Դդմաշեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Դդմաշեն
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԳեղարքունիքի մարզ
ՀամայնքապետԱվետիս Ավետիսյան
Հիմնադրված է1828 թ.
Մակերես1,86 կմ²
ԲԾՄ1798±1 մետր, 1800 մետր
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն2876[1] մարդ (2008 հունվարի 1)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Փոստային ինդեքս1508
Փոստային դասիչ1508
Դդմաշեն (Հայաստան)##
Դդմաշեն (Հայաստան)
Դդմաշեն (Գեղարքունիքի մարզ)##
Դդմաշեն (Գեղարքունիքի մարզ)

Դդմաշեն, գյուղ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզում։ Հարևան Գեղամավան գյուղի հետ հիմնվել է Մակուի վերաբնակիչների կողմից 1828 թ։ Հայտնի է 7-րդ դարում կառուցված Ս. Թադևոս եկեղեցիով։

1970-ական և 90-ական թվականներին գյուղում գործել է ձիաբուծարան, որտեղ բուծվել են անգլիական զտարյուն ցեղի ձիեր։ Գյուղն ունի միջնակարգ դպրոց, մանկապարտեզ, պատմական թանգարան, գրադարան, մշակույթի տուն, բուժ ամբուլատորիա: Դդմաշենում է ծնվել կինոռեժիսոր Յուբիկ Մուրադյանը։

Անվան ստուգաբանությունը

Գյուղի անվան ստուգաբանության վերաբերյալ կան տարբեր վարկածներ: Ոմանք պնդում են, որ ձկնառատ Հրազդանի ափի Դդմաշենը Մակվից եկած հայերը կոչել են իրենց նախկին բնօրրանի՝ Դուդմա կամ Տուտմա (Դուդմա պարսկերեն նշանակում է ձուկ) անունով: Սակայն ակադեմիկոս Լևոն Խաչիկյանի գտած 1494 թվականի մի ավետարանում ասվում է. «Արդ գրեցավ սուրբ ավետարանս ի գյուղս Դեմդեմաշեն, ընդհովանով սուրբ Աստվածածինս և Սևանա Սուրբ Առաքելոյն»: Գիտնականի կարծիքով, Դեմդեմաշենը նույն Դդմաշենն է: Դդմաշենցի հայտնի բանահավաք Գուրգեն Ստեփանյանը ժխտել է Երվանդ Լալայանի այն վարկածը, թե գյուղի անունը առաջացել է դդում բառից:

Պատմությունը

Պարսկաստանի Դիաղինից և Մակվի շրջանի Տուտմա գյուղից 60 ընտանիք և Արևմտյան Հայաստանի՝ Բայազետի շրջակա գյուղերից 17 ընտանիք եկան այստեղ, 1828 թվականին Հայաստանը Ռուսաստանի հետ միավորելու շրջադարձային ժամանակաշրջանում: Դդմաշենի նորաբնակության օրերին գյուղից հեռացան Կարափափախները: Հինավուրց բնակավայրում իրենց քարավանը կանգնեցրին նորեկները և սուրբ Աստվածածին եկեղեցին կոչեցին սուրբ Թադեոս առաքյալի անունով: Եկվորների թիվը կազմել է 468 մարդ: Նրանց մեջ էին տարբեր արհեստներով զբաղվողներ: Տանուտերը Օհան Միրզոյանն էր: Գյուղացիները իրենց հետ բերել էին 440 խոշոր, 502 մանր եղջերավոր անասուններ, 40 ձի և ավանակ: Գործի գցեցին գյուղի 2 ձիթհանները, վերանորոգվեց քանդված 26 ջրաղացներից 5-ը: Դրանցից էին Մակարի, Սաֆարի, Սեփոյի և ամենամեծը՝ Ասպատուրի ջրաղացը: Դդմաշենցիները վարձով մշակում էին արքունական հողերը: 1873 թվականի համաձայն, գյուղի 100 ծխերում ապրում էր 1236 մարդ, որից տղամարդ՝ 630, կին՝ 606:

1928 թվականին ստեղծվեց կոլտնտեսություն: Սկզբում ընդգրկեց 17 տնտեսություն, նախագահը Ավետիս Ավետիսյանն էր: Կոլտնտեսության գոյությունը կարճ տևեց, այն շուտով վերացավ: Կազմվեց կաթնային արտել, ապա 1932 թվականին նորից ձևավորվեց կոլտնտեսություն, որի նախագահն Արմենակ Հայրապետյանն էր: Կոլտնտեսության երկարամյա նախագահ է եղել Շավարշ Գրիգորյանը:

Դդմաշենցիների մասնակցությունը Երկրորդ աշխարհամարտին

Երկրորդ աշխարահամարտի տարիներին ռազմաճակատ մեկնեցին 538 դդմաշենցիներ, որոնցից 211-ը չվերադարձավ: Դդմաշենից կռվին մասնակցեցին մեկ մայոր, 4 կապիտան, 24 լեյտենանտ, 37 սերժանտ: Բալաբեկ Ստեփանյանը գյուղգործիքների հայտնի վերանորոգող էր, լավ մասնագետ: Զորակոչվեց՝ կնոջ հույսին թողնելով հինգ փոքրիկներին: Կինը՝ Աննմանը, փոխարինեց ամուսնուն, ընդգրկվեց կոլտնտեսության աշխատանքներում: Որբ զավակները պետական հովանավորությամբ հետագայում կիրթ մարդիկ դարձան:

Սիմոն Հակոբյանը տրակտորիստ էր, մեկնեց բանակ, սովորեց տանկային ուսումնարանում, դարձավ կրտսեր լեյտենանտ: Քաջ հրամանատարը զոհվեց մարտում:

Խաչիկ Յախանյանը մեկնեց կռվի առաջին գիծ: Մարտի ժամանակ կարողացավ 12 ժամ կասեցնել հակառակորդի գրոհը և իր կյանքի գնով ապահովեց յուրայինների առաջխաղացումը: Սուրեն Սեդրակյանը սովորեց Հրազդանում, դարձավ կուսշրջկոմի աշխատող, հետո Սևանի շրջկոմի քարտուղար, պատերազմի հենց առաջին օրերին կամավոր մեկնեց գործող բանակ: Գրիգորյանը օդաչու էր, զոհվեց մարտում: Քաջի մահով ընկան Շավարշ Հակոբյանը, Հարություն և Վլադիմիր Գրիգորյանները, Գերասիմ Հունանյանը, Վանցետի Գալստյանը, Վարդան Մնացականյանը, Մանուկ Փանոսյանը և ուրիշներ: Զոհվեցին Արզուման Թադևոսյանի հինգ որդիներից չորսը: Դդաշենցի Գագիկ Եղիազարյանի տասնութ տարին նոր էր լրացել, երբ կամավոր մեկնեց բանակ: Կռվեց Վոլգայի ափին, մասնակցեց Դնեպրի, Վիսլայի և Էլբայի անցմանը: Ռազմաճակատից վերադառնալով՝ բարձրագույն կրթություն ստացավ, դարձավ անվանի մանկավարժ:

Երկու բուհ և սպայական ուսումնարան ավարտած դդմաշենցի կապիտան Գուրգեն Ստեփանյանը Թամանյան դիվիզիայում վաշտի հրամանատար դարձավ, մասնակցեց մարտերին, հասավ Գերմանիա: Ռազմաճակատից 1945 թվականի վերադարձից հետո զենքը փոխարինեց գրչով և աշխատեց շրջանի մի շարք դպրոցներում:

Դպրոցը

1860-ական թվականներից գյուղում գործել են գրագիտական խմբակներ, 1904 թվականին՝ երկդաս դպրոց, որի հովանավորներն են եղել Եգոր Կարապետյանը, Տեր Սահակ քահանա, Տեր Սողոմոնի Տեր Սահակյանը: Ծխական մեկդասյա երկսեռ դպրոցը, որն ուներ 56 աշակերտ և մեկ ուսուցիչ, հիմնադրվել է 1908 թվականին գյուղի առաջադեմ մարդկանց՝ Ոսկան Հարությունյանի, Միսակ Հակոբյանի, Եգոր Կարապետյանի և Կոստան Պետրոսյանի ջանքերով: 1909 թվականին ուսուցիչ են աշխատել Երևանի թեմական դպրոցի շրջանավարտները, որոնցից աչքի էր ընկնում վարժապետ Վռամշապուհ Զաքար Բարայանը: 1912 թվականին եոամյա երկսեռ դպրոցում սովորում էր 57 աշակերտ, այն տեղավորված էր խարխուլ շենքում: 1915-1916 ուսումնական տարում ունեցել է 50 աշակերտ և մեկ ուսուցիչ, երկու տարի անց՝ երկու դասարան և երկու ուսուցիչ: 1927-1928 թվականներին բացվեց թերի միջնակարգ դպրոց: Դպրոցական նոր շենք է կառուցվել 1937 թվականին, երբ այն դարձավ միջնակարգ. առաջին տնօրենը Ռաֆիկ Մարկոսյանն էր: 1939-1940 թվականներին կրթօջախը տվեց իր առաջին շրջանավարտներին:

Դդմաշենի սրբավայրերը

  • Ծառով ձոր - գտնվում է գյուղի հյուսիսային մասում:
  • Թուխ մանուկ - գտնվում է գյուղի կենտրոնում, փոքրիկ գետնափոր տնակ է, ներսում խաչքար կա:
  • Խաչեր - գտնվում է գյուղի հարավային մասում, մատուռի ներսում կանգուն խաչքար է տեղադրված:
  • Թաք խաչ - Ծաղկունք և Դդմաշեն գյուղերի դաշտավայրերը բաժանող տեղում մի փոքրիկ բարձունքի վրա:
  • Քրչկոտ խաչ - «Գեշքյաշվան» հանդամասում է: Մեծ կարծր քար է, կողքին՝ մասրենու թփեր:
  • Զիարաթ - գտնվում է «Մեյրան» տանող ճանապարհին, Կաթ-կաթ աղբյուրից երկու-երեք հարյուր մետր դեպի սարի գագաթը:
  • Ծակ քար - Կաթ-կաթ աղբյուրի ձորի վերևի մասում մի հսկայական քար է:
  • Սուրբ Թադեոս առաքյալի եկեղեցի - գտնվում է փոստի շենքից 50 մ հեռավորության վրա:

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դդմաշեն» հոդվածին։