Ռիչարդ Նևիլ (Ուորիքի 16-րդ կոմս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռիչարդ Նևիլ
 
Մասնագիտություն՝ զորավար, դիվանագետ և քաղաքական գործիչ
Դավանանք կաթոլիկություն
Ծննդյան օր նոյեմբերի 22, 1428
Ծննդավայր Նորիջ, Անգլիա
Վախճանի օր ապրիլի 14, 1471 (42 տարեկան)
Վախճանի վայր Բարնեթ, Մեծ Լոնդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա
Թաղված Bisham Abbey
Դինաստիա House of Neville?
Քաղաքացիություն  Անգլիայի թագավորություն
Հայր Richard Neville, 5th Earl of Salisbury?[1]
Մայր Alice Montacute, 5th Countess of Salisbury?[1]
Ամուսին Anne Neville, 16th Countess of Warwick?[1]
Զավակներ Աննա Նևիլ[1], Isabel Neville, Duchess of Clarence?[1] և Margaret Neville?[2]
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
Կապիչի շքանշան

Ռիչարդ Նևիլ (անգլ.՝ Richard Neville; նոյեմբերի 22, 1428, Նորիջ, Անգլիա - ապրիլի 14, 1471, Բարնեթ, Մեծ Լոնդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա)՝ Սոլսբերիի 6-րդ և Ուորիքի 16-րդ կոմս (ամուսնական իրավունքով[en])[3], Մոնտեգյուի 5-րդ բարոն, Մոնտերմարի 7-րդ բարոն, Կախազարդի միաբանության ասպետ՝ «թագավորներ արտադրող Ուորիք» մականունով (անգլ.՝ «Warwick Kingmaker»), անգլիական պեր, պետական և ռազմական գործիչ։ Սոլսբերիի 5-րդ կոմս Ռիչարդ Նևիլի և Էլիս Մոնտեգյուի ավագ որդին էր։ Եղել է իր ժամանակի ամենահարուստ և ազդեցիկ գործիչը՝ քաղաքական լայն կապերով, որոնք դուրս են եկել երկրի սահմաններից։ Կարմիր և սպիտակ վարդերի պատերազմի առանցքային դեմքերից մեկն էր՝ սկզբնապես Յորքերի կողմից, սակայն հետագայում անցել է Լանքասթերների կողմը։ Նա վաստակել է «թագավորներ արտադրողի» մականունը, քանի որ կարևոր դեր է խաղացել երկու թագավորների՝ Լանքասթերների դինաստիայից Հենրի VI-ի և Յորքերի դինաստիայից՝ Էդուարդ IV-ի տապալման գործում։

Հաջող ամուսնության և ժառանգության շնորհիվ Ուորիքը 1450-ական թվականներին դարձավ երկրի՝ թագավորական ընտանիքից դուրս ամենահարուստ մարդը և հայտնվեց անգլիական քաղաքականության կենտրոնում։ Սկզբում Հենրի VI թագավորի կողմնակիցն էր, սակայն թագավորի ֆավորիտ Սոմերսեթի դուքս Էդմունդ Բոֆորթի հետ տարածքային վեճը նրան դրդեց կանգնել Յորքի դուք Ռիչարդի կողքին՝ իր հակադրություն թագավորի։ Դրա շնորհիվ նա ստացավ Կալեի կապիտանի[en] ռազմավարական կարևոր պաշտոնը։ Քաղաքական հակամարտությունը վերաճեց լայնածավալ ապստամբության, որը սկիզբ դրեց Կարմիր և սպիտակ վարդերի պատերզմին։ 1455 թվականին Ուորիքի մասնակցությունը Սենտ-Օլբանսի առաջին ճակատամարտին որոշեց դրա ելքը հօգուտ Ռիչարդ Յորքի կողմնակիցների։ Կոմսի զորքերը թիկունքից հարվածեցին թագավորական զորքերին։ Զոհվեցին Լանքասթերների բազմաթիվ կողմնակիցներ, այդ թվում՝ Սոմերսեթի դուքսը։ Այդ հաղթանակի շնորհիվ Ռիչարդ Յորքը ճանաչվեց Հենրի VI-ի ժառանգորդը (շրջանցելով վերջինիս որդուն), սակայն Լանքասթերների կողմնակիցների մի մասը չճանաչեց այդ որոշումը և շարունակեց պատերազմը, որի ընթացքում սպանվեցին Ռիչարդ Յորքը և Ուորիքի հայրը՝ Կոմս Սոլսբերին։

Հոր մահից հետո Յորքի ավագ որդին շարունակեց պայքարը Լանքասթերների դեմ և 1461 թվականին Ուորիքի աջակցությամբ հաղթանակ տարավ՝ թագադրվելով որպես Էդուարդ IV։ Ի սկզբանե նոր թագավորը երկիրը կառավարում էր Ուորիքի աջակցությամբ, բայց ավելի ուշ երկուստեք վիճաբանեցին արտաքին քաղաքականության և Էդուարդի կնոջ՝ Էլիզաբեթ Վուդվիլի պատճառով։ Վեճը հանգեցրեց Ուորիքի կողմից կազմակերպված երկու դավադրություններին, որոնց ընթացքում նա փորձեց գահին նստեցնել Էդուարդ IV-ի կրտսեր եղբորը՝ Քլարենսի դուքս Ջորջին, իսկ ապա՝ ավելի վաղ գահընկեց արված թագավոր Հենրի VI-ին։ Երկու դավադրություններն էլ ձախողվեցին և ավարտվեցին 1471 թվականի ապրիլի 14-ին, երբ Ուորիքը պարտվեց Էդուարդ IV-ին Բարնետի ճակատամարտում և սպանվեց։

Ամուսնացած էր Աննա դե Բոշանի՝ Ուորիքի 16-րդ կոմսուհու հետ։ Որդիներ չունեին։ Ուորիքի երկու դուստրերից ավագը՝ Իզաբելան (1451-1476), ամուսնացել է Քլարենսի դուքս Ջորջի հետ։ Նրա կրտսեր դուստրը՝ Աննան (1456-1485) կարճ ամուսնություն է ունեցել Հենրի VI թագավորի որդու՝ Էդուարդ Վեստմինստերացու հետ, ով մահացել է 17 տարեկանում Տյուքսբերիի ճակատամարտի ժամանակ։ Այնուհետև նա ամուսնացել է թագավոր Էդուարդ IV-ի կրտսեր եղբոր՝ Գլոստերի դուքս Ռիչարդ III-ի հետ, որը հետագայում դարձավ Ռիչարդ III թագավորը։ Ուորիքի երրորդ դուստրը՝ Մարգարեթը, ապօրինի է եղել[4]։

Ուորիքի պատմական ժառանգությունը եղել մեծ վեճի առարկա է եղել պատմաբանների միջև։ Ոմանք կարծում են, որ նա եսասեր և անխոհեմ է եղել, մյուսները նրան դիտարկում են որպես անշնորհակալ թագավորի քմահաճույքի զոհ։ Ընդհանուր առմամբ, պատմաբանները միակարծիք են, որ ժամանակին Կոմս Ուորիքը մեծ ժողովրդականություն է վայելել հասարակության բոլոր շերտերում և կարողացել է օգտվել ժողովրդական տրամադրություններից՝ իր քաղաքական նպատակներին հասնելու համար[5]։

Ուորիքի կայացումը

Ռիչարդ Նևիլը ծագում է հնագույն դարեմյան տոհմից, որն իրեն դրսևորել էր դեռևս XIV դարում Շոտլանդիայի հետ սահմանային պատերազմներում։ 1397 թվականին Ռիչարդ II թագավորը բարոն Ռալֆ դե Նևիլին շնորհեց Վեստմորլենդի կոմսի տիտղոսը[6]։ Ռալֆը երկու անգամ էր ամուսնացել։ Առաջին ամուսնությամբ նա միություն էր կնքել Մարգարետ դե Ստաֆորդի՝ Ստաֆորդի 2-րդ կոմս Հյուգո դե Ստաֆորդի դստեր հետ, իսկ երկրորդ ամուսնությունը Ջոան Բոֆորթի հետ էր, ով Լանքասթերների տան հիմնադիր Էդուարդ III-ի երրորդ ողջ մնացած որդու՝ Ջոն Գոնտի միակ դուստրն էր[7]։ Վեստմորլենդի առաջին կոմսի մահից հետո նրա որդիները երկար հակամարտության մեջ են մտել ժառանգության պատճառով, բայց ի վերջո հաշտվել են։ Արդյունքում, Վեստմորլենդի կոմսի տիտղոսը բաժին է հասել առաջին ամուսնությունից ծնված որդուն՝ Ռալֆին, իսկ երկրորդ ամուսնությունից ծնված ավագ որդին՝ Ռիչարդը, ապագայում կոմս Ուորիքի հայրը, դարձել է Սոլսբերիի Կոմս՝ Էլիս Մոնտեգյուի՝ Սոլսբերիի 4-րդ կոմս Թոմաս Մոնտեգյուի դստեր հետ ամուսնության շնորհիվ[8]։

Ռիչարդ Նևիլի մանկության մասին քիչ բան է հայտնի[9]։ Վեց տարեկանում նա նշանվել է տիկին Աննա դե Բոշանի՝ Ուորիքի 13-րդ կոմս Ռիչարդ դե Բոշանի և նրա կնոջ՝ Գլոստերի կոմս Թոմաս լե Դիսպենսերի դուստր և ժառանգորդ Իզաբելլա լե Դիսպենսերի դստեր հետ։ Այս ամուսնության շնորհիվ նա ստացել է Կոմս Ուորիքի տիտղոսը և Մոնտեգյու, Բոշան և Դեսպենսեր ընտանիքների ժառանգության զգալի մասը[10]։

Հանգամանքները, սակայն, է՛լ ավելի բարելավեցին նրա վիճակը. Ռիչարդ դե Բոշանի որդին՝ Հենրին, ով ամուսնացել էր Ռիչարդի կրտսեր քրոջ՝ Սեսիլիայի հետ, մահացավ 1446 թվականին։ Այն բանից հետո, երբ 1449 թվականին մահացավ նաև Հենրիի դուստրն ու միակ ժառանգորդը, Ռիչարդը ժառանգեց ոչ միայն Հենրի դե Բոշանի կարողությունը, այլև՝ Ուորիքի կոմսի տիտղոսը[11]։ Ռիչարդի իրավահաջորդությունը, սակայն, վիճարկելի էր։ Սկսվեց ժառանգության համար ձգձգվող պայքար՝ առաջին հերթին Էդմունդ Բոֆորթի՝ Սոմերսեթի երկրորդ դքսի հետ, որի առաջին կինը Ռիչարդ դե Բոշանի դուստրն էր[10]։ Վեճը հողային տիրույթների պատճառով, էր, իսկ տիտղոսը չի վիճարկվել, քանի որ Հենրիի խորթ քույրերը հեռացվել էին իրավահաջորդությունից[12]։

1445 թվականին Ռիչարդը, հավանաբար, նույն տարվա ապրիլի 22-ին Մարգարիտա Անժուացու թագադրման ժամանակ, դարձավ ասպետ[13]։ 1449 թվականին նա՝ գահին մատուցած իր ծառայությունների համար ներառվել է Հենրի VI թագավորի պատմական ծառայողական ցուցակում[13]։ Ռիչարդը իր զինվորական ծառայությունն իրականացրել է հյուսիսում՝ իր հոր հետ, և հնարավոր է, որ 1448-1449 թվականներին մասնակցել է Շոտլանդիայի դեմ պատերազմին[14]։ Երբ 1452 թվականին Ռիչարդ Յորքն ու Ռիչարդ Սոլսբերին ապստամբեցին թագավոր Հենրի VI-ի դեմ, Ուորիքը կանգնել է նրանց կողքին[15]։

Ամուսնություն և տիտղոսի ստացում

Կոմս Ուորիք

Ռիչարդ Նևիլը (այդ ժամանակ՝ դեռևս Սոլսբերիի կոմսի ժառանգորդ) ամուսնացել է 1436 թվականին, 7 տարեկանում, Ուորիքի 13-րդ կոմս Ռիչարդ Բոշանի դստեր՝ Աննա Բոշանի հետ։ 1434 թվականին ստացվեց այդ հարսանիքի պապական թույլտվությունը, քանի որ Նևիլների և Բոշանների տները արդեն բարեկամական կապերի մեջ էին։ 1436 թվականի մարտի 9-ին կողմերը պայմանավորվեցին հարսանիքի մասին։ Հարսանիքը տեղի է ունեցել Աբերգավեննիում, ենթադրաբար՝ մայիսին։ Հարսանիքին միանգամից երկու զույգ է ամուսնացել։ Երկրորդը Բոշանի ժառանգորդ Հենրին էր և Ռիչարդի ավագ քույրը՝ Սեսիլիա Նևիլը։ Այսպիսով, եթե տոհմերից մեկի ժառանգը մահանար, նրա կարողության մի մասը կարող էր անցնել մյուս տոհմի ժառանգին։ Չնայած Սեսիլիա Նևիլը ազնվական տոհմից էր, Ռիչարդ Բոշանը կարող էր Հենրիի համար մեկ այլ ժառանգորդ-հարսնացու գտնել։ Բայց Բոշանը պարտքեր ուներ և փողի կարիք ուներ։ Ռիչարդի հայրը՝ Ռիչարդը, Սոլսբերիի 5-րդ կոմսը, հարսանիքի համար հսկայական՝ 4700 մարկ գումար վճարեց։

1445 թվականի օգոստոսի 6-ին Ռիչարդ Նևիլին ասպետի կոչում շնորհվեց։ 1446 թվականին Սոլսբերին վերադարձրեց Արևմտյան Մարչի պաշտպանի պաշտոնը և այդ ծառայությունը կիսեց Ռիչարդի հետ։ Ռիչարդը Շոտլանդիայի հետ պատերազմներում իրեն լավ է դրսևորել 1448-1449 թվականներին, ինչի համար 1449 թվականի ապրիլի 5-ին մրցանակ է ստացել թագավորից։

Ուորիքի 13-րդ կոմս Ռիչարդ Բոշանը մահացավ 1439 թվականին։ Նրան հաջորդեց որդին՝ Հենրի Բոշանը։ Նա ծառայում էր Ֆրանսիայում և թագավորի լավագույն ընկերն էր։ 1444 թվականին նա դարձավ Անգլիայի առաջին կոմս (premier earl), իսկ 1445 թվականին՝ դուքս Ուորիք։ 1444 թվականի փետրվարի 14-ին նա և Սեսիլիան դուստր ունեցան՝ Աննային։ 1446 թվականի հուլիսի 11-ին դուքս Հենրին մահացավ։ Փոքրիկ կոմսուհի Աննան դարձավ իր ժամանակների ամենահարուստ ժառանգորդը։ Նրա պաշտպանության և հարսանիքի կազմակերպման գործերը թագուհին փոխանցեց Ուիլյամ դե լա Պոլին՝ ապագա դուքս Սաֆֆոլկին։ Վերջինս ուզում էր Աննային ամուսնացնել իր ժառանգորդի հետ։ Սակայն աղջիկը մահացավ 1449 թվականի հունիսի 3-ին՝ ի դերև հանելով նրա հույսերը։ Այս մահը անակնկալ էր Ռիչարդ Նևիլի համար։ Մեկ շաբաթ անց նա դարձավ Կոմս Ուորիք՝ միանգամից ավելի հարուստ ու ազդեցիկ դառնալով, քանի իր հայրը՝ Սոլսբերիի կոմսը։ Այսուհետ Ռիչարդ Նևիլի շահերը չէին սահմանափակվում հյուսիսով և շոտլանդական սահմանով, այլ ձգվում էին մինչև Միդլենդ, Ուելս և Կալե։ Նա ազգային քաղաքականության մեջ խոշոր ֆիգուր էր դարձել, ինչը Լանքասթերների տան հետ պառակտում առաջացրեց և պայմանավորեց նրա մասնակցությունը Վարդերի պատերազմին։

Զինանշան

Ուորիքի կոմս Ռիչարդ Նևիլի զինանշանը

«Թագավորներ արտադրողի» հայրը՝ Ռիչարդ Նևիլ-ավագ՝ Ռալֆ Նևիլի կրտսեր որդին, Վեստմորլենդի 1-ին կոմսը կրել է իր հոր զինանշանը՝ մուգ կարմիր դաշտում թեք արծաթե խաչով, որում նա, լինելով տոհմի կրտսերը, լանքասթերային գույների փոփոխություն էր կատարել՝ արծաթի և լազուրի տեսքով, որոնք վերցրևել էր իր մոր՝ Ջոաննա Բոֆորթի պատվին, ով Ջոն Գոնտի դուստրն էր։ Սոլսբերիի 4-րդ կոմս Թոմաս Մոնտեգյուի մահից հետո Ռիչարդը, կոմս Թոմասի ժառանգորդուհու հետ ամուսնության շնորհիվ, ստացավ Սոլսբերիի տիտղոսն ու զինանշանը (չորս մասանոց վահան՝ արծաթագույն դաշտում երեք ալ կարմիր առանցքային գոտիներ և ոսկեգույն դաշտում կանաչ արծիվ՝ բացված թևերով)։ Այս զինանշանները նա տեղադրեց իր վահանի վրա՝ դրանք դնելով իր հայրենի զինանշանից հետո (ըստ ավագության)։ Ռիչարդի որդին՝ կրկին Ռիչարդ, ամուսնացավ Ուորիքի 13-րդ կոմսի ժառանգորդուհու՝ Աննա Բոշանի հետ։ Վերջինիս զինանշանը ներառում էր Բոշանների (ալ կարմիր դաշտում ոսկեգույն գոտի՝ իրար ագուցված վեց ոսկեգույն խաչերով), Ուորիքի նախկին կոմս Նյուբուրգների (շախմատաձև ոսկեգույն և լազուրյա դաշտեր՝ կնգումներով պատկերված փայտամածով), Քլերների (ոսկեգույն դաշտի վրա երեք մուգ կարմիր փայտամած) և Դիսպենսերների (քառամաս՝ արծաթագույն և մուգ կարմիր, առաջին և չորրորդ մասերը միահյուսված են ոսկեգույնով, ձախից՝ սև լանջագոտին անցնում է ամբողջի վրայով) գերբերը։ Այս զինանշանը Ռիչարդ Բոշանը ձեռք էր բերել Իզաբելլայի՝ Գլոստերի 1-ին կոմս, Հիլբերտ դե Քլերի հետնորդ Թոմաս լե Դիսպենսերի ժառանգորդուհու հետ ամուսնության շնորհիվ։ Ուորիքի կոմս Ռիչարդ Նևիլի վահանի վրա պատկերվել է միայն նրա տոհմական զինանշանը։ Բայց նրա դրոշը և ձիու թամքատակը նախշազարդված էին նրա մոտ հավաքված իշխանության խորհրդանիշների բոլոր դետալներով։ Ուորիքների և Սոլսբերիների զինանշանները ըստ ավագության նա համախմբել էր վահանի առաջին և երկրորդ հատվածներում, Նևիլների գերբը՝ 3-րդ, Դիսպենսերներինը՝ 4-րդում։ Նևիլն ունեցել է երկու կպչուն պիտակներ՝ կարապի գլուխ և պարանոց, որոնք բարձրանում էին կարմիր գույնի թագից (Ուորիքի զինանշանի համար) և թագից հարություն առնող գրիֆոն (Սոլսբերիի զինանշանի համար)։ Անձնական էմբլեման շղթաներով արջն էր և անմշակ մանյակները։

Մշակույթում

Կինոյում

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Kindred Britain
  2. Pas L. v. Genealogics — 2003.
  3. Cokayne, 1959, էջ 385
  4. Hicks, 1998, էջեր 231, 234, 237
  5. Pollard, 2007, էջեր 199–200
  6. Pollard, 2007, էջ 13
  7. Pollard, 2007, էջեր 13–14
  8. Hicks, 1998, էջ 7
  9. Pollard, 2007, էջ 11
  10. 10,0 10,1 Pollard, 2004
  11. Hicks, 1998, էջ 38
  12. Hicks, 1998, էջ 39
  13. 13,0 13,1 Hicks, 1998, էջ 29
  14. Pollard, 2007, էջ 12
  15. Keen, 2003, էջ 350

Գրականություն

Հղումներ