Ալեքսանդր Սպենդիարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Սպենդիարյան
Հիմնական տվյալներ
Ծնվել է1871 նոյեմբերի 1 Ռուսական կայսրություն Տավրիկյան նահանգ Դնեպրովյան գավառ Ռուսական կայսրություն
Կախովկա, Դնեպրովսկի գավառ, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն[1]
ԵրկիրՌուսական կայսրություն
Մահացել է7 մայիսի 1928(1928-05-07) (տարիքը 56) {{flagicon|Armenian SSR
Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանԱլեքսանդր Սպենդիարյանի շիրիմը
Ժանրերօպերա
Մասնագիտությունկոմպոզիտոր, դիրիժոր, խմբավար
Գործիքներդաշնամուր, ջութակ
Գործունեություն1901 - 1928
ԿրթությունՄոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա և Սիմֆերոպոլի գիմնազիա
Պարգևներ
ՀԽՍՀ ժողովրդական արտիստ
 Alexander Spendiaryan Վիքիպահեստում

Ալեքսանդր Ստեփանոսի Սպենդիարյան (նոյեմբեր 1 (հոկտեմբեր 20), 1871, Կախովկա - մայիսի 7, 1928, Երևան), հայ մեծ կոմպոզիտոր, ում անունով է կոչվում Երևանի Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնը: ՀԽՍՀ ժողովրդական արտիստ 1926:

Կենսագրություն

Կախովկա 1871-1877

Ալեքսանդր Սպենդիարյանը (Սպենդիարով) ծնվել է 1871 թ. նոյեմբերի 1-ին (հին տոմարով հոկտեմբերի 20), Ռուսական կայսրության, Տավրիկյան նահանգի, Դնեպրովյան գավառի Կախովկա քաղաքում (այժմ՝ Խերսոնի մարզ, Ուկրաինա)։ Հայրը՝ Աֆանասի Սպենդիարովը (Ստեփանոս Սպենդիարյանց) զբաղվում էր փայտանյութի առևտրով։ Մայրը՝ Նատալյա Սելինովան (Դշխուհի) Կարասուբազարի (այժմ՝ Բելոգորսկ) քաղաքագլուխ Կարպ Սելինյանի դուստրն էր։ Նրանց ընտանիքում հինգ երեխա էին մեծանում։ Ալեքսանդր Սպենդիարյանը ընտանիքի երկրորդ երեխան էր։ Երաժշտական ունակությունները նրան փոխանցվել են մորից, ով հաճախ էր նվագում հայկական ու թաթարական մեղեդիներ։ Ալեքսանդրը դաշնամուր նվագել սկսել է չորս տարեկանից։ Նրա առաջին ստեղծագործությունը մի փոքրիկ վալս էր, որը գրեց յոթ տարեկանում։

…Իմ մանկության և պատանեկության տարիների երաժշտական ազդեցություններից ամենաուժեղը մորս դաշնամուր նվագելն էր, ինչը ես շատ էի սիրում ունկնդրել և ինչն, անկասկած, իմ մեջ սեր արթնացրեց դեպի երաժշտությունը…
- Ալեքսանդր Սպենդիարյան

Սիմֆերոպոլ 1877-1890

1877 թ. Ալեքսանդր Սպենդիարյանն ընտանիքի հետ տեղափոխվում է Սիմֆերոպոլ: Մայրը նրա համար դաշնամուրի ուսուցչուհի է հրավիում։ Սպենդիարյանն արդեն վարժ կարդում էր նոտաները, սակայն մեկ տարի անց նա հրաժարվում է դաշնամուրի դասերից, քանի որ չէր սիրում գամմաներ ու վարժություններ նվագել։ 1882 թ. Ալեքսանդր Սպենդիարյանն ընդունվում է Սիմֆերոպոլի գիմնազիա, երգում աշակերտական երգչախմբում։ Տասնչորս տարեկանում սովորում է ջութակ նվագել և հրապուրվում այս գործիքով։ Իսկ ավագ եղբայրը՝ Լեոնիդը թավջութակ էր նվագում։ 1888 թ. Սպենդիարյանը գրում է մի ռոմանս, որը նրա առաջին տպագրված ստեղծագործությունն էր։ «Հմայված եմ քո գեղեցկությամբ» ռոմանսը նվիրված է Ալեքսանդր Սպենդիարյանի առաջին սեր՝ Ելիզավետա Արենդտին։ 1890 թ. ավարտում է ուսումը գիմնազիայում և հոր հետ ճամփորդում՝ լինելով Վիեննայի օպերային թատրոնում:

...Շլացած դուրս եկա թատրոնից, երազելով՝ որպես գերագույն երջանկություն, իմ ստեղծագործությունը երբևիցե լսել այդպիսի հիանալի նվագախմբի կատարմամբ: Անտարակույս, հենց այդ պահից իմ մեջ ծնվեց հատուկ մի սեր նվագախմբի հանդեպ և ամրապնդվեց նույնպիսի սեր՝ երաժշտության մեջ էկզոտիկ կոլորիտի նկատմամբ...
- Ալեքսանդր Սպենդիարյան

Մոսկվա 1890-1895

1890 թ. Ալեքսանդր Սպենդիարյանը հոր խորհրդով ընդունվում է Մոսկվայի կայսերական համալսարան նախ՝ բնագիտության ֆակուլտետ, ապա ուսումը շարունակում իրավաբանության ֆակուլտետում։ Համալսարանում ուսանելու տարիներին նա նվագում է Նիկոլայ Կլենովսկու ղեկավարած ուսանողական նվագախմբում, որպես կոնցերտմայստեր՝ շարունակելով ջութակի դասերը Մեծ թատրոնի նվագախմբի ջութակահար Պեկարսկու մոտ։ Ուսանողական նվագախմբի դիրիժոր Նիկոլայ Կլենովսկին լսելով Սպենդիարյանի ստեղծագործությունները՝ խորհուրդ է տալիս լրջորեն զբաղվել կոմպոզիցիայի տեսությամբ։ Ալեքսանդր Սպենդիարյանը որպես առաջին ուսուցիչ ընտրում է հենց նրան։ Նույն համալսարանում էր սովորում նաև Սպենդիարյանի եղբայրը՝ Լեոնիդը, ով դարձավ հայտնի երկրաբան։ Մոսկվայում Սպենդիարյան եղբայրներն հաղորդակից էին հայկական մշակույթին, մտերիմ էին մոսկվաբնակ հայ մտավորականության հետ։ Նրանք հաճախ էին մասնակցում Ներսես Ներսեսովի և Սերգեյ Շահինյանի տանը կազմակերվող երեկույթներին։ 1894 թ. այդպիսի հավաքույթներից մեկի ժամանակ Ալեքսանդր Սպենդիարյանը ծանոթանում է Ալեքսանդր Ծատուրյանի հետ։ Լսելով նրա «Ա˜յ վարդ» բանաստեղծությունը Սպենդիարյանը գրում է համանուն ռոմանս։ Այն կոմպոզիտորի առաջին ստեղծագործությունն էր՝ գրված հայ գրողի բանաստեղծության հիման վրա։ 1895 թ. Սպենդիարյանն ավարտում է իր ուսումը և մեկնում Պետերբուրգ: Երկու տարի անց՝ 1897 թ. հանձնելով ավարտական քննությունները ստանում է իրավաբանի առաջին կարգի դիպլոմ, այդպես էլ իր ողջ կյանքի ընքացքում չզբաղվելով այդ մասնագիտությամբ։

Պետերբուրգ 1895-1900

1895 թ. ջութակահար Հովհաննես Նալբանդյանի միջնորդությամբ հանդիպում է Նիկոլայ Ռիմսկի – Կորսակովին և ներկայացնում իր ստեղծագործություններից մի քանիսը։ Ռուս կոմպոզիտորը համաձայնում է դառնալ Սպենդիարյանի կոմպոզիցիայի տեսության ուսուցիչը։ Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովը մեծապես հավանում էր նրա երաժշտությունը և խրախուսում էր նրան ավելի խորանալ հայկական ժողովորդական երաժշտության ուսումնասիրության մեջ։ Նրա օգնությամբ Ալեքսանդր Սպենդիարյանը բարեկամական ու ստեղծագործական կապեր է հաստատում ռուսական երաժշտարվեստի անվանիների հետ։ 1900 թ.՝ ավարտելով ուսումը, գրում է իր առաջին սիմֆոնիկ ստեղծագործությունը՝ «Կոնցերտային նախերգանքը»՝ նվիրելով սիրելի ուսուցչին։

Յալթա 1901-1916

1901 թ. Ալեքսանդր Սպենդիարյանը տեղափոխվում է Յալթա՝ ամուսնանալով վաղամեռիկ եղբոր՝ Լեոնիդ Սպենդիարյանի կնոջ՝ Վարվառա Մազիրովայի հետ։ Կոմպոզիտորի հայրը որդու ընտանիքին է նվիրում առանձնատուն, որը նախկինում Սերբիայի Նատալյա թագուհու ամառային նստավայրն էր։ Սպենդիարյանների տունը շուտով դառնում է Յալթայի մշակութային կենտրոնը։ Այստեղ շատ հաճախ էին կազմակերպվում համերգներ, երեկույթներ, որոնց ներկա էին լինում Մաքսիմ Գորկին, Անտոն Չեխովը, Ալեքսանդր Գլազունովը, Անտոն Արենսկին, Ֆեոդոր Շալյապինը, Սերգեյ Ռախմանինովը, Իլյա Ռեպինը: Յալթայում կոմպոզիտորը ծավալում է ակտիվ հասարակական, մշակութային, խմբավարական ու ստեղծագործական գործունեություն. հիմնում երաժշտական դպրոցներ, սիրողական երգչախումբ, կազմակերպում համերգներ, գլխավորում Յալթայի Հայկական բարեգործական ընկերությունը։

Սուդակ 1916-1924

1916 թ. Սպենդիարյանը վաճառելով Յալթայի առանձնատունը ընտանիքի հետ տեղափոխվում է Սուդակ՝ ապրելու իր ամառանոցում։ Նույն տարում հրավեր ստանալով Թիֆլիսի Հայկական երաժշտական ընկերության կողմից կոմպոզիտորը մեկնում է Թիֆլիս, ելույթ ունենում համերգներով ու արժանանում է տեղի հայերի ջերմ ընդունելությանը։ Թիֆլիսում կոմպոզիտորը լսում և գրառում է Արևելյան մեղեդիներ, որոնք հետագայում օգտագործում է իր ստեղծագործություններում։ Այստեղ տեղի է ունենում Սպենդիարյանի և մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի հանդիպումը՝ որ ընթացքում էլ կոմպոզիտորի մոտ ծնվում է օպերա գրելու գաղափարը։ Որպես օպերայի սյուժե ընտրվում է «Թմկաբերդի առումը» պոեմը։ Վերադառնալով Սուդակ նա սկսում է «Ալմաստ» օպերայի ստեղծման աշխատանքները։ Նույնիսկ Առաջին համաշխարհային պատերազմի և հեղափոխության դժվարին տարիներին Սպենդիարյանը ծավալում է բուռն հասարակական ու մշակութային գործունեություն։

Երևան 1924-1928

Սպենդիարյանը այն հայ մտավորակնների շարքում էր, ովքեր Հայաստանի իշխանությունների հրավերով տեղափոխվում էին բնակություն հաստատելու հայրենիքում։ Կոմպոզիտորը Հայաստան տեղափոխվեց 1924 թ.՝ իր հայրենիքում նախաձեռնելով երաժշտական ու մշակութային կյանքի զարգացման լայնածավալ աշխատանքներ։ Նրա ջանքերով ստեղծվեց Երևանի պետական կոնսերվատորիայի սիմֆոնիկ նվագախումբն ու բացվեց նվագախմբային դասարանը։ Հայաստանում կոմպոզիտորը ծավալում էր նաև մանկավարժական գործունեություն՝ իր հարուստ փորձը փոխանցելով նորաբաց կոնսերվատորիայի դասախոսներին և ուսանողներին։ Հայկական մշակույթի զարգացման մեջ ունեցած մեծ ավանդի համար Ալեքսանդր Սպենդիարյանին 1926 թ. շնորհվում է Ժողովրդական արտիստի կոչում՝ Հայաստանում առաջին անգամ։ Կոմպոզիտորի մոտ հայտնաբերվում է թոքերի սուր բորբոքում, որի հետևանքով 1928 թ. մայիսի 7-ին Ալեքսանդր Սպենդիարյանը մահանում է՝ ախտորոշմամբ։ Նրա ընկերոջ՝ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի առաջարկությամբ կոմպոզիտորի մարմինն ամփոփվում է նախագծված Ժողտան (Ներկայիս օպերային թատրոն) հարակից պուրակում։ Նրա մահից տարիներ անց՝ 1933 թ. հունվարի 20-ին «Ալմաստ» օպերայի բեմադրությամբ բացվում է Հայաստանի օպերայի պետական թատրոնը, որը 1939 թ. կրում է Ալեքսանդր Սպենդիարյանի անունը։

Գործունեությունը

Ալեքսանդր Սպենդիարյանի անունը իր նշանակալից տեղն ունի հայ դասական երաժշտության պատմության մեջ։ Յուրօրինակ կոմպոզիտոր, տաղանդավոր դիրիժոր, անընկճելի երաժշտահասարակական գործիչ, երիտասարդներ կրթող նրբանկատ մանկավարժ Ալեքսանդր Սպենդիարյանը հայ սիմֆոնիկ երաժշտության հիմնադիրներից մեկն է, ով յուրացնելով ժողովրդական երաժշտության օրինաչափությունները, դաստիարակվելով եվրոպական և մասնավորապես ռուսական դասական երաժշտության ավանդույթներով, ընդլայնեց ազգային երաժշտության շրջանակները։ Նա հիմք դրեց հայ սիմֆոնիկ երաժշտությանը, հարստացրեց կամերային երաժշտությունը և ստեղծեց դասական «Ալմաստ» օպերան։ Սպենդիարյանը մեծ դեր խաղաց ազգային կոմպոզիտորական դպրոցի, նրա գեղագիտական սկզբունքների և հայ երաժշտության մեջ ռեալիստական /իրատեսական/ ուղղվածության ձևավորման գործում։ Սպենդիարյանի երաժշտական ժառանգությունը բաղկացած է քառասունից ավելի երգերից ու ռոմանսներից, մի շարք կամերա-գործիքային և սիմֆոնիկ ստեղծագործություններից, մեկ օպերայից, երկու մելոդեկլամացիաներից, մի քանի խմբերգերից ու վոկալ անսամբլներից։ Սպենդիարյանի գրչին են պատկանում մեծ քանակությամբ ժողովրդական երգերի մշակումներ՝ հայկական, ռուսական, ուկրաինական, թաթարական (Ղրիմի)։ Սպենդիարյանի ինքնատիպ երաժշտական ոճը դրսևորվեց արևելյան թեմաներով գրված ստեղծագործություններում։ Այդ մասին կոմպոզիտորը հետևյալն է գրում. «Հետադարձ հայացք նետելով այն ամենին, ինչ ես գրել եմ մինչև օրս, կարելի է այն եզրակացությանը գալ, որ… իմ ստեղծագործություններից առավել անհատական են արևելյան ոճի ստեղծագործությունները»: Լինելով «նոր ռուսական երաժշտական դպրոցի» ՝«Հզոր խմբակի» հետևորդը Սպենդիարյանը հակվեց ծրագրային երաժշտությանը, որին բնորոշ են վառ կերպարայնությունը, երաժշտական լեզվի գունեղությունը, անմիջականությունն ու հուզականությունը։ Դեռևս Սիմֆերոպոլի գիմնազիայում ուսանելու տարիներին երիտասարդ Սպենդիարյանը գրում է իր առաջին ստեղծագործությունները։ Ստեղծագործական առաջին փորձերի թվում կային նաև հերոսական երգերի մշակումներ ջութակի և դաշնամուրի համար, զինվորական քայլերգեր, ինչպես նաև մի շարք հայկական ազգային մեղեդիների մշակումներ քառաձայն երգչախմբի համար՝ «Գացեք տեսեք», «Ջան գյուլում» և այլն։ 1890-ական թթ. Սպենդիարյանը ստեղծեց մեծ քանակությամբ երգեր և ռոմանսներ, որոնք հագեցած էին լուսավոր, անհոգ քնարականությամբ, մեղեդայնությամբ, պարզ ու մատչելի երաժշտական կառուցվածքով։ Դրանցում արտացոլվեցին ռուսական կենցաղային երգերի և ռոմանսների անմիջական ազդեցությունը։ 1900 թ. Սպենդիարյանն ավարտելով ուսումնառությունը Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի մոտ, սկսեց իր որոնումները ստեղծագործական նոր արտահայտչաձևերում, ինչպես նաև երաժշտա-հասարակական գործունեության բազմակողմանի դրսևորումներում։ Այս ժամանակահատվածում Ալեքսանդր Սպենդիարյանն ակտիվ տարվեց երաժշտահասարակական, դիրիժորական և կոմպոզիտորական գործունեությամբ՝ նպաստելով Ղրիմի համերգային կյանքի և երաժշտական կրթության զարգացման գործին։ 1900-1917 թթ. Սպենդիարյանը գրեց իր խոշորակտավ ստեղծագործությունների մեծ մասը։ «Ղրիմյան էսքիզներ»-ի երկու սերիաները(1903, 1912 թթ.) «Երեք արմավենի» սիմֆոնիկ պատկեր(1905 թ.), մելոդեկլամացիաներ՝ «Մենք կհանգստանանք»(ըստ Չեխովի Սոնյայի մենախոսությունը «Քեռի Վանյայի» պիեսից(1910 թ.), «էդելվեյս»(ըստ Գորկու, 1911 թ.), վոկալ անսամբլներ՝ «Պաղեստինի ոստը»(1901 թ.), «Չհնձված արտը», (1902 թ.), «Վլադիմիր Ստասովի հիշատակին» կանտատը(1907 թ.), «Բեդա Քարոզիչ»(1907 թ.), «Ձկնորսն ու փերին»(1902 թ.), և այլն։ Ակտիվ էին նրա շփումները տարբեր երաժշտա-հասարակական կազմակերպությունների հետ։ Դրանց թվում էին Ղրիմի, Խարկովի, Օդեսսայի, Մոսկվայի, Թբիլիսիի, Նախիջևանի, Բաքվի երաժշտա-հասարակական կազմակերպությունները, տպարանները, երգչախմբային և նվագախմբային միությունները, ուսումնական հաստատությունները և այլն։ Շատ լայն էր Սպենդիարյանի ստեղծագործական շփումները մշակույթի տարբեր ոլորտները ներկայացնող ինչպես ռուս այնպես էլ հայազգի արվեստագետների հետ՝ Մաքսիմ Գորկի, Անտոն Չեխով, Լև Տոլստոյ, Ալեքսանդր Գլազունով, Բորիս Ասաֆև, Միխայիլ Գնեսին, Սերգեյ Վասիլենկո, Եվգենիա Զբրուևա, Ֆելիքս Բլյումենֆելդ, Նիկոլայ Չերեպնին, Նիկոլայ Ամանի, Սերգեյ Մերկուրով, Եվգենյա Մռավինա, Ալեքսանդր Ծատուրյան, Վարդգես Սուրենյանց, Նիկողայոս Տիգրանյան Հովհաննես Թումանյան, Մարտիրոս Սարյան, Ռոմանոս Մելիքյան, Հովհաննես Նալբանդյան և այլն։ Այդ մասին են վկայում նրա նամակագրական կապերը, և ժամանակակիցների հուշերը կոմպոզիտորի մասին։ Սպենդիարյանի ստեղծագործական կյանքում բեկումնային եղավ 1916 թ. նրա այցը Թիֆլիս, որտեղ նա ծանոթացավ Հովհաննես Թումանյանի հետ և ոգեշնչված «Թմկաբերդի առումը» պոեմով գրեց իր «Ալմաստ» օպերան։ Թիֆլիսում նաև կազմակերպվեցին կոմպոզիտորի հեղինակային համերգները, որից ստացված հասույթը Սպենդիարյանը տրամադրեց 1915 թ. ջարդերից տուժված հայերին։ Անընկճելի եռանդով Սպենդիարյանը շարունակեց իր գործը նաև հայրենիքում։ 1924 թ. գալով Երևան նա ձեռնամուխ եղավ հայկական սիմֆոնիկ նվագախմբի ստեղծմանը, որի անդրանիկ համերգը կազմակերպվեց 1924 թ. դեկտեմբերի 10-ին։ Սպենդիարյանն մանկավարժի և կոմպոզիտորի իր հմտությունները կիսեց և փոխանցեց երիտասարդ կոլեգաներին և ուսանողներին։ Հետաքրքիր մտքեր և ծրագրեր առաջարկեց երաժշտական հրատարակություն, օպերային թատրոն, ֆիլհարմոնիա ունենալու մասին, որոնք կոմպոզիտորի մահից տարիներ հետո դարձան իրականություն։ 1925 թ. Երևանում նա գրեց իր վերջին ստեղծագործություններից մեկը՝ «Երևանյան էտյուդները», որը նվիրեց Երևանի պետական կոնսերվատորիայի ուսանողական նվագախմբին։ 1926 թ. մեծ շուքով նշեցին կոմպոզիտորի ստեղծագործական գործունեության 25-ամյա հոբելյանը, նույն թվականին նա ստացավ ՀԽՍՀ ժողովրդական արտիստի և պետկոնսերվատորիայի պրոֆեսորի պատվավոր կոչումները։ Սպենդիարյանի համար կարևոր նշանակություն ուներ 1927 թ. օպերային դասարանի հասարակական ելույթը, որին կոմպոզիտորը մեծ նշանակություն էր տալիս. «Զարյա Վոստոկա» թերթում կոմպոզիտորը գրեց. «Մայիսի 18-ին հայկական օպերայի հիմքը դրվեց»: 1928 թ. Հայաստանում, ինչպես նաև ողջ Խորհրդային միությունում նշվում էր Մաքսիմ Գորկիի ստեղծագործական գործունեության 35-ամյակը։ Հոբելյանական այդ համերգը ղեկավարում էր Սպենդիարյանը։ Դա կոմպոզիտորի վերջին ելույթն էր։ 1928 թ. մայիսի 7-ին նա կնքեց իր մահկանացուն։

Ստեղծագործական ժառանգություն

Վոկալ ստեղծագործություններ

Ռոմանսներ

  • «Հրապուրել են ինձ քո սև աչերը» (խոսք՝ Պ. Կոզլովի 1888-1889 թթ.)
  • «Դու լույս արև, արև հոգուս» (խոսքերի հեղինակը անհայտ 1892 թ.)
  • «Էլ վաղուց վոչ մի հարց» (խոսք՝ Վ. Սոլովյովի 1892 թ.)
  • «Ա˜յ վարդ» (խոսք՝ Ալեքսանդր Ծատուրյանի Op. 1 №3, 1894 թ.)
  • «Ջրահեղձ կնոջ երգը» (խոսք՝ Ա. Պոդոլինսկու 1895 թ.)
  • «Ինչո՞ւ՝ ես չգիտեմ» (խոսք՝ Լ. Մեյի 1895 թ.)
  • «Եվ խորն է սերը նրանց» (խոսք՝ Միխայիլ Լերմոնտովի- Հաֆիզից Op. 1 №1, 1895 թ.)
  • «Գիշերն է նույն» (խոսք՝ Ա. Բորովիկովսկու 1895 թ.)
  • «Օ˜, վարդ, ջահել իմ օրերի» (խոսքերի հեղինակը անհայտ 1895 թ.)
  • «Ննջել է նա քաղցր ու անուշ օրորոցում» (խոսք՝ Ս. Նադսոնի Op. 1 №4, 1899 թ.)
  • «Երազել եմ քո սերը» (խոսք՝ Ս. Նադսոնի Op. 1 №2, 1898 թ.)
  • «Նայիր, լոկ ավեր մի ամրոց է» (խոսք՝ Ս. Բրունսի Op.5 №1, 1900 թ.)
  • «Արևելյան օրորոցի երգ» (խոսք՝ Ռաֆայել Պատկանյանի Op.5 №2, 1900 թ.)
  • «Ահ, սպասում է քեզ համբույրս» (խոսք՝ Ա. Մայկովի Op.5 №3, 1901 թ.)
  • «Դանդաղ իջնում է իրիկունը» (խոսք՝ Ս. Նադսոնի Op.5 №4, 1901 թ.)
  • «Թաթարական երգ» (խոսք՝ Ալեքսանդր Սպենդիարյանի, ըստ Ալեքսանդր Պուշկինի «Բախչիսարայի շատրվանը» բանաստեղծության, 1902 թ.)
  • «Սպասում» արիոզո (խոսք՝ Ա. Գոլինիշչև-Կուտուզովի 1904 թ.)
  • «Օզիմինդիա» (խոսք՝ Շելլի, ռուս. թարգմանությունը Կոնստանտին Բալմոնտի Op. 11 №1, 1904 թ.)
  • «Արևելյան լեգենդ» (խոսք՝ Ս. Մարշակի Op 11 №2, 1906 թ.)
  • «Լուսնին» (խոսք՝ Շելլի, ռուս. թարգմանությունը Կ. Բալմոնտի, Op. 13 №1, 1906 թ.)
  • «Խնդացիր ով սիրտ-սոխակ իմ» (խոսք՝ Ա. Ֆետ-Հաֆիզից Op. 13 №2, 1906 թ.)
  • «Թե տեսնում եմ ժպիտը ես քո» (խոսք՝ Ա. Ֆետ Op. 13 №, 1906 թ.)
  • «Հաֆիզի երգը» (խոսք՝ Ա. Ֆետ- Հաֆիզից Op. 13 № 4, 1906 թ.)
  • «Շամիրամի արիան» (1909 թ.)
  • «Ալ Ջամաստ» (խոսք՝ Տեֆֆի Op. 22 №1, 1910 թ.)
  • «Մի լար բլբուլ» (խոսք՝ Ալեքսանդր Ծատուրյանի Op. 22 №2, 1910 թ.)
  • «Հաֆիզից» (խոսք՝ Ն. Ռաչինսկու Op. 22 № 3, 1910 թ.)
  • «Այշե» (խոսքը և մեղեդին ժողովրդական, ռուս. տեքստը Ալեքսանդր Սպենդիարյանի Op.22 №4, 1910 թ.)
  • «Առ սիրուհիս» (ռուս. տեքստը Ալեքսանդր Սպենդիարյանի 1916 թ.)
  • «Հայրենի երկիր իմ» (Ղրիմյան ժողովրդական երգի մշակում-ռուս. և հայերեն տեքստը

Տիգրան Հախումյանի, 1924 թ.)

Վոկալ գործիքային ստեղծագործություններ

Վոկալ անսամբլներ

  • «Գնանք, հեռանանք» վոկալ դուետ (խոսք՝ Յազիկովի 1893 թ.)
  • «Աստվածային թռչնակ» վոկալ քառյակ՝ դաշնամուրի նվագակցությամբ(խոսք՝ Ալեքսանդր Պուշկինի, Op.2, 1899 թ.)
  • «Պաղեստինի ոստը» վոկալ քառյակ՝ նվագախմբի նվագակցությամբ(խոսք՝ Միխայիլ Լերմոնտովի, Op.6, 1901 թ.)

Մելոդեկլոմացիաներ

Խմբերգեր

«Չհնձված արտը» (էլեգիա՝ խառը երգչախմբի և բաս-մեներգչի համար՝ նվագախմբի նվագակցությամբ, խոսք՝ Նիկոլայ Նեկրասովի Op.8, 1902 թ.) «Վլադիմիր Ստասովի հիշատակին» (կանտատ երգչախմբի համար՝ դաշնամուրի նվագակցությամբ, խոսք Վ. Լիխաչովի Op.16, 1907 թ.) «Փառքդ մեծ՜, օր մայիսի» (երգ-հիմն խառը երգչախմբի համար՝ նվագախմբի նվագակցությամբ, խոսք՝ Ալեքսանդր Սպենդիարյանի 1917 թ.) '«ՈՒկրաինական սյուիտ»'(ուկրաինական ժողովրդական երգերի մշակումներ քառաձայն երգչախմբի համար՝ նվագախմբի նվագակցությամբ 1921 թ.)

ՈՒկրաինական ժողովրդական երգերի մշակումներ(1919-1922 թթ.)

  • «Թե հողմերն են կործանել քեզ»
  • «Ինչ հող գլխիս տամ»
  • «Շաղ արավ անձրևը»
  • «Լույս մի տա դու, ախ լուսնյակ իմ»
  • «Ժամ է, ժամ է, տուն»
  • «Թե կամենար տերն աստված»
  • «Հենց որ սերն իմ շաղաց գնաց»
  • «Օ՜յ, անցել եմ ձեր դռնով ես»
  • «Ծերուկ պապն է նստել շվարած»
  • «Դաշտերով ես գալիս եմ»
  • «Միթե քեզ չեի ասում»
  • «Երբ մեռնեմ»(պատգամ, խոսք՝ Տարաս Շևչենկոյի)

Ռուսական ժողովրդական երգերի մշակումներ (1919-1922 թթ.)

  • «Կա մի ժայռ Վոլգայում»
  • «Մարմանդ գիշեր»
  • «Ով է կին չունի դեռ»
  • «Ծաղկունքը թոշնում են»
  • «Այ իմ շարաբ թանձր»
  • «Այ իմ շարաբ»
  • «Ախ, մայրիկ ջան»
  • «Մաղի՝ր մայրիկ ալյուր»
  • «Սանամերըս քավորկինըս»

Սիմֆոնիկ ստեղծագործություններ

  1. «Պարային»,
  2. «Էլեգիական երգ»,
  3. «Խնջույքի երգ»,
  4. Պար «Ղայթարմա»
  1. «Թաքսիմ»(Պրելյուդիա), «Փեշրաֆ»(Ինտերմեցցո),
  2. «Սիրո երգ»,
  3. Պար «Բաղլամա»,
  4. «Հարսի լացը»,
  5. «Երգ մկնիկի մասին»,
  6. Պար «Հոյնավա», պար «Ղայթարմա»
  • «Խիզախ մարտիկներ» (քայլերգ մեծ նվագախմբի համար, գրված կազակական հինավուրց երգերի թեմաներով, Op. 26, 1915 թ.)
  • «Էտյուդ հրեական թեմաներով» (1921 թ.)
  • Նվագախմբային երկու սյուիտ «Ալմաստ» օպերայից
  1. «Նադիր Շահը և Թաթուլը», 1923 թ.
  2. «Խրախճանք Թաթուլի պատվին», 1924 թ.
  • «Դավաճանություն» սիմֆոնիկ պատկեր «Ալմաստ» օպերայից(1924 թ.)
  • «Երևանյան էտյուդներ» (նվիրված է Երևանի Պետ. Կոնսերվատորիայի նվագախմբին, Op. 30, 1925 թ.)

Կամերա-գործիքային ստեղծագործություններ

ա) Երկձեռք դաշնամուրի համար

  • «Վալս» սի-բեմոլ մաժոր(1892 թ.)
  • «Վալս» մի-բեմոլ մաժոր (1893 թ.)
  • «Սկերցո» (1894 թ.)
  • «Բարկարոլլա»(1895 թ.)
  • «Ղայթարմա»(1895 թ.)
  • «Մենուետ»( 1897 թ.)
  • «Երգ, Պար և Ղայթարմա»( 1917 թ.)
  • «Ղրիմյան էտյուդ»( 1917 թ.)

բ) Քառաձեռն դաշնամուրի համար

  • «Գուշակուհին» (1893 թ.)
  • «Պոլոնեզ» (1894 թ.)
  • «Սգո քայլերգ»( Նվիրված է Ն. Ի. Ներսեսովի հիշատակին 1894 թ.)

գ) Ջութակի և դաշնամուրի համար

  • «Վալս» (ստեղծման տարեթիվը անհայտ)
  • «Երգ» (ստեղծման տարեթիվը անհայտ)
  • «Ռոմանս»(նվիրված է Հ. Նալբանդյանին, 1892 թ.)
  • «Օրորոցային»(1893 թ.)
  • «Մեղեդի»(1894 թ.)
  • «Կանցոնետտա»(նվիրված է Հ. Նալբանդյանին, Op.15(ա) 1896 թ.)

դ) Թավջութակի և դաշնամուրի համար

  • «Ռոմանս» սոլ-մինոր(1893 թ.)
  • «Ռոմանս» ֆա-մաժոր(1893 թ.)
  • «Բարկարոլլա» սոլ-մաժոր(Op. 15(բ), 1894 թ.)

դ) Կլարնետի և դաշնամուրի համար

  • «Ռոմանս» լյա-մաժոր(ստեղծման տարեթիվը անհայտ)

ե) Գործիքային անսաբլներ

  • Պրելյուդիա (լարային կվարտետի համար, 1895 թ.)
  • Սկերցինո (ջութակի, ալտի և թավջութակի համար, 1897 թ.)
  • Ֆուգա (լարային քառյակի համար, 1898 թ.)
  • Ռոնդա( լարային քառյակի համար, 1900 թ.)

Օպերա

Հիշատակ

Ալեքսանդր Սպենդիարյանի հուշարձանը Ազատության հրապարակում
  1. Փոստային նամականիշ՝ թողարկված 1971 թվականին, կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 100- ամյակի առթիվ։ Նամականիշի վրա Սպենդիարյանի դիմանկարն է(հեղ.՝ Մարտիրոս Սարյան''Почта СССР. - 1971''
  2. Փոստային նամականիշ՝ թողարկված 2000 թվականին ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարության հովանավորությամբ։ Նամականիշերի շարք է՝ հայ կոմպոզիտորների դիմանկարներով։ Նախագծի հեղինակ՝ Ս. Սիմոնյան, խմբագիր՝ Է. Կուպինյան, գլխավոր նկարիչ՝ Հ. Սամուելյան, նամականիշների ձևավորող նկարիչ՝ Ս. Քեչյան։ Տպագրվել է Հոլանդիայում։
  3. Փոստային ծրար՝ կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի դիմանկարով։ Թողարկվել է 1971 թ., կոմպոզիտորի ծննդյան 100 - ամյակի առթիվ, ԽՍՀՄ Կապի մինիստրության հրատարակչության կողմից։ Դիմանկարի հեղինակ Ա. Սոկոլով։
  4. Փոստային ծրար՝ կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի դիմանկարով։ Թողարկվել է 05.11.2011 թ. Ուկրաինայում։ Դիմանկարի հեղինակ՝ Գեննադի Զադիպրյանի։
  • Հուշամեդալներ
  1. Հուշամեդալ՝ թողարկված կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 100 - ամյակի առթիվ՝ 1971 թ.:

Տես նաև

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Спендиаров Александр Афанасьевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.

Գրականություն

  • Աճեմյան Հր. Ալեքսանդր Սպենդիարեն կեանքը ու գործը, լոս-Անճելըս 1996:
  • Գասպարյան Ս. ԱլեքսանդրՍպենդիարով։ Երևան, Հայպետ հրատ.1951:
  • Գրիգորյան Ք. ԱլեքսանդրՍպենդիարով։ Երևան ՀՍՍՀ Գ.Ա։ Հրատ.1952:
  • Ժամանակաիցները Ալ.Սպենդիարյանի մասին, հուշերի ժողովածու, կազմ. Թադևոսյան Ալ. Երևան, Հայպետհրատ. 1960:
  • Իսահակյան Ավ. Իմհուշերը Երևան Հայպետհրատ. 1946:
  • Սպենդարովա Մ. Ալ. Սպենդարիով, Երևան, «Հայաստան»հրատ. 1966:
  • Սպենդարովա Մ.Ալ., երաժիշտի կյանքը: Երևան, հայպետհրատ 1971:
  • Մելիքյան Սպիրիդոն, հոդվածներ, հուշեր, նամակներ, փաստաթղթեր:

Կազմ. Մելիքյան Սաթիկ և Թադևոսյան Ալեքսանդր, Երևան, ՀԽՍՀ ԳԱ. Հրատ. 1964.(հոդվ. «Ալ. Աֆ. Սպենդարյանը մեր կոնսերվատորիայում»)։

  • Տիգրանյան Ն։ Հոդվածներ, հուշեր, նամակներ, կազմ. Մազմանյան Ռ., երևան, ՀԽՍՀ Գ.Ա. հրատ. 1981 (էջ 51) :
  • Հուշեր (ժամանակաիցների հուշերը Սպենդիարյանի մասին) կազմ. Օթարյան Մ. և Սարգսյան Տ., Երևան, «Էդիտ Պրինտ»: հրատ. 2012 (նվիրված է Սպենդարյանի ծննդյան 140-ամյակին)։
  • Հայկական երաժշտական մշակույթի պատմություն։

Կազմ. Մուրադյան Մ. Երևան, ՀԽՍՀ Գ.Ա հրատ. 1970 (էջ 519-533)։

  • Սովետական Հայաստանի երաժշտությունը (հոդվածների ժողովածու), խմբագիր և կազմող Թադևոսյան Լ., Երևան «Հայաստան» հրատ. 1973 (էջ 126-136)։
  • Բարսամյան Ա., հարությունյան Մ. Հայ երաժշտության պատմություն, Երևան, «Լույս» հրատ. 1968 (էջ 210-263)։
  • Ալեքսանդր Սպենդիարյանը և ժամանակը (հոդվածների և Սպենդարյանին նվիրված գիտաժողովի զեկուցումների ժողովածու), կազմ. և խմբագիր Ավետիսյան Ն., Երևան, «Կոմիտաս»հրատ. 2011:
  • Կերպարվեստի նմուշների կատալոգ՝ Ալեքսանդր Սպենդարյանը հայկական կերպարվեստում, կազմ. Տեր-Գաբրիելյան Ալ., երևան 1972:
  • Սպենդիարյան Ալ. Երևանի Պետկոնսերվատորիայի սիմֆոնիկ օրկեստրը, «Արվեստ» երկամսյա հանդես, Երևան 1927, №3-4 (բ. տարի)։
  • Համալյան Սիմոն, Ալ. Աֆ. Սպենդիարյան (երաժշտական գործունեության 25-ամյա հոբելյան)։ «Մարտակոչ» թերթ, Թիֆլիս, հոկտեմբեր, 1926:
  • Սպենդարյան Ալ ., Մեր խուժանը (մանկավարժական հոդվածհոդված) «Անապաստան երեխա» հանդես, 1926, № 1 /տես նաև «Նոր-դար» հանդես, №3-4, էջ 154/:
  • Սպենդիարյան Ալ։ Արևելյան ժողովրդական նվագախումբ, «Խորհրդային Հայաստան» թերթի հավելված, 11/04-1926:
  • Շտեյնբերգ Մ., հուշեր Ալեքսանդր Սպենդիարյանի մասին, Երևան, «Խորհրդային արվեստ»հանդես, 1941 №5:
  • Գրիգորյան Ք., Մեծ կոմպոզիտորը, (Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 100-ամյակի առթիվ), «Սովետական Հայաստան»ամսագիր, Երևան, 1971 №12:
  • Թադևոսյան Ալ. Ալեքսանդր Սպենդիարյան, Երևան, «Սովետական գրականություն և արվեստ» ամսագիր, Երևան, 1951, №11:
  • Բուդաղյան Գ. Ե, Ալեքսանդր Սպենդիարյանի հետ, «Սովետական արվեստ»-հանդես, Երևան, 1971, №10:
  • Իսահակյան Ավ., ալեքսանդր Սպենդիարով (հուշեր) «Սովետական Հայաստան»հանդես Երևան, 1971, №12:
  • Խաչատրյան Ա.Ի., Չխամրող, կենդանի արվեստ, (Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 100 ամյակին), «Կուլտուր-Լուսավորական աշխատանք» հանդես (ՀԽՍՀ Կուլտուրայի մինիստրության օրգան) երևան, 1971, №8:
  • Բաբաջանյան Ա., Նա ինձ համար բացահայտեց երաժշտության աշխարհը։ «Սովետական Հայաստան»հանդես, Երևան, 1971, №12
  • ՏերյանՄ., Սպենդիարյանը և ժողովրդական ստեղծագործությունը «Սովետական արվեստ»հանդես, Երևան, 1971, №10
  • Միրզոյան Է., ժողովրդական կոմպոզիտորը, ժողովրդի կոմպոզիտորը: «Սովետական Արվեստ»հանդես, Երևան, 1971, №10 (նվիրված է Սպենդիարյանի ծննդյան 100-ամյակին):
  • Բարսամյան Ա.:Ալեքսանդր Սպենդիարյան (ծննդյան 100-ամյակի առթիվ), «Հայսատանի աշխատավորուհի»հանդես, Երևան, 1971, №12:
  • Александр Снедиаров-письма. Составитель Григорян К. Изд-во АН. Арм. ССР, Ереван 1962г.
  • Александр Спендиаров, Статьи и исследования . Составитель Гедакян Г., Ереван. Изд-во АН. Арм. ССР., 1973.
  • Шавердян А. А.А. Снендиаров, Музгиз, Москва, 1939.
  • Шавердян А. А.А. Снедиаров, краткий очерк жизни и творчества. Изд-во «Советский композитор», Москва, 1957,
  • Будагян Г. Е. Со Спендиаровым-страницы воспоминаний, из-во «Амроц», Ерван 1999.
  • Шавердян Ал.. А.А. Спендиаров. Ереван, из-во «Айастан», 1971
  • Василенко С. Страниц воспоминаний. Муз. Лит. Москва, 1948.
  • Тигранов Г.. А.А. Снедиаров (по материалам писем и воспоминанийй) Ереван Изд-во «Айастан» 1953.
  • Тигранов Г.. Александр Афанасьевич Сннедиаров. Монография. Москва, Муз. гиз, 1959.
  • Тигранов Г.. Александр Афанасьевич Снендиаров. (Издание второе, исправленное и дополенное). Москва, изд-во «Музыка», 1971.
  • Барсамян А.. «Алмаст» А. А. Снедиарова. Москва, Госмузиздат., 1958.
  • Тигранов Г.. Армянский музыкальный театр АрмГосиздат., Ереван 1956 (стр. 271-375).
  • Асафев Р.. Встреча со Спендиаровым (в книге «Очерки Армении»), Москва, изд-во «Советский композитор», 1958.
  • Коптев С., Терян М.. Раздел о симфонической музыке Спендиарова в статье «Симфоническая музыка и инструментальный концерт». В сб. «Музыка Советской Армении» Москва, Музгиз. 1960.
  • Спендиарова Марина (серия биографии-ЖЗЛ.) Спендиаров, Москва, из-во ВЛКСМ. 1964.
  • Спендиарова Марина Ал. Жизнь музыканта, Москва, из-ви«Детская Литература», 1971.
  • Спендиарова Марина Ал.. Летопись жизни и творчества А.А. Спендиарова. Ереван, из-во АН. Арм. ССР. 1975.
  • (2 գրքույկ Սպենդիարյանի ծննդյան 100-ամյակի առթիվ՝ հրատարակված կոմպոզիտորի տուն-թանգարանի նախաձեռնությամբ)-1)Спендиаров о музыке, 2) Слово о Спендиаровае. Сост. Бальян Вл., Министерство культуры Арм. ССР., Дом –музей Ал Спендиарова, Ереван, из-во ЦК. КП. Армении 1971.
  • Абасова Э.. Опера «Алмаст»А. Снендиарова. Баку, Азербайджанское Госмузизд-во, 1958.
  • ShahverdyanA. (ՇահվեռդյանԱ.) A. A. Spendariyan (Ա.Ա. Սպենդիարյան, անգլերեն, ) Երևան, «Հայաստան»հրատ. 1971.
  • Путеводители по Советской музыке.-Барсамян А. «Алмаст» А. А. Спендиарова. Москва, Музгиз, 1958.
  • Снендиаров Ал., Автобиография. «Совтетская музыка» Ж., 1938 №4.
  • Спендиаров. Ал., Предисловия книги Гумреци «Николай Фадеевич Тигранов и музыка Востока», Ленинград, 1927.
  • Глазунов А.. Воспоинания об А.А. Спендиарове, «Советская музыка», Москва, 1939, №9-10.
  • Корганов В., Сарян М.. Воспоминания об А.А. Спендиарове «Советская музыка» Москва, 1939 №9-10
  • Тер-Гевондян А.. Воспоминания о Спендиарове. «Советская Музыка» 1956 №6.
  • Торджян Х.. «Алмаст» А. Спендиарова. «Советсакя Музыка» Москва 1939 №9-10
  • Беляев В.. А.А. Спендиаров и армянская музыка. «Современная Музыка» (Временник асоцации современной музыки при Государственной Академи художественых наук), год V, Москва, 1927 №26.

Արտաքին հղումներ

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Սպենդիարյան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Սպենդիարյան» հոդվածին։