Նկարագրվում է որպես բավական կրթված և կարդալ սիրող մարդ։ Ջեգանը կրում է բազմաթիվ մատանիներ, օղեր և շղթաներ, ինչպես օրինակ քիթն ու ականջը միասնող ոսկեգույն շղթան։

Նա Հին Աշխարհից ներխուժել է Նոր Աշխարհ, գրավել գրեթե ողջ Միջին երկրները և անխղճորեն ոչնչացնում է բոլոր նրանց, ովքեր իրեն չեն միանում, չեն ցանկանում պայքարել ընդդեմ Ռիչարդի և մոգության, ինչպես նաև խոշտանգելով սպանում է բոլոր նրանց, ովքեր օժտված են մոգության նշույլներով։ Չնայած այդ ամենին՝ նա ևս օժտված է որոշակի հատկություններով․ կարողանում է ներթափանցել մարդու մտքերի մեջ, ստիպել մարդուն կատարել իր ցանկությւոնները կամ պարզապես հետևել բոլորին այդ մարդու աչքերով։ Նա երազների միջով քայլող է (օրիգինալ տեքստում՝ dreamwalker)։ Իր այդ հատկության պատճառով Ջեգանի աչքերը զուրկ են բիբերից, ամբողջությամբ սև են։

Ջեգանն իր գրաված քաղաքներից առաջին հերթին հավաքում է բոլոր արժեքավոր գրքերը, քանի որ դրանցում է տեսնում իր հաղթանակը։ Նա մտադրվել է բացել Օդենի ճիշտ զարդատուփը, ինչպես Դարկեն ռալը, և դառնալ աշխարհի տիրակալ, իշխել մոգությունից զերծ աշխարհում։ Երբ նրա ձեռքում հայտնվում է «Հաշվելի ստվերների գիրքը», որը պետք է ծառայեր որպես բանալի՝ Օդենի ճիշտ զարդատուփը բացելու համար, Ջեգանը առանց վարանելու բացում է զարդատուփը, մինչ Ռիչարդն այդ ժամանակ արդեն հասկանում է, որ այդ գիրքը իրական բանալուց շեղելու միջոց է, և զարդատուփերը կարելի է բացել միայն «ճշմարտության սրի» միջոցով։ Ջեգանը պարտվում է միայն «Ճշմարտության սուրը» էպիկական շարքի վերջում։

Նիկկի[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկին «Ճշմարտության սուրը» և «Ռիչարդ և Կէլեն» շարքերում հանդիպած ամենահղոր կախարդն է։ Նիկկին ունի երկար շեկ մազեր և կապույտ աչքեր։ Նա ի սկզբանե ներկայացվում է որպես խավարի քույր, որը Ռիչարդի ուսուցիչներից էր Մարգարեների պալատում։ Երկար ժամանակ Նիկկին ևս ապրել է Իմպերիալ Օրդենի և կայսր Ջեգանի գաղափարներով, ծառայել խավարի ուժերին։

Ջեգանին ծառայելու տարիներին Նիկկին աչքի է ընկնում ծայրահեղ դաժանությամբ և տանջանքներ հնարելու նախաձեռնողականությամբ, այդ պատճառով նրան կոչում են «Տիկին Մահ», իսկ Ջեգանը նրան դիմում է «Ստրուկների թագուհի» մականվամբ։

Նիկկին Ջեգանի սկիրելին է։

Նիկկին ծնվել է հարուստ ընտանիքում։ Նրա հայրը աշխատասեր խելացի մարդ էր, իսկ մայրը թերուս և տգետ կին էր, ով առաջնորդվում էր կայսերական միաբանության գաղափարներով։ Նա էլ Նիկկի մեջ մանկուց սերմանել էր այդ գաղափարները։

Սակայն երբ Նիկկին Ռիչարդին առևանգում է և տանում հին աշխարհ, ստիպում է ապրել այնպես, ինչպես հին աշխարհի բոլոր մարդիկ և աշխատել բոլորին հավասար։ Նրանք ապրում են Հին Աշխարհում մոտ մեկ տարի՝ բոլորին ներկայանալով որպես ամուսնիններ։ Նիկկին զարմանալիորեն նկատում է, որ Ռիչարդն այնտեղ ևս դառնում է առաջնորդ։ Ռիչարդը կերտում է մի քանդակ, որը կոչում է «Կյանք», Նիկկին հասկանում է, թե իրականում ով է պայքարում ազատության համար, և որքան շինծու են Օրդենի գաղափարները։ Այդ օրվանից Նիկկին դառնում է Ռիչարդի ամենահավատարիմ դաշնակիցը, մտերիմ ընկերը և ամենամոլի պաշտպանը։ Թեև սիրահարված է Ռիչարդին, սակայն որևէ կերպ չի արտահայտում իր զգացմունքները՝ ելնելով Կէլենի հանդեպի իր հարգանքից։

Նա Ռիչարդի միակ կողմնակիցն է, ով տիրապետում է հրաշագործության ինչպես արարման, այնպես էլ կործանման կողմերին։

Սիքս[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիքսը կախարդ է Հին աշխարհից։ Այն ժամանակ, երբ խավարի քույրերը կիրառում են «Հրե շղթայի» կախարդանքը, որի պատճառով գրեթե բոլորը մոռանում են Կէլենի մասին ամեն ինչ, Սիքսը պահպանում է իր հիշողությունը, ծառայում Ջեգանին, օգնում նրան ձեռք բերել Օդենի բոլոր զարդատուփերը։

Նա օգնում է արքայադուստր Վիոլետային՝ փոխարենը պահանջելով ծառայել իրեն, քարանձավի պատերին նկարել իրեն անհրաժեշտ կախարդական պատկերները։

Սիքսին կարողանում է վնասազերծել և սպանել Շոտան՝ հայտնվելով նրա մոր կերպարով։

Վերնա Սովենտրին[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերնան Լույսի քույրերից է, այն կինը, ով կարողանում է Ռիչարդի համոզել և հասցնել Մարգարեների պալատ այն բանից հետո, երբ 20 տարի շարունակ նրան է ման եկել։ Աննելինա Ալդուրենը հանձնարարել էր Վերնային և ևս 2 քույրերի փնտրել հրաշագործության ձիրքով օժտված երեխային, սակայն միտամնավոր չէր ասել, թե որտեղ է գտնվում այդ տղան՝ կրկին առաջնորդվելով մարգարեություններով։

Վերնան դառնում է Մարգարեների պալատի և Լույսի քույրերի առաջնորդ, երբ Էննը կեղծում է իր մահը և հեռանում Նաթանի հետ՝ իրագործելու համար հերթական մարգարեությունը։ Վերնան դառնում է Ռիչարդի լավագույն ընկերներից և խորհրդականներեից։

Ուորեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուորենը հրաշագործ է, մարգարե Հին աշխարհից, ով ապրում է Տանիմուրայում գտնվող Մարգարեների պալատում: Այնտեղ է Ռիչարդն առաջին անգամ հանդիպում Ուորենին, երբ վերջինս գրադարանում հին գրքեր է ուսումնասիրում։ Հենց Ուորենն է առաջին անգամ Ռիչարդին ծանոթացնում «Մահ բերող» արտահայտության հետ, որն ինչպես պարզվում է, հենց Ռիչարդի մասին է։

Ուորենը նույնպես Ռիչարդի կողմնակիցներից է, մտերիմ ընկերներից։ Նա հետագայում դառնում է Վերնայի ամուսինը, սակայն կարճ ժամանակ անց նրան սպանում է կայսերական միաբանության զինվորներից մեկը։

Կախարդական արարածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրոֆի[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրֆիի պատմությունը ամբողջությամբ բացահայտում է, թե ինչու են մարդիկ վախենում խոստովանամայրերից։ Այսպես․ Բրոֆին մարդ էր, ով կեղծիքների մեջ էր մեղադրվում, քանի որ այդ եղանակով գումար էր կորզում մարդկանցից՝ նրանց վաճառելով իբր մոգական առարկաներ, սակայն իրականում դրանք անարժեք բաներ էին։ Նա անկիրթ և խարդախ մարդ էր։

Եվ քանի որ բավական հարմար էր նրան մեղադրել այլ հանցագործությունների մեջ, Դարկեն Ռալի կողմնակիցներից մեկը Բրոֆիին մեղադրում է իր իսկ հանցանքի մեջ։ Պարզելու համար Բրոֆիի մեղքի իսկությունը՝ Կէլենը ստիպված է նրա նկատմամբ կիրառել խոստովանամոր իր ուժը, որից հետո թեև Բրոֆին խոստովանում է իր մեղքը բազմաթիվ կեղծիքների հարցում, սակայն հերքում է իր մասնակցությունը այն զազրելի մեղադրանքին, որ իրեն առաջադրել էին։ Քանի որ Բրոֆին անմեղ էր, նրան մահապատժի չենթարկեցին։ Բայց նրա կյանքն արդեն կորցրել էր իմաստը խոստովանամոր հպումից հետո, քանի որ կյանքի միակ իմաստը Կէլենին ծառայելն էր։ Այդ պատճառով Կէլենին մշտապես ուղեկցող հրաշագործ Ջիլլերը ստիպված էր Բրոֆիին վերածել կենդանու, քանի որ կենդանու համար այդ ուժը որոշ չափով կորցնում էր ազդեցությունը, և կենդանին կարող էր ազատ ապրել։ Բրոֆին նախընտրում է գայլ դառնալ, ապա պայքարում զոհում է իր կյանքը՝ փրկելով Կէլենին ու Ռիչարդին։

Ամեն անգամ, երբ խոստովանամոր հպումից հետո պարզվում էր, որ մեղադրյալն անմեղ է, նրան ստիպված վերածում էին կենդանու, որ նա չապրի ստրուկի կարգավիճակով, այլ կարողանա նոր կյանք սկսել։

Գրաչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրաչը «կարճապոչ գար» կոչվող հրեշային արարածներից է, որոնք կենդանիներով և մարդկանցով են սնվում։ Որսի են ելնում իրենց ճանճերի հետ, ոնոց նստում են որսի վրա՝ այդպիսով գարերին ցույց տալով, թե որտեղ է պոտենցիալ որսը։

Երբ Ռիչարդը Վերնայի ուղեկցությամբ գնում է Մարգարեների պալատ, Գրաչի մայրը հարձակվում է Ռիչարդի վրա, Ռիչարդը սպանում է նրան, սակայն խղճում է Գրաչին, նրան խնամում է բոլորից գաղտնի և սովորեցնում որս անել։ Նրանք ընկերանում են Ռիչարդի հետ և սկսում են հասկանալ միմյանց, թեև Գրաչը միայն հնչյուններով է հաղորդակցվում։

Գրաչը հետագայում դառնում է կարճապոչ գարերի առաջնորդ և խոստանում է Ռիչարդին, որ նրանցից ոչ ոք այլևս մարդկանցով չի սնվի։ ՄԻ քանի անգամ Գրաչը փրկում է Ռիչարդի կյանքը, սակայն հետո ստիպված է հեռանալ իր ցեղակիցների մոտ և ապրել իրեն սովոր կյանքով, մանավանդ որ մարդիկ սարսափում են իրենից։ Բայց անհրաժեշտ պահին կրկին հայտնվում է և փրկում Ռիչարդին։

Սեմուել[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեմուելը խելացի, տաքարյուն, սարսափելի արարած է փոքր գլխով, պայծառ դեղին աչքերով, կարմիր շրթունքներով, սուր ատամներով։ Նրա ձեռքերն այնքան երկար են, որ կանգնած ժամանակ էլ են հասնում գետնին։ Նա Շոթայի ծառան է և մինչև Ռիչարդը ինքն է համարվել «ճշմարտություն որոնողը»։ Սակայն քանի որ նա իրականում ընտրված չէր հրաշագործի կողմից, այլ ինքնակոչ էր, ապա Զեդդը խլում է նրանից ճշմարտության սուրը և պահում իրական որոնողի համար։

Ամեն անգամ Ռիչարդին տեսնելիս Սեմուելը փորձում է խլել ճշմարտության սուրը՝ կրկնելով․ «Իմն է, տո՛ւր»։

Նա ապրում է Ագադենում իր տիրուհու, կախարդուհի Շոթայի հետ: Շոթայի մոտ նա եկել էր տարիներ առաջ՝ հուսահատված, օգնություն ստանալու համար, բայց Շոթան չէր կարող օգնել Սեմուելին, քանի որ բոլորի նման մոռացել էր Զեդդի գոյության մասին։

Բայց երբ Շոթան կիկին հիշում է ամեն բան, Ռիչարդին օգնելու դիմաց պահանջում է մի բան․ սուրը տալ Սեմուելին։ Ռիչարդը ճարահատյալ համաձայնվում է։ Ապա Սեմուելը, հմայված լինելով Սիքսի կողմից, լքում է Շոթային և ճշմարտության սուրը ձեռքին, մեծ անախորժություններ պատճառում բոլորին։

Երբ Սեմուելը առևանգում է Կէլենին, Կէլենը դիպչում է նրան իր ուժով, իսկ սյուժեի վերջում Սեմուելը մահանում է։

Սկարլետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկարլետը հզոր կարմիր վիշապ է։ Ընթերցողը հանդիպում է Սկարլետին հենց «Հրաշագործի առաջին կանոնը» վեպում, երբ Դարկեն Ռալը, գողանալով և պահելով նրա ձուն, ստիպում է Սկարլետին ծառայել իրեն։ Ռիչարդին հաջողվում է գտնել և Սկարլետին վերադարձնել ձուն, և Սկարլետն ու Ռիչարդն ընկերանում են։ Սկարլետը ևս օգնում է Ռիչարդին դժվարին պահերին։

Սկարլետը հարգում է Ռիչարդին և միշտ կատակում, թե հաջորդ հանդիպման ժամանակ անպայման ուտելու է նրան։ Ոչ ոք չի հասկանում այդ հումորը Ռիչարդից բացի։

Սկարլետի ձվից ծնվում է նրա որդին՝ Գրեգորի անունով վիշապ։

Սիլֆիդա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիլֆիդան կնոջ կերպարանքով մոգական արարած է, որը ստեղծվել է 3000 տարի առաջ ծավալված Մոգերի Մեծ պատերազմի տարիներին։ Այդ տարիներին, երբ կրրկին Հին ու Նոր աշխարհները պատերազմում էին հրաշագործության համար, մոգերը մարդկանցից ստեղծում էին զենքեր՝ միմյանց հաղթելու կամ պարզապես պաշտպանվելու նպատակով։

Սիլֆիդան նույնպես նման արարած է։ Նախկինում նա անբարոյական կին է եղել, սակայն հրաշագործները նրան դարձրել են սնդիկից սարք, որի միջոցով մարդիկ, ովքեր տիրապետում են մոգության կործանման կողմին, կարող են ճամփորդել շատ արագ և հաղթահարել մեծ տարածություններ կարճ ժամանակում։ Սիլֆիդան ունի բազում կայաններ ինչպես Նոր, այնպես էլ Հին աշխարհներում։

Նախկինում լինելով անբարոյական կին՝ Սիլֆիդան ստեղծված է այնպես, որ չի կարողանում մերժել որևէ մեկին, և հետևապես, յուրաքանչյուրը, ով ունի պահանջվող հատկանիշներ, կարող է ճամփորդել Սիլֆիդայի օգնությամբ։ Այդ պատճառով էլ հնում հրաշագործները մոգական վահանների միջոցով փակել են Հրաշագործների պալատի այն սենյակը, որտեղ Սիլֆիդան է գտնվել, և մշտական հսկողություն են նշանակել նրա նկատմամբ, որ անցանկալի մարդիկ չկարողանան ներթափանցել դղյակ։

Հրաշագործներին հաջողվում է երկար տարիներ քնեցնել Սիլֆիդային, և նա կրկին հայտնվում է յան ժամանակ, երբ իր նոր տերը՝ Ռիչարդը կարողանում է արթնացնել նրան, թեև Ռիչարդն ինքը չի պատկերացնում, թե ինչպես դա իր մոտ ստացվեց, և թե ինչ բան է Սիլֆիդան։

Սիլֆիդան երբևէ չի մատնում իր միջոցով ճանապարհորդող անձանց՝ չի բացահայտում նրանց իսկությունը, չի ասում, թե ով և ուր է ճամփորդում կիր միջոցով։ Թեև բոլորի հանդեպ պահպանում է չեզոքություն, սակայն Ռիչարդին ընդունում է որպես իրական տիրակալ։

Լյուսի[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեկ այլ արարած, որը Սիլֆիդայի կրկնօրինակն է, սակայն նրա միջոցով կարելի է ճամփորդել միայն Ստրոյզա և Հրաշագործների պալատ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]