Հայաստանի դրոշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայաստանի դրոշ
Տեսակազգային դրոշ
Երկիր Հայաստան
Իրավասության տարածքՀայաստան
ՕգտագործումԱզգային դրոշ
Նշան🇦🇲
Հարաբերություն1:2
Ընդունված էօգոստոսի 24, 1990
Գույներ     Կարմիր     Կապույտ     Նարնջագույն
Պատկերված էդաշտ
ՆախագծողՍտեփան Մալխասյանց

Հայաստանի դրոշ, Հայաստանի պետական խորհրդանիշներից մեկը։ Այն սահմանված է Հայաստանի Սահմանադրությամբ և դրոշի մասին օրենքով։ Կազմված է կարմիր, կապույտ, ծիրանագույն գույներից (վերևից ներքև)՝ հորիզոնական հավասարաչափ շերտերով, լայնքի և երկայնքի 1։2 հարաբերակցությամբ[1][2]։ Այն չափերով և գույներով Հայաստանի Առաջին Հանրապետության (1918-1920 թվականներ) դրոշի կրկնությունն է[3]։

«ՀՀ դրոշի մասին» առաջին օրենքն ընդունել է ՀՀ Գերագույն խորհուրդը 1990 թվականի օգոստոսի 24-ին։ Ներկա օրենքն ընդունվել է 2006 թվականի հունիսի 15-ին 2005 թվականի Սահմանադրական փոփոխություններից հետո[4]։ Դրոշի գույների մասին կան տարբեր մեկնաբանություններ։ 2006 թվականի օրենքում գրված է.

«Կարմիր գույնը խորհրդանշում է Հայկական բարձրավանդակը, հայ ժողովրդի մշտական պայքարը հարատևման, քրիստոնեական հավատքի, Հայաստանի անկախության և ազատության համար։ Կապույտ գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի ապրելու կամքը խաղաղ երկնքի ներքո։ Նարնջագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի արարչական տաղանդը և աշխատասիրությունը»[2]:

Պատմություն

Ալիշանի նախագծած դրոշը 1885 թ
Արտաշեսյան դինաստիայի դրոշը, մ․ թ․ ա․ 189-1
Ֆրանս-հայկական Լուսինյան դինաստիայի դրոշը, 14-րդ դար

Այսօրվա եռագույն դրոշը շատ քիչ նմանություն ունի նախկին հայկական դրոշների հետ։ Հին ժամանակներում, բանակները գնում էին կռիվների՝ առջևից սյուների վրա տանելով փորագրված ժայռաբեկորներ։ Փորագրությունները կարող էին ներկայացնել վիշապ, արծիվ, վագր կամ ինչ-որ խորհրդավոր աստվածային օբյեկտ[5]։ Քրիստոնեության ընդունման հետ, հայկական տերությունը փոխառեց շատ տարբեր դրոշներ, որոնք ներկայացնում էին տարբեր դինաստիաներ։ Արտաշեսյան դինաստիայի դրոշը, օրինակ, բաղկացած է կարմիր կտորից, որի վրա պատկերված են երկու արծիվ, որոնք նայում են միմյանց և բաժանված են ծաղիկով։

Կառուցվածք

Ստանդարտների Ազգային Ինստիտուտը 2012 թվականին սահմանեց Հայաստանի Հանրապետության դրոշի ընդհանուր տեխնիկական պայմանները[6]։

Գունային սխեմա Կարմիր Կապույտ Նարնջագույն
Pantone 485 286 1235
CMYK 0-100-100-0 100-80-0-0 0-35-100-0
RGB 217-0-18 0-51-160 242-168-0
HEX #D90012 #0033A0 #F2A800

Չնայած, դրոշի մի ուրիշ տարբերակ էլ է օգտագործվում, բայց ոչ շատ հաճախ։

Գունային սխեմա Կարմիր Կապույտ Նարնջագույն
RGB 216-28-63 85-117-196 239-107-0
HEX #D81C3F #5575C4 #EF6B00

19-րդ դար

Ալիշանի նախագծած դրոշը, Հայկական Սփյուռքի դրոշը։

Պարսկաստանի և Օսմանյան Կայսրության միջև Հայաստանի բաժանումից հետո, որոշ ժամանակ Հայկական դրոշ ստեղծելու գաղափարը դադարեց գոյություն ունենալ։ Ֆրանսիացի գրող Վիկտոր Հյուգոյի թաղման արարողությանը մասնակցելու համար, 1885 թվականին Փարիզի հայկական ուսանողական համաժողովի խնդրանքով Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ և հայտնի բանասեր Ղևոնդ Ալիշանը Հայաստանի համար նոր դրոշ ստեղծեց։ Ալիշանի առաջին էսքիզը շատ նման էր նորօրյա Հայկական դրոշին՝ այն հորիզոնական եռագույն էր։ Այնուամենայիվ, այն ավելի նման էր Բուլղարիայի ներկայիս դրոշի հակառակ շրջված տարբերակին։ Առաջին կարմիր ժապավենը՝ խորհրդանշում էր Զատիկի առաջին Կիրակին, հաջորդող կանաչ ժապավենը՝ Զատիկի Կանաչ կիրակին, և, վերջապես, կամայական սպիտակը ընտրված էր լրացնելու այս համադրությունը[5]։ Ալիշանը Ֆրանսիայում ևս մեկ դրոշի էսքիզ է արել, որը ներկայումս հայտնի է որպես՝ «Հայկական Ազգայնական դրոշ»։ Այն նույնպես եռագույն էր, բայց ի տարբերություն նախորդի, այս մեկը ուղղահայաց եռագույն էր՝ ֆրանսիական դրոշի նման։ Դրա գույները՝ կարմիր, կանաչ և կապույտ, (ձախից աջ)՝ խորհրդանշում էին այն ծիածանը, որ Նոյը տեսել էր Արարատից իջնելիս[5]։

Անդրկովկասի Խորհրդային Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետություն

Անդրկովկասյան Դեմոկրատական Ֆեդերատիվ Հանրապետության դրոշը (1918)

1828 թվականի վերջին ռուս-պարսկական պատերազմից հետո պարսից Հայաստանը միացվում է Ռուսական կայսրությանը և կոչվում է Ռուսահայաստան։ Երբ ռուսական կայսրությունը փլուզվում է, Ռուսահայաստանը վերականգնում է իր անկախությունը և Վրաստանի ու Ադրբեջանի հետ միասին միացվում է Անդրկովկասյան Դեմոկրատական Ֆեդերատիվ Հանրապետությանը։ Այս միասնական նահանգը գոյատևեց գրեթե մեկ տարի և շուտով կազմալուծվեց։ Քանզի Հանրապետությունը կարճ կյանք ունեցավ, այն չուներ դրոշ կամ այլ խորհրդանիշ։ Այնուամենայնիվ, որոշ պատմաբաններ համարում են, որ հորիզոնական ոսկեգույն, սև և կարմիր եռագույնը, նման է Գերմանիայի դրոշին, սակայն որոշ փոփոխությունների շնորհիվ եղել է Անդրկովկասի դրոշը[7]։ Ֆեդերացիան կազմալուծվել է 1918 թվականի մայիսի 26-ին, երբ Վրաստանը վերականգնում է իր անկախությունը և վերածվում է Վրաստանի Դեմոկրատական Հանրապետության։ Երկու օր հետո՝ 1918 թվականի մայիսի 28-ին, և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը վերականգնում են իրենց անկախությունը՝ որպես Հայաստանի Առաջին Հանրապետություն և Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետություն։

Հայաստանի Առաջին Հանրապետություն

Հայաստանի Առաջին Հանրապետության դրոշը:
Անդրկովկասյան Դեմոկրատական Ֆեդերատիվ Հանրապետության դրոշը 1922–1936:

Անկախություն ձեռք բերելուց հետո, Հայաստանի առաջին հանրապետությունը ընդունեց ներկայիս հայկական եռագույնը։ Սիմոն Վրացյանը վկայել է. «Դրոշակի ձևի և գոյնի շուրջ եղան բաւական երկար խորհրդակցութիւններ. ի նկատի առնուեցին հայոց պատմական դրօշակները, լսուեց հայկաբան Ստ. Մալխասեանցի հիմնաւորուած զեկուցումը հայկական դրօշակի մասին և, ի վերջոյ, որոշուեց ընդունել հորիզոնական կարմիր, կապոյտ ու նարնջի երեք գոյները՝ պայմանով, որ վերջնական հաստատումը կատարուի Սահմանադիր ժողովի կողմից, որը պէտք է գումարուէր Հայաստանի երկու հատուածների միացումից յետոյ» (Սիմոն Վրացեան, Հայաստանի Հանրապետութիւն, Բ. հրատարակութիւն, Պէյրութ, 1958, էջ 183)։ Նախնական ձևը, որը վերջին հաշվով մերժվեց, ծիածանագույն դրոշն էր։ Այս նախնական ձևը կարելի է տեսնել Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում (Երևան)։ Անկախ Հայաստանի դրոշը ուներ 2:3 հարաբերակցություն, սակայն 1990 թվականի օգոստոսի 26-ին, երբ ՀԽՍՀ Գերագույն Խորհուրդն ընդունեց այն որպես Հայաստանի Հանրապետության դրոշ՝ հարաբերակցությունը փոխվեց 1:2-ի[8]:

Ազդեցություն

Ազգային դրոշը նաև հիշատակվում է Հայաստանի ազգային օրհներգում՝ «Մեր հայրենիք» երգում։ Մասնավորապես՝ երկրորդ և երրորդ տներում։

Ահա եղբայր քեզ մի դրոշ,
Որ իմ ձեռքով գործեցի,
Գիշերները ես քուն չեղա,
Արտասուքով լվացի։

Նայիր նրան՝ երեք գույնով,
Նվիրական մեկ նշան
Թող փողփողի թշնամու դեմ
Թող միշտ պանծա Հայաստան[9]։

Արցախի Հանրապետության դրոշ

Արցախի Հանրապետության դրոշ
Տեսակազգային դրոշ
ԵրկիրԱրցախի Հանրապետություն
Իրավասության տարածքԱրցախի Հանրապետություն
Օգտագործում111000
Նշան🇦🇲
Հարաբերություն1:2
Ընդունված էհունիսի 2, 1992
Գույներկարմիր, կապույտ և նարնջագույն
Պատկերված էհորիզոնական և հավասար երկարությամբ կարմիր, կապույտ, նարնջագույն շերտեր, և կտորի աջ կողմի երկու ծայրերից սկսվում է սպիտակ հնգատամ սանդղանման գորգանախշ, որը միանում է դրոշի մեկ երրորդ հատվածի վրա
Նախագծող 

Արցախի Հանրապետության պետական դրոշն ընդունվել է հանրապետության Գերագույն խորհրդի որոշմամբ՝ 1992 թվականի հունիսի 2-ին՝ Հայաստանի դրոշի նմանությամբ, ավելացված է միայն սպիտակ եռանկյունաձև նախշանկար։ Երկու ծայրերից սկսվող սպիտակ հնգատամ սանդղանման գորգանախշ, որը միանում է դրոշի մեկ երրորդ հատվածի վրա[10]։ Սպիտակ գորգանախշը խորհրդանշում է մայր Հայաստանից Արցախի բաժանումը և Հայրենիքին վերջնական միանալու ձգտումը[11]։ Դրոշի լայնության հարաբերակցությունը նրա երկարությանը կազմում է 1:2, որը հավասար է Հայաստանի դրոշի հարաբերությանը[10]։

Ծանոթագրություններ

  1. ՀՀ Սահմանադրություն
  2. 2,0 2,1 ՀՀ օրենքը ՀՀ դրոշի մասին
  3. ՀՀ դրոշ 14 հունիսի, 2011, Միացյալ ազատական ազգային կուսակցություն
  4. Հայաստանի Հանրապետության դրոշ yeraguyn.com
  5. 5,0 5,1 5,2 «Հայկական դրոշի զարգացումը». Armenianheritage.com. Վերցված է 2007 թ․ հունվարի 5-ին.
  6. «HST 50-2012 - Հայաստանի Հանրապետության պետական դրոշ - Ընդհանուր տեխնիկական պայմաններ» (PDF). Վերցված է 2013 թ․ օգոստոսի 13–ին-ին.
  7. «Закавказская Федерация (Transcaucasian Democratic Federative Republic)» (Russian). Russian Centre of Vexillology and Heraldry. 2003-05-30. Վերցված է 2006 թ․ դեկտեմբերի 27–ին-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. «Armenia: First Republic (1918–1921)». Flags of the World. Վերցված է 2007-01-09-ին.
  9. «Lyrics of Mer Hayrenik». National Anthems.net. Վերցված է 2007-01-10-ին.
  10. 10,0 10,1 «Attributes of Statehood». Ministry of Foreign Affairs of Nagorno-Karabakh. Արխիվացված է օրիգինալից December 16, 2006-ին. Վերցված է 2007-01-09-ին.
  11. «Flag of Artsakh / Nagorno-Karabakh». Flags of the World. Վերցված է 2007-01-09-ին.