Գոշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գոշ (այլ կիրառումներ)
Գյուղ
Գոշ
Գյուղի վերևի մասը Գոշավանքի կողմից
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՏավուշ
ԳյուղապետԳևորգ Ամիրխանյան
Հիմնադրված է1840-1850 թ.
Այլ անվանումներԳոշավանք
Մակերես15.4 կմ²
ԲԾՄ1080 մ
Կլիմայի տեսակմերձարևադարձային
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1218 մարդ (2012)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունգոշեցի
Ժամային գոտիUTC+4
Փոստային ինդեքս3907
Գոշ (Հայաստան)##
Գոշ (Հայաստան)

Գոշ, գյուղ Հայաստանի Տավուշի մարզում, մարզկենտրոնից 30 կմ հարավ-արևմուտք, Գոշ գետի հովտում[1]։ Գտնվում է Երևանից՝ 118 կմ հեռավորության վրա։

Պատմություն

Գոշը հիմնվել է 1840-1845 թթ.-ին։ Առաջին բնակիչներն եղել են նախկին Նոյեմբերյանի շրջանի Դոստլու և Կոթի գյուղերից վերաբնակեցվածները։

Որպես հին բնակատեղի հիշվում է դեռևս 10-11 դարերից։ 1178 թ.-ին կառուցվել է Գոշավանքի վանական համալիրը։ Այն կառուցվել է Մխիթար Գոշի կողմից՝ Իվանե Զաքարյան իշխանի աջակցությամբ։ Գոշավանքը եղել է Միջնադարյան Հայաստանի հոգևոր և մշակութային խոշոր կենտրոններից մեկը, որտեղ ստեղծվել և պահպանվել են բազմաթիվ արժեքավոր ձեռագրեր։

Այստեղ են ուսում առել և գործել Վանական վարդապետը և Կիրակոս Գանձակեցին։ Գոշավանքը եղել և մնում է որպես համաշխարհային պատմամշակութային գլուխգործոցներից մեկը։ Պատահական չէ, որ տարիներ առաջ այստեղ անցկացված միջազգային սիմպոզիումին ներկա են գտնվել աշխարհի բազմաթիվ երկրներից ժամանած 250 գիտնականներ և ճարտարապետներ։

Ավանդություն

Մխիթար Գոշը եղել է այս գյուղից։ Մի անգամ նա երազ է տեսնում, երազում Աստված նրան ասում է՝ Մխիթա՛ր, յոթ տարի հացի առատություն է լինելու, յոթ տարի էլ չորային։ Առատության տարիներին պաշար հավաքի, սովի ժամանակ ժողովուրդը նեղություն չքաշի։ Գոշը մեծ-մեծ ամբարներ է շինել տալիս, վանքի հարստությունով հացի էժան տարին ցորեն է առնում, լցնում ամբարները։ Երբ սովը ընկնում է ժողովրդի մեջ, նա մի գուշ փայտե կլոր աման է շինել տալիս և դրանով ցորեն բաժանում մարդկանց։ Դրանից հետո նրա անունը մնում է Գուշ Մխիթար։ Երբ Մխիթարը մեռնում է՝ գյուղը նրա անունով կոչում են Գոշ կամ Գոշի գյուղ[2][3][4][5]։

Բնակչություն

Նախնիների մի մասը այստեղ են տեղափոխվել մարզի Բարեկամավան և Կոթի գյուղերից։

Գոշի ազգաբնակչության փոփոխությունը.[6]

Տարի 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2004
Բնակիչ 157 325 560 836 832 803 825 938 1127 1151

Կլիմա

Գոշն ունի բարեխառն կլիմա։ Ամռանը միջին ջերմաստիճանը + 19 °C է, ձմռանը՝ -2 °C։

Տնտեսություն

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ, պտղաբուծությամբ և ծխախոտագործությամբ։

Պատմամշակութային կառույցներ

Գոշում և նրա շրջակայքում կան պատմաճարտարապետական արժեքավոր հուշարձաններ, որոնց կենտրոնը Գոշավանքի համալիրն է Սբ. Աստվածածին (1191-1196 թթ.), Սբ. Գրիգոր (1231 թ.) և Սբ. Գևորգ (1254 թ.) եկեղեցիներով։

Գոշում է գտնվում նաև Սբ. Հռիփսիմե գմբեթակիր փոքրածավալ եկեղեցին, որտեղ հանգչում է միջնադարի հայ մեծ մտածող, առակագիր Մխիթար Գոշի (1130-1213 թթ.) աճյունը, որի գերեզմանին կանգնեցված խաչքարը իր տեսակի մեջ բացառիկ արվեստի մի հրաշալի կոթող է։

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. Ա. Ա. Ասլանյան, Հ. Ղ. Գրգեարյան (1981). Հայկական ՍՍՀ աշխարհագրական անունների համառոտ բառարան. Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջ էջ 57.
  2. Արամ Ղանալանյան (1969). Ավանդապատում. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ.
  3. Մովսես Խորենացի. Պատմութիւն Հայոց. էջեր Գիրք Ա, Գլուխ Ի.
  4. Մանուկ Աբեղյան (1899). Հայ ժողովրդական առասպելները Մովսես Խորենացու Հայոց պատմության մեջ. Վաղարշապատ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  5. Г. Халатьянц (1896). Армянский эпос в Истории Армении Моисея Хоренского. Москва.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  6. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 62» (PDF). Վերցված է 2014 Մայիսի 62-ին.